Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ



ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆԽաղաղության խորհրդանիշերը

 

Շուտով մեկ տարի էլ կանցնի պատմության գիրկը։

Մեր մոլորակի տարբեր անկյուններում, երբ հին ու նոր տարիները հանդիպում են իրար, մարդիկ բարձրացնում են գավաթները, եւ աշխարհի տարբեր լեզուներով ամենաշատը հնչում է հենց այս բարեմաղթանքը՝ թող աշխարհում խաղաղություն լինի, թող խաղաղ լինեն հողն ու մարդկանց սրտերը։

 

Մի հին, գեղեցիկ ավանդապատում կա. պատերազմի աստված Մարսը պատրաստվում է արշավանքի, սակայն, երբ վերցնում է  սաղավարտը, տեսնում է, որ այնտեղ բույն է դրել աղավնին։ Տեղի տալով սիրո աստվածուհի Վեներայի հորդորներին, Մարսը չի քանդում աղավնու բույնը և հրաժարվում հերթական արնահեղությունից։

Աղավնին որպես խաղաղության խորհրդանիշ հայտնի է դեռևս համաշխարհային ջրհեղեղի ժամանակից, երբ Նոյի տապան բերեց ձիթենու ճյուղը, այսինքն՝ ավետեց, որ  ջրհեղեղը վերջացել է։

Արևելյան երկրներում աղավնին  սուրբ թռչուն է  և Աստծու լրաբեր։ Համարվում է, որ սատանան, կախարդները կարող են ընդունել ցանկացած կերպարանք, բացի աղավնու և ոչխարի կերպարանքից։

Հնում մարդիկ կարծում էին, որ աղավնին լեղապարկ չունի, իսկ լեղին դեռ Հիպոկրատի ժամանակներից համարվում էր չարի, կռվասիրության պատճառ։ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում քաղաքական այն գործիչներին, ովքեր նախապատվություն տալիս են ռազմական գործողությունների ծավալմանը, անվանում են ճուռակներ (hawks), իսկ խաղաղասեր քաղաքական գործիչներին՝ աղավնիներ (doves)։

Գիտնականների կարծիքով՝ աղավնու ընտրությունը, որպես խաղաղության խորհրդանիշ, մի փոքր տարօրինակ է, քանզի աղավնիները համարվում են բավականին ագրեսիվ թռչուններ և հաճախակի են կռիվ անում սննդի, բնակալելու համար։

Բոլորին է հայտնի Պաբլո Պիկասոյի «Խաղաղության աղավնի» հանրահայտ կտավը, որը մեծ նկարիչը վրձնել է 1949թ. Խաղաղության համաշխարհային կոնգրեսի համար՝ որպես խաղաղության խորհրդանիշ։

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ «ՊԱՑԻՖԻԿ» ՆՇԱՆԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

(pacific (անգլ.) – խաղաղ, հաշտ, խաղաղասեր)

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ

1958թ. փետրվարի 21-ին Արվեստի բրիտանական թագավորական քոլեջը «Ընդդեմ ատոմային զենքի տարածման քարոզարշավի» համար լավագույն խորհրդանիշերի մրցույթ հայտարարեց։ Հաղթեց անգլիացի պրոֆեսիոնալ նկարիչ և դիզայներ Ջերալդ Հոլթոմի ներկայացրած նկարը, որն էլ հետագայում դարձավ խաղաղության համար պայքարողների խորհրդանիշը։ Մշակման փուլում Հոլթոմը փորձել է միավորել երկու տառեր, որոնք ռազմածովային ազդանշանային համակարգի N (nuclear – միջուկային) D (disarmament – զինաթափում) տառերն էին։ Առաջին անգամ այն օգտագործվել է Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում հակառազմական երթի ժամանակ։

Հոլթոմը հետագայում խոստովանել է. «Ես նկարել եմ հուսահատության մեջ հայտնված մարդուն, որը անզորությունից ձեռքերը թևաթափ կողմ է տարածել, և նկարել եմ շրջանակ»։

Խաղաղության խորհրդանիշը լայն տարածում է գտել շնորհիվ իր պարզության։

Ըստ մեկ այլ վարկածի՝ այդ նշանը աղավնու թաթի հետքն է։

Մեզանից շատերը լուսանկարվելու ժամանակ կիրառում են հետևյալ ժեստը, որը նույնպես համարվում է խաղաղության խորհրդանիշ։

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ

 

Այս մրցանակը շնորհվում է այն մարդկանց, կազմակերպություններին, որոնք մեծ ավանդ են ներդրել խաղաղության պահպանման, ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։ Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել Ֆ. Ռուզվելտը, Մարտին Լյութերը, Մայր Թերեզան, Մ. Գորբաչովը, Յասիր Արաֆաթը, Քոֆի Անանը…

 

ԱՍՈՒՅԹՆԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Խաղաղության հասնում են լոկ այն դեպքում, եթե կարողանում են այն պարտադրել։

Ռեմի դե Գուրմոն

 

Խաղաղությունը և ազատությունը բարիքներից մեծագույններն են։

Սիլիոս Իտալիկոս

 

Խաղաղությունն այնքան բարերար է, որ բառն ինքը շոյում է լսողությունը։

Ցիցերոն

 

Աշխարհում համընդհանուր խաղաղություն կտիրեր, եթե չլինեին «իմը» և «քոնը» հասկացությունները։

Հենրի Ֆիլդինգ

 

Յուրաքանչյուր պայմանագիր ավելի շուտ ժամանակավոր դադար է, քան իսկական խաղաղություն։

Ժան Ժակ Ռուսո

 

Զենքը խաղաղություն է ընծայում։

(շոտլանդական)

 

Պատերազմի պատրաստվել, այսինքն՝ խաղաղություն պահպանել։

Ջորջ Վաշինգտոն

 

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #49 (1320) 23.12.2019 - 30.12.2019, Հոգևոր-մշակութային


24/12/2019