Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՄ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
ԻՄ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

ԻՄ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՏիգրան Ձիթողցյան: Աշխարհում ամենահայտնի հայ ժամանակակից նկարիչը: Նրան անվանում են հայկական Սալվադոր Դալի: Նրան համարում են տեխնոլոգիական ռենեսանսի հիմնադիրը: Նրա նկարները ցուցադրվում են աշխարհով մեկ:

 

-Որքան էլ արվեստի արտահայտչամիջոցները լինեն վառ ու տպավորիչ, ամենակարեւորը ասելիքն է: Իսկ արվեստագետի ասելիքը ձեւավորվում է ծնված օրվանից ու ամփոփում նրա անցած ճանապարհի իմացական, հուզական խտացումները: Ձիթողցյան ազգանունը հուշում է, որ Ձեր արվեստը սնվում է շատ հարուստ ակունքից: Իսկ ինչպիսի՞ն է Ձեր անցած ճանապարհը:

-Ես ծնողներիս միակ երեխան եմ ու շատ բարենպաստ միջավայրում եմ մեծացել: Մայրս երաժիշտ է, մանկության տարիներին ես լսել եմ դաշնամուրային երաժշտության ամբողջ դասական ռեպերտուարը: Հայրս մասնագիտությամբ ինժեներ էր, բայց հետաքրքրված էր արվեստով, փիլիսոփայությամբ: Մենք մեծ գրադարան ունեինք, ձայնապնակների հարուստ հավաքածու: Մեր տանը հավաքվում էին ծնողներիս ընկերները՝ ակտիվ ու տաղանդավոր մտավորականներ, տունը վերածելով հակախորհրդային շտաբի: Արգելված գրքեր էին կարդում, «բազմացնում» ու տարածում: Ես ակամա նրանց խոսակցությունների մշտական ունկնդիրն էի:

– Ինչի՞ց էին խոսում:

– Արվեստից, ազատությունից, մարդկային հարաբերություններից… Ու ես ակամա լցվում էի մտքերով, պատկերներով, հույզերով: Շատ փոքր էի, երբ սկսեցի նկարել: Ես, իրոք, տարված էի նկարչությամբ, նկարում էի առավոտից իրիկուն, եւ ծնողներս ինձ ստիպողաբար ուղարկում էին բակ խաղալու, որ չմեկուսանամ հասակակից տղաներից ու լիարժեք մարդ մեծանամ:

-Իսկ դպրոցո՞ւմ… առավոտից իրիկուն նկարելը չէ՞ր խանգարում ուսմանը:

-Չէի սիրում դպրոցը: Ես առհասարակ անհանդուրժող եմ բոլոր տեսակի համակարգերի հանդեպ: Ու երբ ինձ փորձում էին տեղավորել ինչ-որ սխեմայի մեջ, ընդվզում էի: Ես վատ եմ սովորել ե՛ւ հանրակրթական դպրոցում, ե՛ւ բոլոր բուհերում՝ Հայաստանում, Եվրոպայում: Ես նույնիսկ նկարչական դպրոց չեմ գնացել:

ԻՄ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է-Երբ 10 տարեկան էիք, Ձեր բացառիկ տաղանդի ու հաջողությունների մասին ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունը ֆիլմ նկարեց… Իսկ ինչպե՞ս Ձեզ նկատեցին:

-Հենրիկ Իգիթյանը հաճախ էր մեր տուն գալիս: Ու մի անգամ տեսավ իմ նկարները: Ութ տարեկան էի, երբ Հենրիկ Իգիթյանն առաջարկեց ծնողներիս կազմակերպել իմ անհատական ցուցահանդեսը: Մայրս չհամաձայնեց, ասելով, որ դեռ շատ փոքր եմ ցուցահանդես բացելու համար, բայց տասը տարեկանում արդեն այնքան նկարներ ունեի, որ 103 լավագույն գործերս ցուցադրվեցին իմ առաջին անհատական ցուցահանդեսում: Դրանցից տասը մինչ օրս կախված են մանկական կերպարվեստի պատկերասրահում:

Ցուցահանդեսը այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ նկարների մի մասը ուղարկվեց Եվրոպա, մյուս մասը՝ Միացյալ Նահանգներ, ու մոտ մեկ տարի դրանք ցուցադրվեցին Եվրոպայի եւ Նահանգների մեծ քաղաքներում:

-Եվ դրանից հետո Ձեր լուսանկարը երկու անգամ հայտնվեց խորհրդային ամենահեղինակավոր ամսագրի՝ «Огонек»-ի շապիկին, Ձեր մասին սկսեցին գրել ոչ միայն Հայաստանի, այլ միութենական թերթերը, ֆիլմեր նկարահանվեցին:

-Այո: Դրանից հետո Ռոլան Բիկովը կազմակերպեց իմ անհատական ցուցահանդեսը մոսկովյան համամիութենական կինոփառատոնի ժամանակ: Ինձ պարգեւատրեցին Լենինի անվան կրթաթոշակով: Անկեղծ ասած, իմ շուրջ բարձրացած աղմուկը ինձ մատնել էր շփոթության: Ես դեռ երեխա էի ու փորձում էի հասկանալ՝ մի՞թե իմ նկարներն այդքան արտասովոր են, մի՞թե ես այդքան տարբեր եմ մյուսներից: Երբ հարցրի հորս, նա պատասխանեց. «Այո, դու քո համադասարանցիներին լավ ես նկարում, բայց եթե ուզում ես իմանալ քո իրական կշիռը, կարդա արվեստի պատմության դասագրքերը, ու ինքդ կգտնես քո հարցի պատասխանը»: Հայրս ինձ հուշեց միշտ տեսադաշտում պահել առաջընթացի ու կատարելության վերին սահմանները: Այդ դեպքում դու երբեք չես բավարարվում քո ձեռքբերումներով ու երբեք չես ննջում փառքի դափնիների վրա: Ես մինչ օրս ինձ զգում եմ մեծ ճանապարհի սկզբին, ես վստահ եմ, որ դեռ չեմ ստեղծել իմ լավագույն գործերը:

-Դուք եւ Հայաստանում եք նկարչական բարձրագույն կրթություն ստացել, եւ Եվրոպայում: Շա՞տ էին տարբեր այդ երկու դպրոցները: Եվ ի՞նչ տվեցին դրանք Ձեզ:

-Ես սովորել եմ Հայաստանում, Շվեյցարիայում, Անգլիայում, բայց, անկեղծորեն ասեմ, եթե նորից սկսեի իմ ճանապարհը, այդ բուհերով չէի անցնի:

-Ձեզ ոչինչ չե՞ն տվել այդ բուհերը:

-Ինձ ինչ-որ բան են տալիս նույնիսկ այն անծանոթ մարդիկ, որոնց հպվում է հայացքս փողոցով քայլելիս: Չի կարելի ասել, որ բուհական կրթությունը ինձ ոչինչ չտվեց: Խնդիրն այն է, որ ես Հայաստանում անընդհատ հակամարտության մեջ էի դասախոսներիս հետ, որոնք ուզում էին ինձ տեղավորել նկարչության մասին իրենց պատկերացումների կաղապարում՝ խորհրդային նկարչական դպրոցի ավանդույթներով, 100 տարվա վաղեմություն ունեցող ճշմարտությունների տրամաբանությամբ: Պիկասոն մահացել էր իմ ծնվելուց առաջ, եւ չէր կարող մոդեռն լինել ինձ համար: Աշխարհը ուրիշ ռիթմով էր զարգանում:

-Իսկ եվրոպական բուհերո՞ւմ…

-Եվրոպայում քեզ նկարել չեն սովորեցնում: Որովհետեւ տեխնիկան ամենակարեւոր բաղադրիչը չէ նկարչության մեջ: Եվրոպական արվեստի բուհերում մատուցում են իրենց ինֆորմացիոն բազան, որոշումները թողնելով ուսանողին: Ես Հայաստանում շատ ժամանակակից էի, մի բան էլ ժամանակից առաջ, իսկ Եվրոպայում ինձ նայում էին որպես թանգարանային «նմուշի», որը վրձնով նկարում է կտավի վրա: Ու ես այս անգամ պայքարում էի ու ապացուցում, որ չկան «հաստատագրված» մեթոդներ, արվեստը ազատություն է ենթադրում, եւ դու կարող ես ձեռքդ մտցնել ցեխի մեջ ու պատկերել այն, ինչ ուզում ես: Ձեւը ասելիքի ու մտածողության իրականացումն է ընդամենը: Եվ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գտնելու իր ձևը:

ԻՄ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է-Իսկ ինչո՞ւ գնացիք հատկապես Աֆրիկա՝ Շվեյցարիայում ուսումն ավարտելուց հետո: Ի՞նչ էիք որոնում այնտեղ:

-Ամուսնացած չէի, կաշկանդող ոչինչ չկար, ու Աֆրիկայի երեխաներին, երիտասարդներին նկարչություն դասավանդելը նոր մշակույթի հետ շփվելու օգտակար փորձ էր ինձ համար: Դա մի աղքատ վայր էր, փոքրիկ տնակներով փակ գոտի, որտեղ մարդիկ ապրում էին օրը մեկ դոլարով, ու երեխաները նույնիսկ նկարելու պարագաներ չունեին: Ես մեկ տարի դասավանդել եմ, զուգահեռաբար նկարել եմ ու իմ աֆրիկյան ուղևորությունը եզրափակեցի ցուցահանդեսով: Աֆրիկայում իմ անցկացրած մեկ տարվա ամենակարեւոր խթանն այն էր, որ ես շատ օգտակար ու պահանջված էի: Ես կարող էի մարդկանց ճակատագրեր փոխել, որովհետեւ նրանց միակ կապն էի արտաքին աշխարհի հետ: Նույնիսկ Հայաստանում ինձ երբեք այդքան օգտակար չեմ զգացել: Շատ վեհացնող զգացում է, երբ դու քեզ զրկում ես շատ հաճույքներից՝ հանուն օտար մարդկանց, հանուն նրանց կյանքն ավելի գեղեցիկ դարձնելու նպատակի: Դու նրանց երազանքներ ես նվիրում:

-Դուք դեմքեր եք նկարում: Ինչպես ասում են՝ լուսանկարչական ճշգրտությամբ, բայց իրական չափսերից մեծ: Ի՞նչ եք պատկերում, որ լուսանկարչական ապարատը չի կարող որսալ: Եվ դեմքեր մեծացնելով՝ ի՞նչ եք ուզում, որ մե՛նք նկատենք:

– Ես դեմքեր եմ նկարել մանկուց: Բազում պատկերների մեջ մարդկանց հայացքներն առաջինն են գտնում իրար: Մարդը որոնում է իր նմանին, փորձում է գտնել իր հույզերի, ապրումների, ցավերի, ուրախությունների արտացոլանքը մեկ ուրիշի դեմքին: Մարդը փորձում է հասկանալ կողքի մարդուն: Դիմացինին բացահայտելը ինքնաբացահայտման ենթատեքստ ունի: Ինչո՞ւ եմ մեծացնում դեմքերը… Հնարավորություն եմ տալիս ավելի խոր ուսումնասիրել մարդու ներաշխարհը, չէ՞ որ դեմքը մարդու հոգու հայելին է:

-«Հայելիներ» շարքում կանայք ձեռքով փակել են դեմքերը, սակայն ձեռքերն ասես թափանցիկ են, դեմքերը չեն ծածկում:

-Ես փորձում եմ գեղեցկության անանցողիկ չափանիշները հարաբերել անհատական ու զանգվածային ընկալումներին: Կանայք թաքցնում են այն, ինչը իրենց կարծիքով մերժելի է հասարակության կողմից:

-Ի՞նչ էիք խոսում հոլիվուդյան գերաստղ Սյուզան Սարանդոնի հետ, երբ նկարում էիք նրան:

-Գեղեցկության մասին: Ես մեծ դերասանուհուն ասացի, որ ինքը հիմա ավելի գեղեցիկ է, քան 30 տարի առաջ, որովհետեւ նա ավելի իմաստուն է, ավելի լեցուն ապրումներով ու հույզերով, ավելի կանացի, քան 20 տարեկան աղջկա «դատարկ» գեղեցկությունը:

-Ինչո՞ւ դատարկ, եւ ոչ՝ թարմ…

– Դատարկ ասելով՝ նկատի ունեմ փորձառության ու կյանքի պակասը: Գեղեցկությունը բովանդակություն է, թարմ բառը կարո՞ղ է բնորոշել որեւէ բովանդակություն:

-Տիգրան, ինձ շատ հետաքրքրեց Ձեր «Ամբոխներ» շարքը: Դուք ստեղծել եք մի տարածություն, որտեղ շատ մոտ, գրեթե կիպ-կպած տեղավորել եք երազող մարդկանց: Ընդ որում, դրանք մարդիկ են տարբեր իրականություններից՝ 90-ականների Հայաստանի ու Շվեյցարիայի… Ինչո՞վ է առանձնահատուկ երազող մարդը:

-Ես փորձում էի հասկանալ իրականության ու երազանքի հարաբերությունը:

-Բնականաբար, մեր երազանքները բխում են մեր հնարավորություններից:

-Ճիշտ հակառակն է. մեր երազանքները հակառակ համեմատական են մեր հնարավորություններին: 90-ականների Հայաստանում ցրտի ու խավարի մեջ ապրող մարդիկ մի կտոր հացի մասին չէին երազում, նրանց երազանքները անհավանական համարձակ էին առանց որեւէ երաշխիքի, առանց սահմանի… Իսկ Շվեյցարիայում, երբ մարդիկ հասել են ինչ-որ կայուն ու բարեկեցիկ հանգրվանի, շատ առարկայական երազանքներ ունեն. նրանք գիտեն՝ մինչեւ ուր կարող է ձգվել իրենց թռիչքը: Եթե ես հիմա նկարեմ նոր կտավ Հայաստանում երազող մարդկանց մասին, այդ երազանքներն ավելի «իրատեսական» կլինեն: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանում մարդիկ կառուցում են իրենց կյանքը, և նրանց երազանքերը առաստաղ ունեն:

ԻՄ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է-Ճի՞շտ է, որ երկրաշարժից առաջ Ձեր կտավների վրա հայտնվել են ճաքած պատկերներ, դեմքեր…Իսկ ազգային ազատագրական պայքարին նախորդող շրջանում Դուք բռունցքները վեր պարզած մարդիկ եք նկարել՝ միտինգավորներ:

-Ճիշտ է, բայց ես չեմ կարող դա բացատրել: Ես փոքրիկ տղա էի այդ ժամանակ: Ուղղակի, նկարեցի այն, ինչ ցանկացա: Ես արմատներով գյումրեցի եմ ու երկրաշարժից մի քանի ամիս առաջ ներքին տեսողությունս ճաքած պատկերներ ու ցավի արտահայտությամբ դեմքեր էր արձանագրում: Մինչեւ 15-16 տարեկան ես շատ «բնազդային» էի նկարում: Նկարել սկսում էի աչքից ու միայն ընթացքում էի պարզում, թե ինչ պիտի նկարեմ: Ես նկարում էի ինչ-որ վերին թելադրանքով:

-Շատ հետաքրքիր են Ձեր ժամանակակից կանայք՝ երեխան գրկին, Աստվածամոր կերպարով, բայց «խրված» այֆոնի մեջ:

-Այդ կտավները նկարել եմ այն շրջանում, երբ ես ամուսնալուծվեցի… Աշխարհում մոր եւ երեխայի կապից ուժեղ կապ անհնար է պատկերացնել, ու ինչպես Աստվածամորը նվիրված միջնադարյան կտավներում՝ մոր հայացքը պիտի սեւեռված լինի երեխային: Երեխան գրկին, բայց այֆոնին նայող մայրը խորհրդանշում է աշխարհում ամենացավալի տարանջատումը, ճաքը, որից սկսվում են բազում փլուզումներ: Ցավալիորեն խարխլվում է ընտանիքի գեղեցիկ կառույցը. նյութական արժեքների ֆետիշացումը, եսակենտրոն վարքը հետեւում են թողնում հոգու կապերը:

-Ինչո՞ւ Դուք գույներով չեք նկարում: Ի՞նչ են խորհրդանշում սպիտակն ու սեւը:

-Ես թողնում եմ, որ մարդը «կառուցի» գույները:

Ես երբեք լուծումներ չեմ առաջարկում, չեմ պարտադրում իմ կարծիքը: Ես ասում եմ՝ այսպիսի բան եմ նկատել: Իրականության մեջ սեւ ու սպիտակ պատկեր չկա, իրականությունը գունավոր է: Սեւ ու սպիտակը տարանջատում է իրականությունից, շեշտվում է ասելիքը, ոչ թե իրականության մանրամասները՝ գունային վերարտադրումով:

-Ձեր մասին ֆիլմ է նկարվել, երբ Դուք 10-12 տարեկան էիք: Եվ ֆիլմ է նկարվել վերջերս, որը կոչվում է «Ամերիկյան հայելի», ֆիլմը վավերագրական է:

-Այո, բայց՝ ոչ ռեպորտաժային: Նույնիսկ կան դրվագներ , որոնք հանգիստ կարող են գեղարվեստական կոչվել:

-Դուք Ձեզ գտա՞ք այդ ֆիլմում: Փաստորեն, մեկ տարի Ձեզ նկարահանել են տարբեր կենցաղային իրավիճակներում:

-Եվ այո, եւ ոչ: Ֆիլմում ես պատկերված եմ ռեժիսորի աչքերով: Եվ դա բնական է: Ես կարծում եմ՝ հաջողված ֆիլմ է:

-Տիգրան, Ձեր նկարների հաջողությունը ասելիքի մե՞ջ է ավելի շատ, թե՞ արտահայտչամիջոցների ինքնատիպության:

-Այդ երկուսի ներդաշնակության: Ես երբեք նկարելիս չեմ մտածում նկարի հաջողության մասին: Ինձ համար անընդունելի է հիպերռեալիզմի՝ տեխնիկա ցուցադրելու ջանքերը: Ես էֆեկտիվ նկարչության ջատագով չեմ: Ոչ մեկին «գայթակղելու» ցանկություն չունեմ: Ես նկարում եմ այնպես, որ ասելիքս ամբողջանա, իսկ իմ ասելիքը երբեք իմ «վիրտուոզ» լինելու մասին չէ:

-Մեր մյուս երիտասարդ աշխարհահռչակ հայրենակիցը՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, նույն կարծիքին է: Մեր զրույցի ժամանակ նա ասաց. «Ես երաժիշտ եմ, ոչ թե վիրտուոզ»:

…Տիգրան, Դուք կարող եք աշխարհի ցանկացած երկրում տուն կառուցել, բայց կառուցում եք Հայաստանում եւ եթերից ասացիք, որ այն վերածելու եք մշակութային կենտրոնի: Կարող է հարցս պարզունակ հնչել կամ … սադրիչ: Այդ տունը Ձե՞զ է պետք, թե մեզ՝ ժողովրդին:

-Այդ տունը պետք է ժողովրդին, այդ պատճառով էլ պետք է ինձ: Եթե դու պետք չես այն միջավայրին, որտեղ ապրում ես, պիտի փոխես միջավայրդ: Իմ հիմնական տունը՝ ամենալավը, ամենագեղեցիկը եւ ամենահարմարավետը, Հայաստանում է: Եվ այդ տան դռները պետք է բաց լինեն յուրաքանչյուր մարդու առջեւ: Այնտեղ կցուցադրվեն արվեստի գործեր: Գիտեք, ես ամեն ինչ սկսել եմ զրոյից, չեմ ունեցել հարուստ ծնողներ, չեմ ունեցել հովանավորներ, առանձնապես բախտ էլ չեմ ունեցել ու շատ դժվարությունների միջով եմ անցել…

-Շա՞տ եք աշխատել:

-Այո, շատ եմ աշխատել: Ու հիմա էլ աշխատում եմ: Ես օրը 20 ժամ նկարում եմ: Եվ գնալով ավելի շատ եմ աշխատում: Երբ յոթ ժամ եմ նկարում, համարում եմ, որ այդ օրը չեմ աշխատել:Ուզում եմ, որ իմ արվեստանոց այցելող երիտասարդ նկարիչները հասկանան, որ մենք նույն կետից ենք սկսել, ու իրենք էլ կարող են անցնել նույն ճանապարհը: Իմ հաջողությունները այլ բովանդակություն կունենային նրանց համար, եթե ես, թեկուզ հայ, բայց Նյու-Յորքում ապրող նկարիչ լինեի: Բայց երբ ես մոտ եմ, նույն երկրում եմ ապրում, իրենցից մեկն եմ, իմ օրինակը կարող է շատ ավելի վարակիչ ու ոգևորող լինել: Ես սովորաբար դաս չեմ տալիս, այլ պատմում եմ իմ իմացածը, շատ պարզ, հասարակ լեզվով, ու կարծում եմ օգտակար կլինեմ շատերին:

Եթե դու ապրում ես Հայաստանում, ավելի մոտ ես երկրիդ խնդիրներին: Ես հիմա ավելի հաճախ եմ մտածում սահմանին կանգնած զինվորի մասին: Նույնիսկ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞վ ավելի օգտակար կլինեի Հայաստանին՝ վրձնո՞վ, թե՞ զենքով: Բոլոր խոսակցությունները դառնում են անհեթեթ ու անկարեւոր, եթե սահմանը պաշտպանված չէ, եթե հողդ կամ անկախությունդ կորցնելու վտանգ կա: Ես հույս ունեմ՝ մենք այնքան կզարգացնենք մեր երկիրը, որ մոտ ապագայում 18 տարեկան տղաների փոխարեն սահմանի բոլոր հատվածներում կկանգնեն արհեստավարժ զինվորականները: Ես ակնածանքով խոնարհվում եմ մեր զինվոր տղաների առաջ: Վստահ եմ, որ նրանք սահմանից իջնելու են ավելի ուժեղ ու նպատակասլաց եւ շատ ավելի խորն են գիտակցելու ամուր հայրենիք ունենալու կարեւորությունը:

Այսօր Հայաստանի դերակատարումը աշխարհում պայմանավորված է իր մշակույթով: Մենք հազիվ թե կարողանանք մրցունակ լինել մեր զենքով կամ նյութական այլ ռեսուրսների առատությամբ:Բայց մենք պիտի հասկանանք, որ հեռավոր նախնիների մշակույթը չի կարող մշտական այցեքարտ դառնալ մեզ համար աշխարհի հետ շփվելիս, մենք պիտի հետ չմնանք նաեւ ժամանակի ռիթմից: Երկրներ կան, որոնք ոչ վաղ անցյալում բարձրացան բառացիորեն անապատի վրա, այսօր մշակութային կենտրոններ են: Ես այնքան էլ չեմ սիրում տաղանդավոր բառը, բայց մենք իրոք տաղանդավոր ազգ ենք, որովհետեւ…գոյապահպանության ուրիշ միջոց չունենք, բացի տաղանդից:

Իսկ մշակույթ զորացնելու համար պիտի զարգացնել երկրի տնտեսությունը: Եթե այսօր մենք Ամերիկայի պես հզոր երկրին ասենք, որ շատ ավելի մեծ մշակութային ժառանգություն ունենք, քան ինքը, դա ի՞նչ է փոխվելու մեր իրական հարաբերակցության մեջ:

ԻՄ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է-Դուք վերջին տարիներին ավելի հաճախ եք գալիս Հայաստան: Ինչո՞ւ:

-Բազմաթիվ պատճառներ կան: Նախկինում իմ ինքնահաստատման ու առաջընթացի համար պետք էր, որ ես լինեմ Նահագներում, հիմա այդ խնդիրը չկա: Հիմա ես կարող եմ ապրել Հայաստանում և նույն հաջողությամբ ներկա լինել միջազգային մշակութային հարթակներում: Երկրոդ պատճառը ծնողներս են: Նրանք միշտ Հայաստանում են ապրել, եւ նրանց հետ անցկացրած ժամանակը օր օրի ավելի շատ եմ գնահատում: Բացի այդ, Երեւանը իմ մանկության ու պատանեկության քաղաքն է, իմ ամենասիրած վայրն է աշխարհում: Այստեղ իմ հիշողություններն են, իմ ընկերները: Այն զգացողությունները, որ ես ունենում եմ Հայաստանում, աշխարհի ոչ մի երկրում չեմ գտնում:

-Ալենը՝ Ձեր որդին, շուտով կդառնա 10 տարեկան: Նկարո՞ւմ է:

-Մինչև վերջերս ասում էր, որ չի ուզում նկարիչ դառնալ: Անցյալ ամռանը Երեւանում սկսեց քանդակով զբաղվել: Նյու-Յորք վերադառնալուց հետո ես Ալենի համար երեւի 30-40 կիլո պլաստիլին եմ գնել: Երեք օր առաջ հայտարարեց, որ ուզում է քանդակագործ դառնալ:

-Հաճա՞խ է գալիս Երեւան:

-Ամեն տարի ամբողջ ամառը Հայաստանում է անցկացնում: Պատահում է՝ տարվա ընթացքում այլ հնարավորություններ էլ եմ գտնում Ալենին Հայաստան բերելու: Իմ նորակառույց տան մի մեծ հատվածը տվել եմ Ալենին, ու ինքն իրեն շատ լավ է զգում այդտեղ, ես միտումնավոր այդպես եմ արել, որ Ալենի երազանքի տունը հենց Հայաստանում լինի, ու տղաս ավելի շատ կապվի Հայրենիքին: Հայաստանից գնալիս Ալենը անհամբեր սպասում է, թե երբ է վերադառնալու: Դա ինձ շատ դուր է գալիս, որովհետեւ նա Հայաստանում չի ծնվել, ինչպես ես, ու կարող էր չձուլվել այս նոր իրականությանը: Բայց Ալենն արդեն Հայաստանում «կենսագրություն» ունի՝ ընկերներ, հիշողություններ: Ընկերների հետ խոսում է հեռախոսով, գրում են իրար: Մի օր, երբ ես չլինեմ, տղաս Հայաստանից չի բաժանվի:

-Տիգրան, վերջերս Ձեր ծննդյան տարեդարձն էր, շնորհավորում եմ: Եվ թող Ձեզ աշխարհի ամենամեծ նկարիչների շարքում տեսնելու մեր երազանքն իրականանա:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ