Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՅՈՒՆԻՔԻ ՊԱՐԾԱՆՔԸ



ՍՅՈՒՆԻՔԻ ՊԱՐԾԱՆՔԸ1950 թվականի ամռանը Ստալինը ԽՍՀՄ գիտնականների ու զինվորականների առջև խնդիր դրեց՝ ստեղծել  Մոսկվան թշնամական ինքնաթիռներից պաշտպանող գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգ, որպեսզի օտար ոչ մի թռչող սարք չկարողանա անցնել պողպատյա այդ պատնեշից։ Բանն այն է, որ  արդեն իրական էր ատոմային սպառնալիքը, և երկրի մայրաքաղաքը առաջնահերթ պետք էր պաշտպանել հանկարծահաս հարձակումներից։ «Բերկուտ» անունով կարևորագույն այդ ծրագիրն իրագործելու նպատակով Բերիայի աշխատակազմում ստեղծվեց հատուկ խումբ, որը հետագայում  վերակազմավորվեց որպես ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր 3-րդ գլխավոր վարչություն։ Արտակարգ լիազորություններով օժտված այս վարչության կազմում երկրի խոշորագույն գիտական կենտրոններից հրավիրված ավելի քան 30 գիտնականների ներգրավումով կազմավորվեց  թիվ 1 կոնստրուկտորական բյուրոն, որի ղեկավար նշանակվեց  արտադրության լավագույն կազմակերպիչ, ճանաչված գիտնական Համո Սերգեյի Յոլյանը։

Համո Յոլյանը ծնվել է 1903 թվականի հունվարի 10-ին, Գորիսում՝ Յոլյանների նշանավոր գերդաստանի շառավիղ Սերգեյ Յոլյանի ընտանիքում։ 1929թ. ավարտել է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտն ու մեկ տարի անց նշանակվել Ադրբեջանի մայրաքաղաքի Ս. Կիրովի անվան գործարանի տնօրեն։ 1937թ. նա հրավիրվել է Մոսկվա, նշանակվել  ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության ժողկոմատի թիվ 32 զինագործարանի տեխնիկական տնօրեն։ 1940 թվականին արդեն հմուտ ղեկավարի համբավ ունեցող հայորդին նշանակվում է  Գորկու  թիվ 92 հրետանային գործարանի տնօրեն, որտեղ աշխատողների թիվն անցնում էր 45 հազարից։ Առաջին հնգամյակի տարիներին կառուցված այս հսկա գործարանը, զինվորականների բնութագրմամբ՝ «պատերազմի աստված», հրանոթներ էր արտադրում՝ սկսած ձուլման գործընթացից մինչև պատրաստի արտադրանքի փորձարկումը։ Պատերազմից առաջ գործարանը ձեռնամուխ եղավ հրանոթային նոր համակարգերի՝ տանկային և դիվիզիոնային գնդացիրների թողարկմանը, որոնք իրենց տեսակի մեջ նմանակը չունեին աշխարհում։ Հայրենական մեծ պատերազմն սկսվելուց հետո թիվ 92 գործարանը երկրում զենք արտադրող եզակի գործարաններից էր, որ աշխատում էր ամբողջ հզորությամբ։ Մյուսները կամ երկրի արևմտյան շրջաններից հապշտապ արևելք տեղափոխվելու ընթացքի մեջ էին, կամ էլ մնացել էին գրավյալ շրջաններում։ Եթե պատերազմից առաջ գործարանը թողարկում էր ամսական 500 միավոր զենք, ապա պատերազմի ընթացքում այդ թիվն աճեց 15-20 անգամ։ 1941թ. աշնան արտակարգ դժվարին պայմաններում, երբ թշնամին Մոսկվայի մատույցներում էր, Յոլյանը նախագծեց ու իրագործեց ձեռնարկության մասնակի  վերազինումը՝ առանց դադարեցնելու արտադրությունը։  Աշխարհում առաջինը այստեղ  ներդրվեց հրանոթների հարահոսային (конвейерный)  արտադրությունը՝ բազմաթիվ անգամներ արագացնելով գործընթացը։ Արդյունքում՝ 1941թ. վերջերին զենքի արտադրությունը կտրուկ աճեց՝ այդ տեմպերը պահելով  մինչև պատերազմի վերջը։

Պատերազմական դժվարին պայմաններում զինատեսակների արտադրության և նոր տեխնոլոգիաների ներդրման համար  ԽՍՀՄ  Ժողկոմխորհի նախագահության 1942 թվականի հունիսի 3-ի հրամանագրով Համո Յոլյանին շնորհվեց Սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձրագույն կոչումը։

Ժամանակակիցները պատմում են, որ Յոլյանը հմուտ կազմակերպիչ, բարձրակարգ գիտնական լինելուց բացի, նաև ընկերասեր, բարի, ավանդապաշտ,  իր եսը, դիրքորոշումներն ու խոսքը հարգող, պաշտպանող, դրական իմաստով՝ իրասածի  անհատականություն էր։ Այսպես, երբ պատերազմի նախօրեին Ստալինի հանձնարարությամբ  պետք է հանվեր «ԶԻՍ-2» զենքի արտադրությունը, Յոլյանը ներքին հրաման արձակեց՝ պահպանել բոլոր տեխնիկական փաստաթղթերն ու տեխնոլոգիական սարքերը՝ անհրաժեշտության դեպքում զենքի արտադրությունը վերսկսելու համար։ Տառացիորեն մի քանի ամիս անց պատերազմը պահանջեց նշված զենքի արտադրության վերականգնումը, որն առանց դժվարության անմիջապես իրագործվեց։ Այդպիսի հեռատես ձեռնարկումներն ու օգտակար «ինքնիրավչությունը»  Յոլյանի կյանքում բազմաթիվ են։

Պատերազմի տարիներին  եղավ մի պահ, երբ  մեկ «այո»-ն բավական էր, որպեսզի Յոլյանը դառնար ԽՍՀՄ զինագործության նախարար։ Այդ նախարարությունը ղեկավարող, հետագայում ԽՍՀՄ պաշտպանության նախարար, մարշալ Դմիտրի Ուստինովը մոտոցիկլետով զբոսնելիս վթարի ենթարկվեց։ Ստալինն իմանալով նախարարի այդ մանկական չարաճճիության ու դրա հետևանքների մասին, զայրացած զանգահարել էր Յոլյանին ու առաջարկել Մոսկվա գալ, ընդունել նախարարությունը։ «Ընկեր Ստալին, Ուստինովի կենդանության պայմաններում ես այդ անել չեմ կարող»,-վեհանձնորեն պատասխանել էր մեծ սյունեցին ու պնդել իր ասածը։

ԽՍՀՄ Ժողկոմխորհի 1944թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով՝ Համո Յոլյանին շնորհվեց ինժեներա-հրետանային ծառայության գեներալ-մայորի կոչում։

ՍՅՈՒՆԻՔԻ ՊԱՐԾԱՆՔԸՀայրենական մեծ պատերազմում  Խորհրդային Միության տարած հաղթանակին մեծապես նպաստելու, հայրենանվեր աշխատանքի համար  1947 թվականին Յոլյանը նշանակվեց երկրում կարևորագույն՝ միջուկային մարտագլխիկների  ու  ուրանի ձողերի թողարկման գործում մասնագիտացած Գորկու հրետանային գործարանի կոնստրուկտորական բյուրոյի տնօրեն՝ հընթացս զբաղեցնելով նաև ԽՍՀՄ զինագործության  նախարարի տեղակալի պաշտոնը։ Մոսկվայի պաշտպանության պողպատե զրահ ստեղծելու՝ Ստալինի հայտնի հանձնարարականից հետո, Յոլյանը նշանակվեց թիվ 1 հատուկ նշանակության կոնստրուկտորական բյուրոյի տնօրեն։ Շուտով  մեր հայրենակցի  ջանքերով ու նորովի մտածողության շնորհիվ Մոսկվան ունեցավ թշնամական հարձակումները  ժամանակին հայտնաբերող ու վնասազերծող գերհզոր ու ապահով համակարգ։

Ժողովրդի թշնամի։ Սկսվեցին նրա հետ առնչվող բոլոր կառույցների կազմաքանդումներն ու դրանց ղեկավարների հետապնդումները։ Անմասն չմնացին նաև Յոլյանն ու նրա ղեկավարած ԿԲ-ն։ Յոլյանին ազատեցին աշխատանքից և նշանակեցին… մերձմոսկովյան գործարաններից մեկի գլխավոր մեխանիկ։ Այստեղ տաղանդավոր  այդ մարդը, փայլուն գիտնականն ու արտադրության կազմակերպիչը, Սոցիալիստական աշխատանքի հերոսը,Ստալինյան մրցանակի քառակի դափնեկիր գեներալ-մայորը, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորը պետք է հետևեր արտադրամասերի օդափոխությանը, ոչ ստանդարտ սարքավորումների  գործունեությանը… Սակայն այդպիսի  ստորացումները վեհանձն ու իր արժեքն իմացող գիտնականի համար չէին։ Իրար հետևող գլխուղեղի երեք կաթվածները Յոլյանին հավերժ գամեցին անկողնուն։ Նա 1965 թվականի հունվարի 15-ին կնքեց իր մահկանացուն։

Ցավոք, ճակատագրի այսպիսի վայրիվերումները տաղանդավոր, երկրի պաշտպանությանն ու բարօրությանն իրենց ողջ գիտակցական կյանքը տված մարդկանց համար այն  տարիներին եզակի չէին։ Բարեբախտաբար, Համո Յոլյանի թողած ակոսները հայրենի հերկերում շատ խորն են։ Նրա հոգեզավակներից  Ս-25 հայտնի համակարգը, որ գործարկվել էր 1955 թվականին, Մոսկվայի երկինքը հաջողությամբ պաշտպանում էր  երկար տարիներ, իսկ  «Ալմազ» վերանվանված Յոլյանի ԿԲ-1-ը այսօր թողարկում է հակաօդային պաշտպանության այնպիսի գերհզոր  համակարգեր, ինչպիսիք են Ս-300-ը և Ս-400-ը։

Յոլյանը, բնականաբար, հետագայում արդարացվեց։ Բայց մի՞թե այդպես պիտի հատուցվեր այդ տաղանդավոր նվիրյալի գործն ու վաստակը։ Հարգենք մեծերին՝ հիշելով նրանց ու հիշատակի առջև խոնարհվելով։

 

ԱՍՔԱՆԱԶ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ռազմական պատմաբան-վերլուծաբան

Խորագիր՝ #3 (1323) 22.01.2020 - 28.01.2020, Ճակատագրեր


23/01/2020