Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՈ ԵՐԱԶՆ ԱՊՐՈՒՄ Է



ՔՈ ԵՐԱԶՆ ԱՊՐՈՒՄ ԷԻնչ-որ մեկն ասում է՝ Յուրա Արզումանյանն ընտրել էր հավերժության ճանապարհը: Քո մասին է ասում: Ես չեմ ճանաչում նրան, հաստատ դու էլ չէիր ճանաչի, որովհետեւ 45-50 տարի առաջ, երբ դու փոքրիկ տղա էիր, նա քո ուսուցչուհին էր՝ երիտասարդ, գեղեցիկ աղջիկ: Այժմ տարեց կին է, բայց առաջվա նման բարի ժպիտ ունի ու մեղմ հայացք: Դուստրերդ, կինդ, ուսուցչուհիներդ, ընկերներդ հավաքվել են քո տանը: Ծննդյան տոն է, միայն թե 60-ամյա հոբելյարի փոխարեն 33-ամյա տղամարդու լուսանկար է դրված սեղանին: Իր բաժին ծաղիկների կողքին, իր բաժին ափսեի դիմաց: Ավելի հասուն տարիքի լուսանկար չկա, որովհետեւ դու ընդամենը 33 տարի ապրեցիր: Եթե դու ողջ լինեիր, կասեիր՝ պատերազմը հավերժության ճանապարհից բացի, այլ ճանապարհ չէր թողել այն տղամարդկանց համար, որոնք իրենց հայրենիքի ազատությունն ու սեփական արժանապատվությունը գերադասում էին կյանքից: Նույնիսկ նրանք, ովքեր ողջ մնացին, ովքեր դուրս եկան Արցախյան պատերազմի դժոխքից, հավերժության ճամփորդ են: Հայրենիքի անվախճան երթի ուղեկիցն ու պաշտպանը:

ՔՈ ԵՐԱԶՆ ԱՊՐՈՒՄ Է…Քո տան պատշգամբի տակ փոքրիկ ծաղկանոց կա ու հուշաղբյուր: Ծաղկանոցում բազմագույն վարդեր են աճում, հուշաղբյուրի վրա գրված է՝ Օրհնանքի աղբյուր: Վարդերը մարտական ընկերներդ են բերել՝ Ալեքը, Արմենը, Իգորը, Յուրան… Նրանք հիշում են, որ վերեջին մարտական գործողությունից առաջ վարդանոցի մոտով անցար: Գեղեցիկ, փթթած վարդերի բույրով էր լցված օդը: Կյանքն այնքան գեղեցիկ ու թանկ էր, երջանկությունն այնքան մոտ ու ըմբռնելի: «Երբ վերադառնամ, քաղելու եմ այս վարդերից ու տանեմ տուն, նվիրեմ աղջիկներիս»: Չվերադարձար: Մարտական ընկերներդ դուստրերիդ մի ամբողջ վարդանոց նվիրեցին` հաստատ իմանալով, որ աշխարհի բոլոր վարդերը միասին հոր ձեռքերի քնքշանքն ու սերը ներծծած մեկ վարդի արժեք չունեն: Աղջիկներդ թերթում են քո հուշալբոմը ու մատը դնելով իրենց հոր գրկին նստած փոքրիկ աղջնակների վրա, ասում. «Սա ես եմ, իսկ սա քույրիկս»: Նրանք հիմա մեծ են, հասուն ու գեղեցիկ: Պատմում են, որ դու սիրել ես լուսանկարել, ու ձեր բոլոր հարեւանների, հեռու-մոտիկ բարեկամների, ընկերների տանը ինչ-որ հուշ կա քեզնից՝ սեւ ու սպիտակ լուսանկարի տեսքով: Քո լուսանկարների անավարտ ալբոմը լրացվում է ամեն օր, մասունք-մասունք հավաքում են քո բոլոր լուսանկարները: Բայց ժամանակը, որ կանգ է առել 1992 թվականի վրա, առաջ չի գնում ու չի գնալու, որքան էլ լուսանկարները շատանան ու տասնյակ ալբոմներ լցնեն: Իսկ վերհուշներից հյուսած քո կերպարը մնալու է վառ, անանց նրանց հոգում, ովքեր քո կյանքի ու քո հոգու մի մասնիկն էին:

Զինակիցներդ ասում են, որ դու հրաշալի զինվոր էիր, ընկերներդ ասում են, որ Կապանում չկա մի շենք, որին քո ձեռքը կպած չլինի, ուսուցչուհիներդ ջանում են դեպքեր ու դրվագներ հիշել քո մանկությունից, նրանցից մեկը նույնիսկ քեզ նվիրված բանաստեղծություն է գրել ու կարդում է կերկերուն ձայնով… Ասես յուրաքանչյուրը մի-մի վրձնահարվածով փորձում է գույն ու շունչ տալ քո անավարտ դիմանկարին:

Նրանք քո մասին պատմել են նաեւ Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին, հատկապես 5-ի գ դասարանին, որը քո անունն է կրում: Դու թիվ 6 դպրոցն ես ավարտել, վազվզել ես միջանցքներում, դաս ես պատասխանել այն դասասենյակներում, որտեղ հիմա աշակերտները քո մասին շարադրություն են գրում: Նրանք գիտեն, որ քեզ ու քեզ նման քաջերի կյանքի գնով փրկվեց Արցախը, ու Հայաստանը մնաց աննվաճ: Եվ, որ ամենակարեւորն է՝ նրանք հասկացել են, որ հայրենիքը ամենաթանկն է, ու այն պիտի պաշտպանել կյանքի գնով: Դու այլընտրանք չես թողել նրանց. սա քո ընդհատված կյանքի ամենամեծ պատգամն է, ամենասուրբ ժառանգությունը սերունդներին:

ՔՈ ԵՐԱԶՆ ԱՊՐՈՒՄ ԷԵս փակում եմ աչքերս ու քո անավարտ հուշալբոմի դատարկ էջերը լցնում եմ պատկերներով: Ես «առաջ եմ պտտում» ժամանակը ու փորձում պատկերացնել, թե ինչպես կշարունակվեր կյանքդ 1992-ից հետո:

…Այստեղ ամեն ինչ քոնն է: Քո վարդերի պուրակը, քո հուշաղբյուրը, քո կառուցած շենքերը Կապանում, քո անունը կրող դասարանի աշակերտները, քո ընկերները, քո աղջիկները, քո կինը, քո ուսուցիչները, քո հարեւանները…: Այստեղ ամեն ինչ քոնն է, եւ քո գործը կիսատ չի մնացել: Քո երազն ապրում է: Քո քաղաքի օդը լցված է հարազատ եզերքի հանդեպ սիրով ու հայրենիքի համար անմնացորդ պայքարելու վեհությամբ: Ու քո ընկերները ամեն տարի քո ծննդյան օրը այցելում են քեզ` ասելու.

-Շնորհավոր ծնունդդ, մարտակա՛ն ընկեր:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #39 (1310) 9.10.2019 - 15.10.2019, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


10/10/2019