Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՐ 21-ՐԴ ԴԱՐԸ ՔՈՆԸ ԼԻՆԻ
ՈՐ 21-ՐԴ ԴԱՐԸ ՔՈՆԸ ԼԻՆԻ

Մեր բանակը 18 տարեկան է՝ քո հասակակիցը։ Դու ավելի երիտասարդ ես, դու չես տեսել, թե ինչպես կազմավորվեց ազգային բանակը, ինչպես հայ տղամարդիկ խորհրդային բանակի համազգեստի փոխարեն հայկական ազգային բանակի համազգեստ հագան։ Քեզ համար սեփական անկախ երկրի ազգային բանակի իրողությունը այնքան սովորական է, այնքան բնական ու օրինաչափ, որքան երկրիդ եռագույն դրոշը, պետական օրհներգը, զինանշանը.. Իսկ ես հիշում եմ։ Անկախ հայրենիք ունենալու տեսիլքն ամբողջ ազգին էր խանդավառել, սեփական երկրում տիրոջ իրավունքով, տիրոջ արժանապատվությամբ ապրելու, ազատ ու անկախ հայրենիքը սեփական կյանքով պաշտպանելու երազանքի համար պատրաստ էին զոհել ամենաթանկը։ Ոչ ոք չսպասեց, ոչ ոք մեզ ժամանակ չտվեց, ընդհակառակը՝ պահը պատեհ էր՝ Արցախը վերջնականապես կտրելու մայր հայրենիքից, վերջնականապես ջնջելու հայկական հետքերը հինավուրց հողից, հայրենազրկելու արցախցիներին, ոչնչացնելու դարավոր հայկական մշակույթը… Եղեռնով սկսված քսաներորդ դարը ավարտելու նոր եղեռնագործությամբ՝ պարտության խարանը մեկընդմիշտ դաջելով մեր հողմածեծ ճակատագրին… Մենք ընդունեցինք պարտադրված պատերազմի մարտահրավերը՝ առանց զենքի, առանց զորքի, առանց բանակի։ Ու 18 տարի առաջ ազգային բանակի առաջին զորակոչը մարտակոչ էր, հայրենիքը զենքով ու կյանքով պաշտպանելու, պապենական թշնամու ճանապարհը փակելու հրամայական։ Ու նրանք, ովքեր անսացին այդ կոչին, քո տարիքին էին այն ժամանակ։ Նրանք գիտեին՝ ուր են գնում։ Նրանք հպարտ էին, խիզախ, անձնվեր. գնում էին պաշտպանելու հայրենիքի անկախությունն ու ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Գնում էին ինքնակամ, խանդավառ, հավատով։ Ժողովուրդը բանակին տվեց ինչ կարող էր։ Ամեն մեկը՝ իր չափով, ժողովրդի զրկանքները դարձան զենք զինվորի ձեռքին, ճաշ՝ զինվորի սեղանին, կոշիկ՝ զինվորի հագին։ Ժողովուրդը դիմացավ թիկունքում, զինվորը դիմացավ սահմանին։ Մոնթեն ասում էր՝ եթե Արցախը կորցնենք, կշրջենք մեր պատմության վերջին էջը։ Վազգեն Սարգսյանը հավատացնում էր՝ 21-րդ դարը մերն է լինելու։ Մենք բանակ կերտեցինք, մենք չկորցրինք Արցախը, որ 21-րդ դարը քոնը լինի։ Բանակը ծնվեց մեր ցավից, մեր սիրուց, մեր խիզախությունից, մեր հաստատակամությունից, մեր ինքնանվիրումից։ Բանակ կերտելու մեր կորստաշատ ուղին Եռաբլուրով անցավ։ Արցախյան պատերազմի հաղթանակը նոր պատերազմի սկիզբ էր՝ պատերազմ խաղաղ բանակաշինության դժվարին ընթացքը խոչընդոտող արատների դեմ։ Մի հարցրու, թե ինչ պայմաններում են ծառայել հետպատերազմյան շրջանում զորակոչված զինվորները, որովհետեւ նրանք չեն սիրում խոսել այդ մասին, չեն ուզում տրտնջալ, չեն ուզում բողոքել։ Լավագույն դեպքում ասում են՝ դժվար էր, բայց դիմացանք (կամ դրա նման մի բան)։ Ու այդ «դժվարը» առավոտ կանուխ արթնանալու դժվարությունը չէր, ոչ էլ մի քանի կիլոմետր վազելու կամ մարզվելու հոգնությունը։ Այդ «դժվարը» նշանակում էր ցուրտ զորանոց, հիգիենիկ պայմանների բացակայություն, թերսնում, սահմանային ծառայության ծանր պայմաններ, մշտական վտանգ…
Քաղաքակիրթ աշխարհի բանակները հարյուրամյակների պատմություն ունեն, մեր բանակը՝ 18 տարվա։ Բայց այսօր զորակոչը մեզ համար սովորական, հերթական միջոցառում է՝ անաղմուկ, անխուճապ։ Որովհետեւ 18 տարեկան հայ պատանին զինկոմիսարիատի առաջին իսկ կանչով ներկայանում է զինկոմիսարիատ ու գնում բանակ՝ կատարելու զինվորական պարտքը, պաշտպանելու իր բաժին սահմանն ու իր բաժին հայրենիքը։ Որովհետեւ 18 տարեկան պատանին գիտի (լսել է), որ այսօր բանակում հրամանատարներն ու սպաները կազմ ու պատրաստ սպասում են իրեն։ Որ ինքը ծառայելու է բարեկարգ զորանոցներում՝ ապահովված կենցաղային անհրաժեշտ պայմաններով, ունենալու է տաք հագուստ, հագեցած սնունդ, սովորելու-տիրապետելու է իր զինվորական մասնագիտությանը ու առիթի դեպքում կարողանալու է պաշտպանել իրեն եւ յուրայիններին…
Այնուամենայնիվ, ես հասկանում եմ, որ զորակոչը մե՛զ համար է սովորական, բայց ոչ քեզ։ Որովհետեւ սա քո՛ զորակոչն է։ Ես հասկանում եմ քո մտավախությունները (մտավախությունը վախի հետ կապ չունի, թերեւս պիտի ասեի՝ մտահոգությունը)։ Դու ցանկանում ես անվրդով երեւալ, ուրախ, անհոգ, իբր՝ ի՞նչ կա որ, բանակը խաղուպար է, իբր երկու տարին երկու օրվա պես կանցնի, աչքդ էլ չես թարթի՝ տանը կլինես… Իբր…
Իրականում՝ բանակը քեզ համար անծանոթ աշխարհ է, ու բանակի մասին լուրերն էլ միանշանակ չեն, երբեմն՝ այնքան տարբեր են ու հակասական։ Կկարողանա՞ս հարմարվել նոր անկողնուդ, զինվորական մահճակալը կփոխարինի՞ քո փափուկ ու հարմարավետ մահճակալին։ Դժվար չի՞ լինի առավոտ վաղ արթնանալը (ախր դու սովոր ես երկար քնելու)։ Կդիմանա՞ս ռեժիմին, ամենօրյա վարժանքներին, կկարողանա՞ս ուտել բոլորի համար պատրաստված ճաշերը (տանը քեզ համար հատուկ են պատրաստում)… Իսկ երբ կարոտե՞ս հարազատներիդ… Իսկ երբ անհրաժեշտ լինի սիրած աղջկա կողքին լինել, պաշտպանել նրան… Ես բարձրաձայն կրկնում եմ այն, ինչ դու մտածում ես ամեն օր, ու վստահ եմ՝ դրանք այս պահին թվում են այնքան աննշան, չնչին, հաղթահարելի։ Ուրիշ մտավախություններ էլ ունես՝ ավելի լուրջ, ավելի մտահոգիչ։ Կկարողանա՞ս լեզու գտնել ծառայակից ընկերներիդ հետ… Ինչպե՞ս կվերաբերվեն հրամանատարներդ։ Վրիպումներդ կներե՞ն, կհարգե՞ն տղամարդկային արժանապատվությունդ, կհասկանա՞ն քեզ… Ես այս հարցերին պատասխանել չեմ կարող։ Ոչ ոք չի կարող։ Բայց ես վստահ եմ, որ շատ բան հենց քեզնից է կախված, քո համբերությունից, քո ազնվությունից, քո ընկերասիրությունից, հրամանատարներիդ հանդեպ քո վերաբերմունքից, նրանց լսելու, հասկանալու ու հրամանները կատարելու պատրաստակամությունից։ Նաեւ քո համարձակությունից, թերությունների դեմ պայքարելու կամքից, արդարությունը պաշտպանելու հաստատակամությունից, քո շուրջը ինչ-որ բան փոխելու վճռականությունից։ Բանակը մերն է, բանակի ձեռքբերումները մերն են, բանակի թերություններն էլ են մերը։ Ումի՞ց պահանջենք կատարյալ բանակ, անթերի սպայակազմ, օրինակելի զինվորներ։ Մե՛նք պիտի կատարելագործենք մեր բանակը, մե՛նք պիտի վերացնենք մեր բանակի առաջընթացը խոչընդոտող արատները։ Ու պիտի մեզնից սկսենք։
Շուտով դու ազգային բանակի համազգեստ կհագնես։ Այդ համազգեստը մեզ իբրեւ պարգեւ չի տրվել, քո հայրենակիցները (ավագ սերունդը) շատ թանկ գին են վճարել այդ համազգեստի համար։ Որ դու պատիվ ունենաս քո անկախ երկրի բանակում զինվորանալու, ազգային բանակի համազգեստը կրելու… Շուտով դու զենքը ձեռքիդ կկանգնես սահմանին։ Նրանք, ովքեր ննջում են Եռաբլուրում, ովքեր մնացին անհայտության ճամփաներին, այդ սահմանը արյամբ են գծել, որ քեզ սեփական երկրի սահմանին կանգնելու հպարտություն կտակեն իբրեւ սրբազան ժառանգություն։ Նրանք, ովքեր զորակոչվել են քեզնից առաջ, սահմանն անխախտ են պահել, երկիրն՝ անառիկ։ Մնացածը դո՛ւ պիտի անես։ Դու պիտի հայրենիքին տաս քո բաժինը, քո պարտքը, որ գալիք սերունդներին ավելի հզոր, ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ հայրենիք թողնես։ Մի քիչ վերամբարձ հնչեց, բայց դա է իրականությունը։ Ես քեզ չեմ ասում՝ հեշտ է լինելու։ Ես ասում եմ՝ թշնամին սպասում է, մեր թուլանալուն է սպասում, սպասում է, որ զգոնությունը մի պահ լքի մեզ… Թշնամին ուշիուշով հետեւում է մեր ձեռքբերումներին ու թերություններին։ Ձեռքբերումների մասին լռում է, թերությունները բազմապատկած՝ պատմում աշխարհին, չարախնդում։ Բայց հենց մեր ձեռքբերումներն են ստիպում նրան սուրը պատյանում պահել ու ատամները կրճտացնելուց առաջ չանցնել։
Երբ դու ազգային բանակի համազգեստ հագնես, երբ զինվորանաս, կդառնաս երկրիդ ամենապատվարժան քաղաքացին՝ երկրիդ պաշտպանը։ Կարեւորն այն է, որ դու գիտակցես այդ՝ քո արժեքը, քո առաքելության արժեքը, քո կոչման պատիվը։
Երբ կանգնես սահմանին, երբ թշնամին ու կյանքիդ սպառնացող վտանգը լինեն մոտիկ, իրական, շոշափելի, երբ թիկունքիդ զգաս քո ժողովրդի հզոր շնչառությունը, շատ հարցերի պատասխանը կգտնես ինքնաբերաբար, կարեւորը կզատվի երկրորդականից, մնայունը՝ անցողիկից… Ու որքան էլ զարմանալի թվա, քեզ կգոհացնի այն միտքը, որ մենք ամեն օր չենք հիշում քեզ, ամեն պահի չենք մտածում, որ քեզ ենք պարտական մեր խաղաղ, անվտանգ կյանքի համար։ Մենք քո տիրական ներկայությունը սահմանին ընդունում ենք որպես աներկբա իրողություն, որովհետեւ մոտ երկու տասնամյակ անկախ երկիր ունենք, ազգային բանակ ու պաշտպանված հայրենիք։
…Իսկ վերջում մի պարզ, անպաճույճ մաղթանք՝ առանց պաթոսի, առանց զգայացունց կոչերի, առտնի՝ ինչպես մեր անկախ երկրի ազգային բանակի 36-րդ զորակոչը. բարի զորակոչ, ապագա զինվո՛ր, ու բարի ծառայություն։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ