Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ



Էրեբունի

Այս օրերին հանրապետության զինկոմիսարիատներում աշնանային զորակոչի նախապատրաստական մեծ աշխատանքներ են տարվում։ Դրանք իրականացվում են զորակոչի կազմակերպման ու անցկացման մասին պաշտպանության նախարարի հրամանի պահանջներին համապատասխան։

Էրեբունու տարածքային զինկոմիսարիատ զինակոչիկները ներկայացել էին վաղ առավոտյան, նախօրոք տրված ծանուցագրերով։ Այդ օրը նրանք պետք է բուժզննում անցնեին։ Զինակոչիկներին արդեն սպասում էր զորակոչային բուժհանձնաժողովը։ Հարկ է նշել, որ ժամանակին հոգ է տարվել նաեւ աշխատանքային նորմալ պայմանների ստեղծման մասին. զինկոմիսարիատի շենքը վերանորոգված է։ Կահավորված, ընդարձակ ու լուսավոր սենյակները պարզապես աչք են շոյում, ստեղծում լավ տրամադրություն։

Մինչ բուժզննումն սկսելը, զինկոմ, զորակոչային բուժհանձնաժողովի նախագահ գնդապետ Կարեն Խաչատրյանը մեկ անգամ եւս բժիշկների ուշադրությունը հրավիրում է զինակոչիկների առողջության նկատմամբ հոգատար, սրտացավ ու զգայուն վերաբերմունք ցուցաբերելուն. «Այստեղ մանրուքներ չկան, մանավանդ, երբ խոսքը հայրենիքի պաշտպանի առողջությանն է վերաբերում»,- ասում է գնդապետը։

Բուժհանձնաժողովում ընդգրկված բժիշկներն ուշադիր լսում են զինակոչիկների առողջական վիճակին վերաբերող յուրաքանչյուր գանգատ, համապատասխան նշումներ կատարում նրանց անձնական գործի մեջ։ Անհրաժեշտության դեպքում նրանց ուղարկում են մասնագիտացված բուժհիմնարկներ` լրացուցիչ բուժհետազոտման։ Բուժհիմնարկներում զինակոչիկների բուժհետազոտումը կատարվում է անվճար, որից հետո կենտրոնական զինվորական բուժհանձնաժողովը որոշում է նրանց ծառայության պիտանիության աստիճանը։

Զինկոմիսարիատում իրականացվող բուժզննմանը ներկա էին նաեւ զինակոչիկների ծնողները։ Նրանք տեղեկացնում էին բժիշկներին իրենց որդիների առողջական վիճակի մասին, դրանով իսկ աջակցում բուժհանձնաժողովին՝ զինակոչիկի հիվանդությունը հայտնաբերելու ու կանխարգելելու, ճիշտ եզրակացություն անելու գործում։

Զինկոմիսարիատի զորակոչային բաժնի սպաների ծառայության ամեն մի օրը լարված ու տքնաջան աշխատանք է։ Մինչ բուժզննումը, բաժնի սպաները ուսումնասիրում են զինակոչիկների ընտանիքների սոցիալական վիճակը, հետաքրքրվում հոգեբուժարանում ու հակատուբերկուլյոզային դիսպանսերներում հաշվառված զինակոչիկների առողջությամբ, աշխատանքներ իրականացնում իրենց բնակավայրերից բացակայող զինակոչիկներին հայտնաբերելու ուղղությամբ։

-Այս հարցում մեզ աջակցում են իրավապահ, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց հետ սերտ համագործակցությունն իր պտուղներն է տալիս,- ասում է զորակոչային բաժնի պետ փոխգնդապետ Սիմոն Սիմոնյանը։ – Քիչ չեն դեպքերը, երբ զորակոչային տարիքի պատանիները արտերկրներից վերադառնալով հայրենիք` հոժար կամքով ներկայանում են զինկոմիսարիատ եւ ազգային բանակում ծառայելու ցանկություն հայտնում։ Կառլեն Առաքելյանը, Մարտին Մինասյանը, Ռաֆայել Սարգսյանը, Սեւակ Հակոբյանն ու Ոսկան Բեշիկչյանը Ռուսաստանից են վերադարձել ու ներկայացել զինկոմիսարիատ։ Ու հիմա նրանք բուժզննում պիտի անցնեն։

…Զինկոմիսարիատի բակում զինակոչիկների ծնողները խմբված զրուցում են, բուժզննում անցնող իրենց որդիներին են սպասում։

Հակոբ Իսպիրյան, զինակոչիկի հայր, երկրորդ կարգի հաշմանդամ.

-Հենց նոր իմացա, որ որդիս արդեն անցել է բուժզննումը, ամեն ինչ կարգին է, զորակոչվելու ծանուցագիր է ստացել։ Ինձ ոգեշնչում են ազգային բանակում ծառայելու նրա մեծ ցանկությունը, հաստատակամությունն ու վճռականությունը։ Գեւորգս քաջ գիտակցում է, որ հզոր երկիրը հզոր բանակն է, իսկ բանակն այդպիսին է դառնում իր առողջ, գիտակից ու մարտունակ զինվորներով, այն պատանիներով, ովքեր զորակոչի օրերին համալրում են նրա շարքերը՝ փոխարինելով իրենց ավագ եղբայրներին։ Մեր երկիրը մեր որդիները պիտի պաշտպանեն, ուրիշ ոչ ոք։ Արցախյան պատերազմի տարիներին Հայաստանից դուրս ապրող հայորդիներն են եկել կռվել հայրենիքի ազատագրության համար եւ անմահացել այս հողում։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, յուրաքանչյուրը պատասխանատու է նրա ճակատագրի համար, այդ թվում ե՛ւ ես, ե՛ւ իմ զավակը, ով շուտով կմեկնի ծառայության` իր հայրենասիրական պարտքը կատարելու։

Գեւորգ Իսպիրյան, զինակոչիկ, Հակոբ Իսպիրյանի որդին.

-Ծառայությունը ազգային բանակում հայրենասիրական պարտք լինելուց բացի, միաժամանակ պատվի խնդիր է։ Պաշտպանելով հայրենի հողը` հասկանում ես, որ ազգի արժանապատվությունն ես պաշտպանում, քո հայրական օջախն ու հարազատներիդ, քո պապերի սուրբ մասունք դարձած հիշատակը։ Ամեն անգամ հոգիս փառավորվում է, երբ հեռուստաէկրանից տեսնում եմ մեր քաջարի, տոկուն ու հպարտ զինվորների խրոխտ քայլվածքը։ Նրանք ինձ համար միշտ էլ ուժի խորհրդանիշ են եղել։ Ես ուրախ եմ ու երջանիկ, որ շուտով մեր հաղթանակած բանակի զինվորն եմ դառնալու։

Արաբկիր

Արաբկիրի տարածքային զինկոմիսարիատում նույն լարված աշխատանքային մթնոլորտն էր։ Զինակոչիկներն արդեն բուժզննում էին անցնում։ Զորակոչային բաժնի պետ փոխգնդապետ Արմեն Հակոբյանի սեղանին զինակոչիկների անձնական գործերն են՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով։ Յուրաքանչյուր զինակոչիկի համար հատկացված են հատուկ բլանկներ, որտեղ կատարվում են նշումներ նրա առողջական վիճակի մասին։ Փոխգնդապետը հերթով կանչում է զինակոչիկներին, բաժնի սպաները նրանց ուղեկցում են բժիշկների մոտ։

Վերգինե Խաչատրյան, ավագ բժշկուհի, նյարդաբան.

-Զինակոչիկների շրջանում գերակշռում են հատկապես նյարդային համակարգի հետ կապված հիվանդությունները։ Նման դեպքերում զինակոչիկին ուղեգրով ուղարկում ենք համապատասխան բուժհիմնարկ` խորացված բուժհետազոտության։ Ախտորոշումից հետո արդեն որոշվում է նրա ծառայության պիտանիությունը։ Անհրաժեշտության դեպքում՝ տրվում է տարկետում՝ բուժման նպատակով։

Զրուցում ենք զինվորական կոմիսար, զորակոչային բուժհանձնաժողովի նախագահ գնդապետ Ալբերտ Քարամյանի հետ։ Զինկոմը կարեւորեց նախազորակոչային օրերին բուհերում, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցներում զինկոմիսարիատի սպաների կողմից կազմակերպվող միջոցառումները, հատկապես Մեծ հայրենականի եւ Արցախյան պատերազմի վետերանների հետ սրտառուչ հանդիպումները։ Ինչպես գնդապետն ասաց, դրանք ոգեշնչում են զինակոչիկներին, մեծ չափով նպաստում նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Զինկոմը միաժամանակ բարձր գնահատեց հանրակրթական դպրոցների զինղեկների դերը զորակոչի նախապատրաստման գործում։

Մայրաքաղաքի տարածքային զինկոմիսարիատներում արվում է ամեն ինչ` զորակոչը կազմակերպված ու պատշաճ մակարդակով անցկացնելու, փառքով պսակված ազգային բանակի շարքերը միայն առողջ պատանիներով համալրելու համար։

ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Բանակ և հասարակություն


26/10/2011