Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2019 ԹՎԱԿԱՆԻ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ



2019 ԹՎԱԿԱՆԻ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸՄեր ուժը հակառակորդի համար լինելու է ավելի մահաբեր

 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան. «2019 թվականը բավականին հաջողված էր բոլոր առումներով: Մասնավորապես՝ մենք կյանքի կոչեցինք շատ կարևոր՝ սննդի կազմակերպման ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի սննդարար և բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնը ունենալու իրավունք, և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը: Անցնող տարին նշանավորվեց նաև նոր սպառազինությունների ձեռքբերմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվեցին նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության զինատեսակներով:

Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը հակառակորդի համար լինելու է ավելի մահաբեր»:

 

ՀՀ զինված ուժերը 2019-ը ճանապարհեցին հարուստ ու գերհագեցած զինանոցով՝ «ՏՈՐ-Մ2ԿՄ» և Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներ, հրամանատարի և օպերատորի ավտոնոմ ժամանակակից վարժասարքեր, հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության նորագույն տեխնիկական այլ միջոցներ և իհարկե՝ ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ: Հայկական զինանոցի պատմության նոր էջն արդեն իրականություն է: Մեկնարկը տրվեց որակական նոր ու բարձր նշաձողով, շոշափելի ձեռքբերումների հարուստ պաշարը ամրապնդելու հեռանկարով:

 

Բնակարանային ապահովում

2019 ԹՎԱԿԱՆԻ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Բանակի մարտունակության երաշխիքը դարձան նաև սոցիալական մի շարք կարևոր ծրագրերը, որոնց հաջող մեկնարկն ու ընթացքը գործնականում վերահաստատեցին բանակի զարգացման տեսլականը: Իրականություն դարձավ բազմաթիվ սպաների նոր ու ժամանակակից չափանիշներին համապատասխանող շենքերում բնակարանամուտ տոնելու վաղեմի երազանքը: Բնակարանների գնման վկայագրեր ստացան կարիքավոր, պահեստազոր արձակված և կենսաթոշակի անցած զինվորականները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները:

Զինանձնակազմի բնակարանային ապահովման խնդրի լուծման գործնական քայլերից մեկն էլ կառավարության որոշումն էր արտոնյալ պայմաններով զինծառայողներին հիպոտեկային վարկ տրամադրելու վերաբերյալ։ Այն ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 1-ից։ Յուրաքանչյուր տարի ծրագրի շահառու կարող են դառնալ և պետական աջակցություն ստանալ 500 զինծառայողներ: Ծրագիրը նախատեսում է մինչև 28.500.000 դրամի չափով հիպոտեկային վարկավորման հնարավորություն։ Գումարի 10 տոկոսը որպես կանխավճար ֆինանսավորելու է պետությունը: Կառուցապատողից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան տոկոսը կազմելու է 7 տոկոս, որից 3-ը սուբսիդավորելու է պետությունը, մնացած 4-ն էլ կրկին հետ է վերադարձվելու վարկառուին իր վճարած եկամտային հարկի հաշվին:

 

Հատուցման ժամանակագրությունն այսքանով չի սահմանափակվում

Անցնող տարին առանձնացավ նաև զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության շրջանակների աննախադեպ ընդլայնման առումով: Ապրիլի 1-ից շահառուներ դարձան 2008-2014թթ. հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքները: Սակայն հատուցումների ժամանակագրությունն այսքանով չսահմանափակվեց: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր որոշմամբ՝  2020-ի հունվարի 1-ից հատուցումներ կստանան նաև 1998-2008թթ. ընթացքում տեղի ունեցած դեպքերի շահառուները: Այս մասին խոսեց վարչապետ Փաշինյանը՝ վստահեցնելով. թեև հնարավոր շահառուների շրջանակն ավելի ընդգրկուն է, և մի շարք հայրենակիցներ նոր որոշման սահմանից դեռ դուրս են մնում, բայց՝ ժամանակավոր:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Իմ կոչ, խնդրանքն է՝ ըմբռնումով մոտենալ և արձանագրել, որ 1,5 տարվա ընթացքում մենք այս գործընթացը 19 տարով արդեն հետ ենք  տարել: Սա բավական բարդ աշխատանքային գործընթաց է, պետք է հաշվարկվի, որ այդ որոշումները պատշաճ կարգով իրականություն դառնան: Հաշվարկները շարունակվում են, ինչպես և հայտարարել ենք, մեր գերնպատակն է, որ այս գործընթացը հետ տանենք մինչև ՀՀ անկախության մեկնարկը»:

 

Սպաների աշխատավարձի բարձրացում

Սոցիալական ևս մեկ կարևոր երաշխիք՝ սպաների աշխատավարձի բարձրացումը: Տարվա երկրորդ կեսից զինծառայողների դրամական ապահովության չափը ավելացավ շուրջ 10 տոկոսով, կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինանձնակազմի աշխատավարձը՝ մինչև 20 տոկոսով:

 

Սննդի մատակարարման նոր ձեւաչափ

ւ

Բարեփոխումների շարքում նորարարություն էր սննդի մատակարարման նոր ձևաչափը զինված ուժերում: «Մեդիտեք» ընկերության նախաձեռնությամբ և կառավարության որոշմամբ՝ փորձնական ծրագիրը կյանքի կոչվեց նախ ուսումնական ստորաբաժանումներում, այնուհետև մի շարք այլ զորամասերում: Զինվորական ճաշարաններում տեղադրվեցին ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվեց հոսքագծային սպասարկման տարբերակը: Շնորհիվ տեսականու բազմազանության, շաբաթվա ընթացքում զինվորներին այլևս չի տրամադրվում միևնույն նախաճաշը, ճաշը կամ խավարտը։ Զինծառայողներն արդեն ունեն առաջին և երկրորդ երկուական ճաշատեսակներից ընտրության հնարավորություն։

 

Զինված ուժերի ծավալում եւ հակառակորդի ագրեսիայի դիմագրավում

Նախադեպը չունեցող ռազմավարական և լայնածավալ զորավարժությունը հայկական երկու պետություններում դարձավ բանակային տարվա կարեւորագույն իրադարձությունը: Այն բացառիկ էր զորքերի և զինտեխնիկայի մեծաքանակ շարժով, հնարավոր վտանգներին ճշգրիտ և օպերատիվ արձագանքելու գործողություններով։ Ներգրավված էին պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Զորավարժանքին մասնակցում էր նաև պահեստազորը։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված զորավարժությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկիրը ռազմական առումով բարձր մակարդակի վրա է։ Պատրաստակամ վերաբերմունք դրսևորեց ամբողջ հանրությունը, օգնելով ստանալ այն հարցի պատասխանը, թե որքանով են մեր զինված ուժերը, պետական կառավարման համակարգը և հասարակությունը պատրաստ միահամուռ ուժերով դիմակայելու մարտահրավերներին:

 

Բանակ-եկեղեցի կապը շարունակվում է ամրապնդվել

Հայ զինվորի հոգևոր կերտվածքի հենակետը դարձավ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն վերաօծվեց և փոխանցվեց ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը՝ վերահաստատելով այն իրողությունը, որ բանակը ժողովրդի հավաքական կամքի, նվիրումի ու հայրենասիրության արտացոլումն է, իսկ եկեղեցին այդ արժեքների սերմանողը յուրաքանչյուր զինծառայողի սրտում:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #1 (1321) 9.01.2020 - 14.01.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/01/2020