Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԱՐԱՅ-ԲՈՂԱԶՔՅԱՍԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ
ՍԱՐԱՅ-ԲՈՂԱԶՔՅԱՍԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

ՍԱՐԱՅ-ԲՈՂԱԶՔՅԱՍԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ2019թ. սեպտեմբերին լրացավ հայ ազգային-ազատագրական պայքարի մեծանուն գործիչ Նիկոլ Դումանի (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) մահվան 105 տարելիցը: Ստորև ներկայացնում ենք նրա հրամանատարությամբ տեղի ունեցած Սարայ-Բողազքյասան անունը կրող հերոսամարտը, որը մեծ արձագանք է գտել ոչ միայն հայության, այլև թուրքերի ու քրդերի շրջանում:

 

Վրա է հասնում համիդյան ջարդարարության շրջանը: 1895թ. օգոստոս ամսվա առաջին օրերից սկսած՝ Վանից տագնապալի լուրեր են հասնում Դերիկի վանք, որտեղ այդ օրերին իր զինակիցների հետ էր Նիկոլ Դումանը: Թուրքական կառավարությունը պատրաստվում էր հիմնահատակ կործանել Վանը, ոչնչացնել տեղի հայությանը: Վանի բնակչությանը կոտորածից փրկելու համար անհրաժեշտ էր զինական օգնություն: Վանից անընդհատ ահազանգեր էին գալիս:

ՀՅԴ Թավրիզի կենտրոնական կոմիտեի հանձնարարությամբ Նիկոլը կազմակերպում է 54-հոգանոց մարտական խումբ և 1895թ. հոկտեմբերի 25-ին գիշերով դուրս է գալիս Սալմաստի Հաֆթվան գյուղից ու ուղևորվում Վան:

Երկու օր անց մարտախումբը հասնում է Սարայ գավառանիստ գյուղաքաղաքի մոտակայքում գտնվող Չյոլ-Չիման բնակավայրը և լույսը բացվելուն պես անակնկալ ընկնում պաշարման մեջ այդ վայրերի քրդական ցեղախմբերի կողմից: Չնայած դեռեւս աշուն էր, բայց սարսափելի ցուրտ օրեր էին, ու տեղացող առատ ձյան պատճառով ֆիդայիների համար շատ դժվար էր արագ տեղաշարժվել:

…Սարայ-Բողազքյասանի կռիվների մասին առաջին գրավոր տեղեկությունները հաղորդել է Ռոստոմը, որն այդ դեպքերից շաբաթներ անց եղել էր այդ վայրերում եւ տեղի բնակիչների պատմածներից տեղեկացել դեպքերի մանրամասներին: Ահա այդ կռիվներին մասնակցած քրդերից մեկի պատմածը. «Մենք 2000 հոգի էինք, ամբողջ հայդարանցի ցեղը ոտի էր կանգնել:

Ֆիդայիներին մենք պատահեցինք լեռներում: Հալածելով, մեզ հաջողվեց նրանց իջեցնել լեռներից ու ձգել բաց դաշտի մէջ: Մենք կարծում էինք, թէ նրանք այժմ մեր ձեռքումն են, թէ նրանց դրությունը հուսահատական է, որովհետև փախչելու ոչ մի հնար չունեին»:

Հայտնվելով անելանելի իրավիճակում՝ Դումանը եւ նրա մարտական զինակիցները բնավ չմատնվելով խուճապի, սառնասրտորեն դիմում են մի անհավանական եւ չափազանց հնարամիտ քայլի, որն այդ պահին հակառակորդի զգոնությունը փոքր-ինչ թուլացնելու և ժամանակ շահելու թերեւս միակ միջոցն ու հնարավորությունն էր:

«Բայց,- շարունակում է քուրդը,- որքան եղավ մեր զարմանքը, երբ այդ ֆիդայիներից շատերը, մեր գնդակներ արձակելու ժամանակ, ամենայն սառնասրտությամբ ու հանգստութեամբ, հանեցին իրենց թաշկինակները եւ սկսեցին պարել «Կլոր պարեր»:

Ցնցող տեսարան էր, հազարավոր թշնամիներով շրջապատված հայդուկները՝ արհամարհելով վտանգը, արիասրտության հրաշալի օրինակ դրսեւորելով, շուրջպար են բռնում: Ապշահար քրդերը, զարմանքից քարացած, դադարեցնելով հրաձգությունը, ակնապիշ դիտում են այդ տարօրինակ տեսարանը: Չնայած տեսարանը իրոք զարմանահրաշ էր, բայց այն երկար շարունակվել չէր կարող: Սթափվելով հայդուկների կախարդիչ «ներկայացումից», քրդերը չորս կողմից վրա են տալիս, եւ անխուսափելի մարտն սկսվում է. 54 քաջակորով հայդուկներն ընդդեմ 2000 քուրդ զինյալ ձիավորների, որոնց մի փոքր անց Սարայ գյուղաքաղաքից  օգնության է գալիս թուրքական կանոնավոր զորքը:

Իսկ այդ ընթացքում ֆիդայիներն արդեն հասցնում են հարմար դիրքեր ընտրել եւ աներկյուղ ընդունելով մարտահրավերը՝ կազմ ու պատրաստ սպասում են դիմագրավելու հակառակորդի գրոհները:

Վստահ իրենց քանակական ահռելի գերակշռությանը՝ քրդերը ձիավոր ու հետիոտն նետվում են գրոհի: Հիսունչորս «Մոսին» հրացաններից միաժամանակ տեղացող դիպուկ և հզոր համազարկերը կատարում են իրենց հունձը: Դումանն անսասան և խրոխտ կեցվածքով ոգեւորում ու ղեկավարում է աներեր մարտնչող ֆիդայիներին:

«Ընկերնե՛ր, ձեզ մատաղ,- որոտաց խմբապետը,- խփեցե՛ք, մեռնե՛նք մինչեւ վերջին ընկերը՝ մեր բազմաչարչար սուրբ հողի վրա: Զարկեցե՛ք, թող անընդհատ սուլեն մեր գնդակները: Բայց միայն փամփուշտի հետ զգույշ, էլի կռիվ կունենանք…»:

Քուրդ հրոսակախմբերի գրոհները տապալվում են՝ հանդիպելով հայ ֆիդայիների աննկուն դիմադրությանը: Տեսնելով, որ միայն քրդերի ուժերով անհնար է կոտրել ֆիդայիների դիմադրությունը, մարտադաշտում հայտնվում է թուրքական կանոնավոր զորամասը, բայց, կռվի ընթացքը բոլորովին չի փոխվում, հայ ֆիդայիների դիրքերն ավելի քան ամուր էին եւ անսասան:

Երկու ցերեկ ու գիշեր ֆիդայիները Նիկոլի աննկուն հրամանատարությամբ, գերմարդկային համառությամբ, մարտնչում են թշնամու մեծաքանակ ուժերի դեմ: Գերազանց էին գործում հայ մարտիկների հեռահար «Մոսինները»:

Հարկ է նշել, որ ֆիդայիների անկոտրում դիմադրությունը մեծապես պայմանավորված էր հակառակորդի զենքերի նկատմամբ ռուսական «Մոսին» հրացանների բացահայտ գերազանցությամբ: Զենքին հրաշալիորեն տիրապետող քաջակորով ֆիդայիները, մեծ վարպետությամբ օգտվելով «Մոսինների» հեռահարության առավելությունից, հեռու տարածությունից դիպուկ կրակահերթ էին արձակում եւ գնդակահարում իրենց դիրքերի վրա հարձակվելու փորձ ձեռնարկող թուրք զինվորներին ու քրդերին:

«… Մեր գնդակները,- պատմում է քուրդ զինվորը,- նրանց չէին հասնում, մինչդեռ, երբ մեզանից մեկը գլուխ էր բարձրացնում քարի տակից՝ ավելի մոտենալու նպատակով, նա իսկույն գնդակահար գլորվում էր»:

Աշնանային ցրտաշունչ օրերն էին, տեղացող առատ ձյունը, ցուրտն ու քամին մեծապես դժվարացնում էին թուրք կանոնավոր զորաջոկատների եւ քուրդ հրոսակախմբերի երկաթյա օղակներում մարտնչող հայդուկների ազատ տեղաշարժերը: Եվ ինչպես հետագայում կխոստովանեն կռվի մասնակիցները՝ բնության խստաշունչ արհավիրքը ավելի էր կաշկանդում նրանց գործողությունները, քան թշնամու իրար հաջորդող, անընդմեջ հարձակումները:

Երկու օր թուրք-քրդերի բազմաթիվ գրոհները խափանելուց հետո մարտախումբը, զոհ տալով 6 մարտիկների, Նիկոլի առաջնորդությամբ, կռվի երկրորդ օրվա ուշ երեկոյան, անկասելի հարվածով ճեղքում է թշնամու հոծ շղթան եւ հոկտեմբերի 26-ին հասնում Բողազքյասան հայաբնակ գյուղը:

Խմբի մի մասը ցրտահարվում է, միայն մեծ չարչարանքներով հասնում են գյուղ և, երկու մասի բաժանվելով, պատսպարվում գյուղի մարագներում:

Հոգնած եւ ցրտահարված հայդուկները դեռ չէին հասցրել մի փոքր հանգստանալ երկօրյա կռիվների ու ճանապարհի դժվարություններից, նորից պաշարվում են իրենց կրնկակոխ հետապնդող թուրքերի ու քրդերի կողմից:

Թշնամին հայտնաբերելով նրանց թաքստոցը, չորս կողմից գնդակների կարկուտ տեղալով, նետվում է գոմերում ապաստանած ֆիդայիների վրա: Մոռանալով իրենց հոգնածությունը, քաջակորով ֆիդայիները անմիջապես ոտքի են կանգնում եւ համապատասխան դիրքեր գրավելով՝ անվրեպ հարվածներով հետ են մղում թուրքերի եւ քրդերի բոլոր գրոհները:

Հայդուկների դիպուկ հարվածներից սարսափած՝ քրդերը դադարեցնում են գրոհները եւ փորձում են տեղի հայ բնակիչների միջոցով համոզել ու սիրտ շահելով՝ հայդուկներին դուրս բերել գոմից:

Թշնամին առաջարկում է. «Զինաթափ եղեք, և մենք ձեզ անվնաս, ազատ կթողնենք»: Խմբապետը բանբերի միջոցով պատասխանում է.

«Գնա՛, հայերին ասա, որ քրդերից զատվեն, իսկ թե մենք ինչ կանենք, այդ մեր գործն է»:

Հաջողության հույսը կորցրած, թշնամիները վառում են խոտի դեզերը եւ խուրձ-խուրձ շպրտում մարագի երդիկից ու դռնից ներս՝ փորձելով ծխի միջոցով խեղդել ֆիդայիներին:

Ի՞նչ անել. ակնթարթորեն ընկերների հետ վճիռ կայացնելով, Նիկոլն անսպասելիորեն մրրիկի արագությամբ ծխով պարուրված դուրս է թռչում մարագի դռնից, ցատկում վառվող խոտի խուրձերի վրայով եւ ուշադրություն չդարձնելով հակառակորդի արձակած գնդակներին, տասնոցի դիպուկ հարվածներով հարթելով խոչընդոտները, բարձրանում է մոտակա բլուրը: Պարզվում է՝ նրա գնդակահարածներից երկուսը քրդերի ցեղապետներն էին: Նիկոլի անհավատալի քաջագործությունից ապշահար, քրդերը նրան անվանում են Դուման, այսինքն՝ մառախուղ, փոթորիկ: Այստեղից էլ նրա Դուման մականունը:

Հովսեփ Արղությանը՝ Դումանին նվիրված իր հոդվածում, անդրադառնալով այդ նույն Բողազ քյասանի կռվի պատմությանը, գրում է. «Դումանը խմբով իջևանում է այդ գյուղում՝ Նաթանեանի տանը: Քրդերը իմանալով այդ, շրջապատում են Նիկոլին. ցանկանալով խեղդամահ անել հայդուկներին ծխի ու մխի մեջ՝ դրանք ծածկում են տունը խոտով, փշերով ու կրակ տալիս: Ապա սկսելով հրացանաձգութիւն՝ առաջարկում են Նիկոլին անձնատուր լինել:

Երբ կրակն ու բոցը ծածկում են տան չորս կողմը, Նիկոլը, հրացանը ձեռքին, դուրս է գալիս քրդերի միջից եւ հենց դռան առաջ հրացանի երկու հարվածով ցած է գլորում շամսիկցիների ցեղապետներին՝ Շավեշին եւ Ջնդիին: Ապա մեն-մենակ հրացանի է բռնում ղոլամներին եւ 10 քուրդ նորից սպանում: Մնացած քրդերը սարսափահար փախուստի են դիմում:

«Ավա մրով նինա, ավա դումանա (սա մարդ չէ, սա դուման- փոթորիկ է)»` ասում են քրդերը և հետագայում երգեր են հյուսում Դումանի քաջության մասին»:

Հայդուկապետի սխրանքից ոգեկոչված՝ հայդուկները նույնպես արագորեն դուրս են թռչում մարագներից, իսկ այդ ընթացքում Նիկոլն արդեն բարձրացել էր բլրի գագաթը ու հարմար դիրքավորվելով՝ «Մոսինի» հեռահար հարվածներով օգնում էր ընկերներին: Հայդուկները դիպուկ հարվածներով գետին տապալելով թուրք զինվորներից ու քրդերից շատերին, հայդուկապետի աջակցությամբ, պատռում են մարագների չորս կողմը սփռված թշնամու շղթան և, կտրվելով հակառակորդից, հասնում Հաղթադաղ լեռանն ու դիրքեր գրավում բարձունքներում:

«Մերոնք,- նշված է «Դրօշակում»,- ոչխարի նման քշում են դուրս՝ կոտորելով: Քրդերից 15 հոգի ընկան, որոնց թվում էին Միլազիմ Ջնդին և գեր հազարապետ Շավեշը: Մերոնցից և ոչ մի հոգի չվնասվեցավ: Մեզ հաջողվեցավ խլել վեց հրացան ու 8 ձի, որոնց օգնությամբ անմիջապես մոտակա Հաղթադաղ լեռը դիրք բռնեցին մեր մի քանի ընկերները»:

Հայդուկների փոթորկալից գրոհից ու ցեղապետների վախճանից շփոթահար, թշնամին սթափվելով ու նորից հետապնդելով հայ մարտիկներին, պաշարում է լեռը: Շուտով մարտադաշտում է հայտնվում թուրքական զորախումբը:

Մի քանի ժամ ընթացող կռիվներում, աննկուն պաշտպանությամբ ոչնչացնելով բազմաթիվ թուրքերի ու քրդերի, ֆիդայիներին հաջողվում է մութն ընկնելուն պես խուսափել թշնամու հետապնդումներից ու բարեհաջող հասնելով Վան՝ համալրում են քաղաքի պաշտպանների մարտաշարքերը:

Բողազքյասանի կռվում Նիկոլի կատարած սխրանքը այնպիսի մեծ տպավորություն է գործում, որ քրդերը նրա մասին երգ են հյուսում՝ տարածելով այն քրդական բնակավայրերը՝ ամենուրեք Դուման անունը հիշատակելով երկյուղով ու միաժամանակ պատկառանքով:

Ահա մի քառյակ Դումանին ձոնված երգից.

Պողասքեասանը առանձին գյուղ է,

Նաթանեանի տունն էլ քեաֆերների բույն է,

Թող Աստված պատժի քեաֆր Նիկոլ Դումանին,

Որ կտրեց ձեռքը մեր շամսիկցիների:

Անդրադառնալով Սարայ-Բողազքյասան հերոսամարտերի մանրամասներին` Ռոստոմը գրում է. «Այդ խմբի քրդերի վրա թողած ահագին տպավորության և սարսափի մասին գաղափար կարելի է կազմել այն երգերից, որ օրինակել են Սոմայի քրդերը: Այդ երգերի մէջ գովաբանում են այդ «չտեսնված կտրիճներին», մանավանդ մեկին՝ երկար հասակով, սեւ մորուքով, որի գնդակները միշտ ճակատին էին կպչում: Նրան քրդերը մկրտել են «Դուման» անունով…

Սարայ-Բողազքյասանի կռվի եւ Դումանին քրդերի կողմից հորինված երգերից մեկի մասին մի արժանահիշատակ պատմություն է պահպանվել Արամայիսի հուշերում: Մի անգամ Սալմաստի Սեյդվար գյուղում հանդիպման են եկել Պարսկաստանի տարածքում հանգրվանած արևմտահայեր:

Հանդիպման ընթացքում արեւմտահայերից մեկը, ոգևորվելով, սկսել է քրդերեն երգել մի երգ, որը վերաբերում էր Սարայ-Բողազքյասանի կռվին եւ Դումանին:

«Ես,- գրում է Արամայիսը,- խնդրեցի թարգմանել. երգիչը մի առանձին սիրով, հազար ու մի գովեստներ թափելով «Ազգասեր Դումանի» հասցեին, մի անգամ էլ երգեց, հետո սկսեց թարգմանել.

Ֆիդայիներն անցան Կոտորի կիրճով,

          Շամսիկցիները հետքը վերցրին.

          Նրանց հետեւից մինչև Սարայ եկան,

          Եվ Սարայում նրանց հասան:

          Սարայը առատ է ջրով, աղբյուրով.

          Տարաբախտ մնաց Սարայը դրանցով.

          Ավերակ Սարայը լցվեց արյունով,

          Բողազքյասանում կռիվն սկսվեց…

          Կտրվեց Ջնդոյի ու Շավեշի ցեղը.

          Դումանի ու իր ֆիդայիների տունը

          Աստված քարուքանդ անի…»:

 

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր