Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՕԺԱՆԴԱԿ ԶՈՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ



1919թ. հուլիսին ձեւավորված ռազմատեխնիկական վարչության ենթակայության տակ էին ինժեներական գումարտակը, ռադիոհեռագրային դիվիզիոնը, ավտոմոբիլային զորամասը, ավիաջոկատը եւ նավատորմիկը:

1918թ. օգոստոսին ձեւավորվեց ռադիոհեռագրական բաժանմունքը: Ի հայտ բերվեցին 2 ռադիոկայան` մեկը Քանաքեռի հրետանային պահեստում, մյուսը` Բաշ Ապարանում: Հաջողվեց գտնել որոշ պահեստային սարքավորումներ: Կարսն ազատագրելով` մենք ձեռք բերեցինք հսկայական քանակությամբ տեխնիկական գույք, որի մեծ մասը, սակայն, շարքից դուրս էր եկած եւ գործածության պիտանի չէր: Ուստի ստեղծվեց արհեստանոց` հաղորդիչ եւ ընդունիչ կայանների մասերի պատրաստման եւ վերանորոգման համար: Այս ճանապարհով հնարավոր եղավ եւս մի քանի ռադիոկայան հավաքել եւ ապահովել պահեստամասերով:

1919թ. սեպտեմբերին ռադիոբաժանմունքը վերափոխվեց ռադիոդիվիզիոնի, որն ուներ ավտոմոբիլային, դաշտային եւ 2 փոքր ռադիոկայան: Բացի դրանից, դաշտային ռադիոկայանի առանձին մասերից սարքավորվեց ժամանակավոր բազիսային ռադիոկայան: Երեւանի տեխնիկական ընկերությունը սարքավորեց եւ ռազմական գերատեսչությանը հանձնեց հզոր ռադիոկայան: Ռադիոհեռագրական ծառայության համար մասնագետներ պատրաստելու նպատակով դիվիզիոնին կից բացվեց հատուկ դպրոց:

Պատերազմից հետո Հայաստանում մնացած սակավաթիվ մեքենաները հավաքելու եւ կարգի բերելու համար 1919թ. ապրիլին ձեւավորվեց ռազմական նախարարության ավտոմոբիլային զորամասը, որտեղ եղած ավտոպահեստամասերով սարքավորվեց բեռնատար եւ մարդատար 20 ավտոմեքենա: Ավելի ուշ ձեռք բերվեցին եւս մի քանի ավտոմեքենա, նաեւ որոշ պահեստամասեր:

Սեւանա լճի նավատորմիկը կազմավորվեց 1919թ. մայիսին: Կազմավորողն ու հրամանատարն էր ռուսական ծովակալության սպա Սերգեյ Թումանյանը: Նավատորմիկի բազան սարքավորվեց Ելենովկա գյուղում (այժմյան Սեւան քաղաքում): Հիմնվեցին նավահանգստային դարբնոց, փականագործական եւ ատաղձագործական արհեստանոցներ, կառուցվեց «Աշոտ Երկաթ» ռազմաբեռնատար երկկայմ առագաստանավը, որի տարողությունը 1000 փութ էր, զինված էր մեկ թնդանոթով, երկու գնդացրով եւ ուներ լուսարձակ: Նավատորմիկը նախատեսված էր ուղեւորներ եւ ռազմական բեռներ փոխադրելու համար: Բացի «Աշոտ Երկաթ» ռազմանավից, նավատորմիկն ուներ նաեւ մի քանի շարժիչային թիանավ, իսկ 1920թ. սեպտեմբերին Շահթախթից Սեւանա լիճ փոխադրվեց ռուսական նավատորմի «Սեստրիցա Նյուշա» նավը, որը Հայաստան էր բերվել դեռեւս Առաջին աշխարհամարտի տարիներին` Վանա լիճ փոխադրելու համար: Այն վերանվանվեց «Գեղանուշ»:

Հայաստանի անկախության հռչակման շրջանում զորքի մատակարարման աղբյուրներ չկային: Հարկ եղավ զորքերի մատակարարման իրականացման նոր միջոցներ գտնել, քանի որ նախկին ռուսական բանակի բոլոր պահեստներն ընկել էին թուրքերի ձեռքը, իսկ Թիֆլիսում եղածը փոխանցվել էր վրացիներին: Գույքի այն քանակը, որն ավելի վաղ առանձնացված էր հայկական կորպուսի համար եւ դեռեւս Թիֆլիսի պահեստներում էր, հնարավոր չէր ներկրել երկաթուղային հաղորդակցության բացակայության պատճառով: Ամբողջ երկաթգիծը, ներառյալ Ուլուխանլու կայարանը, թուրքերը վերահսկում էին: Հաղորդակցությունն իրականացվում էր թուրքերի թույլտվությամբ` շաբաթը 1-2 անգամ` Ալեքսանդրապոլով, ընդ որում` կառավարության տնօրինության տակ կային 3-4 շոգեքարշ եւ 2 ապրանքատար գնացք: Բացի դրանից, թուրքերն արգելում էին ռազմական բեռ տեղափոխել:

Դեկտեմբերին սկսված հայ-վրացական պատերազմի հետեւանքով հաղորդակցությունը դադարեց մինչեւ 1919թ. մարտ ամիսը: Այդ հակամարտության ընթացքում ռազմական գույքի մեծ մասը Թիֆլիսում բռնագրավվեց: Ավելին, հաղորդակցության վերականգնումից հետո էլ շատ դժվար էր դրսից ռազմական բեռ ստանալը, քանի որ վրացական կառավարությունն արգելել էր պարենային ու մանուֆակտուրային իրերի դուրսբերումը Վրաստանից: Եվ եթե հաջողվում էր թույլտվություն ստանալ, այն էլ հաճախ ծագող ֆինանսական դժվարությունների գնով:

Ահա այսպիսի անելանելի պայմաններում էր կազմավորվում հայկական երիտասարդ բանակը: Միաժամանակ, աշխատանք էր տարվում զորքի համար անհրաժեշտ գույքի արտադրության համար: Երկրի արդյունաբերության լիակատար կազմալուծումը հնարավորություն չէր տալիս ավելի խոշորածավալ արտադրություն հիմնելու: Այդ պատճառով 1918թ. արտադրվում էր սոսկ չնչին քանակությամբ զինվորական հանդերձանք` տեղական տնայնագործական արտադրության հումքով:

Սկսած 1919թ. գարնանից, երկրի տնտեսական կյանքի աշխուժացմանը զուգընթաց, զինարտադրությունը սկսեց իրականացվել ավելի մեծ ծավալով: Ալեքսանդրապոլում կազմակերպվեցին համազգեստի, ճտքակոշիկի, մանածագործական եւ մեխանիկական արհեստանոցներ: Սպառազինության պակասը լրացվում էր համբարակային («համբարակ»` ամբար, շտեմարան) վարչությանը պատկանող արհեստանոցների արտադրանքի հաշվին: Երեւանի եւ Կարսի ինժեներական արհեստանոցները թողարկում էին հիմնականում ռումբեր եւ այլ պայթուցիկ նյութեր, փամփուշտներ, ինչը զարմանալի էր տվյալ ժամանակի համար: Ալեքսանդրապոլի եւ Կարսի կարի արհեստանոցներում արտադրվում էին ռազմական հանդերձանք, անդրավարտիքներ, շապիկներ, գլխարկներ եւ այլն:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Պատմության էջերից


26/10/2011