Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ
ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

«Եղնիկ» Վաչոյին

Սկիզբը՝ նախորդ համարում

 

– Դու նրա՛ն նվեր արա,- Սառաբաչյանից ծածուկ՝ հօգուտ նրա հրաժարվեց Գասպարը:- Ես տեսել եմ, թե ոնց է կուչ ու ձիգ անելով՝ թաքուն նայում քո Մարֆուշայի փարթամ կրծքերին, ախր, խոխեն կին չի տեսել, մենք՝ հեչ, թող տղի մեջքը մի լավ պռտի…

– Թեկուզ պսակվի,- առաջարկն ընդունեց Հրաչը:

– Ինչ էլ որ լինի՝ չկորցնենք իրար:

Ձուլված գիշերին` զրահամեքենաների շարասյունը երկփեղկում էր խավարչտին անապատը: Հրամայված էր լուսարձակները չվառել: Եվ հիմա, ճակատագրի քմայքին ենթակա, նրանք շարժվում էին դեպի անհայտություն, ուր երկինքն անաստղ էր, լուսինը՝ հանգած:

Հասնելով Բուրիբանդ լեռնաշղթայի ստորոտը՝ շարասյունը կանգ առավ ընդարձակ դարավանդին։ Ներքևում գյուղն էր. գիշերամարտը դադարել էր: Վաշտապետը կապվեց դարանակալ խմբի հետ: Վերջիններս հայտնեցին՝ երկուսը սպանվել են, և խռովարարները քաշվել են ղշլաղը։ Շների միալար կլանչն ու կաղկանձը կարծես մի նոր դավ էր գուժում:

Հրամանատարը մի քանի զրահամեքենա իր ընտրյալներով առաջնորդեց դեպի լեռնափեշը, մյուսները բարձունքից ապահովելու էին թիկունքն ու նահանջի ճանապարհը։ Կապիտանի հետ էին Հրաչն ու Արմենը։ Շրջանցելով գյուղը՝ առաջագնացները մոտեցան հսկա ժայռաքերծին, որի ծակուծուկերից խավարասերների պես ցաքուցրիվ սկսեցին ցած սողալ դարանակալ խմբի ողջ մնացած մարտիկները՝ իրենց հետ քարշ տալով զոհվածներին։

– Վաղն էլ կխցկեն ցինկը, ու մնաս բարով օյաղ կյանք,- դառնացավ Հրաչը։

– Իսկ էս հիմարը հերոս է ձևանում,- համաձայնեց Արմենը։

Երբ վերջապես տուժածներին տեդաբաշխել էին մեքենաների վրա՝ ներս առնելով նաև զոհվածների մարմինները, ահարկու մի ձայն, լեռներում արձագանքելով, սասանեց երկինք ու գետին, «Ալլա՜հ աքբա՜ր…»:

Արյան վրեժի ծարավ մոջահեդները ականանետների համազարկերով խարխլեցին դարավանդին մնացածների դիրքերը՝ թույլ չտալով սատարել գնդակահարվող յուրայիններին։ Ճախրուկների կույր խուռներամը բնավեր թևածում էր վառոդից շիկացած գիշերվա մեջ և լեղապատառ գահավիժելով խփվում էր մեքենաների զրահին՝ ծղրտալով արճիճ կուլ տված։

…Լուսադեմին գումարտակից օգնության եկան։ Մեղմ հովիկը քշում էր բզկտված խավարի ծվենները` ազդարարելով արևագալը։ Խռովարարները վաղորդյան մշուշի հետ ցանվեցին լեռան մթին խորշերն ու խորխորատները: Զոհվել էին ևս մի քանիսը։ Հրաչը վիրավոր էր։

– Արմենն ո՞ւր մնաց,- հևասպառ հարցրեց Գասպարը` կապելով Հրաչի վերքը։

– Երբ պայթեց… կորցրի նրան… կողքիս էր,- ցավատանջ հեգեց Հրաչը։

Զոհվածների ծանոթ դեմքերին նայելով` Գասպարը թեթևացած շունչ քաշեց, բայց և վիրավորների շարքերում ոչ մի հարազատ կերպարանք չտեսավ։ Եվ տանջալի, հիստերիկ անորոշությունից փղձկաց, սիրտը թափեց՝ մտածելով ամենազազրելին, անփառունակը՝ գերություն…

– Զեմլյակիդ գտան, Գասպարյա՛ն, վիրավոր է,- հայտնեց վաշտակից մի զինվոր,- էնտեղ՝ առվափոսի մոտ։

Փառք տալով Տիրոջը՝ Գասպարը գոհացավ չարիքի փոքրագույնով և հաջորդ պահին արդեն Արմենի գլուխը գրկած՝ խոսում էր անհավանական թվացող բաների մասին.

– Կանցնի՛, կանցնի՛, քերծվածք է… դիմացի՛ր…

Վերքը խորն էր, բեկորային և գիշերվա ընթացքում անօգնական մնալուց արնահոսել, ուժասպառվել էր գիտակցությունը կորցնելու աստիճան՝ դառնալով չախկալների «ծաղրանքի առարկան»։

– Ես գիտեի՜, գիտե՜ի,- հազիվ լսելի արտաբերեց Արմենը։

– Ոչի՛նչ, բան չկա, ախպե՛րս, հիմա ուղղաթիռ կուղարկեն, մենակ թե դու ուշքդ վրադ պահիր…,- լացը զսպելով։- Մի՛ քնիր, լսո՞ւմ ես, զարթնի՛ր… էսօր գիշեր քեֆ ենք անելու… Հրաչը քեզ համար… նվեր է պատրաստել…

– Չեմ ուզո՜ւմ…,- ծանրաշունչ հառաչեց Արմենը։

– Աչքերդ բաց արա ու ինձ լսիր, Արմեն ջան, հիմա մի գաղտնիք կբացեմ, բայց խոսք տուր, որ Հրաչին չես ասի… գլուխ չես գովա…,- լաց լինելով,- Մարֆուշան Հրաչին էլ հավան չի, ասում է՝ ձեր երեքից մենակ նրան եմ հոգով-սրտով ցանկանում, քե՛զ, լսո՞ւմ ես, քե՛զ. հենց որ դիմացս է ելնում, ասում է, մարմինս դող է բռնում… բայց քաշվում է, չի ուզում իր բերանով խոստովանել, կնիկ է, էլի, դրա համար էլ խնդրեց, որ ես քեզ պատմեմ…

– Սուտասա՜ն… փչի՜ր, փչի՜ր…

– Ճիշտ եմ ասում, իմ ու քո արև, թե ի՜նչ է գտել քեզ պես դանդալոշի մեջ, էդ կնանիք ՝ ոնց որ իժի ծնունդ, ընկերոջը ՝ ընկերոջ, հարազատին հարազատի դեմ կլարեն, էդ ո՞նց եղավ, հը՛, որ ո՛չ գվվացիր, ո՛չ բվվացիր, ու քեզ սիրեց… մի՛ քնիր, լսո՛ւմ ես, ուղղաթիռը իջավ… դու, ասում է, նրան՝ քե՛զ, միամիտ գիշերով մոտս մտցրու, մնացածը ես գիտեմ, ասում է՝ ուզում եմ նրանից երեխա բերել, որ անունն էլ Արմեն դնեմ… զարթնի՛ր, վե՛ր կաց, Սառաբաշյան, տղերքը եկան…

Արմենը քնել էր…

Զոհվածների թիվը ճշտվեց։

…Երեկոյան կայազորի հոսպիտալում երկու տղամարդ և մի կին հերձարանի երկաթյա սեղանին լողացրել ու հանդերձավորում էին «ծառայությունն ավարտած» զինվորի մարմինը, համազգեստը զորացրվողի էր՝ շքերթային։

-Ի՞նչ երեսով ենք նրա մորը երևալու…,- ափսոսաց Հրաչը՝ ափի մեջ պահելով Սառաբաշյանի մոր արնոտ լուսանկարը, մի պահպանիչ սրբապատկեր և ծծովի կոնֆետ։

– Ես նրան ամեն անգամ կոնֆետ էի տալիս,- լաց եղավ կրպակի տիրուհին՝ ձեռքը քնքշորեն սահեցնելով Սառաբաշյանի անշունչ, անվրդով դեմքին, որի վրա ինչ-որ խորհրդավոր, հեշտալի ժպիտ էր քարացել` մարմնավորելով Ծննդյան ու Մահվան ահեղ դաշինքը։

– Իսկ ես նրա հոգին ուտում էի, գիտեի, որ կոնֆետները մեզնից թաքցնում է… կատաղում, ընկնում էր ետևիցս, ասում էր՝ ձեզ համար էի պահել…,- Գասպարի ձայնը խեղդ գնաց։

Շաբաթվա վերջին բեռնատար ինքնաթիռը վայրէջք կատարեց Ղանդահարի օդանավակայանում՝ տեղափոխելու «բեռ-200»-ը՝ մի քանի ցինկե արկղեր։ Հայրենակիցները, Արմենի զմռսված դագաղի մոտ հրաժեշտի աղոթք մրմնջալով, խաչակնքեցին երեսներն ու ցած իջան օդանավի զրահապատ որովայնից։ Զոհվածների հետ նույն ուղերթով տուն էին վերադառնում մի քանի քաղաքացիական անձինք, որոնց մեջ էր նաև կրպակի տիրուհին՝ Մարֆուշան։

-Դու իսկապես էլ սիրո՞ւմ էիր նրան,- շահագրգիռ հարցրեց Հրաչը։

-Քորփա՛, ներողամտորեն նետեց Մարֆուշան` ի պատասխան, ապա եղերամոր եղանակով եզրափակեց։- Դուք բոլորդ էլ թանկ եք ինձ համար, սիրելինե՛րս, պահպանե՛ք իրար…