Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ

Մյասնիկյանը եւ Չարենցը

ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ

Մեծ բարեկամներ էին Ալեքսանդր Մյասնիկյանն ու Եղիշե Չարենցը, մեկը՝ պետական գործիչ, որը նաեւ գրականագետ էր, ապրում էր գրականության շահերով, մյուսը՝ բանաստեղծ, որն այրվում էր ազգային պետականության մեծ երազանքով եւ իր ժողովրդի վերածննդի նվիրական գաղափարի զինվորը եղավ՝ նրա շեփորահարը։ Հենց միայն այն, որ Մյասնիկյանը եղել էր իր կուռքի՝ Վահան Տերյանի ուսանողական ընկերը, մտերմություն էին արել, բավական էր, որ Չարենցը մի առանձնահատուկ վերաբերմունք ունենար եւ ակնածանք տածեր նրա նկատմամբ, սիրեր եւ գնահատեր նրան։

Չարենցին սիրում ու գնահատում էր նաեւ Մյասնիկյանը։ Բազմաթիվ են վկայությունները նրանց հանդիպումների, զրույցների, նույնիսկ՝ համատեղ ուղեւորությունների մասին։ Հանրապետության նախագահը ոչ միայն բանաստեղծի տաղանդի երկրպագուն էր, այլեւ նրա պաշտպանը հանիրավի հարձակումներից, հոգատար խորհրդատուն։ Հենց Մյասնիկյանի ջանքերով է, որ Չարենցը ուղեւորության մեկնեց արտասահման՝ մոտիկից շփվելու եվրոպական արժեքներին։ «Ինչպես գիտեք, ինչպես ես Ձեզ հայտնել էի  դեռ Մոսկվայում, իմ ցանկությունն է գնալ արտասահման, եւ իմ՝ այդ ուղղությամբ ունեցած բոլոր հույսերը հիմնվում են միմիայն Ձեր՝ դեպի ինձ ունեցած բարի տրամադրության վրա»,- գրել է Չարենցը Մյասնիկյանին։ Նամակ գրել է նաեւ արտասահմանից՝ նրան տեղյակ պահելով իր ստեղծագործական ծրագրերին ու հետագա անելիքներին։

Մյասնիկյանի «բրոնզաձույլ» կերպարի մեջ Չարենցը տեսնում էր հայ պետականության վերածնունդը։ Պատահական չէին նրա խոհերը. «Մենք բոլոր-բոլորս մանուկներ ենք որբ։ Մի ժամանակ էդպես է եղել։ Հիմա հնչում է որպես չափազանցություն։ Ինչո՞ւ որբ, Ալեքսանդր Ֆեոդորովիչ ունենք»։

ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ1925թ. մարտի 22-ին կասկածելի հանգամանքներում, ինքնաթիռի վթարի հետեւանքով, կտրվեց 39-ամյա Մյասնիկյանի կյանքի թելը։ Նրա մահը ողբաց ամբողջ ժողովուրդը։ Ողբաց նաեւ Չարենցը, որ դեռ արտասահմանում էր։ Ծանր տպավորության տակ նա սիրելի մարդուն նվիրեց իր նոր ավարտած «Կոմունարների պատը Փարիզում» բանաստեղծությունը։ Մահվան երկրորդ տարելիցի անմիջական տպավորության տակ 1927թ. մարտի 21-ին Թիֆլիսում գրեց «Սիրելի Ալեքսանդր Ֆեոդորովիչին» («Խոսք հիշատակի») բանաստեղծությունը։ Ավելի ուշ՝ 1933-ին, նրան նվիրեց երկու քառյակ, որում Մյասնիկյանի՝ որպես մարդու եւ գործչի չարենցյան բնութագրումներն են։

Մեծ անհատականություն Մյասնիկյանը անջնջելի հետք է թողել Չարենցի հոգում։ «Կյանքում ինձ հանդիպած մարդկանցից ամենամեծ տպավորությունը թողել է Ալ. Մյասնիկյանը,- 1934թ. մարտի 18-ի օրագրային գրառման մեջ խոստովանել է Չարենցը,- առաջին հերթին հենց նրա արտաքինը խիստ տպավորիչ էր եւ աչքի ընկնող։ Բոլոր էպիտետներից նրան կսազեր «բրոնզաձույլը», որ ես նրա վերաբերմամբ կիրառել եմ մի քանի անգամ իմ բանաստեղծություններում։ Ոչ միայն մոնումենտալ դեմքը, այլեւ ինքն ամբողջովին կարծես ձուլված էր բրոնզից եւ թողնում էր լիքը, ինքնաբավ, լիակշիռ էության տպավորություն»։

Մյասնիկյան եւ Չարենց։ Հայ իրականության երկու մեծեր՝ նկարագրով այնքան տարբեր, բայց նույնը՝ ճակատագրով։ Պայծառ, միաժամանակ ողբերգական երկու անհատականություն։

 

Հայերի գրանցումը տիեզերքում

ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ1935թ. Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) պաշտոնապես իր ձեռքն առավ տիեզերական նորահայտ մարմինների ու դրանց առանձին տեղանքների անվանակոչման գործը, եւ հենց նույն տարում հաստատվեց 672 անվանում (609-ը՝ գիտնականների անուններ)։

1959թ., երբ խորհրդային «Լուսին-3» միջմոլորակային ավտոմատ կայանը Երկիր հաղորդեց Լուսնի հակառակ երեսի լուսանկարը, սկսվեցին նաեւ այդ տեղանքի անվանակոչումները։ 1984թ. ՄԱՄ անվանումների հանձնախումբը հաստատեց Լուսնի հակառակ երեսի խառնարաններից մեկը Շիրակացի անվանելու առաջարկը։ Դրանով 7-րդ դարի հայ մեծ գիտնական, աստղագետ եւ տոմարագետ Անանիա Շիրակացու անունն ստացավ «տիեզերական գրանցում»։ Ավելի վաղ՝ ծննդյան 250-ամյակի կապակցությամբ, որը միջազգային մակարդակով նշվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, այդ նույն պատվին էր արժանացել մեծ գուսան Սայաթ-Նովան՝ նրա անունով էր կոչվել Մերկուրիի խառնարաններից մեկը։

Հայերի «տիեզերական գրանցումները» համաշխարհային գիտության եւ մշակույթի ասպարեզներում նրանց ներդրած մեծ ավանդի վկայությունն են։ Երբ հայտնագործվեց 1905-րդ փոքր մոլորակը (աստղակերպը), այն կոչվեց Վիկտոր Համբարձումյանի անունով։ Ի պատիվ Հայաստանի՝ 780-րդ փոքր մոլորակն անվանվել է Արմենիա, 791-րդը՝ Անի (հայոց միջնադարյան մայրաքաղաքի անունով)։

Աստղագիտության մեջ շրջանառվում են անվանումներ, որոնք կապված են Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցների հետ։ Դրանցից են՝ Մարգարյանի, Առաքելյանի անվամբ գալակտիկաները, Ղազարյանի, Շահբազյանի կոմպակտ խմբերը, Պարսամյանի միգամածությունները եւ այլն։ Այդ անվանումներով նշվել է հայ գիտնականների հետազոտությունների եւ հայտնագործությունների կարեւորությունը աստղագիտության ասպարեզում։

 

«Վերնատան» խորհուրդը

ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ

Թումանյանական «Վերնատունը» երեւույթ եղավ հայ մշակութային կյանքում, մտավ պատմության մեջ։ Քիչ է ասել՝ գրական խմբակ էր, գրողների հավաքատեղի, որ իր հասցեն ուներ՝ Թիֆլիսի Բեհբության փողոցի թիվ 50 տուն (Թումանյանի բնակարանի վերնահարկը, որտեղ բանաստեղծի աշխատասենյակն էր)։ «Վերնատունը» մի յուրօրինակ կաճառ էր, որտեղ կազմակերպվող ընթերցումների, գրական զրույցների, ասուլիսների, տպագրված եւ անտիպ երկերի քննարկումների միջոցով թրծվում էր հայ գեղարվեստական միտքը, իր ազդեցությունը տարածում նաեւ հասարակական կյանքում։

«Վերնատունը» հիմնադրվեց 1899-ին, ընդմիջումներով գոյատեւեց մինչեւ 1908թ. վերջը։ Հիմնադիր անդամներն էին Հովհ. Թումանյանը, Լ. Շանթը (երկուսն էլ՝ մոտ 30 տարեկան), Ն. Աղբալյանը՝ 26, Ավ.  Իսահակյանը՝ 24, Դ. Դեմիրճյանը՝ ընդամենը 22 տարեկան։ Ամենաավագը Ղ. Աղայանն էր՝ 50-ն անց։

Շռայլորեն օժտված վեցնյակ, որի շարքերը պարբերաբար համալրել են Պ. Պռոշյանը, Շիրվանզադեն, Նար-Դոսը, Վ. Տերյանը, Գ. Բաշինջաղյանը, Լեոն, Վ. Փափազյանը, շատ այլ երեւելիներ։

Մեծ եղավ «Վերնատան» խորհուրդը։ Անհատականությամբ, մտածողության առանձնահատկություններով, գրական հակումներով ու բնավորությամբ տարբեր մարդիկ էին, որոնց, սակայն, միավորում էր մեկ ձգտում՝ ծառայել ազգին, հայ մշակույթը բարձրացնել նոր մակարդակի։

Տարիներ անց Դեմիրճյանը կտա «Վերնատան» ճիշտ բնութագիրը. «Մի հասարակ քմահաճույք չէր եւ ոչ էլ պատահմունք… Դա հպարտ մարդկանց մեկուսացում չէր աննշան մարդկանցից։ Դա արվեստի եւ գրականության բացառիկ, նույն ձգտումների, ապա նաեւ ընկերական հատուկ կապերի մի կոլեկտիվ էր»։

Այդ կոլեկտիվն էր, որ հետագայում դարձավ Հայ գրողների կովկասյան ընկերության հիմնաքարը։

 

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ