Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԻՐՔԻՑ՝  ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ԴԻՐՔԻՑ՝ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԴԻՐՔԻՑ՝  ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՀայաստանի ամերիկյան համալսարանի Akian Art Gallery ցուցասրահում օրերս երիտասարդ նկարիչ Հայկ Գալոյանի «Նոր կյանքի սկիզբը» խորագրով  ստեղծագործությունների անդրանիկ ցուցահանդեսն էր:

Հիմա կասեք՝ հետո ինչ, ամեն օր էլ  շնորհալի երիտասարդների ցուցահանդեսներ են լինում: Բացեմ փակագծերը՝ Հայկ Գալոյանը զինվոր է, ծառայում է գնդապետ Գոռ Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասում եւ հրամանատարության թույլտվությամբ առաջնագծից եկել էր Երեւան՝  մասնակցելու  իր առաջին անհատական ցուցահանդեսին:

-Շատ էի սպասել այս օրվան, զգացողությունների խառնաշփոթ է՝ ե՛ւ ուրախ եմ, ե՛ւ հուզված, ե՛ւ հպարտ… Բառերով դժվարանում եմ զգացածս արտահայտել,- ասում է Հայկը:

Նկարչության հանդեպ սերը երիտասարդը ժառանգել է հայրիկից ու պապից: Փոքր տարիքից է նկարել Հայկը,   մասնագիտական կրթությունն էլ ստացել է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:

Մասնակցել է տարբեր ցուցահանդեսների, եւ ահա  ամենասպասվածը՝ առաջին անհատականը՝ «Նոր կյանքի սկիզբը» խորագրով:

ԴԻՐՔԻՑ՝  ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ«Ակունք»` յուղաներկ, «Շնորհք»` յուղաներկ,  «Ազատության ըմբոշխնումը»` խառը տեխնիկա…  Նկարներն աչքի են ընկնում լույսի եւ ստվերի թրթռուն խաղով, ներկապնակի  հարուստ գունաշխարհի հարաբերումներով,  գունային ինքնատիպ լուծումներով,  բացի ընդհանուրի հետ ներդաշնակվելուց, ամեն մի գույն իր որոշակիությունն ունի, իր շեշտադրումը:

Օժտված երիտասարդի գործերում թեմատիկ բազմազանություն է, առկա է ազատ, անկախ ստեղծագործելու ձգտումն ու որոնումները:

Մեր չքնաղ բնաշխարհի գողտրիկ անկյուններն են կտավներում՝ Ջաջուռը, Բազմաբերդը…

Ապրումների անկեղծությունն ես զգում, տրամադրությունը եւ ամենակարեւորը՝ սեփական ձեռագիրը:

ԴԻՐՔԻՑ՝  ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆկարչուհի-մանկավարժ Գայանե Միքայելյանը Հայկի առաջին ուսուցչուհին է. «Մեծ թռիչք նկատելի է:  Ամեն բնատուր ձիրք էլ պահանջում է մշակում, հղկում, զարգացում, մեծ աշխատասիրություն ու անվերջ-անվերջ  ձգտում դեպի հոգեւոր լույսը»:

Նկարիչ Արա Էլբակյանի բնորոշմամբ էլ՝ Հայկի նկարներում խորը փիլիսոփայություն կա. «Հոգին շատ խորքային է, ինչը չափազանց կարեւոր է արվեստում: Չեմ վախենա ասել՝ տաղանդավոր երիտասարդ է, մի քանի տարի անց նրա անունը հաստատ կլսենք»:

ԴԻՐՔԻՑ՝  ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՏաղանդավոր երիտասարդի՝ Հայկ Գալոյանի անունը դեռ կլսենք, վստահ եմ՝ մի օր էլ  ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» հանդեսում հարցազրույց կտպագրվի նրա՝ որպես արդեն կայացած ու հայտնի նկարչի հետ:

Իսկ մինչ այդ՝ ցուցահանդեսից հետո հրետանային մարտկոցի հեռաչափորդ, շարքային Հայկ Գալոյանը կվերադառնա ծառայավայր՝ ամուր պահելու հայրենի եզերքի սահմանները:

Զորացրվելուց հետո Հայկը կշարունակի ծառայությունը արդեն արվեստի ասպարեզում՝ արվեստի մարդիկ էլ ազգի հոգեւոր պաշտպանն են…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ