Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԻ ՄԱՍԻՆ
ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԻ ՄԱՍԻՆ

ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԻ ՄԱՍԻՆՍ. Ծննդյան տոնի տոնական ծառի զարդարումը կապված է Մանուկ Քրիստոսի մասին ավանդության հետ: Ս. Ծննդյան տոնի ամենասիրելի և գրավիչ պահերից մեկը տոնածառի զարդարումն է, սակայն բոլորը չէ, որ գիտեն, թե ինչու է տոնածառն այդքան կարևոր քրիստոնյաների համար: Ս. Ծննդյան տոնի ծառի մասին շատ ավանդություններ կան. ամենահայտնի ու ամենագեղեցիկ ավանդություններից երկուսը կպատմեմ:

Երկրի վրա իջել էր խորհրդավոր սուրբ գիշերը՝ մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրներից մեկում ծնվել էր աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը՝ հովիվները փառաբանում ու երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին՝ մոգերը արևելքի հեռավոր երկրներից շտապում էին՝ խոնարհվելու աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին՝ ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները՝ բարձրացնում գլուխները՝ ջանալով տեսնել քարայրի ներսը:

Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքին մոտ աճած երեք ծառերը. նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը՝ շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին՝ սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին ու համեստ, կանաչ եղևնին: Ձիթենին, դիմելով արմավենուն, ասում է, որ գնան խոնարհվեն Մանկանը և նրան նվերներ մատուցեն:  Համեստ եղևնին խնդրում է, որ իրեն էլ տանեն, սակայն ձիթենին ու արմավենին ասում են, որ եղևնին միայն ծակող ասեղներ ու զզվելի կպչուն խեժ ունի: Խեղճ եղևնին  հնազանդորեն հետ է քաշվում՝ չհամարձակվելով մտնել քարայր:

Հրեշտակը, սակայն, լսելով ծառերի խոսակցությունը, տեսնում է թե՛ արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե՛ եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճում է եղևնուն և կամենում օգնել նրան:

Փարթամ արմավենին խոնարհվում է Մանկանը և Նրան տալիս իր շքեղ պսակի լավագույն տերևը, որ զովություն պարգևի շոգ օրերին, իսկ ձիթենին խոնարհում է իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցնում, և ամբողջ քարայրը լցվում է անուշ բույրով:

Եղևնին հետևում է նրանց տխուր, սակայն առանց նախանձի՝ մտածելով, որ նրանք իրավացի են. ինչպե՞ս կարող է ինքը համեմատվել նրանց հետ: Հրեշտակը, սակայն, նրան ասում է, որ ինքն իրեն համեստությամբ խոնարհեցնելով՝ ավելի մեծարվելու և իր քույրերից ավելի է զարդարվելու: Ապա հրեշտակը երկնքին է նայում, և մութ երկինքը փայլում է պայծառ աստղերով: Հրեշտակը նշան է անում, և աստղերը մեկը մյուսի հետևից սկսում են ցած թափվել ուղիղ եղևնու կանաչ ճյուղերի վրա, և եղևնին շուտով շողշողում է վառ կրակներով:

Երբ Մանուկն արթնանում է, Նրա ուշադրությունը գրավում են ոչ թե քարայրի սքանչելի բույրն ու արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայում է եղևնուն, ժպտում ու թաթիկները մեկնում դեպի այն: Եղևնին հրճվում է, սակայն չի հպարտանում ու չի մեծամտանում, այլ իր ողջ փայլով ջանում է լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն ու արմավենուն: Չարին պատասխանում է բարությամբ: Իսկ հրեշտակը, տեսնելով, եղևնուն ասում է, որ իր բարության համար կպարգևատրվի, ամեն տարի Սուրբ Ծննդյան օրերին կզարդարվի լույսերի փայլով, և թե՛ երեխաները, թե՛ մեծերը կուրախանան՝ նայելով իրեն: Այդ օրվանից  համեստ, կանաչ եղևնին դառնում է Ս. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Ըստ երկրորդ ավանդության՝ ժամանակին ապրում էր մի փայտահատ, որն օրնիբուն աշխատում էր՝ ծայրը ծայրին հասցնելու և իր ընտանիքի ապրուստը հայթայթելու համար: Նա ուներ կին և երկու զավակ` Վալենտինն ու Մարին: Նրանք օգնում էին իրենց հորը, հնազանդ էին ու բարեպաշտ: Ամեն օր Աստվածաշունչ էին կարդում, անգամ այն օրերին, երբ ուտելու ոչինչ չունեին:

Ս. Ծննդյան տոնի նախօրեին, երբ ամենօրյա աղոթքն էին անում, դուռը թակում են: Դռան մոտ ցրտահար ու քաղցած մի երեխա էր կանգնած: Նրանք խղճում են փոքրիկին և իսկույն ներս առնում: Վալենտինն ու Մարին նրան տեղ են տալիս վառարանի մոտ և առաջարկում իրենց բաժին հացը: Քանի որ փոքրիկը շատ հոգնած էր, երեխաները նրան են զիջում իրենց մահճակալը, իսկ իրենք քնում են աթոռների վրա` չնայելով անհարմարությանը: Հյուրը շնորհակալություն է հայտնում և շուտով քնում: Ընտանիքն աղոթում է աղքատ երեխայի համար, որը չուներ անգամ այն հաճելի տաք տունն ու հարմարավետ մահճակալը, որն իրենք ունեին: Նրանք քուն են մտնում միայն ուշ գիշերին:

Փոքրիկ Մարին վաղ առավոտյան արթնանում է սրինգի անուշ մեղեդու և սքանչելի երգեցողության ձայնից: Նա արթնացնում է եղբորը, և միասին ունկնդրելով երաժշտությունը՝ հասկանում են, որ հրեշտակներն են երգում մանուկ Հիսուսի համար՝ այն երեխայի, որին իրենք հյուրընկալել էին նախօրեին: Նրանց սրտերը լի էին ուրախությամբ: Պատուհանից դուրս նայելով` տեսնում են ամենագեղեցիկ լուսաբացը և ոսկե տավիղներն ու քնարները ձեռքերին, շողշողուն արծաթագույն հագուստներ հագած մի խումբ մանուկների: Նրանց հետևում կանգնած էր իրենց հյուրը` ոսկեկար հագուստով, գլխին` ոսկե պսակ: Վերջինս հայտնում է, որ Ինքն իրոք մանուկ Քրիստոսն է, և շրջում էր՝ ավետիս տալու և ուրախություն պարգևելու բարի մանուկներին:

Քանի որ Վալենտինն ու Մարին անձնուրաց և աջակցող երեխաներ էին, Տերն օրհնում է նրանց և մոտիկ եղևնուց մի ճյուղ կտրելով՝ տնկում հողում: Ապա երեխաներին ասում է, որ ամեն տարի այդ ճյուղը նրանց համար կդառնա Սուրբ Ծննդյան տոնածառ: Մանուկ Հիսուսն անհետանում է` երեխաներին ապշահար թողնելով իրենց տեսածից ու լսածից:

Շուտով եղևնու ճյուղն աճում է և դառնում մեծ տոնածառ, որն ամեն տարի Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին զարդարվում է ոսկե խնձորներով, արծաթե ընկույզներով ու գեղեցիկ խաղալիքներով:

Ավանդությունների առանցքում այն համոզումն է, որ տոնածառը Մանուկ Հիսուսի նվերն է անձնուրաց ու բարի մարդկանց: Բարի մարդկանց զարդարում են Տիրոջ տված շնորհները՝ համեստությունը, բարյացակամությունը, խոնարհությունը և այլն: Աստծուց շնորհներ ստանալով՝ պիտի կարողանանք չգոռոզանալ, չմեծամտանալ և Տիրոջից իրապես կպարգևատրվենք:

Այսպիսով, Կյանքի խորհրդանիշ Սուրբ Ծննդյան ծառն ամեն տարի իր խորհրդավորությամբ հիշեցնում է Կենդանի Կենաց ծառի` Հիսուս Քրիստոսի մասին. կյանքը նրանով սկիզբ առավ և կյանքը մարդկանց համար Լույսն է, որ փայլում է խավարի մեջ (Հովհ. Ա 4):

 

Սարգիս սարկավագ Հարությունյան

Շիրակի կայազորի N զորամասի գնդերեց