Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՆԿԱՀՐԱՁԳԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
ՏԱՆԿԱՀՐԱՁԳԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

ՏԱՆԿԱՀՐԱՁԳԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐՕրերս «Տիգրանակերտ» զորավարժարանում տանկային զորամասերից մեկի ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են տանկահրաձգային մարզումներ:

Նախքան մարզումների մեկնարկը, զորամասի հրամանատարը, տեղակալները և ստորաբաժանումների հրամանատարները ենթակա անձնակազմին ներկայացրել են հրաձգության անցկացման կարգը` մեկ անգամ ևս հիշեցնելով անվտանգության կանոնների պահպանման պահանջները: Նշվել են նաև հրաձգության  հիմնական ուղղություններն ու կրակի վարման վտանգավոր սահմանները: Այնուհետև, մարտավարական իրադրության համապատասխան, ենթականերին առաջադրվել են մարտական խնդիրները:

Տանկահրաձգային մարզումները հիմնականում նպատակաուղղված են վերգետնյա նշանակետերի ուղղությամբ տարբեր եղանակներով կրակային խնդիրներ լուծելուն, նշանակետեր հետախուզելուն, ինչպես նաև՝ մեծ հեռավորության վրա հրաձգության վարմանը: «Հիմնական շեշտը դնում ենք մարտավարական ճիշտ գործողությունների կատարելագործմանը, հաստիքային զենքի և սպառազինության հմուտ օգտագործմանը, ինչպես նաև մեծ ուշադրություն ենք դարձնում անվտանգության կանոնների պահպանմանը: Չնայած մարզումները նոր են մեկնարկել,  առաջին ստորաբաժանումների հրաձգության արդյունքներն արդեն իսկ գոհացուցիչ են»,- մեզ հետ զրույցում ասաց զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը:

Մարզումների ընթացքում ակնառու էին  ուսուցանվող անձնակազմի ակտիվ մասնակցությունն  ու համախմբված գործողությունները, տպավորիչ էին հատկապես տանկերից կրակային խոցման արդյունքները: Անձնակազմը կրկին ցուցադրեց մարտական պատրաստականության բարձր մակարդակ: «Այսօրվա պարապմունքները մեծ դերակատարություն ունեն զինվորների մասնագիտական գիտելիքների և դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման գործում: Ինչպես տեսաք, մեր ստորաբաժանման անձնակազմի կրակային խոցման արդյունքները գերազանց էին, և ուզում եմ վստահեցնել, որ ինչպես հիմա, այնպես էլ իրական մարտական գործողությունների ժամանակ պատրաստ ենք գրանցել այսպիսի արդյունքներ»,-համոզված է մարզումների մասնակից, շարքային Արման Ավետիսյանը:

Մարզումների ավարտին զորամասի հրամանատարը ունկնդրեց ստորաբաժանումների հրամանատարների հրաձգության արդյունքների մասին ամփոփիչ զեկույցները և պատասխանատու սպաներին հետագա անելիքների վերաբերյալ տվեց համապատասխան ցուցումներ ու առաջադրանքներ:

 

ԴԱՎԻԹ ԱՎԱՆԵՍՅԱՆ