Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴԸ
ԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴԸ

ԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴԸԲոլոր հնագույն քաղաքների նման Երեւանը վաղնջական ժամանակներից ունեցել է իր բերդերը։ Քաղաքի հնագույն բերդերից հայտնի են Կարմիր բերդը, Արին-Բերդը, Ծիծեռնակաբերդը, Ձորաբերդը։ Այնուամենայնիվ, «Երեւանի բերդ» արտահայտությունը սովորաբար վերագրվում է այն ամրությանը, որը եղել է պարսկական տիրապետության գլխավոր հենարանը։ Վերոնշյալ բերդի կառուցման ստույգ ժամանակի վերաբերյալ պատմագրության էջերում հակասական տեղեկություններ են պահպանվել։

Ըստ այդ տեղեկությունների՝ Երեւանի բերդը հիմնականում կառուցվել է 1582-83թթ., քաղաքը գրաված թուրքական զորքերի հրամանատար Ֆահրադ փաշայի կողմից։ Ըստ այլ կարծիքների` Ֆահրադ փաշան գրավելով քաղաքը, պարզապես վերակառուցել եւ ամրացրել է Երեւանի բերդը։ Այդ բանը պարզ երեւում է նաեւ այն արձանագրությունից, ըստ որի, Ֆահրադ փաշայի՝ բերդի «կառուցման» բոլոր աշխատանքները տեւել են ընդամենը 45 օր։ Ակնբախ է, որ այդքան կարճ ժամանակամիջոցում ոչ ոք չէր կարող նոր եւ մանավանդ նման հզոր բերդ-ամրոց կառուցել։ Ուրեմն, թուրք փաշան պարզապես վերակառուցել է նախկինում գոյություն ունեցող Երեւանի բերդը։ Մատենագիրների հաղորդած տեղեկություններով, նա բերդի վերակառուցման համար կարգադրել է օգտագործել Երեւանի եկեղեցիների քարերը, ինչպես նաեւ հայկական գերեզմանաքարերը։ Մի քանի եկեղեցի քանդելուց եւ դրանց քարերն օգտագործելուց հետո հերթը հասել է քաղաքի ամենամեծ՝ «Երկու երեսի» եկեղեցուն։ Սակայն, ի բարեբախտություն, Առաքել անունով վարդապետին հաջողվում է ստանալ թուրքական հրամանատարության կարգադրությունը՝ վերոնշյալ եկեղեցին կանգուն թողնելու մասին։ Բերդը վերակառուցելուց հետո թուրքական հրամանատարությունը այնտեղ մշտական կայազոր է տեղավորել, որը բաղկացած էր շուրջ 5600 զինվորից։ Բերդը գտնվում էր Հրազդան ¥Զանգու¤ գետի անմատչելի ափին եւ քաղաքից բաժանված էր մի մեծ հրապարակով։ Բերդի գրաված տարածությունը եղել է քառանկյունաձեւ։ Այն հյուսիսից, արեւելքից եւ հարավից կրկնակի պարիսպներ է ունեցել, որոնք մեկը մյուսից գտնվում էին 15-20 սաժեն հեռավորության վրա։ Վերոնշյալ պարիսպները միասին ունեցել են հիսունից վաթսուն աշտարակ ու բուրգեր։ Արեւմտյան կողմից բերդը պաշտպանված էր Զանգվի խոր ու զառիվեր ձորով, ուստի այդ մասում պաշտպանական պարիսպների կարիք չի զգացվել։ Երեւանի բերդն ունեցել է երկու դարպաս, որոնցից մեկը հյուսիսային կողմում էր եւ կոչվում էր Բաբի-շիրվան, իսկ հարավային մասի դարպասը հայտնի էր Թավրիզ-գափուսի անունով։ Բերդից ստորգետնյա անցք կար դեպի Զանգու գետը, որտեղից ջուր էին վերցնում երկարատեւ պաշարումների ժամանակ։ Որոշ տեղեկություններ կան, որ ստորգետնյա անցքով նաեւ Գետառից են ջուր բերել բերդի տարածք։

17-18-րդ դարերում Երեւանի բերդն անառիկ ամրոցի հեղինակություն է վայելել Արեւելքում։ Թուրք-պարսկական երկարուձիգ պատերազմների ընթացքում բերդը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, հիմնահատակ ավերվել, ապա նորից է վերակառուցվել։

Բերդի պարիսպների ուղղությամբ եւ դրանց շուրջը կառուցված էր բավական լայն ու խոր փոս, որի որոշակի հատվածներ հակառակորդի հարձակումների ժամանակ լցրել են ջրով։

1679թ. ավերիչ երկրաշարժից հիմնահատակ կործանվել են նաեւ Երեւանի բերդն ու դրա պաշտպանական ու օժանդակ կառույցները։

Ըստ մասնագետների հիշատակությունների` բերդի եզրագիծը հասել է 800-ից 1000 սաժենի։

Քանի որ Արեւելյան Հայաստանը մեծամասամբ գտնվել է պարսկական տիրապետության կազմում, ուստի Երեւանի բերդը հանդիսացել է Երեւանի խանի ¥սարդարի¤ նստավայրը, որտեղ գտնվել են խանի հանրահայտ շքեղաշուք պալատը, հարեմը, զորանոցները, հռչակավոր բաղնիքը։ Վերջինս ներսից ամբողջապես մարմարապատ էր եւ զարդարված գույնզգույն նախշերով։

Խանական պալատը վերջին անգամ կառուցվել է ¥նախորդ ավերումներից հետո¤ Մահմուդ խանի օրոք՝ 1798 թվականին։ Այն եղել է տիպիկ պարսկական ճարտարապետական ոճով։ Հատկապես մեծ հետաքրքրություն եւ զարմանք է հարուցել խանական պալատի հայելապատ հանդիսասրահը՝ Շուշաբանդ-այվան։ Դրա քիվերը պատած էին գույնզգույն հայելիներով, որոնք տարբեր հարթությունների վրա անդրադարձնելով լույսը՝ ստեղծել են գույների ու երանգների մի հրաշալի խաղ։ Մինչեւ 1679թ. երկրաշարժը, բերդի տարածքում եղել է մինչեւ 800 բնակելի տուն` զետեղված ոչ թե որոշակի մի հատակագծով, այլ խառնիխուռն։

Ահարկու տեսքով եւ դիրքով, Երեւանի բերդն իր գոյության ընթացքում ծառայել է հայությանը թշնամի ուժերին։ Այս առումով չափազանց ճշմարիտ է նկատել հայ մեծ լուսավորիչ Խ.Աբովյանը. Երեւանի բերդը դարեր շարունակ եղել է օտարի լծի խորհրդանիշ։

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ