Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է
ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է

ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ 27 ՏԱՐԵԿԱՆ ԷԲեմում ու զինված ուժերում. շուրջ 27 տարի ԳՇ նվագախումբն իր ոգեշնչող առաքելությամբ հայ զինվորի կողքին  է: Իրենց իսկ ծառայության կազմավորման տոնին պատրաստվելու համար ռազմանվագախմբի տղաները եւ երգի ու պարի համույթի անդամները շատ ժամանակ չունեին, սակայն դա չխանգարեց, որ նրանք ևս մեկ անգամ հանդիսատեսի հիացմունքին արժանանան. «Ժամանակը քիչ էր, բայց պատրաստվեցինք սիրով և գեղեցիկ համերգ ցուցադրեցինք: Նոր ստեղծագործություններ կային, որոնք չէինք կատարել, մեր էստրադային, ջազային գործերը, և կային Սախալինում կատարված մի քանի ստեղծագործություններ»,- ասում է   գլխավոր զինվորական դիրիժոր Արմեն Պողոսյանը:

Նվագախմբի թե՛ ժողովրդական, թե՛ էստրադային և թե՛ ջազային գործերում հայրենասիրության շունչն է: Տոնական միջոցառման գլխավոր ակորդն էլ հայկական գործերի պոպուրին էր:

Հոբելյանական երեկոյին ներկա էր նաև «Սարդարապատ» պարի խումբը, որը նվագախմբի անբաժան ուղեկիցն ու զինակիցն է գրեթե բոլոր միջոցառումներին: Նուրբ ու միաժամանակ խրոխտ կատարողականությամբ  մեր զինվորները ներկայացրին «Գոյամարտ», քոչարի և ազգային այլ պարերի շարք: Համույթի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանը նշեց. «Մոտեցավ նվագախմբի նախկին երաժիշտներից մեկն ու ասաց, որ նայելով «Սարդարապատի» պարին, զգում ես, որ մեր ազգն ուղղակի անպարտելի է»:

Գլխավոր շտաբի ռազմանվագախումբը ստեղծվել ու կայացել է 1992 թվականին՝ երկրի համար ծանր օրերին:  Բազում խոչընդոտներ ու փորձություններ անցնելով՝ այսօր այն  դարձել է մեր բանակի խորհրդանիշը: Եվ այժմ ռազմական նվագախմբի երգն ու նվագը հնչում են ամենուր` թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում: Իսկ զինվորական երգիչները բազմաթիվ միջազգային փառատոներում մշտապես բարձր են պահել ու պահում  հայկական բանակի փառքն ու պատիվը. «Միջազգային փառատոնի առաջին անգամ մասնակցել ենք 2008թ. Սանկտ Պետերբուրգում, երկրորդ անգամ՝ Շվեդիայում, երրորդ անգամ «Սպասսկայա բաշնյա» փառատոնն էր Սախալինում: Այս տարի ևս երկու փառատոնի ենք մասնակցել»:

Նվագախմբի տղաները  տարեցտարի հարստացնում են երգացանկը, ստեղծում են նոր գործեր ու ձգտում նվաճել  նորանոր բեմեր: Գալիք տարի  էլ   ռազմանվագախմբին կունկնդրեն Գերմանիայում` ՆԱՏՕ-ի շտաբ-կայանում:

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ