Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔԱՐԱՓԻ ԱՐՏԸ
ՔԱՐԱՓԻ ԱՐՏԸ

ԼԵՆՎԵԼ ՄԵԼԻՔՅԱՆ

ՔԱՐԱՓԻ ԱՐՏԸՆվիրվում է Մեծ հայրենականում անհետ կորած հայորդիների պայծառ հիշատակին

 

Այն օրերի մասին, երբ սով էր ու պատերազմ,

երբ մենք՝ փոքրիկներս, գիտեինք միայն,

որ հայրիկներս կռիվ են գնացել, ու… չգիտեինք,

որ այլևս չեն վերադառնալու։

 

Չռիկի քարափից թափվող ջրերի առաջին կանչով է բացվում մեր գյուղի գարունը։

Պապս նորից վերցնում էր թուղթն ու գրիչը ու երկար մտորում՝ գրի, թե չգրի… Գարին հատնում էր։ Ու մինչ բերքահավաք մի ամբողջ հավիտենականություն կար։ Ու մի մեծ գերդաստան թոռ ու երեխայով, հարս ու աղջկանով գարի հացի կարոտ կարմրող արտերին էին սպասելու… Քի՞չ սպասելու բան կար…:

«Գարին ծլարձակեց։ Գարին հով է գցել։ Հասկը լցվում է։ Գարին դեղնեց…»

Մինչ նոր բերքի գարին ալյուր դարձած տուն կհասներ, մեծ ու փոքր հա նույնն էին կրկնում։ …Դիմումը չէր ստացվում։ Երկար գրի, թե կարճ, միևնույն է։ Մեջտեղը նորից հացի խնդրանքն է… Չեն ասի՝ ձյունը դեռ չելած, դու ինչ սերմացու ես խնդրում: Կասեն՝ ուտելու համար է։

Կասե՛ն։

♦♦♦

Պապս ելավ տեղից, եղանն ուսն առավ ու քայլեց դեպի քարափը։

Արտբոլոր պարսպից դուրս արևակող մի տափարակ կար՝ ձեռնաչափ լաստ քարերով։ Հողը քիչ էր, քարը՝ շատ։ Եվ հող ու քար գոլորշի էին արձակում։ Իսկ տնամերձում ձյան շերտը խտացել և սրսուռ ձյունը իր ալիքվող բյուրեղիկներով կերած-խմած մարդու էր կանչում։

Պապս շուռ եկավ։ «Մի տասն օր կուշանա ցանքը, մի տասն օր կուշանա հունձքը։ Մի տասն օր էն կնիկը զահլաս կտանի՝ «Էն գարին չհասա՞վ»։

Հասա՛վ: Ու պապս այնպես թափով եղանը խրեց քարերի մեջ, որ ցեխաջուր ցայտեց դեմքին։ Շոյեց՝ հո՜ղ կա։ Հո՜ղ կա։ Ուրեմն, մի տասն օր առաջ թոնրատան երդիկից կտարածվի հացի բույրը։ Ու յուղով, մեղրով, կաթ ու մածնով բեռնված սեղանը (ո՜վ էր նման բաների երեսը նայում) կթագադրվի հացով: Սեղան կնստի Նորին Մեծություն ՀԱՑԸ։ Թեկուզ՝ գարի հացը։ Եվ պապս կփիլիսոփայի.

-Հացը խաղաղ ժամանակ դիվանագիտություն է, պատերազմի ժամանակ՝ զինվոր։

♦♦♦

-Դանիե՜լ, ո՞ւր:

Տատս էր։

-Դանիե՜լ, ո՞ւր։ Էդ ի՞նչ ես շալակած տանում։

-Դանիե՜լ…

Պապս չլսելու էր տալիս։- Դե արի ու հասկացրու էդ կնկանը։

-Դանիե՜լ, էդ ո՞ւր, է՜։

-Գրողի ծոցը,- պապս ավելի շուտ բեղի տակ քրթմնջաց, քան պատասխանեց տատիս անհանգիստ կանչերին։

♦♦♦

…Սերմը առնում էր քարին։ Պապս վերցնում էր քարը։ Սերմը առնում էր քարին։ Պապս վերցնում էր քարը. ավելի շուտ քարհավաք էր անում։ Թե հողի պտղունց էր ճարում, ծածկում էր սերմը։

Վաղը ուշ կլինի։ Հողը, որ շատ քիչ էր, վաղը քամու բերանն ընկած փոշի կդառնա։

♦♦♦

Տատս թևերը կանթած, կռվի պատրաստ կանգնել էր պապիս կողքին։

Կուրծքը վերուվար էր անում։

Տունս քանդեցի՜ր։ Ա՛յ մարդ, բա էս գարնան շեմին, էս նեղ օրվան մարդ իր մի բուռ հատիկը քարերի՞ն բաժին կանի։ Քարսի՛րտ… Բա էն տասներեք անձը ո՞նց ես պահելու, բա էն էրեխեքի ձենը ո՞նց ես կտրելու…

Ասա՛, է՜…

Պապս եղանը մի կողմ դրած, գլուխը հակած ծնկներին, ծխախոտի դառը ծխի հետ կուլ էր տալիս տատիս նախատինքը։ Ու երբ գլուխը վեր բարձրացրեց, աչքերից արտասուք էր հոսում։

-Դանիե՛լ, քրտնած ես, կմրսես։ Վե՛ր կաց։

Դեմքդ սրբիր, Դանիե՛լ, քրտնած ես։ Տատս չուզեց ասել՝ արցունքդ սրբիր։

Տատս կռվի տոմսը ետ էր տվել։

♦♦♦

Ձորն այն կողմ, արևահայաց լանջին առաջին ձնծաղիկն էր բացվում։ Առաջին առվակներն էին հոսում լանջն ի վար… Ու տաքուկ ավազաքարերի մեջ ղոշավանքցի երեխաներս «կռիվ-կռիվ» էինք խաղում։ Ավազաքարերից փոքրիկ ջրաղացքարեր էինք սարքում, թելի կոճերից՝ փոքրիկ տուրբիններ, ու քարափի տակ ծվարած ձյուներից ծնվող առվակները պտտում էին մեր փոքրիկ ջրաղացքարերը։ Ու քարը քարին «ուտում էր»։

Պատերազմի տարի էր։ Մենք էլ պապիս նման աղուն չունեինք։ Ձյո՞ւն էինք աղալու, ի՞նչ է։

♦♦♦

1944-ի գարունն անցնում էր։ Մենք պապիս արտին էինք պահակություն անում, մայրիկներս՝ հայրիկներիս տունդարձի ու փոստատար Քեռի Սողոյի ճամփին։ Նամակներն ուշանում էին։ Հայրիկներն ուշանում էին։

Ուշանում էր նաև բերքահավաքը։

Սով էր ու պատերազմ։

Ու մի օր էլ, թե՝ բերքահավա՜ք է։ Մեծ ու փոքր, հարս ու աղջիկ հարձակվեցինք պապիս արտի վրա։ Ոչ մեկիս ձեռքին գործիք չկար։ Ու բոլորս չոքեցինք ժամկետից շուտ հասած մի կտոր արտի եզրին։ Ստացվեց շուրջպար։ Ստացվեց շրջապատում, ու ոչ մի հասկ, ոչ մի հատիկ դուրս չպրծավ մեր ձեռքից։ Պապս ցնծում էր։ Թեև քիչ, բայց Քարափի արտի բերքը լավն էր։ Կարևորը՝ շուտ հասավ։ Հունիսի վերջին, երբ ոչ մի հատիկ չէր մնացել ամբարում, ու մի բուռ խյուսի ալյուրը «գլխավոր բժշկի»՝ տատիս մակագրությամբ էր դուրս գրվում, ամբարում հայտնվեց մի ամբողջ պարկ գարի ալյուր։

-Տունս քանդեցի՜ր…, -Պապս էր։ -Ա՛ռ, զխտվի՛ր:- Տատիս էր ասում։ Իսկ տատս չլսելու էր տալիս։ Չէ՞ որ վաղն արդեն թոնիրը հացի կարոտը կառնի։

♦♦♦

-Ե՛լ, Դանիե՛լ, ի՞նչ ես շվարել։

-Ե՛լ, Դանիե՛լ, տղեն պատերազմից եկել է, սիրածն սպասում է, մեղք են, տղին ամուսնացրու։

-Ինչո՞վ…

-Շապիկս կծախեմ…

 

-Ի՞նչդ։ -Պապս կատաղում է։- Մի դրան տարեք, շորերը հանեք, տեսեք՝ հագին շապի՞կ կա։

Տատս ձեռքը ծոցը տարավ։

Տատս իր չունեցած շապիկն էր փնտրում։

Դեռ սով էր ու սպասում…