Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱՏԵՂԻ ԱՅՑԵԼՈՂ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ



Մի ժամանակ մեծ քրոջս հետ հաճախում էինք նույն ավետարանական հավաքատեղին։ Բայց մի օր աղոթեցի, որ Աստված ինձ ճշմարիտ հավատի ճանապարհը ցույց տա, քանի որ տարբեր խմբերի հավատացյալների հետ խոսելիս ամեն մեկն իր հավատքի ուղղությունն էր ճիշտ ու փրկարար համարում (միմյանց հակադրվող այդ խմբերը զարմանալիորեն համերաշխ էին Հայ Առաքելական Եկեղեցին մերժելիս)։

Մի օր էլ Աստված միայն Իրեն իմանալի ձեւով ոտքերս, ավելի ճիշտ` իմ մեքենայի ղեկը ուղղեց եկեղեցի. սովորականի նման նստելով մեքենան, այդ կիրակի նորից որոշել էի գնալ Նար-Դոսի փողոցում գտնվող ավետարանական հավաքատեղին, բայց, երբ մեքենայից իջա, ի զարմանս ինձ, հայտնվել էի քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Զորավոր՝ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։ Ու մասնակցելով սուրբ Պատարագի արարողությանը` այնպիսի հոգեվիճակում էի, կարծես հազար տարի կորած երեխան իր սիրելի մորն է գտել ու արցունքներս հազիվ էի զսպում։ Նաեւ հասկացա, որ մեր հայրերի եկեղեցին ու Խաչի պաշտամունքը կենդանի զորություններ են, որոնք կարող են ապրեցնել յուրաքանչյուր քրիստոնյա մարդու։

Այն էլ ասեմ, որ ես, չիմանալով Խաչի հանդեպ ավետարանականների հակակրանքը, որպես հայ քրիստոնյա` կնունքիս խաչն էի կրում: Ու երբ այն պատահաբար վերնաշապիկիս տակից երեւաց, տեսնել էր պետք, թե ավետարանականներն ինչ սառնությամբ, ոմանք էլ նույնիսկ թշնամանքով էին նայում մեր Տիրոջ Խաչին, որը նրանց համար լոկ զարդ է կամ ընդամենը խորհրդանիշ։ Իսկ ես Աստծուն փնտրելիս խաբվել էի` տեսնելով ավետարանականների հավաքատեղիի շենքի վրայի խաչը, որը նրանք միամիտներին խաբելու և հրապուրելու համար էին տեղադրել:

Այդ օրվանից քույրս, որ դեռ շարունակում էր ավետարանչական հավաքատեղի այցելել, հետզհետե սկսեց «սառչել» իմ նկատմամբ, իսկ որոշ ժամանակ հետո նույնիսկ թշնամացավ` ծաղրելով ու տգետ համարելով ինձ, մանավանդ երբ տանս պատին փայտե Խաչ կախեցի։

Մի օր էլ հետս սաստիկ վիճելուց հետո գնաց իր տուն ու անկողին ընկավ։ Բժիշկները չկարողացան օգնել: Ցավերը քանի գնում սաստկանում էին, ու մի օր էլ զգաց, որ մահն է մոտեցել։ Այդ պահին քույրս ամբողջ ուժով աղաղակեց` «Տե՛ր, փրկիր ինձ և ազատիր այս մահացու հիվանդությունից», ու նաեւ խնդրեց, որ Աստված մի նշան ցույց տա, որպեսզի ինքը համոզվի, որ բժշկությունն Աստծուց է:

Ցավից համարյա անգիտակից վիճակում էր, երբ հանկարծ մի շատ գեղեցիկ ու ոսկեգույն, լուսավոր Խաչ երեւաց, որը մոտեցա՜վ, մոտեցա՜վ այնքան, որ վրան կարմիր, արնագույն երակներ նշմարվեցին, որոնք ավելի էին գեղեցկացնում ու անբացատրելի խորհրդավորություն տալիս Խաչին։ Տեսիլքը վերացավ, բայց քիչ հետո կրկնվեց, հետո` էլի։ Քույրս հասկացավ, որ Տերն իր ողորմածությամբ Խաչի խորհուրդը ցույց տվեց իրեն, այն է` Խաչից բացի ուրիշ նշան չկա, որ Աստված տվել է մարդկանց` Իր Որդուն հավատալու համար։ Երբ խաչը երևաց երրորդ անգամ, քույրս հանկարծ կորցրեց սեփական մարմնի ֆիզիկական չափերի զգացողությունը եւ մի անհասկանալի ջերմությամբ լցվեց։ Որոշ ժամանակ անց, երբ սթափվեց, հասկացավ է, որ մարմնում այլեւս ոչ մի ցավ չկա, ու բոլորովին առողջ է։ Բժիշկն էլ հաստատել է դա ու զարմացել:

Մ.ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
«Խաչապատում» գրքից

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Հոգևոր-մշակութային


19/10/2011