Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՄԲ



ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՄԲ

Զրույց ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ ԱՐՄԵՆ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻ հետ

 

-Պարոն գնդապետ, եկեք մեր զրույցն սկսենք 2019թ. ընթացքում արված այն փոփոխություններից ու նորամուծություններից, որոնք վերաբերում են Ձեր ղեկավարած ծառայությանն ու նրա գործառույթներին: Առաջին հերթին ես ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ փոխվեց զինկոմիսարիատների ու զինկոմիսարների հին ու բարի անունը, ինչո՞ւ զինկոմիսարիատները դարձան զորակոչի եւ զորահավաքի համալրման ծառայություն:

-Այն, որ զինկոմիսարիատ եւ կոմիսար բառերը շատ հին էին, համաձայն եմ: Դրանց գործածությունը, գուցեեւ ծագումը կապված է անցյալ դարի  խորհրդային հեղափոխության հետ: Այն, որ զինկոմիսար բառը բարի զգացումներ է արթնացնում Ձեր հոգում, ուրախալի է, բայց, վստահ եմ, շատերը չեն համաձայնի ու կասեն, որ դեռեւս խորհրդային տարիներին, ինչպես նաեւ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում զինկոմիսարիատների աշխատանքի մեջ առկա բազմաթիվ, մեղմ ասած, թերություններն ու բացթողումները ձեւավորել են շատ բացասական կարծրատիպեր, որոնց հաղթահարման համար մեծ ջանքեր են պահանջվում մեզնից: Մեր ծառայությունն այսուհետեւ կունենա իր գործառույթներին ու բովանդակությանը հարիր, հայեցի անվանում: Նոր անվանում, որը նաեւ կմատնանշի նոր աշխատաոճ ու նոր հեղինակություն ձեւավորելու անհրաժեշտություն:

-Թե հատկապես զինկոմիսարների գործունեության ո՞ր թերություններն են հաղթահարվում, եւ ի՞նչն է նոր Ձեր ղեկավարած կառույցի աշխատաոճում, կխոսենք ավելի ուշ, իսկ այժմ պատմեք, խնդրեմ, թե ինչո՞ւ պաշտպանության նախարարությունը հրաժարվեց կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինկոմիսարիատի միջոցով ղեկավարելու իրավունքից եւ այն զիջեց առողջապահության նախարարությանը:

-Այս փոփոխությունը դասվում է հենց այն նորամուծությունների թվին, որոնք օգնում են մեր ծառայության աշխատանքը դարձնել ավելի օրինական եւ զերծ պահել կոռուպցիոն ռիսկերից: Մենք պետք է ձևավորենք  կոռուպցիոն սխեմաները մերժող  համակարգ:

Տեսեք, տարիներ շարունակ կենտրոնական բժշկական հանձնաժողովը ղեկավարել է ՀՀ զինվորական կոմիսարը, որը մասնագիտությամբ բժիշկ չէ: Բժշկության տարբեր ոլորտների մասնագետները նրան ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր զինակոչիկի առողջության մասին, որը 16 տարեկանից սկսած հետազոտվելով քաղաքացիական բուժհիմնարկներում՝ իր առողջական վիճակի մասին պատմող հարուստ թղթապանակ ունի: Զինկոմիսարը բնականաբար չի կարողացել  ստուգել այդ փաստաթղթերի իսկությունը: Բժիշկները, որոնք եզրակացություններ են ներկայացրել զինակոչիկի առողջության մասին, եղել են բոլորովին ուրիշ գերատեսչությունից, բոլորովին ուրիշ ենթակայության: Ու զինկոմիսարը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի բովանդակությունը ձեւավորել են բացարձակ այլ բնագավառի մարդիկ: Այսինքն՝ ստանձնել է պատասխանատվություն ուրիշների սխալների համար:

-Պարոն գնդապետ, փոխարենը զինկոմիսարը այդ գործընթացին  «շահավետ» մասնակցելու հնարավորություն է ունեցել: Չեմ կարծում, թե բժշկական հանձնաժողովի անդամները կհամարձակվեին «սխալվելիս» շրջանցել հանձնաժողովի նախագահին:

-Դեմ չեմ: Մենք սեփական նախաձեռնությամբ, պաշտպանության նախարարի առաջարկով կենտրոնական բժշկական հանձնաժողովը ղեկավարելու իրավունքը հանձնեցինք առողջապահության նախարարությանը, որի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաները նախազորակոչային տարիքից հետազոտել են զինակոչիկին,  ախտորոշել են հիվանդությունները, իրենց ներկայացուցիչներն ունեն կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում եւ  պիտի ստանձնեն վերջնական որոշման  ամբողջ պատասխանատվությունը՝  զինկոմիսարիատներին ազատելով ոչ մասնագիտական պատասխանատվությունից:

-Ծնողների` զորակոչից բողոքների 99 տոկոսը վերաբերում է հենց զինակոչիկների առողջությանը: Եվ այդ բողոքների հասցեատերը բանակն է…

-Այսուհետեւ նման բողոքները ուրիշ հասցեատեր են ունենալու՝ առողջապահության նախարարությունը, ինչը տրամաբանական է: Եվ զինկոմիսարների հեղինակությունը սասանող կոռուպցիոն ռիսկերից ամենամեծը վերացավ:

-Եկեք խոսենք նաեւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքից: Այն գործել է մինչեւ 2019թ. տարեվերջ եւ ներառել է ժամկետային զինծառայությունից ապօրինաբար խուսափած այն զինակոչիկներին, որոնց զորակոչային սահմանային տարիքը՝ 27 տարեկանը, լրացել է մինչեւ 2019թ. մարտի 1-ը: Փաստորեն, այն զինակոչիկները, որոնք չեն հասցրել մինչեւ 2019թ. դեկտեմբեր համապատասխան գումար վճարելով՝ ազատվել քրեական պատասխանատվությունից, այլեւս չեն կարող Հայաստան վերադառնալ, որովհետեւ զորակոչային տարիքը անցնելու պատճառով բանակում ծառայելն անհնար է, ու պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեն:

-Դուք շատ լավ հիշում եք, այն օրենքը, որը հնարավորություն էր տալիս հայրենիքը պաշտպանելու պարտքից խուսափած մեր հայրենակիցներին մուծել համապատասխան գումար եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի անգամ երկարաձգվեց, որպեսզի շատերը կարողանան օգտվել դրա ընձեռած հնարավորությունից, որպեսզի 27 տարին լրացած մեր հայրենակիցները չզրկվեն հայրենիք վերադառնալու իրավունքից: Օրենքը գործեց 16 տարի: 2017թ. որոշում կայացվեց օրենքը 2019թ. վերջին դադարեցնելու մասին:

-Կարծում եմ` պետք էր օրենքը դադարեցնելու ժամկետների մասին իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպվեին:

-Այն մարդիկ, ովքեր խուսափել են ժամկետային զորակոչից միշտ հետաքրքրվում են այս օրենքի հետ կապված փոփոխություններով եւ հաստատ տեղեկացել են, որ օրենքը 2019թ. վերջին դադարելու է գործել: Դա են վկայում թվերը: Միայն դեկտեմբեր ամսին ավելի շատ մարդ է դիմել օրենքից օգտվելու համար, քան մեկ տարում: Այս օրենքը իր բոլոր դրական, մարդասիրական հետեւանքներով, գաղտնիք չէ, նաեւ զորակոչից խուսափելու խթան էր հատկապես վճարունակ խավի համար, որոնք մտածում էին, որ 16 տարի գործող օրենքը էլի ու էլի կերկարացվի ու հնարավորություն կտա 27 տարին լրանալուց հետո կատարել վճարում եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: Սա անհանդուրժելի էր:

-Այո՛, «Հայ զինվորը» քանիցս անդրադարձել է այս խնդրին եւ միացել օրենքը դադարեցնելու պահանջին:  Ազգային ժողովում այս օրենքի «բացը» լրացնող նախագծեր են շրջանառվում, որոնցից մեկը, իմ կարծիքով, պարզապես անընդունելի է:

-Եկեք չխոսենք այս կամ այն պատգամավորի նախաձեռնության մասին, որովհետեւ դրանք նույնիսկ ակտիվ քննարկման փուլում չեն: Եթե բանը հասնի ակտիվ քննարկումներին, մենք անպայման կզրուցենք, եւ մեր հայրենակիցները կիմանան պաշտպանության նախարարության տեսակետը:

-Ինչո՞ւ է այս տարի զորակոչը փուլերով կազմակերպվում, ես նման բան չեմ տեսել նախկինում: Դեկտեմբերի 16-ից 28-ը. Ապա՝ հունվարի 8-ից 31-ը:

-Որպեսզի մեր զինվորներն ու նրանց ծնողները հանգիստ վայելեն տոնական օրերը:

-Իսկ ինչո՞ւ դեկտեմբերի 16-ից 28-ը զորացրում չկար:

-Որովհետեւ երկու տարի առաջ զորակոչը եղել է հունվարին, ու դեկտեմբերին մեր տղաների զինվորական ծառայության 24 ամիսը դեռ չէր լրացել:

-Պարոն գնդապետ, զինկոմիսարիատի զինվորական հաստիքների զգալի մասը վերափոխվեց քաղաքացիականի: Ինչո՞ւ: Նույնիսկ որոշ զինկոմիսարիատների հաստիքներն այլեւս զինվորական չեն: Ո՞րն է սրա տրամաբանությունը:

-Գրեթե 60 տոկոսը… Մենք միշտ նշել ենք, որ զինկոմիսարիատը մի օղակ է հասարակության եւ բանակի միջեւ: Մենք ուզում ենք, որ նա, պատկերավոր ասած, ոչ թե բանակի ու հասարակության մեջտեղում լինի, այլ դեմքով շրջվի դեպի հասարակությունը եւ լինի հասարակության կողքին, դառնա բանակը համալրող, բայց, միևնույն ժամանակ, զինակոչիկի շահերը պաշտպանող մարմին, դառնա ոչ թե բանակի կողմից լիազորված, զինակոչիկին բանակ բերող մարմին, այլ հասարակության կողմից լիազորված, զինակոչիկին բանակ ուղարկող մարմին: Միտքս հասկացա՞ք:

-Այո՛, զինկոմիսարը պիտի լինի հասարակության շահերի պաշտպան, հասարակության ներկայացուցիչը բանակում, ոչ թե հակառակը:

-Այո՛, այդ պատճառով էլ մենք հակված ենք զորակոչի եւ զորահավաքի համալրման ծառայության պետի պաշտոններում տեսնել հոգեբանի, մանկավարժի մասնագիտություն ունեցող քաղաքացի անձանց: Երեւանի եւ մերձակա շրջանների զինկոմիսարները քաղաքացիական անձինք են, սահմանային տարածքների զինկոմիսարները, հասկանալի պատճառներով, զինվորականներ են: Մենք խնդիր ունենք փոխելու զինկոմիսարիատների դիմագիծն ու գաղափարախոսությունը: Մենք վերացրել ենք  գրեթե բոլոր կոռուպցիոն ռիսկերը` մեր աշխատանքը դարձնելով առավելագույնս թափանցիկ ու օրինական, ծառայությունը մոտեցնելով ժողովրդին՝  մենք կունենանք նոր որակի կառույց:

-Հնարավո՞ր է վերացնել բոլոր կոռուպցիոն ռիսկերը, մարդկային գործոնը հասցնել նվազագույնի:

-Պետք է կառույցի օրինականությունը կախված լինի ոչ թե դրա ղեկավարի կամ աշխատակիցների բարոյականությունից, այլ օրենքների ու մեխանիզմների կատարելությունից: Տեսեք, կոռուպցիոն ռիսկերը հիմնականում վերաբերում են տարկետումներին: Այսօր ուսման հետ կապված տարկետումները ԿԳՄՍ, իսկ առողջության հետ կապված տարկետումները՝ առողջապահության նախարարության առաջարկությամբ տրամադրում է ՀՀ կառավարությունը… Մենք դուրս ենք եկել այդ սխեմայից:

-Իսկ հնարավո՞ր է, որ որեւէ մեկը չմասնակցի վիճակահանությանը եւ գնա ծառայելու իր ուզած զորամասում:

-Բացառվում է:

-Մարդիկ բողոքում են, որ իրենց զավակները հաղթահարել են ժամկետային զինծառայողների համար անցկացված հատուկ մասնագետների մրցույթը, բայց հետագայում գնացել են ընդհանուր հիմունքներով ծառայելու:

-Ինչ լավ է, որ խոսեցիք այդ մասին, որովհետեւ շահարկումների թեմա է: Տեսեք, մասնագիտական մրցույթը հաղթահարում են որոշակի թվով զինակոչիկներ, բայց բանակին այդքան մասնագետ պետք չէ: Ասենք՝ 30 երաժիշտ կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի  մասնագետ հաղթահարել են մրցույթը, բայց բանակին պետք է 5 երաժիշտ եւ 10 ՏՏ ոլորտի մասնագետ: Մենք կրկին վիճակահանություն ենք կատարում, որ անաչառորեն ընտրենք 10-ին: Այսինքն՝ մրցույթը հաղթահարելը դեռ չի նշանակում, որ զինակոչիկը ծառայելու է իր  մասնագիտությամբ: Ծնողներին պետք է իրազեկել այս:

Հավելեմ, որ վիճակահանությանը կարող է չմասնակցել միայն  այն զինակոչիկը, որը ժամկետային զինծառայող եղբայր ունի, որի ծառայության 17 ամիսը չի լրացել: Այս դեպքում զինակոչիկը իր ցանկությամբ կարող է ծառայել իր եղբոր զորամասում:

-Ի՞նչ ձեռքբերումներ ունենք չկցագրված ռեսուրսը հայտնաբերելու եւ զորակոչելու աշխատանքներում:

-Հանրապետությունում ապրող չկցագրված ռեսուրսը շատ փոքր թիվ է կազմում: Սրանք այն զինակոչիկներն են, որոնք մինչեւ 16 տարեկանը լքել են դպրոցը, հեռացել են իրենց բնակության վայրից եւ առանց հաշվառման ապրում են վարձով կամ որեւէ բարեկամի տանը: Մենք փորձում ենք ծանոթ-բարեկամների միջոցով գտնել նրանց եւ զորակոչել: Ինչ վերաբերում է արտերկիր հեռացած զինակոչիկներին, դրությունն ավելի բարդ է:

-Արտերկրում ապրող մեր հայրենակիցներն ինձ հաճախ հարցնում են, թե մանկահասակ տարիքում՝ մինչեւ 16 տարեկանը, առանց կցագրվելու հայրենիքից հեռացած եւ արտերկրում քաղաքացիություն ստացած մեր հայրենակիցները Հայաստանում զինվորական ծառայության անցնելու պարտավորություն ունե՞ն:

-Եթե նրանց ծնվելու պահին երկու ծնողներն էլ ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ապա նրանք զինվորական ծառայության պարտք ունեն հայրենիքի հանդեպ, բացառությամբ այն դեպքերի, եթե ծնողներից որեւէ մեկը հետագայում օրինական կարգով մինչեւ զինակոչիկների կցագրումը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից: Կրկնում եմ՝ օրինական կարգով, մնացած բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացի ծնողների երեխան մեխանիկորեն համարվում է ՀՀ քաղաքացի՝ օրենքից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով:

-Անցած զորակոչին զորակոչվածներից վաղաժամկետ զորացրումներ եղե՞լ են առողջության պատճառով:

-Կենտրոնական բժշկական հանձնաժողովով անցած զինակոչիկների շրջանում վաղաժամ զորացրումներ չեն եղել:

-Ես վերջերս զրուցեցի ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի հետ, ու վերջինս կրկին բարձրացրեց նախազորակոչային շրջանում զինակոչիկների դիսպանսեր հսկողության հարցը: Մենք այս մասին պարբերաբար բարձրաձայնում ենք առնվազն վերջին տասը տարվա ընթացքում, բայց սայլը տեղից չի շարժվում:

-Խնդիրը շատ հրատապ է, ես այն քննարկել եմ բոլոր հնարավոր ատյանների ու իրավասու պաշտոնյաների հետ: Զինակոչիկները պետք է հետազոտվեն 14-16 տարեկանից սկսած ու պարբերաբար, որպեսզի դեռեւս գաղտնի կամ մեղմ արտահայտված շրջանում հիվանդությունները բացահայտվեն ու բուժվեն, այլապես 18 տարեկանում հիվանդությունները խորանում են, մենք զորակոչային ռեսուրս ենք կորցնում կամ զորակոչում ենք բազմաթիվ սահմանափակումներով: Սա ազգային անվտանգության խնդիր է ու պիտի շուտափույթ լուծվի:

-Վերջին տասը տարում Ձեր խոսքերը կրկնել են գրեթե բոլոր շահագրգիռ կողմերը:

-Ես հետեւողականորեն անելու եմ ամեն ինչ, որ զինակոչիկները նախազորակոչային տարիքում վերցվեն դիսպանսեր հսկողության եւ բուժվեն: Վստահ եմ ու վստահեցնում եմ, որ խնդիրը լուծվելու է:

-Նույնը վերաբերում է դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդմանը: Համապատասխան մասնագետները քանիցս նշել են, որ ֆիզկուլտուրա առարկան պետք է տեղափոխել մարզաբժշկական ռելսերի վրա: Միայն բասկետբոլ եւ վոլեյբոլ խաղալով պատանիները չեն կարող մարզվել, կոփվել, դրա համար էլ զինծառայության ադապտացիոն շրջանը շատերի համար բավականին խնդրահարույց է լինում:

-Համաձայն եմ: Պետք է մշակվի ֆիզկուլտուրա առարկայի նոր ծրագիր, որը հնարավորություն կտա մարզել, կոփել ու առողջացնել դպրոցականներին՝ ապագա զինվորներին:

-Մի զրույցի ժամանակ ասացիք, որ սխալ էր ռազմագիտության ուսուցիչներին պաշտպանության նախարարության ենթակայությունից հանելն ու ԿԳՄՍ նախարարությանը հանձնելը:

-Հիմա էլ եմ նույն կարծիքին: Ռազմագիտության ուսուցիչը պիտի լինի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը բանակում, ինչը  հնարավորություն կտա ավելի սերտ դարձնել բանակ-դպրոց կապը: Ուսուցիչը պիտի ավելի մոտ լինի բանակի պահանջներին ու այդ պահանջների ոգով դասավանդի աշակերտներին, ռազմագիտություն առարկան էլ տեղափոխվի զինվորական ռելսերի վրա: Պահանջատերը մենք ենք, բայց ուղղակիորեն պահանջելու իրավունքից զրկված ենք: Սա ճիշտ չէ, իմ կարծիքով:

-Պարոն գնդապետ, որո՞նք են զորակոչի կազմակերպման, բանակի հանդեպ ժողովրդի դրական վերաբերմունքը խթանող՝ բանակում առկա գործոնները, եւ որո՞նք են ձեւավորում բացասական  միտումներ:

-Առաջին հերթին ուզում եմ խոսել առաջնագծի կահավորման ու զինվորի ծառայությունն առավել անվտանգ դարձնելու աշխատանքների մասին: Զինվորն առավել պաշտպանված է սահմանին, բանակի հանդեպ վերաբերմունքը առավել դրական է թիկունքում: Մենք առաջինն ենք զգում սա:

Երկրորդը սննդի եւ հագուստի բարելավումն է: Այսօր  զինվորը ունի սնունդն ընտրելու հնարավորություն, եթե ոսպ չի ուտում, կարող է մեկ ուրիշ կերակուր ընտրել: Սննդի որակն ու տեսականին անհամեմատ բարելավվել է: Այժմ զինված ուժերում ներդրվում է քաղաքացիական կազմակերպության կողմից սննդի ապահովման համակարգը: Հագուստը հարմար է, կոշիկները կոպիտ չեն, ոտքերը չեն վնասում: Թվում է՝ մանրուք է, բայց սա կարող է էականորեն փոխել ծնողի տրամադրվածությունը բանակի հանդեպ:

Զինվորներն արդեն ունեն հեռախոսից  օգտվելու իրավունք սկսած զորահավաքակայանից: Ամեն քայլափոխի կարող եք լսել, թե ինչպես է զինակոչիկը մորն ասում՝ մամ, արդեն բժշկական ստուգումն անցել եմ, հիմա հաց եմ ուտում եւ այլն: Սա էականորեն մեղմում է լարվածությունը: Զորահավաքակայանում ծնողները տեղավորվում են հարմարավետ տաղավարներում: Վիճակահանությանը հետեւելիս նրանց թեյ ու սուրճ է մատուցվում: Նա, ով ուշացել է վիճակահանությունից, կարող է դիտել տեսագրությունը: Հնարավոր ամեն ինչ արվում է, որ զինվորի ծնողը զգա բանակի սերը, պատասխանատվությունը զինվորի ու նրա ծնողի հանդեպ:

Ծնողի ամենամեծ  մտահոգությունը միջանձնային հարաբերությունների անկատարությունն է  բանակում: Սպանությունների ու ինքնասպանությունների մասին լուրերը: Միջանձնային հարաբերությունների մշակույթը փոխելու համար պիտի համագործակցված աշխատեն ընտանիքը, դպրոցը, բոլոր կրթօջախները, հասարակությունը: Բանակը միայնակ ոչինչ անել չի կարող: Բանակը հնձում է այն, ինչ ցանվել է 18-20 տարվա ընթացքում: Ընդ որում, հնձում է դրսի ցանածը, ոչ թե իր: Պիտի ինստիտուտներ աշխատեն այս խնդրի ուղղությամբ, հասկանան, թե ինչպես փոխեն հասարակությունից բանակ թափանցող անկատար բարքերը, որոնք բումերանգի պես հետո հասարակությանն են հարվածում:

-Վերջին ռազմավարական զորավարժության արդյունքները գոհացուցիչ էին, կարծես թե քաղաքացիական ազգաբնակչությունը պատրաստ է պատերազմի:

-Ինչու՝ «կարծես թե», երբ զորավարժության ժամանակ կանոնավոր բանակից ավելի մեծ «քաղաքացիական բանակ» ձեւավորվեց: Սա  տարիների մեծ, հսկայական աշխատանքի արդյունք է՝ զորախաղեր, տարբեր ծավալի զորավարժություններ, նոր սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերման հետ կապված մասնագիտական վերապատրաստումներ…

-Ասում են՝ ռազմավարական զորավարժության նախօրեին սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը, արգելվել է լքել երկիրը: Ո՞ր օրենքով…

-Ռազմավարական զորավարժությունը համապետական միջոցառում է, որը ցույց է տալու, թե պատերազմի ժամանակ ինչպես ենք կազմակերպելու մոբիլիզացիան: Սա ինչ-որ խաղ չէ, եւ պետք է պատասխանատվությամբ վերաբերվել յուրաքանչյուրի մասնակցությանը: Այո՛, ծանուցումն ստանալու պահից քաղաքացին չի կարող լքել երկիրը առանց հատուկ թույլտվության:

-Ահա մեկ կոռուպցիոն ռիսկ:

-Այդպես չէ: Այս ամենը պիտի ամրագրվի  փաստաթղթերով: Եթե մարդը գնում է վիրահատության, այո, նա կազատվի զորավարժությանը մասնակցելու պարտավորությունից, բայց համապատասխան փաստաթղթեր են պետք: Վերջերս  տեղադրվել է «Սեկտ» համակարգը, որի միջոցով ես կարող եմ հետեւել յուրաքանչյուր քաղաքացու շարժին հանրապետությունում եւ հանրապետությունից դուրս: Սա մեծապես նվազեցնում է սողանցքներն ու կոռուպցիոն ռիսկերը:

-Ես գիտեմ, որ Դուք իջեւանցի եք:

-Այդ դեպքում պիտի իմանաք նաեւ, որ ես սպայական կոչումով զորակոչվել եմ ժամկետային զինծառայության ու մնացել եմ բանակում, անցել եմ հրամանատարական գրեթե բոլոր աստիճանները: Դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի շտաբի պետ: Զինկոմիսարիատում սկսել եմ ավագ սպայից, եղել եմ պահեստազորի սպաների բաժանմունքի պետ, Կրասնոսելսկի զինկոմ, Վարդենիսի զինկոմ, հանրապետական զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, հանրապետության զինկոմի տեղակալ, այնուհետեւ վեց ամիս ՀՀ զինկոմի պաշտոնակատար… 2019-ի դեկտեմբերի 11-ին նշանակվել եմ ՊՆ զորակոչի եւ զորահավաքի համալրման ծառայության պետ:

-Շնորհավորում եմ Ձեզ նոր, ծանր ու պատասխանատու, բայց եւ շնորհակալ ու պատվաբեր աշխատանքի կապակցությամբ: Ու հաջողություն եմ մաղթում:

-Շնորհակալ եմ: Ես էլ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդի Ամանորը, մաղթել խաղաղ ու բարեբեր տարի: Ուզում եմ շնորհավորել նաեւ մեր զինակոչիկներին զինվորանալու մեծ պատվի կապակցությամբ, ցանկանալ արժանապատիվ ծառայություն ու բարի վերադարձ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #2 (1322) 15.01.2020 - 21.01.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/01/2020