Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐԸ ԴԻՐՔԵՐՈՒՄ



ԱՄԱՆՈՐԸ ԴԻՐՔԵՐՈՒՄԴիրքերում ջերմ է եղանակն էլ, տրամադրությունն էլ։ Հատկապես Արցախում, պաշտպանության բանակի մարտական հենակետերում նույնիսկ ձմռան կեսին չեք մրսի։ Մարտական շուրջօրյա հերթապահություն իրականացնող տղաներն իրենց ծառայողական ժամանակացույցին հավատարիմ են, րոպեի ճշգրտությամբ դիտակետ են բարձրանում, հակառակորդին հետևում, վերադառնում, պատրաստվում հաջորդ ելքին։ Ու նույնիսկ այս հագեցած օրակարգը չի խանգարում սպասել, պատրաստվել տոներին ու դիմավորել Ամանորն ինչպես թիկունքում։

Հիմա դիրքերում այն ստորաբաժանումն է, որը 2020թ. նորամուտը կազդարարի առաջին գծում, մարտական դիրքում։ Տղաները տոնածառի զարդեր են զորամասից հենակետ բերել։ Դիրքի միակ բնական ու հավերժական եղևնին արդեն տոնածառ է, զինծառայողների թեթև ձեռքով, բարի մաղթանքներով, մյուսներից չտարբերվող գույներով։ Նախաձեռնողը «Ես եմ» ծրագրով զորակոչված շարքային Գալուստովն է։ Ընկերներին եղևնու շուրջ է հավաքել ու մեկ ընտանիքի գաղափարով գործի դրել՝ տոնածառը զարդարել. «Ինչպես տանը, մեր հյուրասենյակում ամեն տարի ընտանիքով տոնածառ ենք տեղադրել, զարդարել, այնպես էլ դիրքում, եղբայրաբար, ժպիտով, հումորով ու իհարկե խաղաղության մաղթանքներով ենք հենակետին գույներ հաղորդել»։ Գալուստովին օգնում է նաև զինակից ընկերը՝ Արաբյանը։ Հիմա ընկերների հետ է, իսկ Ամանորի գիշերը կլինի ճաշարանում։ Դիրքի լավագույն խոհարարի ձեռքով կպատրաստի տոնական սեղանը, սովորական օրերից տարբերվող ճաշատեսակներով, քաղցրավենիքով, մրգերով. «Մասնագիտությամբ խոհարար չեմ: Պատրաստել սովորել եմ զինվորական ծառայության անցնելիս: Դիրքում որևէ մեկը պետք է ապահովի մյուսների սնունդը։ Նախընտրեցի ինքս պատրաստել, չեմ կարող ասել, որ աշխարհի ամենահամեղ ուտեստներն եմ մատուցում, բայց, վստահեցնում եմ, սիրով ու հոգի դնելով եմ ընկերներիս համար պատրաստում, նրանց սեղանի շուրջ հրավիրում»։

Տղաների մի մասն Ամանորի գիշերը կլինի կացարանում, մյուսները 24:00 ժամի գլխավոր ակնթարթները կազդարարեն խրամատում, դիտակետում, հերթապահությունը զգոնությամբ իրականացնելիս։ Կրտսեր սերժանտ Ղահրամանյանի երկրորդ Ամանորն է դիրքում, զգացողությունները նկարագրելի չեն, անհրաժեշտ է ապրել ու զգալ այդ րոպեների կարևորությունն ու հպարտությունը։ Սա այն պատասխանատու օրն է, երբ դիրքը պետք է ուժեղացված ծառայությամբ պահես, հակառակորդին կրկնապատկված ուշադրությամբ հսկես ու ապահովես թիկունքի լիակատար տոնախմբությունը. «Այն պահը, երբ գիտես, որ ինքդ ես իրավիճակի տերն ու խաղաղության պահապանը, այն զգացողությունը, որ քեզնից է կախված թիկունքի անվտանգությունը, նրանց խաղաղ արարումը, հպարտության աննկարագրելի ապրումներ ես ունենում, որ այն բացառիկներից ես, որ հնարավորություն ունես տոնական գիշերվա երաշխավորը լինել»։

Ավագ լեյտենանտ Առաքելյանն էլ ժամկետայինների նման դիրքում կլինի՝ զինվորական ընտանիքի շարքում: Կշրջի բոլոր դիրքերում, ծառայությանը կհետևի, կգոտեպնդի անձնակազմին։ Դասակի հրամանատարն էլ ամփոփում է 2019-ը, զինված ուժերում ճանաչվել են լավագույնը, պարգևատրվել: Խոստացել են 2020-ին նույնպես բարձր առաջադիմությամբ հանդես գալ, ավելի մեծ հաջողություններ գրանցել. «Անձնակազմս գերազանց է ծառայել, բարձր գնահատականով հանձնել քննությունները, աչքի ընկել մարտական հերթապահություն իրականացնելիս, հետևաբար, մենք նույն տեղում կանգնելու իրավունք պարզապես չունենք, պետք է ձգտենք նոր հաղթանակներ կերտել, գերազանցել մեր ռեկորդը»։

Տոնական օրերին մարտական հենակետերում կլինեն նաև հոգևորականներ։ Զորամասի գնդերեցներն Ամանորին կլինեն առաջին գծում, կհանձնեն նվերներ դիրքապահներին, կներկայացնեն Սուրբ Ծննդյան խորհուրդն ու կընդգծեն հայրենիքի պաշտպանության կարևորությունն ու այն առաքելությունը, որն իրականացնում են սահմանի մեր օրերի պահապանները։

 

 ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #1 (1321) 9.01.2020 - 14.01.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/01/2020