Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ
ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸՆՎԻՐՈՒՄ

 

Փոխգնդապետ Սեյրան Հակոբյանը գրեթե քառորդ դար բանակում է:

-Զինվորական գործի հանդեպ սերս գալիս է մանկությունից: Պապս զինվորական էր: Ես թեև նրան չեմ տեսել, բայց երբ նայում էի նրա լուսանկարները, լսում էի նրա մասին պատմությունները, մեջս խմորվում էր զինվորական դառնալու որոշումը: Բացի այդ էլ, մեր շենքը խորհրդային բանակի սպաներին էր պատկանում, ու աչքս անընդմեջ զինվորականներ էր տեսնում: Ինձ գրավում էր համազգեստը, զինվորականների ձիգ կեցվածքը, ուսադիրների աստղերի փայլը: Դեռ չէի պատկերացնում, թե այդ փայլուն ուսադիրների հետևում որքա՜ն դժվարություններ կան, տքնանք, պատասխանատվություն:

1996թ.  զորակոչվեցի բանակ, ու հենց այդ ժամանակ էլ բախտն ինձ ժպտաց՝ մեզ մոտ հրետանային սպաների դասընթացներ բացվեցին, և  ես էլ  ընդգրկվեցի՝ մարմին տալով իմ երազանքին:

Սպայական դասընթացներն ավարտելուց հետո Սեյրան Հակոբյանը  նշանակվեց  խառը հրետանային գնդում՝ որպես դասակի հրամանատար, հետո առաջխաղացումներ, նոր նշանակումներ:

Ներկայումս գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ գործող պաշտպանական շրջանի հրետանու պետն է:

Փոխգնդապետը ապրիլյան մարտական գործողությունների մասնակից է:

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ-Ապրիլյան օրերին հրետանին իր վճռորոշ դերակատարումն ունեցավ: Հենց միայն հակառակորդի վիճակագրությունում նշված է, որ իրենց զոհերի մոտ 80%-ը  հրետանու կրակից է: Սա ինքնին խոսուն փաստ է, որ վկայում է խոցման աստիճանի ճշգրտության և մեր հրետանավորների արհեստավարժության  մասին: Ապրիլյան պատերազմը մի յուրօրինակ քննություն էր, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր զինվորները ե՛ւ հոգեբանորեն են պատրաստ, ե՛ւ մասնագիտորեն:

Հրետանին կոլեկտիվ զինատեսակ է, և ցանկացած հրետանավորի վրիպումը ուղղակիորեն ազդում է վերջնարդյունքի վրա: Մեր հրետանավորները փոխհամագործակցելով, փոխլրացնելով, փոխհամալրելով լուրջ արդյունք ունեցան: Պատերազմում, սակայն, ոչ միայն հրետանավորների համախմբվածությունը երևաց: Ամբողջ ազգն էր համախմբվել՝ ազգը զինվոր էր դարձել…

-Այսօր մենք խնդիր չունենք ե՛ւ հեռահարության, ե՛ւ ճշգրտության, ե՛ւ ամբողջ խորությամբ մեր հասանելիության առումով,- շարունակում է փոխգնդապետը,- յուրաքանչյուր զինվոր եւ սպա թե՚ խաղաղ, թե՚ մարտական պայմաններում իր պարտականությունները, իր գործառույթները հստակ գիտի եւ ցանկացած խնդիր պատրաստ է կատարելու: Անձնակազմն էլ անցած ամփոփիչ քննությունների ժամանակ արժանացել է  «4» գնահատականի:

♦♦♦

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸՓոխգնդապետ Սեյրան Հակոբյանը չորս որդի ունի՝ վաղվա չորս զինվոր:

-Հիմնականում կնոջս ուսերին է որդիներիս դաստիարակությունը: Շաբաթ-կիրակի  օրերին  եմ միայն զորամասից գնում  տուն, ու թե տանն էլ երեխաներս հանկարծ մի բան այն չեն անում, ու կինս էլ ասում է՝ վրաները խոսիր, արդարանում եմ՝ ո՞նց խոսեմ, մի շաբաթ չեմ տեսել, հազիվ կարոտս առնեմ…

Հազար պլան եմ մտքումս գծում-ծրագրում ընտանիքիս հետ անցկացնելու, բայց հաճախ մտադրություններս չեմ հասցնում իրագործել:

-23 տարի բանակում եք, պարո՛ն փոխգնդապետ, իրապես՝ սպայական փայլուն ուսադիրների հետեւում բազում դժվարություններ կան, տքնանք, պատասխանատվություն… Ամենօրյա ծառայությունը խլում է ժամանակի մեծ մասը, անվերջանալի այս խնդիրների միջից,  երբ մի պահ  բարձրացնում եք գլուխն ու հասկանում եք…

-Ու հասկանում ես, որ չես կարող ապրել առանց այս ամենի: Որ հազար տեսանելի ու անտեսանելի թելերով կապված ես ծառայությանդ,  զինվորներիդ, որ զինվորական համազգեստը վաղուց արդեն դարձել է քո երկրորդ մաշկը, կենսակերպը, ապրելու բանաձեւը, իսկ անցնող տարիները բազմապատկել են սերդ մասնագիտության հանդեպ:

 

ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԸ

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ

Առաջնագծում ենք: Արցախի հյուսիսային այս հատվածն առանձնանում է բնակլիմայական բարդ պայմաններով, բարդ, կտրտված տեղանքով ու անպատմելի շքեղ բնությամբ:

Զինվորական «Վիլիսը», հաղթահարելով ճանապարհի բազում խոչընդոտներ, մեզ տանում է հրետանավորների մոտ:

Հրետանավորները  տեսական, գործնական պարապմունքների միջոցով կատարելագործում են մասնագիտական գիտելիքները:

Հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Արսեն Գրիգորյանը Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից է.

-Հայրս 17 տարեկանում մասնակցել է Շուշիի ազատագրմանը: Ինքն ու հորեղբայրս  մասնակցել են ե՛ւ Արցախյան պատերազմին, ե՛ւ ապրիլյանին: Հիմա իրենց գործն եմ շարունակում՝ ամուր պահելով հայրենի եզերքը:

Ծառայությանս ութ ամիս է մնացել: Զորացրվելուց  հետո ուսումս կշարունակեմ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, ուրիշ վայրում  ապագաս չեմ պատկերացնում, կապրեմ, կաշխատեմ ծննդավայրում:

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸՀաշվարկի վարորդ, շարքային Ռոստիկ Օզմանյանը Կոտայքի մարզից է.

-Թեև ազգությամբ եզդի եմ, բայց հայոց հողը ինձ համար հայրենիքի պես հարազատ  է, այստեղ եմ ծնվել, մեծացել: Ապրիլյանի ժամանակ զոհվեց նաև իմ ազգականներից՝ Բորիս Օզմանյանը: Այն վայրագությունները, որ մենք տեսանք թշնամուց, ստիպում է մեզ զենքը ձեռքներիցս վայր չդնել:

Հրանոթի հրամանատար, սերժանտ Արտուշ Ենոքյանն էլ հավելում է. «Ձգտում ենք զինվորական գիտելիքներն է՛լ ավելի կատարելագործել՝ մեր դիմաց նենգ թշնամին է… Ես ուսումնական զորամասում եմ վեց ամիս ծառայել, այնտեղի սովորածս հիմա կիրառում եմ գործնականում:

Հրանոթի նշանառու, շարքային Վահե Դավիթյան. «Նոր եկողներին կհորդորեմ՝ իրենց գործում վարպետանան, տիրապետեն անհրաժեշտ գիտելիքներին: Զինվորական գործում մանրուքներ չկան՝ մի աննշան թվացող սխալը կարող է վճռորոշ լինել»:

Մարտկոցի ավագ վարորդ, շարքային Վռամ Եսայան. «Երկու եղբայրներս ծառայել են, արդեն մեկ տարի 4 ամիս էլ ես եմ ծառայում: Բացի ավագ վարորդից, նաև հաշվարկի համար եմ: Մեզնից ամեն մեկը հստակ գիտի հրետանու կարևոր և վճռորոշ դերը պատերազմի ժամանակ  հրետանին հակառակորդին զսպող-սաստող ուժն է, բանակի հուսալի  վահանը»:

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ-Անձնակազմը իրեն տրված հրահանգներն ու առաջադրված խնդիրները ճիշտ, ժամանակին ու վստահ կատարում է:  Հարկ եղած դեպքում, առկա ուժերով եւ միջոցներով ունակ ենք խոցելու հակառակորդի ցանկացած նշանակետ,- ասում է խառը հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հրամանատար, կապիտան Մեխակ Եղիկյանը:

Երիտասարդ զինվորականն ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, արմատներով Տավուշից է:

-Մի սահմանից մյուս սահմանն եմ եկել, տարբերություն չկա՝ հայրենիքի որ հատվածում եմ ծառայում:

Մեխակի հայրը, հինգ  հորեղբայրները  Արցախյան ազատամարտի տարիներին ինքնապաշտպանական ջոկատում են կռվել՝ պաշտպանել հայրենի բնօրրանը: Մեխակն էլ  ապրիլյան մարտերի  ժամանակ Թալիշ-Մատաղիս հատվածում էր:

-Ապրիլյան այդ օրը զորամասի պատասխանատուն էի: 18-20 տարեկան  տղերքը մեր սպասվածից էլ լավ կատարեցին իրենց գործը, այնպես անվրեպ, այնպես վարժ էին խոցում, ասես բազմաթիվ մարտերում էին թրծվել: Հրետանին ահռելի մեծ գործ կատարեց այդ ժամանակ եւ իր հատու, վճռորոշ խոսքն ասաց:

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸՀրետանավորների օրվա առթիվ էլ մաղթանքս, ցանկությունս, երազանքս  մեկն է՝ թող բոլոր զորատեսակներն էլ իրենց զենքը գործածեն միայն ու միայն զորավարժարաններում:

Բայց, հարկ եղած դեպքում, պատրաստ ենք հուժկու հարված, վերջնահարված տալով ընդմիշտ լռեցնել թշնամուն:

♦♦♦

Մութն արդեն ընկել էր, երբ հրաժեշտ տվեցինք մեր հրետանավորներին: Վառվռուն, գունագեղ աշնան հմայքը ձուլվել էր կապտաթույր մութին:  Հրետանավորները մնացին իրենց տեղակայման վայրում,  իսկ նրանց խրոխտ երգը դեռ  երկար  հնչում էր ունկերումս.

Մեր հրետանին է ահեղ որոտում,

Թշնամու դիրքերին սարսափ տարածում,

Զարկի՛ր, հպա՛րտ հրետանավոր…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ