Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԿՐԱԿԱՅԻՆ ՎԱՀԱՆ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԿՐԱԿԱՅԻՆ ՎԱՀԱՆ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ ԶՈՒ 2011թ. ուսումնական տարվա պատրաստության եւ ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու 2011թ. մարտական պատրաստության պլանի համաձայն` ՀՀ զինված ուժերի զորամասերում անցկացվեց հրետանավոր սպաների «Կրակային վահան» մասնագիտական համաբանակային մրցույթը: Այն նվիրված էր զորատեսակի կազմավորման 19-րդ տարեդարձին, արդյունքներն էլ հայտարարվեցին մասնագիտական տոնից օրեր առաջ:

Մրցույթի անցկացման համար ստեղծվեց հանձնաժողով` հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության պետի տեղակալ գնդապետ Ա. Մկրտչյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովի կազմած հարցաշարը տպագրվեց «Հայ զինվոր» պաշտոնաթերթի էջերում: Հրետանավոր սպաներից պահանջվում էր տարաբնույթ մասնագիտական խնդիրներ լուծել` ճիշտ հաշվարկել պայմանական հակառակորդի տեղակայման վայրը, վերլուծել մարտական իրադրությունը, տեղանքային եւ եղանակային պայմանները, հրետանու հետախուզության տվյալների հիման վրա որոշել կրակի ուղղությունը եւ այլն: Պետք է նշել, որ թերթի համապատասխան համարների տպագրության օրերին մրցույթին մասնակցող հրետանավոր սպաների շրջանում աշխույժ եռուզեռ էր, բոլորն էլ ցանկանում էին արագ լուծել առաջադրված խնդիրները եւ պատասխանները ուղարկել ստուգող հանձնաժողովին:

Արդյունքների ամփոփումից պարզ դարձավ, որ «Կրակային վահան» մասնագիտական համաբանակային մրցույթում հաղթել են հրետանու ֆակուլտետի հրաձգության եւ կրակի ղեկավարման ամբիոնի պետ գնդապետ Ռ. ԳԵՎՈՐԳՅԱՆԸ (առաջին խմբի մասնակիցների մեջ) եւ զորամասի ուսումնական դիվիզիոնի դասակի հրամանատար կապիտան Է. ԲԱԶԱԶՅԱՆԸ (երկրորդ խմբի մասնակիցների մեջ):

Երկրորդ տեղն է զբաղեցրել զորամասի հրետանու հետախուզության պետ մայոր Ն. Գրիգորյանը: Բարձր արդյունքներ են ցույց տվել մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Վ. Պողոսյանը եւ զորամասի ուսումնական մասի պետ փոխգնդապետ Ա. Բալայանը:

Հաղթողները խրախուսվել են արժեքավոր նվերներով ու պատվոգրերով:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր