Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՐՈՎ ՈՒ ԽԱՉՈՎ...
ՍՐՈՎ ՈՒ ԽԱՉՈՎ…

ՍՐՈՎ ՈՒ ԽԱՉՈՎ...Մարտական դիրքերը, սովորաբար, բարձրում են, լեռներում, բնակավայրերից հեռու։ Սա բնական պայման է՝ թիկունքի անվտանգությունն ապահովելու, հակառակորդին լիարժեք վերահսկելու համար։ Մենք լեռնային երկիր ենք, հետեւաբար, լեռները մեր բնական ամրոցներն են։

«Մարտական» լեռները, կարծես, մյուսներից տարբերվում են։ Գրեթե բոլորին միավորում են մառախլապատ հորիզոններն ու չընդհատվող տեղումները։ Դիրքային գագաթները հարուստ են նաեւ հոգեւոր բովանդակությամբ. բոլոր հենակետերում սրբատեղիներ կան՝ խաչով, խաչքարով, մատուռով ու դիրքապահի անսահման հավատով։ Գուցե միակն ենք աշխարհում, գուցե առաջինը։ Եվ այստեղ է արթնանում մեր գենետիկ հիշողությունը։ Չէ՞ որ կռվել ու հաղթել ենք խաչով ու սրով, հոգեւորականի օրհնությամբ ու հրամանատարի կոչով։

Հանրապետության հյուսիսարեւելյան լեռների գագաթները եզրագծվում են խրամատով, զինծառայողի քայլքով, դիտորդի հերթապահությամբ։ Եվ այս լեռները հաճախ են արձագանքում, միանում օրհներգին, զինծառայողների երգին, պատգամին։ Այս սահմանագծին կանգնած տղաները հյուրեր միշտ չէ, որ ունենում են. տեղանքն է բարդ, եւ պայմաններն են արտասովոր։ Զինվորական ամենագնացը ճանապարհի կեսին կանգ է առնում, մյուս կեսը պետք է անցնել ոտքով։ Գուցե այստեղից է գալիս նրանց բնորոշումը. «արծիվներ» են բառի ամենաուղիղ իմաստով։ Հետեւաբար, այս դիրքերում լինելը սոսկ այցելություն չէ՝ այն ուխտագնացություն է։

ՍՐՈՎ ՈՒ ԽԱՉՈՎ...Ամենաբարդ դիրքն է ընտրել Տավուշի թեմի առաջնորդը` Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Պարբերաբար դիրքեր բարձրացող եպիսկոպոսի նպատակն է լինել ամենադժվարհասանելի կետերում, տղաների կողքին։ Ու հենց ամենագնացի կանգառի պահին էլ սկսվում է ուխտագնացությունը։ Սրբազանը բացում է փակագծերը. սա ուխտ է, քանի որ բարձրանալիս ինքնազորացվում ես. «Բնակավայրերից հեռու այս դիրքերն ու խրամատները հետագայում գուցե պատմամշակութային արժեք դառնան, ինչպես մեզ հասած ու այսօր անգնահատելի համարվող բերդերն ու ամրոցները, որ զբոսաշրջիկների անփոխարինելի հասցեներն են»։

Դիրքի մատույցներում սպասող հենակետի ավագին Սրբազանը ողջունում, գրկում, համբուրում է։ Սա պարզապես ողջույն չէ, օրհնություն է, շնորհակալություն եւ պատիվ, որը հոգեւորականը փոխանցում է դիրքի տղաներից յուրաքանչյուրին։ Միասին շրջում են դիրքում, խրամատում: Զրույցն սկսվում է սահմանային իրավիճակի մասին տեղեկություններից, շարունակվում պատմական ու նվիրական առաքելության մասին խոսքով, խորհրդով. «Նրանցից յուրաքանչյուրն այսօր իմ փոխարեն է այստեղ, իր ընտանիքի փոխարեն, բոլորի փոխարեն, մեր բոլորի պատիվն են իրենք, բոլորի պաշտպանը, մեր հավատն ու խիղճն են իրենք». Սրբազանի այս մտքերին հաջորդում է աղոթքը՝ խաղաղության ու հաղթանակի մաղթանքով։ Սահմանապահ թեմի առաջնորդը դիրքապահներին թագավորներ է կոչում։ «Ինչպե՞ս ես, թագավո՛ր», «Այստեղ էլ մի արքա ունենք». Այսպես է սկսվում երկխոսությունը, թե ինչու, բացատրությունը պարզ է, իսկ մանրամասների համար ընդամենն անհրաժեշտ է հայացք ձգել մեր մատյաններին ու գենետիկ հիշողությամբ նկատել. «Ովքե՞ր են եղել մեր թագավորները. Երկրի տերերը, Երկրի իրական պաշտպանները: Չէ՞ որ հենց արքաներն են գլխավորել զորախմբերը, կերտել հաղթանակները»։ Գուցե շատերը հարցնեն. «Ի՞նչ է անում հոգեւորականը դիրքում, ի՞նչ առնչություն ունի նա մարտական գործի, հատկապես սահմանի պահպանության հետ»։ Սրբազանն այս հարցին պատասխանում է միանգամից, անշտապ. «Հոգեւորականի ներկայությունն առաջնագծում պարզապես անհրաժեշտություն է։ Զինծառայողի հոգեկան հանգստությունն ու զրույցը հոգեւորականի հետ մեծապես ՍՐՈՎ ՈՒ ԽԱՉՈՎ...նպաստում է դիրքի լիարժեք պահպանությանը: Մեր զրույցն օգտակար է տղաներին, որ մի քանի րոպե շունչ քաշեն իրենց սուրբ առաքելությունն իրականացնելիս, լցվեն հանգստությամբ եւ առանց լարվածության շարունակեն ծառայությունը: Նրանք բոլորից շատ ունեն հոգեւոր երկխոսության կարիքը»։

Թեմի առաջնորդը նաեւ երգահան է, Տավուշի հիմներգի խոսքի եւ երաժշտության հեղինակը, հետեւաբար, հենց հեղինակի կատարմամբ էլ ավարտվում է ուխտագնացությունը։ Սրբազանը իր զինակիցներին երգով է հրաժեշտ տալիս, անվտանգ ծառայություն մաղթում, արծիվների ձեռքը սեղմում։ Վայրէջքն էլի ոտքով է, արդեն լուռ, առանց հարցուպատասխանի։ Եպիսկոպոսն իր մտքերն ամփոփում է ցածրաձայն, մարտական երգի հնչյուններով.

«Ռեւանդուզի կռիվն էր շատ ահավոր,

Թշնամու զորքերն էին բյուրավոր,

Տասնինը տասնվեց մայիս տասնհինգին,

Հայոց առյուծն ընկավ վրեժը կրծքին…»»:

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ