Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՌԱՋԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀՆԱԴԱՐԸ
ԱՌԱՋԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀՆԱԴԱՐԸ

ԱՌԱՋԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀՆԱԴԱՐԸՕլիմպիական առաջին խաղերը` օլիմպիական աստվածների առաջին հաղթանակի պատվին… Ապա ավանդույթ կդառնա, եւ 1417 օրը մեկ անմահ աստվածների հովանավորող հայացքի ներքո կտրվի մինչ այդ նմանը չունեցող մրցության մեկնարկը։ Չորս տարին մեկ ուժի ու գեղեցկության մրցապայքարի հաղթողները կփոխվեն: Օլիմպիական խաղերին, բացի հույն մարզիկներից, կմասնակցեն հնաշխարհի այլ ազգությունների ներկայացուցիչներ, եւ մրցամարտերը կդառնան առավել անզիջում, շատ հաճախ՝ նաեւ արյունալի վերջաբանով։ Այդ օրերին մարզիկներն իրենց ուժերը կչափեն ոչ միայն միմյանց, այլեւ վայրի գազանների հետ, եւ նրանց կյանքին յուրաքանչյուր ակնթարթ սպառնացող վտանգը ոչ թե երեւութական կլինի, այլ՝ իրական ու շոշափելի։ Մահվան իրական սպառնալիքը չի վախեցնի մարզիկներին, ընդհակառակը, օլիմպիական մրցապայքարում տարիների հետ կընդգրկվեն ավելի շատ մարդիկ, որովհետեւ ավելի արբշիռ են հաղթանակի դափնիները, հաղթողի տիտղոսին տիրանալու գայթակղությունը։ Որովհետեւ բավական է հաղթել օլիմպիական խաղերում, եւ աստվածների, նաեւ տարբեր երկրների զորավոր թագավորությունների բարեհաճությունն ու հովանավորող ձեռքը մինչեւ կյանքի վերջը չի իջնի հաղթողի ուսերից՝ նրան մեծագույն արտոնություններ կտրվեն՝ իշխանական տիտղոս ու կալվածք, նույնիսկ առանձին երկրների թագավորություններ, կկերտվեն նրանց բրոնզե ու ոսկե կիսանդրիները։

Հետաքրքիր է, որ Հունաստանի օլիմպիական խաղերին դեռ հնուց ի վեր մասնակցել են նաեւ հայերը։ Պատմությունը դժբախտաբար չի պահել հայազգի շատ հաղթողների անունները, բայց էլի մեր մատենագիրների վկայություններից տեղեկանում ենք, որ հայոց Վարազդատ թագավորն, օրինակ, եղել է օլիմպիական խաղերի հաղթող։ Նրանից առաջ էլ կային այդ տիտղոսին արժանացած ուրիշ հայեր եւս, որովհետեւ պատմիչը այդ մասին հիշատակում է ոչ թե որպես արտասովոր երեւույթ, այլ իբրեւ սովորական փաստ։ Ահա պատմահայր Մովսես Խորենացու վկայությունը Վարազդատ Արշակունի թագավորի՝ հրաշալի մարզիկ լինելու մասին. «Այս Վարազդատը երիտասարդ է տարիքով, սրտոտ, հաղթահասակ, ուժեղ, լի արիության բոլոր գործերով եւ շատ հզոր՝ նետաձգության մեջ։ Շապուհից փախչելով՝ նա գնացել էր կայսեր դուռը եւ այնտեղ քաջ հանդիսացել։ Նախ Պիսայում, բռնցքամարտներին հաղթելով, հետո ելլեգացիների Արեգ քաղաքում կես օրում մի քանի առյուծ կոտորեց, որի համար օլիմպիական հանդեսի ըմբշամարտի խաղերում փառք վաստակեց եւ հարգանք։ Իսկ այն քաջ եւ արիական գործերը, որ նա կատարեց Ղանկվարտների ազգի դեմ, համարձակվում եմ ասել, թե հավասար էին սուրբ Տրդատի գործերին, որովհետեւ թշնամիների կողմից հինգ ախոյան հարձակվեց նրա վրա, եւ նա մեկը մյուսի հետեւից բոլորին սրով կոտորեց, եւ մի բերդի վրա դիմելով՝ բերդի պատվարի վրա տասնեւյոթ մարդու նետով զարնելով՝ իրար վրա ներքեւ գլորեց, ինչպես շուտ հասունացած թզերը թափվում են սաստիկ մրրիկից»։

Ահա այս Վարազդատին, որն Արշակունյաց տոհմից էր, Բյուզանդական Թեոդոս Օգոստոս կայսրը թագավոր է կարգում Հայաստանի վրա հենց միայն նրա համար, որ հաղթանակել էր օլիմպիական խաղերում։ Այդ փառահեղ հաղթանակի պարգեւն այս դեպքում Հայոց թագավորությունն էր… Ավելացնենք, որ հնում, օլիմպիական խաղերի օրերին, մարզիկը մրցության էր դուրս գալիս ոչ թե մի մարզաձեւով, այլ մասնակցում էր բոլոր մարզաձեւերին եւ ընդհանուր հաղթանակի դեպքում էր արժանանում չեմպիոնի տիտղոսին։ Ուրեմն՝ նա միաժամանակ պետք է լիներ ե՛ւ բռնցքամարտիկ, ե՛ւ նետաձիգ, ե՛ւ ըմբիշ, ե՛ւ հեռացատկորդ, ե՛ւ վազորդ, ե՛ւ սրամարտիկ, մի խոսքով՝ այն ամենը, ինչը ընդգրկված էր օլիմպիական խաղերի ծրագրում։ Իսկ նման բազմամարտիկ, պարզ է, հենց այնպես չեն ծնվում, ֆիզիկական բնածին տվյալների հետ մարզիկը պետք է ունենար ամենօրյա տքնաջան վարժանքի հնարավորություն։ Այդ հնարավորությունը հնում վերապահված էր հարուստ վերնախավին միայն, եւ պատահական չէ, որ օլիմպիական խաղերում նախկինում մասնակցում էին ազնվականության ներկայացուցիչները։ Նրանց խաղերն էին եւ հաղթելու դեպքում մեծագույն պարգեւները նույնպես նրանցն էին։ Եվ ուրեմն՝ եթե Արշակունյաց տոհմից չլիներ, Բյուզանդական կայսրն, իբրեւ պարգեւ, Վարազդատին չէր շնորհի հայոց՝ այդ ժամանակ թափուր մնացած գահը։ «Երբ նա իբրեւ թագավոր մեր աշխարհը եկավ,- շարունակում է Խորենացին,- Շապուհի հիսունեւհինգերորդ տարում, առաջին կռվում պատահում է մի քանի ասորի ավազակների Դարանաղիի դժվար տեղերում, նրանց փախստական է անում եւ հետեւներիցն ընկնում։ Իսկ նրանք Եփրատի նեղ տեղում կամրջից անցնելով՝ փայտը գետը գցեցին՝ իրենց հետեւից, իսկ նա հասնելով, վազելով թռավ Եփրատի վրայով՝ ավելի, քան լակոնացի Քիոնեսի վազքը քսաներկու կանգունի չափ. այստեղ մի նոր Աքիլլես էր հանդես գալիս՝ Սկամանդրոս գետի վրայով ցատկելիս։ Ավազակները զարհուրած զենքերը գցեցին եւ անձնատուր եղան»։

Այդպես՝ Վարազդատը, իբրեւ օլիմպիական խաղերի առաջին չեմպիոն, դարձավ պատմության սեփականությունը, եւ Խորենացուց հետո գալիք բոլոր սերունդները օլիմպիական խաղերի հայ մասնակիցների մասին խոսելիս առաջին հերթին հիշում են նրա անունը։

ԱՌԱՋԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀՆԱԴԱՐԸԲայց ահա մեր հնագույն պատմության հիշատակարանում նշված է նաեւ մեկ ուրիշի անունը, որին, չգիտես ինչու, սերունդները չեն մտապահել կամ չեն հիշել օլիմպիական առաջին չեմպիոնների շարքում։ Խոսքը Բաբիկ Սյունու՝ Սյունյաց Անդոկ Նահապետի որդու, հայոց Փառանձեմ թագուհու եղբոր մասին է։ Անդոկ իշխանը, խոր ծերության մեջ, Բյուզանդիայում կնքում է իր մահկանացուն, իսկ նրա որդի Բաբիկը կարոտում է հայրենի հողը, որից ընտանիքով ակամա փախստական էր դարձել՝ պարսից Շապուհ թագավորի հալածանքներից նեղվելով։ «Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես եւ քաղցր է հայրենի հողը»,- գրում է ութերորդ դարի մատենագիր Մովսես Կաղանկատվացին: Եվ Բյուզանդիայից Բաբիկը գաղտնի գալիս է պարսից կողմը, «հանդիպում է մի ինչ-որ զորականի ու տեղավորվում նրա մոտ։ Պարսից օլիմպիական մրցությունների մեջ շատ մեծ շնորհ ու արիություն է ցույց տալիս, եւ նրան ոչ ոք չի ճանաչում»։ Չափազանց թանկ է պատմիչի այս վկայությունը։ Պարզվում է, որ հնաշխարհում օլիմպիական խաղեր կազմակերպվել են ոչ միայն Հունաստանում, այլեւ ուրիշ շատ երկրներում։ Ինչպես այժմ, հնում եւս օլիմպիական խաղերն ունեցել են տարաբնույթ աշխարհագրություն, եւ ուրեմն՝ Պարսկաստանում նույնպես տեղի են ունեցել նման մրցություններ։ Բաբիկ Սյունին դառնում է այդ մրցություններից մեկի հաղթող։ Տասներեքերորդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, Բաբիկի մասին խոսելիս, նշում է, որ նա հաղթել է տարբեր մրցություններում։ Այսպես թե այնպես, բացի օլիմպիական չեմպիոն լինելուց, Բաբիկը մեծ քաջագործություն է կատարել նաեւ ճակատամարտի դաշտում։ «Այդ ժամանակ հոների երկրից Հոնագուր անունով մի հոն դուրս է գալիս, ավարում է Պարսկաստանը եւ մարդ ուղարկելով Շապուհի մոտ ասում է. «Ինչի՞ համար է այս արյունահեղությունը, եկ ես ու դու մենամարտենք»։ Ինքը՝ հոնը, զրահավորված էր հիսուն նյութից բաղկացած զրահներով, բարձրահասակ էր ու լայնաթիկունք, գամերով ամրացված սաղավարտ կրող ահագին գլխով, երեքթզյա ճակատը պղնձյա զրահով պատած, փայտյա երկարակոթ ունեցող հսկա նիզակով եւ կայծակնացայտ սուսերը բռնած՝ տեսնողներին ահաբեկում էր»։

Այստեղ է, որ Բաբիկի անունը հայտնի է դառնում թագավորին, որին ասում են, թե այս գործը նրա միջոցով կկատարվի։ Եվ արքայից արքան Բաբիկին իր մոտ է կանչում եւ վարազագիր մատանիով կնքված արքայական մի որոշում է հանձնում ու ասում է նրան. «Եթե այս մեծ վրեժը լուծես, իմ կողմից մեծ խոստումների կարժանանաս»։ Բաբիկը հանձն է առնում կատարել այդ խնդիրը։ Վերցնում է իր զորավոր զենքերը, «ճաճանչավոր, մարգարտազարդ արքայական զրահներով զարդարում է իր վայելուչ մարմինը, վագրակերպ սաղավարտով պատում գեղեցիկ գլուխը, սուսերը կապում մեջքից, ոսկե վահանը գցում ձախ ուսը, իսկ արագամուխ նիզակը` աջ բազուկը, հեծնում է սեւ երիվարը ու ելնում հակառակորդի դեմ»։ Հարձակվում են միմյանց վրա, մենամարտը տեւում է ինը ժամ, եւ, ի վերջո, հսկան պարտվում է։ Հաղթող է դուրս գալիս քաջ Բաբիկը։ Խոստմանը հավատարիմ՝ Շապուհը նրան է վերադարձնում հայրենի Սյունիքը, ուր, Անդոկի հեռանալուց ի վեր, տիրություն էին անում պարսիկները։ Պարսից թագավորը Բաբիկին նաեւ իրավունք է տալիս Բագրատունիների ու Մամիկոնյանների հետ համահավասար պատիվ ու աստիճան ունենալ։

 

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ