Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
...ՈՒ ԿԿԱՆԳՆԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
…ՈՒ ԿԿԱՆԳՆԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ

...ՈՒ ԿԿԱՆԳՆԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋՍահմանագծի այս հատվածի որոշ տեղամասերում մեր դիրքերը հակառակորդի դիրքերից նվազագույն հեռավորության վրա են: Շուրջբոլորը շիկավուն լերկ լեռներ ու բլուրներ են: Շատ շուտով դրանք ձյան հաստ շերտով կծածկվեն. մոտալուտ ձմռան շունչն արդեն զգալի է… Հաշվարկն այսօր կրակային պարապմունքի է. զինվորները ստուգողական հրաձգության առաջին վարժությունն են կատարում: «Խոշոր տրամաչափի զենքերի վրա են մարզվում. լիցքավորում, լիցքաթափում, նորմատիվներ են հանձնում»,- հետևելով տղաների աշխատանքին՝  ասում է մայոր Վարազդատ Բեգոյանը: Նա  սահմանի այս հատվածի պաշտպանությունն իրականացնող գումարտակի հրամանատարի տեղակալն է: Զինվորական ուղին հենց այստեղ է սկսել. ամեն քար ու թփին ծանոթ է: «Այս տեղանքի բարդ բնակլիմայական պայմաններն արդեն իսկ կոփում են մեր զինվորներին,- շարունակում է մայորը,- մենք էլ, մեր հերթին, մարզում ենք, սովորեցնում: Անընդհատ կրկնում եմ. «Դժվար է ուսման մեջ` հեշտ կլինի մարտում»: Պետք է իմանան` թեև մեր պարապմունքներն ուսումնական են, բայց տրամադրվածությունը միշտ պետք է մարտական լինի»:

Ծնունդով Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղից է մայոր Բեգոյանը: Դպրոցն ավարտելուց հետո, երբ որոշեց Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել, նրա համար զինվորական մասնագիտություն ասածը մոտոհրաձիգն էր, և վե՛րջ: Առանց երկմտելու այս ուղղությունն ընտրեց: 2012թ. կարմիր դիպլոմով ավարտեց ռազմական համալսարանն ու հնարավորություն ստացավ ընտրելու իր հետագա ծառայավայրը. «Դե, իհարկե, ընտրեցի ինձ ձգող առաջնագիծը, մարտական հերթապահություն իրականացնող այս զորամասն ու չեմ զղջացել: Սահմանին ծառայությունն ուրիշ է»,- գոհունակ ժպտում է երիտասարդ զինվորականը:

Ծառայության ընթացքում հրամանատարական տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բազմիցս խրախուսվել է, արժանացել «Մարտական հերթապահության» առաջին աստիճանի մեդալի: Գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնում է 2019թ.-ից: «Ցանկացած պաշտոն պետք է ստանձնել` լիովին գիտակցելով այս գործում պատասխանատվությանդ սահմանները: Այսօր խորապես զգում եմ, թե ինձնից որքան բան է կախված մեր դիրքերի պաշտպանության առումով: Հարկ եղած դեպքում, պետք է պատրաստ լինես ներգրավվել ենթակա բոլոր օղակների աշխատանքներին, ժամանակին շտկումներ անել: Եվ ինչպես դպրոցում երեխային են սովորեցնում, հասցնում  ինչ-որ արդյունքի՝ սկսելով տառերից, հետո անցնելով բառերին, բառակապակցություններին և այլն՝ մինչև ստեղծագործական շարադրություն գրելը, նույն կերպ և մեր աշխատանքը. շարքայինից մինչև ենթակա սպաների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները հղկում ենք` հասցնելով ցանկացած իրավիճակում հստակ ու վստահ գործելաոճի աստիճանի»:

Մայոր Բեգոյանը վստահեցնում է` մարտավարական այնպիսի պարապմունքներ են անցկացնում, որոնք նպատակաուղղված են հակառակորդի հնարավոր գործողություններին, ծրագրերի սցենարներին հակադարձելուն: «Այս հարցում օգնում են ինչպես մեր պատերազմական անցյալի փորձը, մեր մարտական հաջողություններն ու ձախողումները, այնպես էլ՝ մարտական գործողությունների ծավալման հնարավոր սցենարների բազմակողմանի վերլուծությունն ու հաշվառումը: Մենք հակառակորդից նվազագույն հեռավորության վրա ենք, և մեր ամեն մի քայլ պետք է նպատակաուղղված լինի մարտական  դիրքերն ամրապնդելուն ու պաշտպանելուն: Պարապմունքներն անցկացնելիս փորձում ենք ամեն կերպ շարժել ենթակաների հետաքրքրությունը, նրանց համար առավել տպավորիչ ու ընկալելի դարձնել խնդրի կատարումը»:

…2016թ. մարտ ամսին Վարազդատն իրականացրեց իր կյանքի կարևոր որոշումներից մեկը՝ ամուսնացավ համագյուղացի Կարինեի հետ: Երբ ապրիլյան քառօրյան սկսվեց, նոր էին ամուսնացել, արձակուրդում էր: Նրան շտապ ետ կանչեցին ծառայավայր: Չէր զարմացել. անհրաժեշտության դեպքում արձակուրդից հետկանչերին սովոր էր: Հետո միայն իմացավ, որ իրավիճակը լուրջ է: Զորամաս եկան երկուսով` արդեն ընտանիք դարձած: Թե ինչ օրեր էին դրանք նորապսակների համար, դժվար է պատկերացնել, իրենք էլ չեն սիրում խոսել այս մասին: Չնայած հերթը մարտական գործողություններին չհասավ, բայց այդ օրերին հնարավոր էր ցանկացած զարգացում:

Մայոր Բեգոյանի ղեկավարած վաշտի խնդիրը հակառակորդի հնարավոր հարձակման ուղղության պաշտպանությունն էր: «Նայում էի ենթականերիս աչքերի մեջ ու զգում էի`  ինչի են ընդունակ իրենց կողմից պահվող այս հողի համար… Մեր հրամանատական օղակը` իր անցած ուղիով, փորձով այսօր լիովին պատրաստ է մարտավարական լուծումներին, իսկ ստորաբաժանումներից յուրաքանչյուրը կարող է կատարել ցանկացած խնդիր:

...ՈՒ ԿԿԱՆԳՆԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋԶինվորականը միշտ էլ ոգևորվում է, երբ թիկունքում գյուղն է: Ջերմ են,  վստահության վրա են կառուցված գյուղացիների հետ մեր հարաբերությունները. ամենատարբեր հարցերով աջակցում ենք միմյանց: Պատերազմական գործողությունների փորձ ունեցող այս գյուղի բնակչությունը լավ է գիտակցում զինվորականի արժեքը և հարկ եղած դեպքում` կանգնում է մեր թիկունքին: Ապրիլյան քառօրյայի առաջին իսկ օրվանից գյուղի տղամարդիկ շատ արագ համախմբվեցին ու պատրաստակամություն հայտնեցին միանալու զորքին: Դրա կարիքը չեղավ, բայց մեր ոգու միասնականությունն, իհարկե, ոգեշնչող էր»:

Զինվորականի՝ ծառայողական բազմազան հոգսերով ու պատասխանատվությամբ ծանրաբեռնված կյանքն, իհարկե, հեշտ չէ, բայց երբ Վարազդատը երեկոյան գալիս է զինավան, գիրկն է առնում երեքամյա աշխույժ ու ժպտերես որդուն, հոգնությունն անմիջապես անցնում է: Անցնում են իրենց սիրած զբաղմունքին` միասին նկարում են, մինչև Կարինեն տաք ճաշը սեղանին կդնի:

«Երբ դեռ ընկերություն էինք անում,- պատմում է կինը,- ու ասում էր` «շատ պատասխանատու գործ է, չեմ կարողանում շուտ-շուտ գալ», չէի հասկանում: Այստեղ գալով՝ տեսա, թե որքան լուրջ է ամեն ինչ, հասկացա, թե ինչ պատասխանատու գործ է, ու որ միշտ իր հետ, իր կողքին պետք է լինեմ»:

«Դժվարության մասին երբևէ չենք խոսել,- ասում է Վարազդատը,- բայց որքան էլ դժվար լինի, մեր կանանց խոհեմության շնորհիվ մենք դա երբեք չենք զգա:

…Կարևոր չէ, թե ինչ պաշտոն ունես: Բոլոր զինվորականներիս կարևորագույն նպատակը սահմանի պաշտպանությունն է: Իսկ հայրենիքի սահմանը սկսվում է ընտանիքից: Ու այսօր ինձ համար փառք ու պատիվ է, որ ես պահում եմ հայրենիքիս սահմանը, իսկ իմ ընտանիքը ապրում է ինձ հետ` հայրենիքի  սահմանին: Մեր սպաների մեծամասնությունն է այսպես ապրում. որտեղ ինքն է` այնտեղ էլ իր ընտանիքը: Ու  հարկ եղած դեպքում, նաև հանուն մեր ընտանիքի ենք կանգնելու մինչև վե՛րջ»:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ