Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Ավերին ու թալանին, երկրի ամայացմանը հաջորդեց բարբարոսական հարկահանությունը։ Տնտեսական հալածանքներն ընդդիմություն ստեղծեցին։ Մոնղոլական լուծը թոթափելու, անկախություն ձեռք բերելու հայ եւ վրաց ժողովրդի համատեղ պայքարի արդյունքն էր նաեւ 1259-1261թթ. ապստամբությունը, որը գլխավորում էր Դավիթ թագավորը։ Ապստամբները թեեւ որոշակի հաջողությունների հասան, սակայն այն չընդգրկեց ժողովրդական լայն զանգվածներին եւ դանդաղ մարեց։

Մոնղոլական տիրապետությունը նշանավորվեց գրավված տարածքները էլխանությունների ու ուլուսների բաժանումով։ Ինչպես պատմությունը պետք է արձանագրեր` օտար իշխանությունները չէին վայելում նվաճված ժողովուրդների համակրանքը։

Հայության ազգային մտածողությունը ծնում էր նոր գաղափարներ։ Դա ոչ թե բացահայտ պայքարի տեսությունն էր, այլ ժամանակավոր դադար։ Ձեւավորվում էր ակ-կոյունլու եւ կարա-կոյունլու ցեղերի նկատմամբ հայության զսպվածությունը, որը մտածողության հաղթանակ էր, ոչ թե իր ճակատագրի նկատմամբ անտարբերություն։

Հայ ժողովուրդը, դրսեւորելով կրավորական դիրքորոշում, ոչ թե ելնում էր իր սպառված հնարավորություններից, այլ քոչվորների անխուսափելի անհետացման պատմական անհրաժեշտությունից։

Այս ծանր փորձությունների առաջ էր կանգնած հայ ժողովուրդը, երբ Առաջավոր Ասիա ներխուժեց անպարտելիության մոլուցքով համակված քոչվոր մեկ այլ ցեղի առաջնորդ՝ Լենկ Թեմուրը։

Լենկթեմուրյան արշավանքները դանդաղեցրին ազգային մտածողության դրսեւորումները։ Այդ ահասարսուռ ժամանակներում փայլատակում է Վանի ինքնապաշտպանությունը։ 25 օր շարունակ հրոսակներին դիմադրող քաղաքը հավաստում է հայ ոգու աննկունությունը։ Լենկ Թեմուրի հեռանալուց հետո աշխուժացան թուրքմենական ցեղերը։ Նրանց 100-ամյա իշխանությունը դանդաղեցրեց տնտեսական ու քաղաքական առաջընթացը։ Թափառական ցեղերը, սպառելով արշավանքներ կազմակերպելու հնարավորությունները, անցան նստակյաց կյանքի, զավթեցին առավել արգավանդ տարածքները` բնիկներին ստիպելով հեռանալ հարազատ վայրերից եւ հաստատվել լեռնային շրջաններում։

Մոնղոլական արշավանքներից, մինչեւ թուրքմենական ցեղերի մեկդարյա տիրապետությունը` շուրջ երեք հարյուր տարի, հայ ժողովուրդը մղում էր անհավասար պայքար, դաժան մրցակցությունում ամրապնդելով իր ինքնության լծակները, որոնցից ամենազորեղը նվաճողների համեմատությամբ ունեցած բարձր մշակույթն էր՝ ազգային մտածողության հիմնաքարը։

Ժողովրդի ինքնագոյության հիմքը ազգային դպրոցն էր. իմաստասիրաց տները կամ դպրանոցները, քաղաքներում ու ավաններում գործող ժողովրդական դպրոցները, վանական դպրոցները, որոնք բաժանվում էին տարրական ու բարձրագույն դասարանների, խոշոր ներդրումներ էին միջնադարյան Հայաստանի մտավորականության պատրաստման, գրականության, արվեստի, գիտության զարգացման գործում։

Տաթեւի համալսարանը (9-15-րդ դար), Գլաձորի համալսարանը (13-14-րդ դար), Նարեկա վանքի ճարտասանական դպրոցը (10-11-րդ դար), Անիի իմաստասիրաց դպրոցը (11-13-րդ դար), Սսի ճեմարան-համալսարանը (12-13-րդ դար), Սանահինի, Հաղպատի, Բջնիի, Կեչառիսի, Երասխաձորի, Կարսի, Արշարունյաց, Գետիկի, Տարսոնի, Լամբրոնի եւ այլն դպրոցները (10-14-րդ դար) հայ մշակույթ մուտք գործելու եւ այն հարստացնելու հնարավորություն տվեցին բազմաթիվ մտավորականների, որոնք, լինելով Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթեւացու, Առաքել Սյունեցու, Եսայի Նչեցու, Դավիթ Տիրատուրի, Գրիգոր Մագիստրոսի, Հովհաննես Սարկավագի, Ներսես Լամբրոնացու աշակերտները, հայ գրականությունը, գիտությունը, արվեստը պսակեցին նոր նվաճումներով։

Հայ միջնադարյան ճարտարապետական կոթողները, քարագործության, քանդակագործության, նկարչության, մանրանկարչության ստեղծագործությունները ոչ միայն ապահովեցին հայ մշակույթի բարձր համարումը համաշխարհային ասպարեզում, այլեւ մեծագույն ներդրումներ դարձան ազգային ու պետական մտածողության ամրապնդման ասպարեզում։

Միջնադարյան հայ մշակույթը, Հայկական հարցը դարձնելով ժողովրդական գիտակցության արտահայտություն, նոր փորձության ենթարկվեց սելջուկյան, մոնղոլական, թուրքմենական ցեղերի վայրագություններին փոխարինած նոր ավերիչների՝ թուրք-պարսկական նվաճողների կողմից։ Հայկական հարցի լուծման որոնումների փուլը այս ծանր ժամանակներում մտնում էր զարգացման նոր շրջան։

1299թ. Օսման բեյի հիմնած թուրքական պետությունը մինչեւ 14-րդ դարի երկրորդ կեսը նվաճեց Փոքր Ասիայի արեւմտյան շրջանները։ 1590թ. պայմանագրով Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը, Ատրպատականը Թավրիզ քաղաքով անցան Թուրքիային։ 1603-1639թթ. շարունակվեցին թուրք-պարսկական պատերազմները։ 1639թ.Դիարբեքիրի պայմանագրով Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց երկու պետությունների միջեւ։ Պարսկական տիրապետության տակ անցան Շիրակը, Գուգարքը, Արշարունիքի մի մասը, Արարատյան դաշտը, Սյունիքը, Արցախը, Վասպուրականի արեւելյան գավառները։ Թուրքիային անցան Աղձնիքը, Ծոփքը, Բարձր Հայքը, Բասեն ու Վանանդ գավառները, Այրարատյան նահանգի հարավային գավառները։

Հայաստանի երկու հատվածներում էլ հաստատվեցին ծանր կարգեր։ Հարկային դաժան քաղաքականությունը, տնտեսական, կրոնական ու քաղաքական հալածանքները դարձան հայ ժողովրդի ուղեկիցները։ Եթե սրան գումարենք պարսկական գաղթերը, թուրքերի մանկահավաքները, ժողովրդի վիճակը հասկանալի կդառնա։ Ծանր կացությունից հայությանը փրկելու, ազատագրության ուղիներ փնտրելու նպատակով 1547թ. Ստեփանոս Սալմաստեցի կաթողիկոսը գումարեց գաղտնի ժողով, որտեղ որոշվեց Հայաստանի ազատագրության հարցով դիմել Վենետիկի Հանրապետությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմվում է պատվիրակություն, որը Եվրոպա է մեկնում 1549թ.։ 1550թ. ապրիլի 25-ին Հուլիոս Գ պապը, ընդունելով Հայոց կաթողիկոսին, նրան է հանձնում Գերմանիայի Կառլոս Հինգերորդ կայսրին ու Լեհաստանի Սիգիզմունդ Երկրորդ կայսրին ուղղված իր գրած նամակները, որոնցով խնդրում էր ընդունել եւ լսել հայերի կաթողիկոսին։

Գերմանիայում, Լեհաստանում, Լվովում բանակցությունները որեւէ արդյունք չտվեցին։ Հետաքրքիր էր կաթողիկոսի Լվով կատարած այցը։ Հայոց հայրապետը լիահույս էր, որ Լվովի հայ մեծամեծ վաճառականները, որոնք սերտ կապեր ունեին եվրոպական արքունիքների հետ, կնպաստեին թշվառ հայրենիքի ազատագրությանը։ Դեգերումները, սակայն, դարձյալ արդյունք չտվեցին։ 1562թ. Սեբաստիայում գումարված ժողովը որոշեց Եվրոպա ուղարկել նոր պատվիրակություն, որը տեղաշարժ չմտցրեց Հայկական հարցի լուծման ուղղությամբ։ 16-րդ դարը, չնայած Հայկական հարցի լուծման անհաջողություններին, իր հետ բերեց գոնե արթնացման զգացողություն։

 

Հայկական հարցի ծրագրային փուլը

17-րդ դարն սկսվեց նշանակալի իրադարձություններով։ Ազատություն ձեռք բերելը յուրաքանչյուր ժողովրդի նվիրական ձգտումն է։ Ունե՞ր հայ ժողովուրդը այդ կարողությունը։ 16-17-րդ դարերը ոչնչացման ու ուծացման վտանգի առաջ էին կանգնեցրել հայությանը։ Ասպարեզ էին գալիս անձնականը մոռացած գործիչներ, որոնք փորձում էին գտնել այն ուժը, հենարանը, որը սատար կկանգներ թշվառության հասցվածների փրկությանը։ 17-րդ դարը այդպիսի գործիչների ժամանակաշրջանն էր։

17-րդ դարի 60-ական թվականներից սկսած՝ Հայկական հարցի լուծման ծրագրային փուլը չէր խոստանում լուրջ հաջողություններ։ Անհրաժեշտություն էր դառնում առավել հասուն քաղաքական մտածողությունը, զգաստ դիրքորոշումը։

Հայկական հարցի լուծման այս փուլի իրադարձությունները կենտրոնացան Արեւելյան Հայաստանում։ Պատճառը Պարսկաստանն էր, նրա դաժան հարկային քաղաքականությունը նորանոր աղետների առաջ էր կանգնեցրել հայ ժողովրդին։ Հալածանքների սաստկացումը պատճառ դարձավ, որ կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին (1655-1680թթ.) նամակով դիմեր ռուս թագավոր Ալեքսեյ Միխայլովիչին, որպեսզի նա իր բարեկամեցությամբ ազդեր պարսից շահի վրա՝ մեղմացնելու հայության նկատմամբ իրականացվող ճնշումները։ Նույնպիսի խնդրանքով ռուսաց թագավորին դիմեց նաեւ Գանձասարի կաթողիկոս Պետրոսը։ Շահը, սակայն, գանձարանը լցնելու ուրիշ ճանապարհ չփնտրելով, շարունակում էր իր հալածական քաղաքականությունը։ Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը 1677-1678թթ. Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ, քննարկելով Հայաստանի ազատագրության հարցը, որոշվեց կաթողիկոսի գլխավորությամբ մի պատվիրակություն ուղարկել Եվրոպա եւ եվրոպական որեւէ պետության օգնությամբ ազատագրել Արեւելյան Հայաստանը։

Էջմիածնի ժողովի եւ պատվիրակության անդամ մելիք Իսրայելը, չկարողացավ իր մասնակցությունը բերել կաթողիկոսի առաքելությանը եւ ժողովի որոշմամբ նրան փոխարինեց 18-ամյա որդին՝ Իսրայել Օրին։

Շարունակելի