Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԱԶԻ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ
ԵՐԱԶԻ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ

ԵՐԱԶԻ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻԺողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ  80 տարեկան է 

 

– Բանակ եւ արվեստ, Ուժ եւ Գեղեցկություն: Մաեստրո, ի՞նչ աղերսներ ունեն այս երկուսը:

– Բանակը ուժ է, որը կոչված է պաշտպանելու խոցելի ու փխրուն Գեղեցիկը: Մարդկությունը այնքան էլ չի հեռացել քարանձավային կյանքի մոդելից` տարածքներ գրավելու, ազդեցության ոլորտը մեծացնելու բնազդային մղումից: Եվ Գեղեցիկը պաշտպանության կարիք ունի: Իսկ բարիք արարող Ուժը ներշնչվում է Գեղեցիկով:

– Որտեղի՞ց է գոյանում, որտե՞ղ է ակունքը գեղեցիկի, ներդաշնակության, որ կոչվում է մեղեդի: Որ կոչվում է Ռոբերտ Ամիրխանյանի արվեստ:

– Իմ մեղեդու ակունքը  ես կփնտրեմ ողջ կյանքում ու այդպես էլ չեմ հասնի ավարտուն բանաձեւի: Մեղեդին նման է մի… ծառի, որի արմատները ձգտում են ընդերքին, անչափելի խորքերից վերցնում են ավիշ ու սնունդ՝ մեզ տալով միայն պտուղը: Իմ արվեստը գոյանում է… հիացող սիրո վրա:

– Ո՞րն է նրա  առաքելությունը, ունի՞ արվեստը առաքելություն:

– Արվեստը կոչված է մարդուն ինչ-որ Տեղ կանչելու: Հոգեւորը ճանապարհ է` իրական աշխարհի կողքին բացելու մեկ ուրիշ, ավելի կատարյալ աշխարհ, որ կառինքնի մարդկությանն ու կջերմացնի իրական աշխարհի պաղը: Գուցեեւ սա առաքելությո՞ւն է կոչվում:

Արվեստագետն ապրում է իր ժամանակակիցների հետ, իր ժամանակի մեջ, բայց նրա հայացքը որոնում ու մեկնում է ապագայի օրինաչափությունները, որոնք  դառնում են գալիք ճանապարհի պատմություն: Արվեստագետի մեծությունը բնորոշվում է նաեւ նրանով, թե որքանով է հեռահար նրա տեսողության սլացքը: Չեմ կարծում, թե որեւէ մեկը կարող է ճշգրտել իր համար այդ սլացքի մեծությունը:

– Դուք այնքան նուրբ եք երգում սիրո մասին:

– Իմ երգերը սիրո ոգեկանչություն են: Ես սիրում եմ մարդարարածին, եւ նրա հոգում բուն դրած պրագմատիզմը ինձ ցավ է պատճառում: Սիրել մարդուն նշանակում է կատարյալ տեսնել նրան, կատարելագործել:

– Հայ արվեստն այսօր կարծես թե ապրում է բնականոն կյանքով, ծնվում են գործեր՝ ե՛ւ լավ, ե՛ւ վատ: Կան ավանդական ձեւերը, մոդեռն հոսանքները, բայց շատ կարեւոր մի բան պակասում է՝ արվեստագետի կերպար-կեցվածքում չկա Արտիստը: Գեղեցիկ, ճշմարիտ, անկակազ, շռնդալից, դրամատիկ:

– Արվեստի հայրենիքը մարդու հոգին է: Գիտեք, հեշտ է ապրել զգացումների մակերեսին: Ու եթե հասարակության մեջ չեն ստեղծվում խթաններ ավելի տեւական ու խոր ապրումների համար, մթնոլորտն սկսում է ճահճանալ, ու բարոյականի խնդիրը մղվում է ետին պլան: Երբ հայ արվեստագետները հեռանում էին հայրենիքից, ամենատարբեր մակարդակներում օպտիմիստական բնույթի կարծիքներ էին լսվում, թե՝  հոգ չէ, թող գնան, կգան նորերը: Նորերը չեն կարող գալ հանկարծ ու միանգամից, նորը պիտի գոյանա այն մթնոլորտում, որ բարոյական գումարելիների յուրատեսակ արդյունք է, եւ որի կորուստը կորուստ է անվերադարձ: Հուսալով, որ մենք կունենանք, չպետք է մոռանանք, որ մենք ունեինք եւ ունենք դեռեւս: Մենք չպետք է մոռանանք ոչ վաղ անցյալը, պատմության դասերը: Նիհիլիզմը գուցե արդյունք տա քաղաքականության մեջ, արվեստում այն կբերի ճգնաժամի: Չկա Արտի՞ստը… Արտիստը ծնվում է անսամբլից ու անսամբլը բարձրացնում իրենով:

Արվեստը տարածական երեւույթ է: Այն միահյուսումն է պատմականի եւ նորի, դասականի ու ավանգարդիստականի: Ազգայինը մի գույն է բազմերանգ խճանկարում:  Այն ծնվում է արվեստագետի կամքից անկախ, առանց միտումնավոր ջանքի: Արտերկրում ես հանդիպեցի մի կոմպոզիտորի, որը տարօրինակ որոնումների մեջ էր, ու հասկացա, որ նա պարզապես հենման տեղ չունի: Ազգայինն այն հենքն է, որից գոյանում է արվեստագետի թռիչքը:

– Ձեզ չի՞ խանգարում կյանքի աղմուկը:

– Ես լսում եմ միայն մեղեդին, ես վարժված եմ մեղեդին լսելու:

– Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար, եւ որքանո՞վ է ներկա հայրենիքը Ձեր արվեստում:

ԵՐԱԶԻ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ– Այնքանով, որքանով ներկա են  Մեսրոպը, Նաղաշը, Կոմիտասը, Սայաթ-Նովան: Որքանով ներկա է Թումանյանը: Որքանով մերն է ժայռի ծերպին աճած ծառը:  Հայրենիքն այս մեծ աշխարհի թոհուբոհում մեր ես-ի խաղաղ հանգրվանն է, նրա տունը:

– Չգիտես ինչու՝ հիշեցի Ձեր «Ու՞ր եք, տղաներ» երգը, որը Բեռլինյան փառատոնում  արժանացավ առաջին մրցանակի: Այն շատ հարազատ է ինձ եւ, ցավոք, իր բովանդակությամբ  խիստ արդիական է եւ այսօր:

Օ՜, չենք թողնի վառվի

Մի նոր հրդեհ կռվի…

Իսկ ինչպե՞ս ծնվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրհներգը:

– Երբ 1972 թվին ռեժիսոր Հենրիկ Մալյանը նկարահանում էր «Հայրիկ» ֆիլմը, ինձ առաջարկեց  փնտրել մի հին ժողովրդական երգ, որը կարող էր դառնալ ֆիլմի գլխավոր երաժշտական թեման՝ մարմնավորելու հողի, տան, ընտանիքի, հայրենիքի հանդեպ նվիրական սիրո գաղափարը: Ես ցանկացա  երկար փնտրելու փոխարեն փորձել, ի թիվս ֆիլմի մնացած երաժշտական կտորների, ստեղծել նման երաժշտական խորհրդանիշ: Եվ մինչ նկարահանման հրապարակից դաշնամուրի մոտ հասնելը,  մեղեդին արդեն ծնվել ու հնչում էր գլխիս մեջ…

– Դուք ենթադրո՞ւմ էիք, որ երգն այդ այսքան կսիրվի, այսքան մոտ կլինի մեր սրտերին, այսքան խոր ու ամբողջական կարտահայտի մեր ազգային թրթիռները…

– Ո՛չ, իհարկե: Երբեք չգիտես, թե որպես մեղեդի մարմնավորված քո ապրումներն ու զգացողություններն ինչ կյանք ու ճակատագիր են ունենալու: Երգը սիրո իմ ձոնն է հայրենիքին և այնքան մեծ ժողովրդականություն է վայելում, այնքան հարազատ է ազգային երգի ոգուն, որ շատերին թվացել է, թե այն Հայրիկ Մուրադյանի կատարմամբ հնչող ժողովրդական երգերից մեկն է:

– Երգի կառուցվածքից երևում է, որ այն կոմպոզիտորական աշխատանք է: Անկեղծ ասած՝ ես զարմացա, երբ «Երազի իմ երկիր հայրենի» երգը ընտրվեց որպես բանակի հիմն: Այն քայլերգային չէ, չունի հիմներգին հատուկ ռիթմաշար:

– Այո՛, երգը իր հողը սիրող մարդու երգ է, մարդու, որ երբեք նախահարձակ չի լինում ու նվաճող չէ, այլ իր տունը, իր արժանապատվությունը հերոսաբար պաշտպանող: Ընդունված է կարծել, որ բանակի քայլերգը պիտի ենթադրի քայլք, շարք, ընթացք ու կանչ: Իսկ մերը, իրոք, մի քիչ այլ է: Այն իր տունը առյուծաբար պաշտպանող, սիրող ու արարող զինվորի  խորհրդանիշ է: Հոգու երգ: Հայ մեծ նկարիչ Արշիլ Գորկին ասում է՝ մարդը ձգտում է դառնալ այնտեղ, որտեղ իր հոգին է ծնվել: Այս երգի մեջ ապրում է հայ մարդու ոգին:

– Հայի հոգին… Թումանյանի խոսքերը հիշեցի՝ որտե՞ղ փնտրել հայ հոգին: Հայեցողաբար կարող է թվալ, թե մեր ազգային խնդիրները փոխվել են, որ ժամանակները բերել են նոր բարքեր, նոր հարցեր, բայց, ըստ էության, էլի հայ հոգին գտնելու մեր հավերժական մղումն է մեզ իրար կապելու, պնդացնելու, զինելու արհավիրքների դեմ: Դա յուրատեսակ ինքնաորոնում է: Ու մենք բոլորս վերադառնալու ենք այնտեղ, որտեղ մեր հոգին է ծնվել, որտեղ զգում ենք մեր սրտի զարկերը:

ԵՐԱԶԻ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ Ազգի պատմությունը, մշակույթը ապրում են ոչ միայն վավերագրերում կամ դասագրքերում, այլեւ մարդկանց գիտակցության մեջ և սրտերում: Մեր  մշակույթն ու պատմությունը դառնում են ոգի, հայրենիքի զգացողություն, ազգային արժանապատվություն: Մարդու և հողի կապը անքակտելի է: Աշխարհ եկած մանուկը ոչ թե սովորում է իր մայր լեզուն, այլ աստիճանաբար արթնացնում է այն… Մայրենին արթնանում է՝ որպես ինքնագիտակցություն: Վարակիչ, անեղծ մի կայծ ազգային զգացումների տիրույթում,  ներշնչող մի թրթիռ՝ և ահա հասունացած է իր հայրենիքի համար կյանքը նվիրաբերելուն պատրաստ ազնիվ ու քաջ զինվորը… Սա է արվեստի ուժը:

– Մենք տասնամյակներ շարունակ  տագնապած խոսել ենք արտագաղթի մասին ու մոռացել ենք, որ  ավելի մեծ ցավ կա. դատարկվում է մեր հոգևոր հայրենիքը: Մարդն ապրում է իր երկրում, բայց կարծես իր հոգևոր հայրենիքի տիրույթում չէ: Երազի իմ երկի՛ր հայրենի… Գուցե մենք անդառնալիորեն օտարվե՞լ ենք իրական հայրենիքից, ու մեր բաժին հայրենիքը նույնանում է գեղեցիկ երազի հետ՝ անիրական ու կատարյալ, որին սիրում ենք կարոտաբաղձ արցունքներով, առանց հոգսի, առանց պարտավորության, առանց զոհողությունների…

– Երազի իմ երկիր հայրենի…իմ ենթատեքստը բոլորովին այլ է: Երգն այդպես է կոչվում, քանի որ այստեղ են ծնվում հայոց արարման ամենագեղեցիկ երազները: Պրագմատիկ  հայրենասիրության  պակասը մեր երկրում միանգամայն օրինաչափ է . այն հետևանք է 70 տարիների խորհրդային իշխանության կործանարար գաղափարախոսության, որը կտրում էր մարդու և իր հողի կապը, փորձում էր «ստանալ» ստրկացած և հայրենափոխ՝ անդեմ մի ժողովուրդ:

– Տերյանն ասում էր՝ քաղաքական և ռազմական կորուստները կարելի է վերականգնել, հոգևորի կորուստը անդառնալի է…

– Ազատությունը ժողովրդի կենսունակությունը ստուգող մեծ փորձություն է:

Ժողովրդի ազատությունը ինքդ քեզ «ոչ» ասելու պատրաստակամությունն է` հանուն երկրիդ:    Յուրաքանչյուր լեռ-բարձունք բաղկացած է միմյանց հետ համաձայնությամբ միացած բյուրավոր, գուցե և աննշան քարերից: Որքան էլ զարմանալի է, գագաթ-բարձրակետի երկնահասությունը կախված է ստորոտում իրար փարված քարերի ամրությունից: Այդպես չէ՞ արդյոք կառուցված մեր բիբլիական Արարատ երկնաքերը: Եվ դրանով է զորավոր: Տարբեր են քարերը, տարբեր են մարդիկ….

Տարբեր են Ռիչարդ Բախի ճայերը… Մեկը դեպի վեր էր ճախրում՝ բարձունքներ նվաճելու, մյուսներն զբաղված էին սնունդ հայթայթելով:  Առաջընթացը կարող է երաշխավորվել, երբ այն  բոլորի նվաճումն է և ոչ  առանձին մեկի… Մենք ունենք հրաշալի նոր սերունդ` օժտված,  պայծառ: Մեր խնդիրն է նրանց հավաքել ազգային ամրության գաղափարի ներքո:

– Հայտնի մուլտը հիշեցի… Անտառում լուր է տարածվում, թե երկնակամարը ուր որ է փլվելու է… բոլորը փախչում են, որ փրկվեն, իսկ ճուտիկը պառկում է մեջքի վրա, ոտքերը դեպի վեր, որ փրկի իր բաժին երկինքը: Նա լեռան  ստորոտի   փոքրիկ քարն է, առանց որի երկնահաս կառույցի ամենաբարձր քարն անգամ վտանգված է:

– Եվ մեր երկինքը  անձնվիրաբար  պահող հազարավոր մարդկանց շնորհիվ էր, որ  մենք կարողացանք ընդամենը քառորդ դարի  կենսագրություն ունեցող հայկական բանակը դարձնել երկրի անվտանգության երաշխավորը: Ուրիշներին բազում տասնամյակներ էին պետք բանակ ստեղծելու համար: Այսօր մեր բանակը բարոյախոսություն է թելադրում հասարակությանը: Նա առջևից է քայլում:

-Պարոն Ամիրխանյան, շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը: Մաղթում եմ երկարակեցություն, երջանկություն… Թող Ձեր նոր գեղեցիկ ստեղծագործությունները շարունակեն հարստացնել մեր երաժշտարվեստի փառահեղ էջերը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ