Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽԱՂԱՂ ԵՐԿԻՐ, ԽԱՂԱՂ ՍԻՐՏ...
ԽԱՂԱՂ ԵՐԿԻՐ, ԽԱՂԱՂ ՍԻՐՏ…

ԽԱՂԱՂ ԵՐԿԻՐ, ԽԱՂԱՂ ՍԻՐՏ...Դեկտեմբերի 16-ին մեկնարկեց ձմեռային զորակոչը:

Կոտայքի մարզային զինվորական կոմիսարիատում եռուն աշխատանքային մթնոլորտ է: Զորակոչիկները կենտրոնական հավաքակայան ներկայանալուց առաջ վերջին անգամ տարածքային զինկոմիսարիատում բուժզննում են անցնում, ստուգվում, ճշգրտվում են անհրաժեշտ փաստաթղթերը:

-Զորակոչն իր հունով ընթանում է: Նախորդ՝ ամառային զորակոչին մեր զինկոմիսարիատը զորակոչային պլանը գերակատարել է: Հավաքակայանից հետ վերադարձողներ չենք ունեցել: Զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովն էլ ապահովված է համապատասխան բոլոր մասնագետներով: Մարզում երկու բժշկական հանձնաժողով է գործում, ինչի շնորհիվ զինակոչիկները ենթարկվում են մանրակրկիտ բուժհետազոտության,- նշում է Կոտայքի մարզային զինվորական կոմիսար, գնդապետ Արթուր Բաղրամյանը,- արտերկրից վերադարձողների թիվն էլ շատացել է:

 

♦♦♦

ԽԱՂԱՂ ԵՐԿԻՐ, ԽԱՂԱՂ ՍԻՐՏ...Զինկոմիսարիատի բակում բանակ ճանապարհողները թիվը գնալով ստվարանում է: Զինակոչիկների տրամադրությունը բարձր է, կատակում են: Հարազատների արդեն կարոտած հայացքն էլ որսալով՝ անուշ ժպտում են, փարվում ծնողներին, գոտեպնդող խոսքեր ասում:

Երիտասարդների մի մեծ խումբ օղակել է տղաներից մեկին ու աշխույժ զրույցի բռնվել. համադասարանցիներով եկել են ճանապարհ դնելու իրենց ընկերոջը՝ Ռաֆիկ Պողոսյանին:

-Ռաֆիկը մեր դասարանի առաջին զինվորն է: Մի քանի օրից մյուս տղաներն էլ կզորակոչվեն,- ասում է աղջիկներից մեկը,- բոլորին էլ եղբոր նման սիրում ու հարգում ենք, անհամբեր կսպասենք իրենց վերադարձին: Վստահ ենք՝ նվիրված կծառայեն, բարձր կպահեն մեր դասարանի պատիվը:

-Այլ կերպ լինել չի էլ կարող,- ժպտում է Ռաֆիկը,- դասարանի բոլոր տղաների անունից եմ վստահեցնում:

Գեղաշենցի Սերյոժա Եղիազարյանն էլ ընկերոջ՝ Ժորայի հետ է գնում ծառայության:

-Լավ կլիներ՝ միասին էլ ծառայեինք,- ասում են տղաները:- Տրամադրություններս մարտական է. խոսել չենք սիրում, գործով կապացուցենք:

Քիչ այն կողմ էլ հարազատ-բարեկամները «շրջափակել են» իրենց զինվորին:

-Ավետիս Հարությունյան, Արզնիից եմ,- ներկայանում է հաղթահասակ, ժպտուն աչքերով երիտասարդը:- Ուրախ եմ, որ առողջական խնդիրներ չունեմ, կարող եմ ծառայել եւ ուզում եմ ծառայել, գնում եմ պաշտպանելու իմ հայրենիքն ու իմ ընտանիքը:

-Բարով գնաս, բարով գաս, բալե՛ս,- Ավետիսի մայրը՝ տիկին Խանումը, ծածուկ սրբում է արցունքները:

-Անփորձանք ծառայեք, զինվորնե՛ր ջան,- աղոթք-օրհնանքի պես կրկնում է ձորաղբյուրցի Մարգո տատիկը: Թոռանը՝ Աշոտ Մելիքսեթյանին է ճանապարհում տատը: -Աստծուց միայն մի խնդրանք ունեմ՝ խաղաղություն: Խաղաղ երկինք, խաղաղ երկիր, խաղաղ սիրտ…

♦♦♦

ԽԱՂԱՂ ԵՐԿԻՐ, ԽԱՂԱՂ ՍԻՐՏ...Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նորակոչիկների օրհնության արարողություն է. Ամենակարող Տեր, պահապան եղիր մեր սիրասուն զավակներին՝ հայրենիքի զինվորներին:

Նորակոչիկներին բարեմաղթանքի խոսքեր են ասում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզի զինկոմ, գնդապետ Արթուր Բաղրամյանը, Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանը՝ հայրենիքի պաշտպաններին պատգամելով համախմբված, միասնական ծառայել, հայրենիքի դարպասներն ամուր պահել:

-Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ կամավորության սկզբունքով զորակոչվի: Թեեւ մեր երկրում ժամկետային զինծառայությունն ամրագրված է որպես պարտադիր, բայց, եթե դուք ձեր մեջ կրեք վճռականություն չափահաս կյանքի շքամուտքին, գտնեք ձեր մեջ տղամարդուն բնորոշ պատրաստակամություն, առավել գիտակցված ու արժանապատիվ կծառայեք,- նշում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Հանդիսավոր արարողությունն ավարտված է, գրկախառնություն, թաց աչքեր, կարոտած հայացքներ:

Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսն ուղեւորվում է կենտրոնական հավաքակայան, որտեղից էլ, ըստ վիճակահանության, հայրենիքի պաշտպաններից ամեն մեկը կմեկնի իր զորամաս:

Խմբված ժողովուրդը ծափահարում է:

Այսպես ճանապարհ են դնում հերոսներին…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ