Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՌուսական ավիաուժերը վերակենդանացնում են խորհրդային ժառանգությունը. օրերս հայտնի դարձավ, որ կրկին շահագործման է հանձնվում հեռահար ավիացիայի հերթական ներկայացուցիչ՝  Ձձ 22 M3-ը,  ինքնաթիռն այժմ տեղափոխվել է Կազան՝ արդիականացման նպատակով։

Այս ուղղությամբ ամենաաղմկոտ իրադարձությունը, սակայն,  արդիականացված Տու-160մ գերձայնային ռազմավարական հրթիռակիր ինքնաթիռի առաջին թռիչքն էր։

«Սպիտակ կարապը», ինչպես անվանում են նրան ռուս օդաչուները, ենթարկվել է խորացված արդիականացման, զգալի փոփոխություններ են կրել ինչպես ինքնաթիռի ավիոնիկան, այնպես էլ շարժիչները և գազային գեներատորը։

Ինժեներները հոգացել են նաև նոր ինքնաթիռի պաշտպանական մեխանիզմների խնդիրները։ Ներդրվել են ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգեր ինչպես ցամաքային, այնպես էլ օդային հավանական վտանգի աղբյուրների դեմ հակազդելու  համար։

Տու-160-ի թռիչքային կշիռը կազմում է 275 տ, առավելագույն արագությունը 2500 կմ/ժ է, իսկ ռմբային ծանրաբեռնվածությունը կարող է հասնել մինչեւ 45 տոննայի։

Դեռևս նախորդ դարի 70-ականներին ստեղծված այս օդանավը մինչ օրս էլ մնում է ամենախոշոր ու ծանր գերձայնային ռազմական ինքնաթիռն աշխարհում։

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԱմերիկյան նավատորմն սկսել է նոր սերնդի օդային բարձիկի վրա գործող նավերի փորձարկումը։ Այսպիսի նավերը նախատեսված են յուրային ուժերի սպառազինության, պաշարների և կենդանի ուժի ծովափնյա շրջան տեղափոխման համար։

Նոր նավը փոխարինելու է դեռևս 1980-ականներից ԱՄՆ նավատորմում գործող  «նախնիին»։ Երկու նավերը մի շարք նմանություններ ունեն, տեղափոխման համար նախատեսված մակերեսը կազմում է 1600 քառակուսի մետր։ Նավերը բաղկացած են  գազատուրբինային շարժիչներից, տեղափոխման հարթակներից և կառավարման կետից։ Նավի կառուցվածքը հնարավորություն է տալիս տեխնիկան միանգամից բեռնել, ապա արդեն հակառակորդի տարածքի ծովափնյա շրջանում միանգամից անցնել մարտական գործողությունների։

Սակայն, ի տարբերություն իր նախորդի, նոր սպառազինության բեռնատարողությունը ավելացել է 74 տոննայով, ինչը հնարավորություն է տալիս տեղափոխել նաև ԱՄՆ բանակի հիմնական հարվածային ուժը համարվող  M1A1 Abrams-տանկերը։

Նոր նավը համալրված է  4 Rolls Royce MT7  գազատուրբինային շարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը  24 հազար 640 ձիաուժ է, իսկ զարգացվող արագությունը հասնում է 35 հանգույցի։

Ամերիկյան տորմիղը ծրագրում է ձեռք բերել 72 այսպիսի նավ։

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԳերմանական զինագործության առաջատար ընկերություններից մեկը՝ Rheinmetall Denel Munition-ը անցկացրել է իր նոր հրթիռահրետանային սպառազինության ցուցադրությունը։ Փորձարկումներն անցկացվել են հարավաֆրիկյան Armscor Alkantpan զորավարժարանում։ Օրակարգում էին հեռահար հրետանու համար նորաստեղծ արկերը։

Կրակային վարժանքների արդյունքում՝ ընկերության հարավաֆրիկյան ստորաբաժանման արտադրանքը ռեկորդ սահմանեց՝ կրակելով 155մմ  V-LAP Assegai M2005 HE արկը 39 տրամաչափի փողից 53 հազար 917 մ հեռավորության վրա գտնվող թիրախի ուղղությամբ։ Նույն մոդելային շարքի մեկ այլ արկ Denel g6 թնդանոթից արձակվելով՝ հաղթահարեց 76 000 մետր տարածքը։

Rheinmetall ընկերության V-LAP մոդելային շարքի ներկայացուցիչները համարվում են աշխարհում թերեւս ամենահեռահար սերիական չկառավարվող արկերը։ Ավելին, այս սերիայի M2005 կոդային անվանումը ստացած արկը սպառազինված է հրթիռային շարժիչներով, որոնք փողից դուրս գալուց հետո հավելյալ արագացում են հաղորդում արկին, ինչը հնարավորություն է տալիս հարաբերական ճշգրտությամբ  խոցել թիրախը մեծ հեռավորության վրա։

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՌուսական նավատորմը համալրվել  է «Վարշավյանկա» դասին պատկանող սուզանավով։ Դիզելաէլեկտրոնային շարժիչով ստորջրյա նավը ծառայությունն  անցկացնելու է Խաղաղօվկիանոսյան նավատորմում, այն կառուցվել է հաշվի առնելով ծառայության վայրի առանձնահատկությունները։ «Վարշավյանկա» դասի սուզանավերը համարվում են ամենաանաղմուկները: Դրանք կարող են զարգացնել մինչեւ 20 հանգույց արագություն եւ  սուզվել մինչ 300 մ, իսկ ստորջրյա ջրատարությունը կազմում է 3000 տոննայից ավելի։

 

Պատրաստեց ԱՐՄԱՆ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ

Խորագիր՝ #47 (1318) 4.12.2019 - 10.12.2019, Ռազմական


06/12/2019