Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌՈՒՍ ԼՐԱԳՐՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ



Վերջերս Հայաստան եւ Արցախ էր այցելել «Նեզավիսիմոյե վոյեննոյե օբոզրենիյե» թերթի թղթակից Վիկտոր Լիտովկինը: Նա հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ, մասնակցել Հետախույզի օրվա հանդիսություններին, այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հանդիպել ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, եղել պաշտպանության բանակի մարտական հենակետերում:
Այցի արդյունքում Վ.Լիտովկինը գրեց երկու հոդված: Դրանցից մեկը` «Լեռների երկիրը կարող է հպարտանալ իր հատուկ նշանակայիններով» վերտառությամբ (12.11.2010), նվիրված է Հետախույզի օրվան, իսկ մյուսը` «Լեռնային Ղարաբաղի խրամատային բանակը» վերտառությամբ (03.12.2010), պաշտպանության բանակին:
Երկու հոդվածներում էլ հայ ընթերցողի համար ոչ մի նոր բան չկա: Այսուհանդերձ, դրանք ընթերցվում են հետաքրքրությամբ: Թերեւս, գլխավորը այն հարցի պատասխանն էր, թե ի՞նչից է ամենաշատը տպավորվել ռուս լրագրողը, ի՞նչն է գրավել նրա ուշադրությունը, եւ ի՞նչն է նա շեշտել: Այլ կերպ ասած` ի՞նչն է նրա հոդվածների «մեխը»:
Պարզվում է` Լիտովկինին ամենաշատը զարմացրել է… հայի հայրենասիրությունը:
Նախ` պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին հարցնում է, թե քանի՞ զինծառայող կա ՊԲ-ում, «եթե գաղտնիք չէ»:
-Ոչ, գաղտնիք չէ: Ես կարող եմ թիվն ասել: Մեզ մոտ ծառայում է 146000 մարդ: Դա Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն է,- պատասխանում է գեներալը:
Այնուհետեւ լրագրողը պատմում է ժամկետային զինծառայողներ շարքային Արթուր Իգիթյանի, կրտսեր սերժանտ Գեւորգ Գալստյանի եւ շարքային Վալերի Հակոբյանի հետ խրամատում տեղի ունեցած զրույցի մասին: Երեք զինվորներն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, երեքի նախնիներն էլ ծնունդով Լեռնային Ղարաբաղից են, եւ նրանք կամավոր ծառայելու են եկել ԼՂՀ ՊԲ:
«Հիշում եմ իմ զրույցը Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ,- գրում է Լիտովկինը:- Հարցնում եմ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտոնական հարաբերությունների մասին: Երեւանը ԼՂՀ-ն դեռեւս չի ճանաչել որպես անկախ պետություն: Բայց ինչպե՞ս է, որ հայ երիտասարդները` ոչ միայն Հայաստանից, այլեւ նույնիսկ Ռուսաստանից, ծառայում են այդ երկրում:
-Մեր ռազմական դոկտրինում եւ ազգային անվտանգության ռազմավարությունում գրված է, որ «Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է»` այստեղից բխող բոլոր հետեւանքներով,- ասում է Դավիթ Տոնոյանը»:
Բանակում ծառայելու նպատակով արտերկրից հայ երիտասարդների` Հայաստան վերադառնալու թեմային Լիտովկինն անդրադառնում է նաեւ Հետախույզի օրվան նվիրված հոդվածում: Հատուկ նշանակության զորքերի մարտիկների հմտությունների նկարագրությունից հետո նա գրում է.
«Չեմ թաքցնում, տողերիս հեղինակը, ինչպես եւ շատերը, ովքեր մեկ տարի չէ, որ ծառայել են բանակում եւ նավատորմում, նման տոնակատարություններ` ավելի ճոխ կամ փոքր-ինչ ավելի համեստ, մեկ անգամ չէ, որ տեսել են: Դրանք միմյանցից այնքան էլ չեն տարբերվում: Բայց ահա մի հետաքրքիր մանրուք: Ես շոուի կազմակերպիչներին խնդրեցի ծանոթացնել մասնակիցներից մի քանիսի հետ, ուզում էի իմանալ, թե հայկական բանակում եւ նրա ընտրանին համարվող հատուկ նշանակության զորամասերում ծառայությունն ինչ է: Ինձ մոտ բերեցին երեք երիտասարդի` «հնդկացիների» պես ներկված, ուսումնական ցուցադրական մարտից հետո երեսների քրտինքը դեռ չսառած: Ասացին` «Այս զինվորները ռուսերեն լավ են խոսում: Ձեզ համար հեշտ կլինի նրանց հետ զրուցել»:
Խնդրեցի, որ երիտասարդները ներկայանան:
-Շարքային Նիկոլայ Օհանյան, կրտսեր սերժանտ Ռազմիկ Հակոբյան, շարքային Հարություն Հարությունյան, հատուկ նշանակության առանձին բրիգադ,- ասացին նրանք: Ընդ որում, առանց հայկական առոգանության նշույլի:
-Որտե՞ղ եք այդքան լավ ռուսերեն սովորել,- զարմացա ես:
-Մենք Ռուսաստանից ենք,- ժպտացին զրուցակիցներս:- Աստրախանից, Կեմերովոյից, Տոլյատիից: Ապրում էինք Ռուսաստանում, իսկ ծառայելու եկել ենք Հայաստան:
… Մենք շատ ենք խոսում հայրենասիրությունից, մտածեցի: Բայց եթե այս պատանիները Ռուսաստանից, որտեղ բանակում ծառայում են մեկ տարի, եկել են հայկական բանակ, որտեղ ծառայության ժամկետը երկու տարի է, եւ ռազմաճակատի գծում հայտնվելու հավանականությունն էլ մեծ է, ապա ի՞նչ է դա նշանակում: Թող յուրաքանչյուրն ինքը պատասխանի այդ հարցին»:

Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Լուսանկարները՝
ՎԻԿՏՈՐ ԼԻՏՈՎԿԻՆԻ
HBO

Խորագիր՝ #48 (863) 8.12.2010 – 15.12.2010, Ազգային բանակ


16/12/2010