Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ի՜ՆՉ ՕՐԵՐ ԷԻՆ…



Ի՜ՆՉ ՕՐԵՐ ԷԻՆ...Ընկերս նոր բնակարան էր գնել եւ կահույքը տեղափոխելու համար համացանցում փնտրել ու գտել էր բեռնափոխադրումով զբաղվող մի ընկերություն: Պայմանավորված ժամին եկան մի քանի երիտասարդներ: Բոլորն էլ ժրաջան ու պինդ, ինչպես ժողովուրդն է ասում՝ քոթուկ տղաներ էին: Նրանց մեջ ուշադրությունս գրավեց բարձրահասակ, ջլապինդ ու ամուր կազմվածքով մի երիտասարդ, որը, ինչպես հետո պարզվեց, խմբի ավագն  էր եւ աշխատանքի կազմակերպիչը: Ծանոթացանք: Դադարների ժամանակ զրուցում էինք դեսից-դենից, տարբեր թեմաներից: Երբ մեր խոսակցության առանցքը դարձավ բանակը, զրուցակիցս, որի անունն էր Արմեն, մեկեն փոխվեց, աչքերը փայլեցին, դեմքին ժպիտ երեւաց: Պարզվեց, որ զրուցակիցս ծառայել է Պատվո պահակային վաշտում: Արմենը սկզբում չգիտեր, որ ես էլ բանակի հետ կապ ունեմ, ինչն էլ թերեւս նպաստեց, որ նրա խոսքն ավելի անկեղծ ու անկաշկանդ լինի:

-Բացառիկ զորամասում եմ ծառայել: Բացառիկ ոչ միայն իր նշանակության կարեւորության, այլեւ սրտացավ ու գրագետ հրամկազմի առումով: Զորամասիս հրամանատար, գնդապետ Աշոտ Հակոբյանը, պատվո պահակային վաշտի հրամանատար, փոխգնդապետ Սոկրատ Վարդանյանը, կապիտաններ Արթուր Առուշանյանը, Հակոբ Նիկոլյանը մարդկային բարձր հատկանիշներով օժտված մարդիկ են ու սպաներ: Նրանց սրտացավ ու նվիրված աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ ես կյանքում գտել եմ իմ տեղը: Որոշել եմ բուհ ընդունվել: Աշխատում եմ, բեռնակրություն եմ անում, ինչի համար ամենեւին էլ չեմ ամաչում: Հալալ քրտինքով իմ հացն եմ վաստակում ու հպարտ ապրում: Վերջերս նշանվեցի եւ շուտով կամուսնանամ, ընտանիք կկազմեմ: Որոշել եմ  հրամանատարներիս էլ հրավիրել հարսանիքիս:

Զորացրվել եմ երեք տարի առաջ: Լավ էլ ծառայել եմ, թեպետ մեր զորամասում հնարավոր էլ չէր վատ ծառայել, գլուխ պահել, թերանալ… Տեղյակ եմ, որ այդ առումով մեր զորամասում այսօր էլ բան չի փոխվել, ընդհակառակը, ասում են, որ ավելի է լավացել: Իհարկե, տարեցտարի բանակը ավելի գրավիչ է դառնում, իսկ սննդի մասին խոսք չկա: Ավելի շատ երիտասարդներ են ուզում գնալ բանակ: Ես ճանաչում եմ տղաների, որոնք կամավոր դրսից եկել ու գնացել են իրենց պարտքը կատարելու:

Պատվո պահակային վաշտում ծառայելը շատ դժվար է, անասելի դժվար, հագեցած գրաֆիկ, խստագույն կարգապահություն, բարձր ֆիզիկական պատրաստվածություն, վարվեցողության կանոնների տիրապետում… Ամեն քայլդ, ես կասեի, խոշորացույցի տակ է: Հաճախ եմ հիշում այդ տարիները: Ընկերական հավաքույթների ժամանակ մեկ-մեկ անթաքույց հպարտությամբ ու գլուխ գովելով եմ հիշում,- ժպտում է,- թե ծառայության ընթացքում ինչ երեւելի ու հզոր մարդկանց եմ մոտիկից տեսել, դիմավորել ու ճանապարհել՝ Վլադիմիր Պուտին, Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապ, Դմիտրի Մեդվեդեւ…

Ինչ օրեր էին…

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #47 (1318) 4.12.2019 - 10.12.2019, Բանակ և հասարակություն


06/12/2019