Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԶԵՆՔՈՎ, ԱՅԼԵՎ ԵՐԳՈՎ
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԶԵՆՔՈՎ, ԱՅԼԵՎ ԵՐԳՈՎ

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԶԵՆՔՈՎ, ԱՅԼԵՎ ԵՐԳՈՎԱզգային ու հայրենասիրական երգերը, զինվորական քայլերգերն ու մարտակոչերը միայն տոնական օրերին չէ, որ հնչում են. մեր բանակի զորամասերից մեկում արդեն երկու տասնամյակ, ամեն օր «Զորական» համույթը թարմացնում է իր երգապնակը կամ նոր շունչ է հաղորդում հին ու սիրված երգերին: «Զորականի»  ստեղծման, կայացման ու հաջողությունների հարցում անգնահատելի է մեր բանակի լավագույն սպաներից մեկի՝  համույթի գեղարվեստական ղեկավար Արամ Գալստյանի դերը:  «Զորականի» տարեգրությունն ու նրա ղեկավարի կենսագրությունը վաղուց են միաձուլվել, և հիմա առանց մեկը մյուսի պատկերացնել հնարավոր չէ. «Զորականը» ոնց որ իմ երեխան լինի. ստեղծել, պահել մեծացրել եմ: Ես ինձ ոչ մի օր չեմ կարող պատկերացնել համույթից դուրս»,- խոստովանում է մաեստրոն:

Արամ Գալստյանը զինված ուժերում է 1996 թվականից: Կոնսերվատորիայի վոկալի բաժինն ավարտած երիտասարդ երգիչը սկզբնապես աշխատանքի է անցել Սպայի տանը, որից հետո ստանձնել է  «Զորական» համույթի գեղարվեստական  ղեկավարի պաշտոնը:  Նրա անմնացորդ նվիրումի ու տարիների  քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ զինվորական երգչախմբի անունը կապվել ու կապվում է տարբեր տրամաչափի մրցանակների ու տիտղոսների հետ: Օրերս էլ նրան շնորհվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը.  «Հարթակ բարձրանալիս տարօրինակ զգացողություն ունեի. հուզվել էի, շփոթվել, պատասխանատու ու պարտավորված  էի զգում հետագա իմ գործունեության համար: Միշտ այդպես է, երբ գնահատված ես լինում, պատրաստ ես անել ավելին, քան պահանջվում է քեզնից»:

…Գեղարվեստական ղեկավարի գլխավորությամբ համույթն արդեն հասցրել է  կոմպոզիտորական բազմաթիվ երգեր թարմացնել: Հիմա  դրանք հնչում են  նոր` ռազմական շնչով. «Ամեն տարի ծրագիրը թարմացնում ենք: 12 նոր երգ ունենք, եւս 4-ը ընթացքի մեջ են: Համույթում շեշտը դնում ենք կոմպոզիտորական այն ստեղծագործությունների վրա, որոնք տարիների ընթացքում իրենց ոգեղենությունը չեն կորցրել»:

«Զորականում» ամենօրյա փորձերը գրեթե չեն տարբերվում  տոնական համերգներից ու միջոցառումներից: Գեղարվեստական ղեկավարի պահանջն է. տղաները միշտ պետք է պատրաստ լինեն խրոխտ ձայնով եւ բարձր մակարդակով հնչեցնել հայկական ռազմահայրենասիրական երգերն ու քայլերգերը: Զինվորականի պատասխանատվությամբ և արվեստագետին բնորոշ պահանջկոտությամբ Արամ Գալստյանն անհատապես աշխատում է համույթի տղաներից յուրաքանչյուրի հետ. «Պատասխանատվությունը երգիչները պետք է զգան նաև փորձի ժամանակ: Ոչ մի նոտա հենց այնպես չպետք է հնչի: Բոլոր նոտաները հոգուց պետք է բխեն,  հատկապես այն դեպքում, երբ մեր հայրենիքի մասին ենք երգում…»:

Ազգային մեղեդին ու հայրենասիրական երգերը հայ զինվորի մշտական ուղեկիցն են: Հաճախ հենց երգով են զինվորները ոգեշնչվել և հաղթել մարտում: Հենց դրա համար է, որ «Զորականը» պարբերաբար այցելում է զորամասեր, տարին երկու երեք անգամ լինում է զորամիավորումներում եւ համերգներ կազմակերպում: Հենց այսպես է համույթը ազգային բանակի եւ մեր զինվորների հետ կապը պահում ու ամրապնդում: Արամ Գալստյանի խոսքով՝ սահմանին կանգնած զինվորները միշտ սպասում են իրենց, իսկ «Զորականը» ամեն ջանք գործադրում է, որ տոնի վերածի զինվորի օրը: Համույթի ղեկավարի համար անմոռանալի է հատկապես ապրիլյան քառօրյայից հետո «Զորականի» շրջագայությունը մարտական դիրքերում ու հենակետերում: Հիշում է` զինվորներն ու երգիչները ուս ուսի տված այնպես էին երգում, որ նրանց ձայնը լսվում էր հակառակորդի դիրքերում:

«Զորականի» հաջողությունների և հաղթանակների մասին դեռ շատ կլսենք, քանի որ այստեղ ծառայել ու ծառայում են սպաներ, որոնք մշակույթի վաստակավոր գործիչ Արամ Գալստյանի ղեկավարությամբ հայրենիքը սիրում ու պաշտպանում են իրենց խրոխտ կատարումներով:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ