Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄՐՑԵՑԻՆ ՀՊՊ  ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
ՄՐՑԵՑԻՆ ՀՊՊ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Զորամասերում «Հասարակական-պետական պատրաստություն» առարկայի ուսուցման մակարդակը բարելավելու, մանկավարժական նորամուծություններն ու արդիական մեթոդները կիրառելու եւ խմբերի ղեկավարների միջեւ արդյունավետ համագործակցություն ծավալելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանով զինված ուժերում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացվեց ՀՊՊ խմբերի ղեկավարների համաբանակային մրցույթ: Մրցույթի երրորդ` եզրափակիչ փուլում բոլոր զորամիավորումներն ու զորատեսակները ներկայացան իրենց երկուական ուժեղագույն մասնակիցներով: Հոկտեմբերի 7-ին անցկացված եզրափակիչ փուլում նրանց միջեւ ծավալվեց համառ պայքար, որի արդյունքում մրցութային հանձնաժողովը հաղթող ճանաչեց ավագ լեյտենանտ Է. Ավալյանին: Նշենք, որ 3-րդ բանակային կորպուսը ներկայացնող ավագ լեյտենանտ Ավալյանը մրցույթում հաղթում է երկրորդ տարին անընդմեջ:

Մրցույթի անցկացման կարգի եւ առանձնահատկությունների մասին զրուցեցինք հանձնաժողովի անդամ, ԱՀՏԱ վարչության բաժնի պետ գնդապետ Ա. Ալեքսանյանի հետ: Ինչպես նշեց գնդապետը, թեստային տարբերակով ստուգվեցին մասնակիցների գիտելիքները, ուսուցման սկզբունքների, մեթոդների եւ ձեւերի իմացությունը, ապա դրանք գործնականում կիրառելու ունակությունը, պարապմունք կազմակերպելու եւ անցկացնելու արդյունավետությունը:

-Շուրջ մեկ տարի է` զորամասերում ՀՊՊ առարկան դասավանդվում է «Գաղափարադաստիարակչական պատրաստություն եւ հասարակական-պետական պատրաստություն» ձեռնարկով,-նշեց գնդապետ Ալեքսանյանը:-Նախկինում օգտագործվել է ոչ լիարժեք, միայն սպայական խմբերին վերաբերող ուսումնական ձեռնարկ: Այս մրցույթը նախորդ տարիների նմանատիպ մրցույթներից տարբերվում է հենց նրանով, որ հարցաշարերը կազմել ենք բացառապես նոր դասագրքի նյութերի հիման վրա: Պետք է նշեմ, որ ԱՀՏԱ վարչության մասնագետների պատրաստած գիրքը բավական հաջողված է եւ ոլորտի առաջին մասնագիտական դասագիրքն է, որում զետեղված են միայն ՀՊՊ առարկային վերաբերող թեմաներ: Գրքում համատեղված են հանձնարարականներ, ծրագրեր, կազմակերպչամեթոդական հավելվածներ, այսինքն` խմբի ղեկավարը, միայն այդ գիրքն ուսումնասիրելով, իմանում է առարկայի դասավանդման ժամանակ ինչ եւ ինչպես անել` ստանալով նաեւ դասավանդման պատրաստի նյութ: Ընդ որում, զետեղված են ծրագրեր` նախատեսված բոլոր կատեգորիաների զինծառայողների համար` նորակոչիկների, խաղաղապահների եւ այլն: Ճիշտ է, գիրքն ընդամենը մեկ տարի առաջ է մտել զորքեր, բայցեւ հնարավոր է` դեռ լիարժեքորեն ընկալված չէ, եւ նախորդ տարիների մրցույթների արդյունքների համեմատ մասնակիցների ցուցանիշների որոշակի անկում նկատելի է, սակայն դասագիրքն այժմ լայնորեն ուսումնասիրվում է զորքերում` բացահայտելով իր բոլոր առավելությունները, ինչի մասին խոսեցին նաեւ մրցույթի մասնակիցները:

Գնդապետ Ալեքսանյանը նաեւ նշեց, որ արդյունքների ամփոփումից հետո իրենք որոշակի հետեւություններ են արել: Այսպես, օրինակ` մրցույթի բոլոր փուլերում նկատվել է, որ խմբերի ղեկավարները «կաղում են» հոգեբանական եւ իրավական թեմաներից: Ուստի հետագա ծրագրերը կազմելիս առավել մեծ տեղ է հատկացվել հենց այս թեմաներին:

Վերջում գնդապետը մեզ ներկայացրեց ՀՊՊ խմբերի ղեկավարների մրցույթի եզրափակիչ փուլում բարձր արդյունքներ ցուցաբերած եւ մրցանակային տեղեր գրաված սպաների անունները: ՌՔԿՊ մասնագետների պատրաստման ուսումնական դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Ռ. Փնջոյանը զբաղեցրել է երրորդ պատվավոր տեղը եւ պարգեւատրվել թանկարժեք նվերով: Դ-30 հրետանային դիվիզիոնի մարտկոցի հրամանատար կապիտան Գ. Հարությունյանը երկրորդ տեղում է եւ կրկին խրախուսվել է թանկարժեք նվերով: Իսկ հաղթողը` տանկային դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Է. Ավալյանը, որ հնարավոր 30 միավորից հավաքել է 27 միավոր, պարգեւատրվել է հուշանվերով: Գնդապետը հատուկ ընդգծեց ավագ լեյտենանտի մասնագիտական ունակությունները` նշելով, որ երկու տարի անընդմեջ նման դժվար մրցույթում հաղթելը պատահականություն չի կարող լինել: ԱՀՏԱ վարչության մասնագետներն այժմ ծրագրում են Ավալյանին ընդգրկել ոլորտի զարգացման հետագա աշխատանքներում:

Հավելենք, որ 1-6-րդ տեղերը գրաված մասնակիցներն արժանացել են պատվոգրերի եւ շնորհակալության:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր