Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ
ԶԻՆԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

ԶԻՆԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԲնակարան ունենալու կարիք ու երազանք ունեն, թերևս, շատ զինծառայողներ: Մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության շնորհիվ այսօր այդ երազանքի բերկրանքն ապրեցին նաև պահեստազորի 80 սպաներ: Սահմանամերձ Տավուշի և Սյունիքի, Վայոց ձորի մարզերի պաշտոնաթող սպաները, ովքեր անցել են թոշակի, բայց հերթագրված էին բնակարանի համար, օրերս ստացան պետության ֆինանսական աջակցությունը՝ բնակապահովման խնդիրները լուծելու համար:

10 մլն դրամ. ծնունդով իջևանցի, նախկինում վաշտի հրամանատարի տեղակալ, այժմ պահեստազորի սպա Սամվել Ռևազյանն առաջինն է ստանում վկայագիրը: Նախատեսված գումարի չափով զինթոշակառուն երեք սենյականոց բնակարան կգնի հենց իր ծննդավայրում. «Սա անսպասելի ու կարևոր իրադարձություն է ինձ համար: Երկար տարիներ նվիրված ծառայել եմ իմ հայրենիքին, մեր երկրին և այսօր, կարծես, այդ նվիրվածության պատասխանն եմ ստանում»,- ասում է Ռևազյանը և հավելում` սոցիալական աջակցության այսպիսի ծրագրերը խթան ու գրավական պետք է լինեն յուրաքանչյուր զինվորականի համար՝ հայրենիքին առավել պատասխանատվությամբ ու սիրով ծառայելու:

Ըստ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության բնակարանային ապահովման բաժնի պետ Վահրամ Հարությունյանի` շահառուներին տրվող վկայագիրը ուժի մեջ է տասներկու ամիս: Այդ ընթացքում զինթոշակառուները Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում հատկացված գումարի չափով կարող են գնել իրենց նախընտրած բնակարանը. «Եթե զինթոշակառուն ուզում է, ապա իր միջոցներով կարող է ավելացնել գումարի չափը: Նոտարի հետ առքուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո, 10 աշխատանքային օրվա ընթացքում, պաշտպանության նախարարությունը բնակարանը վաճառողի հաշվին կփոխանցի յուրաքանչյուրի համար նախատեսված գումարը»,- վստահեցնում է պաշտոնյան:

…Ութսուն երջանիկներից է նաև Մարգարիտա Եղիազարյանը: Մեկուկես տասնամյակ իր կյանքը բանակին նվիրած տիկին Մարգարիտան հիմա կարող է իր սեփական բնակարանն ունենալ. պետությունը նրան 8 մլն դրամ է հատկացրել. «15 տարի մեծ հույսով սպասում էի, և ինչպես տեսնում եք, այս օրը եկավ: Այնքան երջանիկ եմ, որ բառեր չեմ գտնում շնորհակալությունս հայտնելու համար: Մենք օրինակ պետք է լինենք մյուս զինծառայողների համար, որոնք նույնպես բնակարանային խնդիրներ ունեն: Ուղղակի, հավատացե՛ք և վստա՛հ եղեք, որ դուք էլ կստանաք բնակարան»:

Տիկին Մարգարիտան ծառայել է Վայոց ձորի տարբեր զորամասերում՝ որպես գործավար: Հիմա արդեն հավաստագիրը ձեռքին է, և որոշումը՝ կայացրած՝ բնակարան կգնի Երևանում, պակաս գումարն էլ կավելացնի անձամբ:

19 տարվա  բանակային ծառայությունից հետո, սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ, թոշակի է անցել նաև Բաբկեն Գևորգյանը: Նախկին զինվորականը հիմա էլ զինվորի հայր է. որդին պայմանագրային զինծառայող է: Պահեստազորի սպան խոստովանում է՝ երբեք չի հուսալքվել և տասը տարի հավատով ու հույսով սպասել է այս օրվան. «2009 թվականից հերթագրված էի ու անհամբեր սպասում էի: Անչափ շնորհակալ եմ մեր նախարարին ու վարչապետին, որ ստացա այս վկայագիրը և հիմա կարող եմ ինձ համար բնակարան գնել»: Նախկին զինվորականը բնակարան կգնի Սիսիանում: Գևորգյանը վստահ է՝ շնորհիվ այս ծրագրի հիմա առաջնագծում կանգնած և իր գործը շարունակող որդին ավելի հաստատակամ կիրականացնի Հայրենիքի պաշտպանությունը:

Զինծառայողներին բնակարանով ապահովելու հարցը սոցիալական աջակցության առաջնահերթ ուղղություններից է: Եվ ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում բնակարաններ գնելու համար ֆինանսական աջակցություն կհատկացվի Արարատի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի զինթոշակառուներին, որից հետո նաև` Երևանի:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ