Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Սիրելի՛ զինվոր

Շնորհակալություն եմ հայտնում քեզ, որ պաշտպանում ես մեր բոլորի Հայրենիքը։ Շնորհավորում եմ մեր հզոր բանակի և նաև քո տոնը։ Հպարտանում ձեր բոլոր հաղթանակներով և ցանկանում եմ, որ խաղաղություն տիրի և հաղթանակները լինեն մշտապես։

Մաղթում եմ քեզ առողջություն, ուրախություն և ամրություն։

Միքայել Վարդանյան, 11 տարեկան

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Հայկի պատգամներով,

Բազկով Անդրանիկի,

Հաղթի՛ր և արարի՛ր

Հանուն Հայրենիքի։

Շիտակ է և հստակ

Կոչումը մարտիկի,

Զինվո՛ր իմ, շնորհավոր

Տոնը բանակի։

Արամիդա Գյուրջյան, 11 տարեկան

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Սիրելի Զինվոր

Շնորհակալ եմ, որ պաշտպանում ես համայն հայության Հայրենիքը։ Ցանկանում եմ, որ պատերազմ չլինի, ու դուք վերադառնաք ձեր օջախներ։ Թող, որ այս տարին էլ լինի խաղաղ բոլորիս համար։ Գիտեմ, որ այդտեղ շատ դժվար է՝ հեռու սեփական ընտանիքից։ Ես խոսք եմ տալիս, երբ մեծանամ, զինվորական եմ դառնալու և թույլ չեմ տալու, որ թշնամին ոտնակոխ անի մեր սահմանը։

Շնորհակալ եմ մեր խաղաղ կյանքի համար։

Շնորհավորում եմ տոնդ, պաշտելի զինվոր։

Ամիրզյան Արսեն, 12 տարեկան

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Այսօր տոնն է բանակի,

Մեր քաջ, հզոր պաշտպանի,

Հերոս եղբայրն իմ զինվոր,

Շքանշան ունի նոր։

Մայրս ճաշ է պատրաստում,

Տոնական սփռոց փռում,

Հայրս գինի է լցնում,

Բանակի կենացը խմում։

Կարոտում եմ ես նրան,

Ու սպասում անհամբեր…

Ուզում եմ շուտ մեծանալ

Եվ հայոց բանակ գնալ։

Նարեկ Սեդրակյան, 11 տարեկան

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Բարև քաջ զինվոր

Ես գրկում եմ քեզ մեծ սիրով և անսահման երախտագիտությամբ։ Դու բոլոր ընտանիքների պահապանն ես, քանի որ քո շնորհիվ են անառիկ մեր սահմանները։ Դու զգոն ես, աչալուրջ, քաջ ու անձնազոհ։

Եղի՛ր առողջ, անկոտրում, և թող մեր բոլորի սերը, հոգու ջերմությունը պահապան լինեն քեզ։

Թո՛ղ խաղաղությունը թևածի ամբողջ աշխարհում, և դուք անփորձանք ու հպարտ վերադառնաք ձեր օջախները։

Շնորհակալություն իմ խաղաղ մանկության համար:

Մանե Մանուկյան

11տարեկան

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Սիրելի՛ զինվոր

Դեռ հին աշխարհում հայ մարտիկները՝ զինվորից մինչև արքա, մարտնչել են հանուն Հայրենիքի պաշտպանության։ Եւ արքաներն են պատասխանատու եղել հաղթանակների, ժողովրդի ազատության և իրենց պատվի համար։ Իսկ այսօր, մեր հաղթական բանակի զինվո՛ր, դո՛ւ էլ ես արքա, քանի որ դու ես պատասխանատու մեր Հայրենիքի և իմ կյանքի պաշտպանության համար։

Շնորհավորում եմ քեզ,ընկերներիդ ու հրամանատարներիդ Բանակի օրվա կապակցությամբ, մաղթում արքայավայել հաղթանակներ։

Եվա Տեր- Մկրտչյան, 10 տարեկան