Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ Է, ՔԱՆ ԲՈՒԺՈՒՄԸ
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ Է, ՔԱՆ ԲՈՒԺՈՒՄԸ

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ Է, ՔԱՆ ԲՈՒԺՈՒՄԸԶրույց ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ ՍԱՀԱԿ ՕՀԱՆՅԱՆԻ հետ

 

-Պարոն գնդապետ, շնորհավորում եմ Ձեզ եւ բոլոր բուժծառայողներին մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ, որ նրանք ունենան բոլոր հնարավորությունները` չափվելու աշխարհի առաջադեմ երկրների իրենց կոլեգաների հետ եւ հետ չմնան ոլորտի զարգացման համաշխարհային տեմպերից:

-Շնորհակալություն: Իրոք, աշխարհում բժշկությունը զարգանում է անհավանական տեմպերով: Այն, ինչ երեկ գիտության վերջին նվաճումն էր, այսօր իր տեղը զիջում է ավելի նոր ու արդյունավետ մեթոդների: Ցավոք, ես չեմ կարող ասել, որ մեր բանակի բուժծառայությունը ընդհանուր առմամբ առաջատարներից է աշխարհում, սակայն հրատապ բուժօգնության, անհետաձգելի վիրաբուժության ոլորտում մենք բավարարում ենք ամենաբարձր չափանիշները:

-Պատերազմի դաշտում կազմավորված եւ 27 տարի, այսինքն՝ իր ամբողջ կենսագրությունը խրամատում անցկացրած, սահմանային ընդհարումների, դիվերսիաների, կրակոցների սովոր բանակը չէր կարող առաջատար չլինել անհետաձգելի վիրաբուժության ոլորտում: Իսկ ի՞նչ աշխատանքներ են տարվում որակավորված բուժօգնության զարգացման ուղղությամբ:

-Բժշկության զարգացումը ուղղակիորեն կապված է տեխնիկական հագեցվածության հետ: Մեր բժիշկները, որպես մասնագետներ, կարող են մրցել ամենազարգացած երկրների բժիշկների հետ, սակայն կան նորամուծություններ, որոնք պայմանավորված են տեխնիկական նորագույն միջոցների առկայությամբ եւ այդ պատճառով ծախսային ծրագրերի շրջանակներում մշտապես արդիականացվում է բժշկական նյութատեխնիկական բազան։

Ռազմական բուժծառայությունն ունի մեկ գերնպատակ՝ զինծառայողների առողջության պահպանումը, հիվանդների արագ ապաքինումն ու վերադարձը շարք, իսկ կանխարգելիչ աշխատանքը բուժծառայության առանցքային ուղղությունն է, եւ մեր ձեռքբերումները այստեղ էական են: Մասնագիտացված բուժօգնության բնագավառում մեր ծառայությունը գրեթե հետ չի մնում քաղաքացիական բժշկության մակարդակից: Սակայն, այո, կան եզակի դեպքեր, երբ անհրաժեշտ է լինում հիվանդի բուժումը շարունակել արտերկրում: Մենք չենք կարող հատուկենտ դեպքերի համար գնել համապատասխան սարքավորումներ: Այսինքն՝ եթե մենք որեւէ զինծառայողի ուղարկում ենք արտերկիր՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու, չի նշանակում՝ մեր բուժծառայության բոլոր ոլորտները հետ են մնացել ժամանակի ռիթմից:

-Երբ մեր երկրի վճարունակ խավը գերադասում է օգտվել արտերկրի բժշկության ծառայություններից, չես կարող չմտածել, որ սեփական երկրիդ բժշկությունը կաղում է:

– Ես չեմ ուզում մանրամասն անդրադառնալ այս թեմային, միայն կասեմ, որ հաճախ նույն ծառայությունը պատշաճ որակով կարող են մատուցել նաեւ մեր կլինիկաները, բայց ֆինանսական հնարավորություններ ունեցող որոշ մարդիկ գերադասում են բուժվել արտերկում:

-Դուք ասում եք, որ ռազմական բուժծառայությունը գրեթե հետ չի մնում քաղաքացիական բժշկության մակարդակից, բայց վերջին տասը տարում զինվորական բժիշկների արտահոսքը քաղաքացիական բուժհիմնարկներ կանխելու բոլոր ջանքերը անարդյունք եղան: Մեր լավագույն զինվորական բժիշկներից շատերը այսօր երկրի մասնավոր կլինիկաներում բարձր պաշտոններ են զբաղեցնում: Փաստորեն, բանակը կորցրեց նրանց:

-Դուք խտացնում եք գույները: Մեր լավագույն բժիշկներն էլի մերն են, նրանք մեր առաջին իսկ կանչով գալիս են ու անձնվիրաբար պայքարում են զինվորի կյանքի համար։ Իսկ զինված ուժերում երկարամյա ծառայությունից հետո նույնպիսի արժանապատիվ աշխատանքի անցնելը դրական եմ գնահատում։

-Ես ուզում եմ ասել, որ չձեւավորվեց մի համակարգ, որը հնարավորություն կտար զինվորական բժշկին վաստակել իր աշխատանքին ու մասնագիտական ունակություններին համապատասխան: Դուք որեւէ նոր ծրագիր ունե՞ք այս առնչությամբ:

-Նախ, պետք է խոսենք ոլորտը կանոնակարգող օրենքներից: Դրանցում ամրագրված է, որ զինծառայողը, բացի ստեղծագործական, դասախոսական եւ գիտական աշխատանքից, այլ վարձատրվող աշխատանք կատարելու իրավունք չունի: Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությամբ ավելացնել նաեւ բժշկական մասնագիտական գործունեությանը վերաբերող դրույթ:

-Կա՞ սահմանափակում՝ կապված վճարովի ծառայությունների հետ:

-Ոչ, սահմանափակում չկա: Եթե մեր հոսպիտալներում բուժվում են պետպատվեր ունեցող քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ, պետությունը մեզ չի վճարում այն գումարը, որը կտար, եթե հիվանդը բուժվեր հանրային կլինիկաներում, նույնը վերաբերում է բժշկական ապահովագրությանը… Մի խոսքով, կան եկամուտ բերող չիրացված հնարավորություններ, որոնք կարող են փոխել իրավիճակը:

-Զորային օղակի բժշկությունը միշտ էլ զիջել է հոսպիտալային օղակի բժշկությանը: Երբ հիվանդը հասնում է հոսպիտալ, նրան կորցնելու վտանգը գրեթե զրոյական է դառնում, որովհետեւ հոսպիտալային օղակում մենք ունենք հրաշալի բժիշկներ: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում  կարող ենք հրավիրել հանրային բժշկության կարկառուն դեմքերին, իսկ զորային օղակի թերությունները ծանր հետեւանքների պատճառ են դառնում:

-Մեր խնդիրը զորային օղակը լիովին համալրելն է: Զորային օղակում ծառայող բժիշկները չունեն նեղ մասնագիտական պատրաստություն, տիրապետում են ընդհանուր գիտելիքների, որը բավարար է զորային օղակի բուժօգնության ծավալի համար: Զորամասի բուժծառայության հիմնական խնդիրը կանխարգելումն է: Այսինքն՝ զինծառայողների առողջության պահպանմանը միտված գործունեությունը: Հիգիենա, կենցաղային պայմաններ, սնունդ, տարբեր պարապմունքների ժամանակ օրենքով սահմանված պայմանների պահպանում… Ամենափոքր թերացումը այս ոլորտում անմիջապես հիվանդությունների պատճառ է դառնում եւ, իրոք, չի կարող մնալ անհետեւանք: Եթե մենք անցյալ ձմռանը չենք ունեցել շնչուղիների վարակիչ հիվանդությունների համաճարակ, իսկ ամառը թոթափել ենք առանց աղիքային վարակների, նշանակում է՝ կանխարգելիչ աշխատանքները կատարվել են շատ բարձր մակարդակով. բանակը փակ համակարգ է, եւ համաճարակի վտանգը մեծ է:

-Բժշկի առանցքային խնդիրներից է նաեւ հիվանդ զինծառայողին արագ հայտնաբերելը, հիվանդությունն ախտորոշելն ու բուժման հետագա ընթացքը կազմակերպելը:

-Զորամասերում բուժվում են ամենաթեթեւ հիվանդությունները: Չնչին կասկածի դեպքում զորամասային օղակի բժիշկը հիվանդին ուղարկում է հոսպիտալ՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու: Զինվորի գանգատը չի կարող մնալ անարաձագանք, որովհետեւ դա կբերի ծանր հետեւանքների, եւ ամբողջ պատասխանատվությունը կընկնի բժշկի վրա: Հավելեմ, որ յուրաքանչյուր մարտական հերթապահությունից առաջ կա ընթացակարգ. նախապատրաստական փուլի ժամանակ գանգատներ ունեցող զինվորները ենթարկվում են լրացուցիչ բուժզննման: Եվ անկախ գանգատներից, տարին երկու անգամ զորամասի մերձակա հոսպիտալում բոլոր զինվորները անցնում են պլանային եւ խորացված բուժզննումներ:

-Այդ դեպքում ի՞նչ ակունք ունեն ծնողների բողոքներն այն մասին, որ զինվորը հիվանդ է, չի կարողանում ծառայել, իսկ զորամասի բժիշկը նրան չի ուղարկում հոսպիտալ:

-Յուրաքանչյուր բողոքի ժամանակ զինվորը անցնում է լրացուցիչ բուժհետազոտություն հոսպիտալում: Ծնողին մեկ անգամ եւս համոզում ենք, որ իր որդին առողջ է: Մենք չենք կարող ծնողի բողոքը թողնել անարձագանք: Թեկուզ լինի տասներորդ անգամ, զինվորին տանում ենք հոսպիտալ՝ հերթական բուժզննումն անցնելու: Սա է իրականությունը:

-Հիվանդության հետեւանքով մահվան դեպք ունեցե՞լ ենք վերջին մեկ տարվա ընթացքում:

-Ոչ:

-Քանի դեռ սահմանին հնչում են կրակոցներ, «ոսկի րոպեներ» կոչվածը մեզ համար լինելու է շատ կարեւոր: Մենք խնդիր ունենք վիրավոր զինվորի հայտնաբերման, մարտի դաշտից հանելու եւ հոսպիտալ հասցնելու ժամանակահատվածը հասցնել նվազագույնի:

Այսինքն՝ վիրավորվելու պահից մինչեւ որակավորված բուժօգնություն…

-Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք կարող ենք այդ խնդիրը կատարել շատ բարձր մակարդակով: Կարող ենք լինել շատ շարժունակ եւ ոչ խոցելի: Ըստ Ժնեւյան կոնվենցիայի՝ պատերազմող կողմերը իրավունք չունեն կրակելու Կարմիր խաչով մեքենաների վրա, որոնք վիրավորներ են տեղափոխում կամ բժշկական օգնություն են ցույց տալիս տուժածներին: Թեպետ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները կրակում էին մեր սանիտարական մեքենաների վրա. այդուամենայնիվ, մենք կարողացանք լավագույնս կազմակերպել վիրավոր զինվորների տարհանումը մարտի դաշտից:

-Մեքենաները կահավորվա՞ծ են:

-Այո, ունեն այնպիսի կահավորվածություն, որն անհրաժեշտ է տվյալ իրավիճակի բուժօգնության համար:

– Ձեզ բավարարո՞ւմ է սանհրահանգիչների դպրոցի մակարդակը: Դասընթացի ժամանակ զինվորներն ու պայմանագրայինները հասցնո՞ւմ են տիրապետել առաջին օգնության հմտություններին:

– Ռազմաբժշկական ուսումնական կենտրոնը ահռելի աշխատանք է կատարում. սանհրահանգիչները եւ բուժակները լավ են պատրաստված ու երբեմն բառացիորեն կյանքեր են փրկում: Վերջերս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր մի վիրավոր զինվորի, որը նախարարին պատմեց, թե ինչպես է ուսումնական կենտրոնում պատրաստված զինակից ընկերը փրկել իր կյանքը:

-Պարոն գնդապետ, կենտրոնական հոսպիտալը վերանորոգվում է…

-Վարչապետի բարձր հովանու ներքո:

-Այսինքն՝ նոր հոսպիտալ ունենալու հույսը մարե՞ց:

-Վերանորոգումը նոր հոսպիտալ կառուցելու հույսի հետ կապ չունի: Վերանորոգումը անհրաժեշտ է այս պահին, իսկ նոր հոսպիտալ պիտի կառուցվի անպայման: Արդեն վերանորոգվել են մի քանի մեծ բաժանմունքներ:

-Երբ առաջնագծում վիրավոր ենք ունենում կամ ծանր հիվանդ, մերձակա հոսպիտալում բուժօգնություն ցույց տալուց հետո ուղղաթիռով տեղափոխում են Երեւան՝ Կենտրոնական հոսպիտալ: Հնարավոր չէ՞ զարգացնել կայազորային հոսպիտալները եւ այդքան չծանրաբեռնել Կենտրոնականը:

-Գոյություն ունի բուժման փուլային համակարգ։ Կենտրոնական հոսպիտալը մեր ամենահզոր հոսպիտալն է՝ եւ տեխնիկական հագեցվածությամբ, եւ բժիշկների մասնագիտական ունակություններով, եւ բժշկական ծառայությունների ծավալով, բայց մեր կայազորային հոսպիտալները նույնպես շատ կարեւոր ու բարդ խնդիր են լուծում ոչ միայն մոտակա զորամասերի, այլեւ տեղի բնակչության համար: Եվ մենք ունենք նպատակային ծրագիր՝ կայազորային հոսպիտալները ուժեղացնելու համար:

-Պարոն գնդապետ, գաղտնիք չէ, որ բանակային ռեժիմը, նոր միջավայրը կարող են սրել զինվորի անգամ ամենաթեթեւ հիվանդությունները: Այսինքն՝ առողջ սերունդ ունենալը եւ բանակը առողջ զինվորներով համալրելը շատ կարեւոր, ռազմավարական խնդիր է մեզ համար: Մենք տարիներ շարունակ խոսել ենք նախազորակոչային առողջապահության խորհրդային մոդելը վերականգնելու մասին: Ապագա զինվորը պետք է 12-13 տարեկանից պարբերաբար ու պարտադրողաբար հետազոտվի, որպեսզի հիվանդությունները չխորանան, ժամանակին բուժվեն, ու 18 տարեկանում չպարզվի, որ ապագա զինվորի ողնաշարը ծռվել է անդառնալիորեն, կամ լեղապարկի քրոնիկ չբուժված հիվանդությունը լեղապարկը հեռացնելու պատճառ է դարձել… Ի՞նչ վիճակում է նախազորակոչային առողջապահությունն այսօր:

-Միանգամայն համաձայն եմ՝ չբուժված հիվանդությունները անդառնալի հետեւանքներ են ունենում. մենք կորցնում ենք զորակոչային ռեսուրս, չբուժված հիվանդությունները բանակում գլուխ են բարձրացնում: Իմ համոզմամբ՝ 12-13 տարեկանից սկսած մեր պատանիների ու աղջիկները տարին երկու անգամ  պիտի պարտադիր բուժզննում անցնեն պոլիկլինիկաներում: Գործընթացը կարծես թե սկսված է, հույս ունենք, որ արդյունավետ կլինի:

-Դպրոցներում ֆիզկուլտուրա առարկան այդպես էլ առողջապահական ու բուժական կողմնորոշում չունեցավ:

-Այո, ֆիզկուլտուրան կարող էր մեծ դերակատարում ունենալ ֆիզիկապես կոփված ու առողջ զինվոր ունենալու համար:

-Մեծ գումարների հե՞տ է կապված նախազորակոչային առողջապահությունը:

-Միշտ կանխարգելումն ավելի էժան է, քան բուժումը: Սա՝ միանշանակ:

-Վերջին շրջանում թարմացվե՞լ է բանակի բուժծառայության գործիքակազմը:

-Այո, թարմացվել է եւ քանակապես, եւ որակապես: Մենք կիրառում ենք արդիական գործիքակազմ եւ համալրում ենք՝ հաշվի առնելով առաջնահերթությունները: Մեծ է նաեւ հայ բարերարների դերը։ Վերջերս էլ «Հրանտ Վարդանյան» հիմնադրամը մեր հոսպիտալին նվիրեց բժշկական ժամանակակից սարքավորումներ: Տեխնիկական հագեցվածությունը շարունակական գործընթաց է, եկող տարի նույնպես տեխնիկական համալրում ենք ունենալու:

-Բժիշկների վերապատրաստումը զարգացած երկրներում հնարավորություն է տալիս հասկանալ մեր իրական տեղը համաշխարհային բժշկության մեջ, նաեւ բուժծառայության նոր, արդյունավետ մեթոդներ բերել Հայաստան: Ի՞նչ ծավալով է իրականացվում բժիշկների վերապատրաստումը:

-Տարվա ընթացքում մոտ 50 զինվորական բժիշկ վերապատրաստվում են արտերկրում` Ռուսաստանի Դաշնությունում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում… 100 հոգի էլ վերապատրաստվում են Հայաստանի լավագույն կլինիկաներում:

-Պարոն գնդապետ, մենք արտերկրից վերցնում ենք նրանց զինվորական բժշկական լավագույն փորձը, իսկ, հետաքրքիր է, նրանց տալու բան ունե՞նք…

-Մենք ռազմադաշտային վիրաբուժության մակարդակով առաջին տեղում ենք հետխորհրդային երկրների մեջ եւ առաջիններից մեկը աշխարհում: Եվ մեր փորձը օգտակար է աշխարհի համար. սա մեր արտասահմանցի գործընկերների կարծիքն է, որոնք գալիս են Հայաստան՝ ուսումնասիրելու մեր հաջողությունները: Նրանք հիացած են մեր բժիշկների արհեստավարժությամբ, բայց նկատում են, որ պայմանները սուղ են:

-Բանակի բուժծառայությունն ունի հեղինակավոր անուններ: Ես մտածում եմ՝ 10-15 տարի հետո գտնելո՞ւ ենք նրանց արժանի փոխարինողների:

-Մենք էլ ենք մտածում այդ մասին եւ երիտասարդ կադրերի արհեստավարժության բարձրացմանն ուղղված տարբեր ծրագրեր ենք իրագործում: Սերնդափոխությունը կլինի սահուն եւ զարգացում կբերի: Վստահեցնում եմ:

– Պարոն գնդապետ, կներեք, որ իմ հարցերը չէին վերաբերում բուժծառայության ձեռքբերումներին, որոնք բազմաթիվ են, մեր նվիրյալ բժիշկների բացառիկ վիրահատություններին, այն հարյուրավոր հիվանդների երախտագիտությանը, որոնց զինվորական բժիշկները բառացիորեն խլել են մահվան ճիրաններից: Ես մտածեցի, որ խնդիրներին անդրադառնալը մեր զրույցը կդարձնի պակաս տոնական, բայց ավելի շահեկան:

-Ես նույնպես ցանկանում եմ շնորհավորել մեր բուժծառայությանը տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մեր բժիշկների նվիրումը միշտ վարձատրվի մեծարանքով, բուժված հիվանդի օրհնանքով ու սիրով:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ