Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Ի՞նչ է Մկրտությունը

-Մկրտություն բառը նշանակում է լվացում, մաքրություն։ Իսկ կրոնական իմաստով նշանակում է այն արարողությունը, որ կատարվում է ջրով՝ սրբելու, մաքրելու համար մկրտվողի մեղքը, որը, ըստ աստվածաբանների, կոչվում է առաջին կամ սկզբնական մեղք։ Մկրտությունը կոչվում է նաեւ վերստին ծնունդ, որովհետեւ մկրտվողը սրբվում է, մաքրվում իր մեղքից եւ նորից ծնվում Ավազանից /Հովհ. Գ/: Այս նոր եւ հոգեւոր ծնունդը մկրտվածին դարձնում է Քրիստոսի Եկեղեցու անդամ։

Ի՞նչ ենք հասկանում՝ առաջին մեղք ասելով

-Սուրբ Գրքից սովորում ենք, որ Ադամը չպահեց աստվածային պատվերն իր դրախտային կյանքում. այս պատվիրանազանցությունը կամ անհնազանդությունը, ըստ աստվածաբանների, կոչվում է առաջին (սկզբնական) մեղք, որ Ադամից ժառանգաբար սերնդեսերունդ անցել է բոլոր մարդկանց:
Գրիգոր Տաթեւացին այսպես է սահմանում այդ մեղքը. «Ադամի մեղքն այն է, որ կորցրեց արդարությունը եւ մեղքով ու ցանկությամբ ծնեց իր որդուն. այս է սկզբնական մեղք ասվածը, որը չի քավվում, եթե չի մկրտվում Քրիստոսի մահով»։

Մկրտությունն անհրաժեշտ պայմա՞ն է՝ քրիստոնյա լինելու համար

-Այո՛։ Մկրտության կարեւորությունը հասկանալու համար պետք է գիտենալ, որ նույն Ինքը՝ մեր Տերը, նույնպես մկրտվեց Հորդանան գետում Հովհաննէս Մկրտչի կողմից [տե՛ս Մատթ. Գ 13-17, Մարկ. Ա 9-11, Ղուկ. Գ 2-22, Դ 1]։ Հետո, երբ Իր առաքյալներին ուղարկեց քարոզության, պատվիրեց նրանց. «Սրանից հետո գնացե՛ք, Ավետարանի աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին, մկրտեցե՛ք նրանց Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» [Մատթ. ԻԸ 19]։

Մեր Տերն ինչո՞ւ մկրտվեց. մեղավո՞ր էր հասարակ մարդկանց պես

-Քա՛վ լիցի։ Հիսուս Քրիստոս կատարյա՛լ մարդ էր, այսինքն՝ անմեղ։ Բայց մկրտվեց՝ մեղավոր մարդկությանը ցույց տալու համար, թե Մկրտությունը հոգեւոր ծննդյան անհրաժեշտ պայման է։

Սուրբ Գիրքն ինչպե՞ս է բացատրում հոգեւոր ծնունդը

-Պողոս առաքյալը Տիտոսին ուղղված թղթի Գ գլխում ասում է. «Մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների եւ պես-պես անառակությունների, չարությամբ եւ նախանձով էինք ապրում, ատելի էինք եւ ատում էինք միմյանց։ Իսկ երբ մեր Փրկիչ Աստուծո քաղցրությունը եւ մարդասիրությունը հայտնվեց… փրկեց մեզ վերստին ծննդյան Ավազանի միջոցով եւ Սուրբ Հոգու նորոգությամբ» [Տիտոս Գ 3-5]։
Հովհաննու Ավետարանի Գ գլխում նկարագրված է փարիսեցի Նիկոդեմոսի գիշերային տեսակցությունը Հիսուս Քրիստոսի հետ, որի ժամանակ Հիսուս ասում է, թե Աստուծո թագավորություն մտնելու համար մարդ պետք է վերստին ծնվի, այսինքն՝ մկրտվի, որովհետեւ ով չի ծնվում ջրից եւ Հոգուց, չի կարող մտնել Աստուծո թագավորություն, քանզի մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։ Եվ քամու օրինակով բացատրում է հոգեւոր ծնունդի խորհուրդը. «Քամին ուր ուզում է, փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես՝ որտեղից է գալիս կամ ուր է գնում. այդպես է եւ ամեն ոք, որ ծնված է Հոգուց» [Հովհ. Գ 8]։

Ո՞րն է Մկրտության պայմանը

-Հավատը։ Մկրտվողը պետք է հավատա Ամենասուրբ Երրորդությանը, որովհետեւ, Հիսուս Քրիստոս ասաց. «Մկրտեցե՛ք նրանց հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու»։ Եվ դարձյալ՝ «Նա, ով հավատում է եւ մկրտվում, պիտի փրկվի, իսկ նա, ով չի հավատում, պիտի դատապարտվի» [Մարկ. ԺԳ 16]։
Ուրեմն, մկրտության եկողը պետք է գիտենա, թե ինչ է հավատը, ինչ է Ամենասուրբ Երրորդությունը, որպեսզի գիտակցաբար մկրտվի եւ փրկվի իր հավատով։

Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ ենք մկրտում նորածին փոքրիկներին, որոնք դեռեւս ոչինչ չգիտեն

-Այն պատճառով, որ ծնողները պարտավոր են հոգալ իրենց զավակների եւ՛ մարմնավոր, եւ՛ հոգեւոր պետքերը։ Հայրերն ու մայրերը հոգում են իրենց զավակների ապրուստը, նրանց դպրոց ուղարկում, մայրենի լեզուն սովորեցնում, իրենց ազգային արժեքները փոխանցում, եւ բնական է, որ զավակներին դաստիարակեն նաեւ իրենց կրոնով. այս է պատճառը, որ մկրտել են տալիս իրենց փոքրիկներին։

Ավելի ճիշտ չէ՞, որ փոքրիկները մեծանան, քիչ թե շատ խելահաս դառնան եւ գիտակցաբար մկրտվեն

-Կրոնական ճշմարտությունները եւ խորհուրդները հասկանալու համար խելահասության տարիքը դժվար է որոշել։ Հայրն ու մայրը սպասո՞ւմ են, որ իրենց փոքրիկները խելահաս դառնան, ինչ-որ տարիքի հասնեն եւ դրանից հետո միայն որոշեն իրենց ազգությունը։ Սա անբնական է եւ հակառակ ողջամտության։ Եվ բացի դրանից, մկրտվելով երեխան անդամ է դառնում Եկեղեցու, որի համար տարիքային սահմանափակում գոյություն չունի:
-Հիսուս Քրիստոս, երբ Իր աշակերտներին պատվիրեց գնալ, մկրտել բոլոր հեթանոսներին, տարիքի խտիր չդրեց։ «Գործք առաքելոցից» գիտենք, որ մկրտվողների մեջ կային ամբողջ ընտանիքներ՝ իրենց մեծ ու փոքր անդամներով։

Մկրտվելը բավակա՞ն է՝ քրիստոնյա լինելու համար

– Այո՛, պայմանով, որ մկրտվածներն աճեն իրենց ուղղափառ հավատի եւ շնորհի մաքուր կյանքի մեջ։ Որովհետեւ մկրտվածների զորավոր հավատով եւ մաքուր կյանքով է, որ պայծառանում է Եկեղեցին, եւ փառավորվում քրիստոնեությունը, քանի որ Մկրտության նպատակն է սրբացնել մարդկանց եւ Աստուծո որդեգիրը դարձնել քրիստոնեական Եկեղեցու անդամակցությամբ։

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր