Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ



Հրթիռային զորքերի եւ հրետանու մարտական պատրաստության պլանի համաձայն` հրետանային զորամասերն ու ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են ճամբարային հավաքների եւ դաշտային ելքերի ուսումնական կենտրոններում կամ զորամասերի հրաձգարանների համապատասխան տարածքներում` ամառային եւ ձմեռային ուսումնական փուլերի ընթացքում: Հավաքների առաջին շաբաթվա ընթացքում անցկացվում են հաշվարկների, ապա դասակների ու մարտկոցների, վերջում` դիվիզիոնների միջեւ ներդաշնակման պարապմունքներ:

Օրերս հերթական պլանային ճամբարային հավաքն անցկացրեց գնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող հրետանային ուսումնական գունդը: Հավաքին մասնակցում էր գնդի ամբողջ անձնակազմը` սպառազինությունն ու մարտական տեխնիկան: «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում զորամասի անձնակազմը վրանային ավան բացազատեց` իր բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով` բնակելի հատված, ուսումնական տեղեր, հավաքակայան, դաշտային խոհանոց եւ այլն: Առօրյան կազմակերպվեց զորամասի կարգացուցակի համաձայն` առավոտյան վերկացից հետո ֆիզիկական նախավարժանք, նախաճաշ, ապա շարային եւ մասնագիտական պարապմունքներ եւ այլն: Նախապատրաստական աշխատանքներից հետո սկսվեցին գործնական պարապմունքները: Յուրաքանչյուր հաշվարկ, իրեն ամրակցված մարտական զինտեխնիկային տիրապետելու գործնական հմտությունները զարգացնելուց բացի, մեծ ուշադրություն դարձրեց բոլոր ստորաբաժանումների փոխգործակցության ապահովման խնդիրներին:

Զորամասի ստորաբաժանումները ուսումնական փուլի ընթացքում բավական բարձր արդյունքներ են ցույց տվել, որոնք վերահաստատվեցին գործնական վարժանքների ժամանակ: Ճամբարային հավաքները եզրափակվեցին մարտական ուսուցողական հրաձգությամբ:

Հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության պատասխանատու սպաների հավաստմամբ, նման հավաքները հրետանավորների մասնագիտական գիտելիքները բարձրացնելու լավագույն խթան են, սեփական ունակությունները զարգացնելու եւ ինքնակատարելագործմամբ զբաղվելու լրացուցիչ ազդակ: Գործնական պարապմունքների ընթացքում ոչ միայն ամրապնդվում են ուսումնական փուլի ընթացքում ստացած տեսական գիտելիքները, այլեւ ի հայտ են գալիս յուրաքանչյուր զինծառայողի ուժեղ եւ թույլ կողմերը, նաեւ առկա թերություններն ու բացթողումները վերացնելու եղանակները: Արդյունքների ամփոփումից հետո պլանավորվում է հաջորդ ուսումնական փուլի աշխատանքը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Ազգային բանակ


26/10/2011