Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՖլորա Աղաբաբյանը 2019թ. ճանաչվեց Միացյալ Նահանգների լավագույն հրուշակագործ: Մասնագիտության հանդեպ նրա սերը, գեղեցիկը արարելու տենչը, սեփական ուժերի նկատմամբ հավատն ու մարդկանց ժպիտ ու բավականություն պարգեւելու ցանկությունը Ֆլորա Աղաբաբյանի տորթերը դարձրին արվեստի գործեր: Վերջին 20-ամյակում Ֆլորա Աղաբաբյանը հաղթել է Ամերիկայի գրեթե բոլոր մասնագիտական մրցույթներում: Նրան ճանաչում, նրա քաղցրավենիքները ճաշակում են հոլիվուդյան ամենանշանավոր արտիստներն ու աշխարհի ամենահայտնի մարզիկները: Նրա մասին գրում են ամենահեղինակավոր պարբերականները՝ հայ հրուշակագործին անվանելով cake artist:

 

Սիրելի՛ Ֆլորա, անկեղծ ասած, երբ լսեցի, որ ամերիկյան հայտնի լրատվամիջոցները Ձեզ անվանել են cake artist, թարգմանաբար՝ «թխվածքի արտիստ», ե՛ւ ուրախացա, ե՛ւ տարակուսեցի. ինչպե՞ս կարելի է հրուշակագործությունն արվեստ կոչել: Բայց, երբ տեսա Ձեր աշխատանքներըԴա անհավանական էր` արվեստների միաձուլում էրՍկզբում ինձ թվաց՝ սեղանին դրվածը իրական ծաղկեփունջ է, հետո տեսա մի ամբողջ թաղամաս՝ շենքերով, ծառուղիներովպուրակներով, գնացքովԻնչպե՞ս եք նվաճել այս գագաթը:

-Ես ուզում եմ իմ պատմությունն սկսել ստորոտից: Ես ուզում եմ պատմել, թե քանի անգամ եմ ծանր, տքնաջան վերելքի կեսից հայտնվել ստորոտում ու կրկին սկսել բարձրանալ…

ՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՉէի պատկերացնի: Ես մտադիր էի այս հարցազրույցը կոչել մի հաջողության պատմություն:

-Ո՛չ, իմ կյանքը ավելի շատ մի մաքառումի պատմություն է, որը ես անցա սովորելով ու սովորելով: Ընկնելով, բարձրանալով, բայց վճռականորեն քայլելով դեպի լույսը, դեպի ճշմարտությունը…

Ես երեւանցի եմ: Երբ փոքր էի, բոլորը մտածում էին, որ բեմի մարդ եմ դառնալու, որովհետեւ հանդիսատեսի առջեւ ելույթ ունենալը իմ ամենաերանելի զբաղմունքն էր: Ես պոեզիայի սիրահար էի, ընդգրկված էի թատերական ներկայացումներում, ասմունքում էի, պարում… Աշխույժ էի, զգացմունքային, իմ մեջ ինչ-որ անբացատրելի ցնծություն կար: Ու ներշնչողը հայրս էր: Ոչ մի տղամարդ ինձ այնպես անկեղծ ու անշահախնդիր չի սիրել, ինչպես հայրս: Նա, կարելի է ասել, աղքատ մարդ էր, բայց ասում էր՝ ես ամենահարուստն եմ, որովհետեւ քեզ պես աղջիկ ունեմ, քեզ նման գանձ: Նա վստահ էր, որ ես աստղ եմ դառնալու, ու այդ վստահությունը փոխանցում էր ինձ:

ՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ…Ես համոզված եմ, որ փորձությունները, անկումները մեզ տրվում են ոչ թե որպես պատիժ, այլ՝ որպես խրատ, որպես ճիշտ ընթացքի կարևոր հանգրվան:

17 տարեկանում ամուսնացա: Ու բոլոր երազանքները միանգամից լքեցին ինձ: Տասը տարի՝ մինչեւ ամուսնալուծությունը, իմ կյանքը պարփակվել է չորս պատերի շրջանակում: Երեխաներիս հոր կարծիքով՝ դա ամուր, ավանդական, հաջող ընտանիք կազմելու ամենալավ ձեւն էր: Սա փորձառության մի ամբողջ դպրոց էր, որի դասերի, եզրահանգումների, բացահայտումների մասին կարող եմ հատորներ գրել, բայց կբավարարվեմ ասելով. չկա կատարյալ խավար, յուրաքանչյուր խավարի մեջ Լույս կա, որովհետեւ այս աշխարհը արարված է սիրուց, ու Լույսը ներկա է ամենուր…

Իսկ ո՞րն էր Ձեր կյանքի լույսը:

-Իմ երկու երեխաները եւ աշխատանքս: Ես քաղցրավենիք էի թխում: Ստեղծագործելու ամենամեծ նախադրյալը ազատությունն է: Արարումի մեջ պիտի դատարկես հոգիդ, քո խորքերում հասնես լույսի, սիրո ու բարության ակունքին:

ՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ…Կյանքը անվերջ, շարունակ քո առաջ բացված դուռ է, միայն ներս մտնելուց հետո կարող ես իմանալ, թե ինչ է սպասվում քեզ այնտեղ: Ու միշտ պիտի պատրաստ լինես պայքարի:

Իմ առջեւ բացվեց հերթական դուռը. Միացյալ Նահանգներում աշխատելու հրավեր ստացա: Ես պիտի թխվածքներ պատրաստեի մի փոքրիկ ձեռնարկությունում՝ որպես խոհարարի օգնական: Կարճ ժամանակ անց ինձ նշանակեցին նույն այդ ձեռնարկության մենեջեր: Բայց դա այն չէր, ինչ ես ուզում էի: Ու բացվեց հերթական դուռը՝ ինձ հրավիրեցին աշխատելու Լաս Վեգասի «Բելաջիո» համալիրում՝ որպես խոհարարի օգնական: Ես համաձայնեցի:

Ինչո՞ւ համաձայնեցիք: Չէ՞ որ խոհարարի օգնականից էիք հասել մենեջերի պաշտոնին:

-Ես սիրում եմ զրո թիվը: Չեմ վախենում զրոյից: Դա սկիզբ է, իսկ յուրաքանչյուր սկիզբ նոր ճանապարհ է նվիրում քեզ: Ես երբեք չեմ ասում՝ չեմ կարող: Մտածում եմ՝ եթե ինչ-որ մեկը կարողացել է, ես էլ կկարողանամ: Մի անգամ «Բելաջիոյի» խոհարարը չէր եկել, բայց կարեւոր պատվեր կար, ու ինձ հարցրին՝ կկարողանա՞ս սա պատրաստել: Ես երբեք նման տորթ չէի պատրաստել, նման բարդ նկարազարդում չէի արել: Բայց ասացի՝ կարող եմ:

Իսկ եթե չկարողանայի՞ք:

-Մարդու հնարավորությունների սահմանը շատ մեծ է, պարզապես պիտի ցանկանաս, հավատաս ու ջանք չխնայես: Ես այնքան վարպետորեն պատրաստեցի տորթը, որ ինձ աշխատանք առաջարկեցին տորթերի ձեւավորման բաժնում՝ հատուկ ինձ համար ստեղծելով նոր պաշտոն…

Ու այդտեղից սկսվեց վերելքը՝ փառքը, ճանաչումը, բարեկեցությունը:

-Ես երբեք չեմ վազել փողի, փառքի ու ճանաչման հետեւից: Ես երջանկություն եմ փնտրել՝ հոգու խաղաղություն, բերկրանք, գեղեցիկի արարման վայելք: Այս ամենը փողի, փառքի, ճանաչման տիրույթներում չես գտնի: Երբ ստացել եմ հերթական պատվերը, ցանկացել եմ գերազանցել ինքս ինձ…

Հանուն ինչի՞:

ՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-Ես սիրով եմ աշխատում, սիրով եմ իմ աշխատանքը տալիս մարդկանց: Շատ եմ աշխատում, պատահել է՝ աշխատել եմ օրը 20 ժամ: Աշխատասիրությունը, տաղանդը շատ կարեւոր են, բայց գլխավորը քո արարումի դրդապատճառն է… Փողի, փառքի, ճանաչման հետեւից վազող հազարավոր աշխատասեր ու տաղանդաշատ մարդիկ են մնացել կեսճանապարհին: Որտեղ սեր դնես, այնտեղ ծաղիկ է աճելու: 2019թ. ես ճանաչվել եմ Միացյալ Նահանգների լավագույն հրուշակագործ, ինձ հրավիրել են դասավանդելու ամերիկյան ամենահեղինակավոր ակադեմիաներից մեկում: Ես մասնակցելու եմ հրուշակագործների համաշխարհային մրցույթին: Այս ամենին հասել եմ ոչ միայն աշխատասիրության ու տաղանդի, այլև առաջին հերթին նվիրումի ու սիրո շնորհիվ: Այն ճանապարհը, որ ես անցել եմ, հղկել է իմ հոգին: Եվ սա է իմ ամենամեծ ձեռքբերումը: Ես երջանիկ եմ, որովհետեւ գիտեմ, թե ինչի համար եմ կանչված:

Դուք հասկացել եք, թե որն է Ձեր առաքելությո՞ւնը

-Մենք բոլորս կանչված կամ ուղարկված ենք ոչ թե ինքներս մեզ փայփայելու, մեզ համար բարեկեցություն ու փառք նվաճելու, այլ մեկ ուրիշի կյանքը ավելի գեղեցիկ, հեշտ ու անցավ դարձնելու համար: Հենց սա հասկանանք, մեր կյանքը կփոխվի, մենք սիրո՛վ կաշխատենք, օրը 20 ժամ կաշխատենք ու չենք հոգնի: Փողը, փառքը, ճանաչումը կվազեն մեր հետեւից, բայց մենք նրանց չենք էլ նկատի, որովհետեւ մեր գտած մեծ երջանկության կողքին նրանք կդառնան ընդամենը փոքրիկ հաջողություններ:

Հնարավո՞ր է, որ մի օր վերադառնաք Հայաստան:

-Ես վաղուց ոչինչ չեմ ծրագրում: Երբ նոր դուռ է բացվում, ես մտնում եմ ներս: Զրույցի սկզբում ասացի, որ պատանեկության տարիներին սիրել եմ բեմը, սիրել եմ հանդիսատես ունենալու եւ ծափահարված լինելու զգացողությունը: Երբ ամերիկյան հեռուստաընկերություններն ինձ նկարահանում էին, լրագրողները զարմանում էին, թե ես որքան ազատ ու անբռնազբոս եմ տեսախցիկի առաջ: Տասնյակ հազարավոր մարդիկ մեկնաբանություններ էին գրում իմ հարցազրույցների տակ, սիրո ու մեծարանքի խոսքեր էին շռայլում: Մի անգամ իմ մասին տեսանյութ պատրաստեց մի հայ լրագրող, ու այն տարածվեց հայկական կայքերի միջոցով: Բնականաբար, մեկնաբանությունների քանակը մեծ չէր՝ ամերիկյան հայտնի հեռուստաընկերությունների պատրաստած տեսանյութերի համեմատությամբ: Բայց ես անհավանական զգացում ունեցա. առաջին անգամ շոշափեցի իմ ու լսարանի ներքին կապը: Ես վերապրեցի մանկության ու պատանեկության զգացողությունները, ինչ-որ անբացատրելի բերկրանք զգացի: Ես հպվեցի իմ մանկության երազանքին: Դա անհավանական ցնծություն էր: Երբ դուք ինձ գրեցիք՝ հարցազրույցի առաջարկով, ես ամեն ինչ թողեցի ու պատրաստվեցի հանդիպել Ձեզ հետ… Սա այն է, ինչը կոչում ենք Հայրենիք: Սա քո ու արմատիդ կապն է, ներքին հարազատությունը:

Սիրելի Ֆլորա, Ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում:

-Ես ուզում եմ, որ այս զրույցն ավարտենք ամենակարեւոր հղումով՝ երբեք ուշ չէ զրոյից սկսելու համար: Բոլոր անհաջողությունները փորձության ու իմաստության աղբյուր են, որոնք մարդուն զինում են մեծ հաղթանակի ճանապարհին:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ