Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ



ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸՆոյեմբերի 5-ը նրանց մասնագիտական տոնն է, զորատեսակի կազմավորման օրը։ Միմյանց շնորհավորում են, անվտանգ ծառայություն մաղթում, և գլխավորը՝ ստորաբաժանումն այդ օրն է իր դռները բացում, հյուրեր ընդունում, իր հնարավորությունները ցուցադրում։

Նրանք «հատուկ նշանակության» տղաներն են՝ հատուկ զորամասի, աշխարհագրական հատուկ ուղղության տերերն ու պահապանները։

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸՍտորաբաժանման մի մասը դիրքերում է, սահմանին կամ սահմանից այն կողմ, մյուսները լեռներում են պատրաստվում, մարզվում։  Պայմանական հակառակորդին հանդիպելիս, մարտական առաջադրանք կատարելիս հաջողության հասնելու ամենակարճ ճանապարհն այդ   պատրաստությունն է, ցերեկը, գիշերը, ցրտին ու արևոտ եղանակին։ Դաշտային ռինգում ժամկետայիններն են, երկամյա ծառայություն անցնող տղաները, որոնք կարճ ժամանակում դարձել են գործի վարպետները: Անձայն ու աննկատ տեղաշարժից մինչև մարտարվեստի հնարքներ, անսպասելի հարձակում և վերադարձ հաշված րոպեների ընթացքում։ Սա իրավիճակի և ակնկալվող ելքի համառոտ նկարագիրն է: Հետախույզի այբուբենը բարդ է ու դժվար, ժամանակատար ու պատասխանատու, հատկապես լեռներում։ 3500 մետր բարձրության վրա անցկացրած, գիշերային ցուրտը հաղթահարած այս անկոտրում երիտասարդներն իրենց այս բարձունքների մի մասն են համարում, երկրի ու երկնքի բաժանարար գիծը, խաղաղության ու պատերազմի մարտիկները։ Լեռների արծիվների այս սերունդը սերտել է պատերազմից փոխանցված գլխավոր դասը՝ միասնական լինելն ու ներդաշնակ գործելը։ Ու համոզվել է փորձով, գործողություններով, ամենադժվար առաջադրանքից հետո հաղթական լուրը վերադասին հասցնելով։ Անտեսանելի սխրանքների հասցեատերերը` ամենավտանգավոր կետերում հայտնվող այս տղաներն իրենց արհեստավարժության աստիճանի նաև զգացմունքային են ընտանիքի, սիրելիի ու հայրենիքի նկատմամբ։ Եվ հենց սա է հայ հետախույզների հաջողության բանաձևը: Զինվորական ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸծառայությունն այս տղաների հոգեբանությունն է փոխել, դարձրել ավելի ինքնավստահ, ավելի դիմացկուն և ամենակարևորը՝ նոր շունչ է հաղորդել զորացրվելուն հաջորդող տարիներին։ Այս տղաներից շատերը սպասել են իրենց զորակոչին, զինվորական մասնագիտության ընտրությանը, որպեսզի հրամանատարներին խնդրեն՝ հատուկ նշանակության տղաների շարքերը համալրելու համար, և հասել են նպատակին։ Պատմությունները տարբեր են, ինչպես տղաների բնակավայրերը։ Գյուղերից ու քաղաքներից այստեղ եկած ժամկետայիններին միավորում են հրամանատարներն ու նրանց նկատմամբ հարգանքը: Կամավորից փոխգնդապետ, ենթակայից հրամանատար՝ հետախույզը մեկ քառորդ դար այս լեռներում է։ Այս բարձր լեռների եզրագծով շրջում է 90-ականների սկզբից՝ ազատագրական գործողությունների ամենաբարդ օրերից։

…Հետախույզների հրամանատարի ու ամբողջ ստորաբաժանման անունը հնչեց խորհրդակցության առաջին րոպեներին։ Գլխավոր ռազմական տեսուչի ստուգումների արդյունքներով՝ զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումը լավագույնն է, ամբողջ զինված ուժերում ամենաբարձր գնահատականին է արժանացել։ Նրանց համար սա հերթական ձեռքբերումն է, արդեն սովորական ու սպասելի են բոլոր հաղթանակներն ու պարգևները, որովհետև իրենք «հատուկ նշանակության» տղաներն են։

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #43 (1314) 6.11.2019 - 12.11.2019, Ազգային բանակ


07/11/2019