Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԶԻՆՎՈ՛Ր



Զինծառայողների մասնակցությունը Սպիտակի փրկարարական աշխատանքներին

Տարերային աղետներից տուժածներին առաջինը օգնության են հասնում զինվորականները։ Բացառություն չէր նաեւ 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը, որի հետեւանքների վերացմանը մասնակցած զինվորականների վիթխարի գործունեությունից ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի դրվագ։

…Աղետից հետո առաջին հրամանը, որը տվեց սահմանապահ զորամասի հրամանատար փոխգնդապետ Վ. Ֆեոդորովը, չի նշված ոչ մի կանոնադրության մեջ՝ «Անմիջապես փրկեք երեխաներին»։ 1-2 րոպե անց սահմանապահները մանկապարտեզի շենքում էին, որը գտնվում էր զորանոցի հարեւանությամբ։ Վայրկյանների ընթացքում սահմանապահ մարտիկները, նախքան տանիքի փլվելը, դուրս են հանում բոլոր՝ 250 երեխաներին էլ եւ փրկում վերահաս աղետից։
Ինչպես նշում է կապիտան Ա. Բելանոժկինը՝ փլատակների վերածված քաղաքում առաջին 3-4 ժամերի ընթացքում փրկարարական աշխատանքներ էին կատարում միայն սահմանապահները՝ առանց ոչ մի տեխնիկական միջոցի։ Հաճախ հնարամտորեն օգտագործելով իրենց գոտիներն ու պարանները՝ իջնում էին ծածկասալիկների տակ, վտանգելով իրենց կյանքը՝ փրկում աղետյալներին։
Աղետի երկրորդ օրը փրկարարական աշխատանքներին ձեռնամուխ է լինում արդեն 6,5 հազար զինծառայող, ինչպես նաեւ՝ 25 բուժբրիգադ եւ 400 միավոր տեխնիկա։ Իսկ աղետի վեցերորդ օրը փրկարարական աշխատանքներին մասնակցել են 18 հազար 990 զինվոր ու սպա (Հ. Ն. Յազով), եւ այդ թվաքանակը հետագա օրերին ավելանում է ի հաշիվ զինվորական ուսումնական հաստատություններից ժամանած կուրսանտների, որոնցից 10 հազար 626-ը աշխատել են միայն Գյումրիում։
Երկրաշարժի առաջին իսկ ժամերին Սպիտակում փոխգնդապետ Վ. Մեդվեդեւի դեսանտային զորամասը ոչ միայն փրկարարական աշխատանքներ է կատարում փլատակներից աղետյալներին դուրս բերելու համար, այլեւ կարգ ու կանոն է հաստատել քաղաքում՝ պահպանության տակ առնելով պետբանկն ու խնայբանկը։ Որոնողական աշխատանքների ժամանակ գտնված արժեքավոր ու թանկարժեք իրերը, զարդերն ու փաստաթղթերը հանձնվել են պետական մարմիններին։ Նրանք, ըՁՀ-ի լույսի տակ ողջ գիշերը աշխատելով, փրկել են 24 աղետյալի։
Անդրեյ Յակովլեւը ապրել էր Տաշքենդի երկրաշարժը եւ քաջ գիտակցում էր՝ ինչ է համազգային աղետ-ողբերգությունը։ Երկրաշարժի երկրորդ օրը նա իր ընկերների հետ ձեռնամուխ եղավ Սպիտակի կենտրոնում գտնվող դպրոցի փլատակներում հայտնված դպրոցականների փրկարարական աշխատանքներին։ Մի քանի ժամ ծանր աշխատանքից հետո փլատակների տակից հանում են առաջին դպրոցականին, դժբախտաբար օգնության կարիք այլեւս չկար… Փլատակների հաստ շերտի տակից հանկարծ երեխայի լացի ձայն լսելով՝ մի քանի ժամ ծանր աշխատանքից հետո բետոնի խորշից ազատում է դեռահաս մի աղջկա։ Բացելով աչքերը՝ նա սեղմվում է զինվորի կրծքին եւ մեղմ շշնջում՝ «հտՈրՌոՏ, րՏսՊՈ՛Ց»։
Կ. Դավոյանը, դիմելով մոտակա զորամասի հրամանատարին, նրանից տանկ է պահանջում՝ ծածկասալերը փլատակներից հեռացնելու եւ դպրոցականներին փնտրելու համար։ Երկրորդ անգամ պահանջելուց հետո հրամանատարը տանկ է տրամադրում, եւ փլատակների տակից ազատված 28 երեխաներից միայն չորսին է հաջողվում փրկել։
Պատմում է Ալյոշա Բաղրամովը՝ փառաբանված Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ազգականը. «Երկրորդ օրը տունը, ավելի ճիշտ՝ նախկին տունը ամբողջությամբ «նստեց»։ Չկար տեխնիկա, միայն մեքենայի լույսի տակ էինք աշխատում։ Դեկտեմբերի 8-ի լուսադեմին, երբ արդեն ճեղքից կանացի գլուխ երեւաց, գոչեցինք՝ ի՞նչ է անունդ։ Լսվեց պատասխանը՝ Սուսաննա։ Նա սեղմված էր քարերի, բետոնի ու արմատուրայի աքցանում եւ շարժվել չէր կարող։ Մի քանի ժամ ծանր աշխատանքից հետո փոքր հորանցք բացելով, որը կարող էր ցանկացած պահի անզգույշ շարժումից փլվել, սպան կամավոր այդ նեղ սողանցքից մոտենում է Սուսաննային։ Նա մեղմ ձայնով խնդրեց ցավ չպատճառել երկու երեխաներին, ովքեր սեղմված էին իրեն, բայց ավաղ արդեն ուշ էր…»։
Աղետի գոտու տարբեր հատվածներում որոնողափրկարարական ու այլ անհետաձգելի աշխատանքներին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ ազգության պատկանող սպաներ ու զինվորներ։ Նրանք հատկապես մեծ աշխատանք են կատարել տեղական իշխանություններից զրկված այն վայրերում, որտեղ կարգուկանոն հաստատելու անհրաժեշտություն է եղել։ Եթե աղետի նախորդ տարում ԽՍՀՄ-ում 10.000 բնակչին բաժին է ընկել 657 հանցագործություն, ապա Հայաստանում՝ 183, աղետի գոտում այն կազմել է ընդամենը 50։ Տեղերում նրանց անմիջական վերահսկողության շնորհիվ եռակի պակասել է հանցագործությունների թիվը, քանի որ պահպանվել է աղետի գոտում տեղաշարժվելու կարգը, բնակավայրեր ու քաղաքներ մուտք ու ելք կատարող տրանսպորտային միջոցների աշխատանքը։
Երկրաշարժի հետեւանքների վերացման առաջին փուլում զինվորական բժիշկները օգնություն են ցույց տվել 5948 աղետյալի, կատարել 425 բարդ վիրաբուժական վիրահատություն։ Բնակիչների համար զինվորականները տեղադրել են 9539 վրան, կազմակերպել մասսայական սննդի 60 կետ, թխել եւ բաժանել են 674 տոննա հաց, 12148 վառարան, պատրաստել ու շահագործման են հանձնել 65 կմ ճանապարհ, տեղափոխել 35 հազար քառակուսի մետր երկաթբետոնյա փլվածքներ։
Տրանսպորտային միջոցներով բերվել են 5 հազար տեխնիկական միջոցներ, 65 հազար տոննա վառելիք եւ քսայուղեր, ուղղաթիռով եւ ինքնաթիռով տեղափոխվել է 2000 վիրավոր եւ 5 հազար տուժածներ (աղետյալներ), մեծ քանակությամբ տարբեր բեռներ։ Ընդհանուր առմամբ աղետի գոտի է ուղարկվել տարբեր մասնագիտությամբ 23 հազար զինծառայող, որոնք փրկարարական խմբերի հետ համատեղ փլատակների տակից հանել են 20 հազար վիրավորի, 24 հազար 985 մահացածի եւ 16 հազար ողջ մնացած մարդու։
Աղետի փրկարարական ու վերականգնման աշխատանքներին մասնակցած 75 հազար 941 մարդուց 23 հազարը զինվորականներ են, որոնք զինվորական տեխնիկան հաջողությամբ ծառայեցրին աղետի գոտում կատարվող ծայրահեղ անհրաժեշտ փրկարարական ու վերականգնողական աշխատանքների կատարմանը։

ԱՂՎԱՆ ՉԱՏԻՆՅԱՆ
ԽՍՀՄ պատվավոր փրկարար, պրոֆեսոր

Խորագիր՝ #48 (863) 8.12.2010 – 15.12.2010, Պատմության էջերից


16/12/2010