Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԸ…



ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի

հրատարակիչ և խմբագիր

 

ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԸ...Գերմանացի զինվոր և բժիշկ Արմին Վեգներն Օսմանյան կայսրություն էր գործուղվել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ երկու երկրները դաշնակիցներ էին: Վեգները գործում էր Սիրիայի և Միջագետքի Բաղդադի երկաթուղու շրջակայքում, որտեղ ականատեսն է եղել հայերի տեղահանություններին ու զանգվածային սպանություններին: Նա մի քանի գիրք է գրել՝ վկայաբերելով իր տեսածները:

…Հակառակ Հայոց ցեղասպանության տարիներին լուսանկարներ չանելու Օսմանյան կայսրության արգելքին, Վեգները հարյուրավոր բացառիկ լուսանկարներ արեց և դրանք թաքուն տեղափոխեց Գերմանիա: Օսմանյան կառավարության պահանջով նրան ձերբակալեցին, իսկ նրա որոշ լուսանկարներ ոչնչացվեցին: Սակայն նրան հաջողվեց իր գոտում թաքցնել շատ նեգատիվներ: 1919թ. Վեգները Խաղաղության համաժողովում նամակ ուղարկեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝  հանդես գալով ի պաշտպանություն Հայաստանի անկախության: 1921թ. Վեգները վկայություն տվեց Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ, որը մեղադրվում էր Բեռլինում Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշայի սպանության համար: Գերմանիայի դատարանը անմեղ ճանաչեց Թեհլիրյանին և ազատեց բանտից: 1927-28թթ. Վեգներն իր կնոջ հետ այցելեց Խորհրդային Միություն և Խորհրդային Հայաստան: 1968թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան հրավիրեց Խորհրդային Հայաստան և պարգևատրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով: Վեգները մահացավ Հռոմում 1978թ., 91 տարեկան հասակում: Նրա աճյունի մի մասը թաղված է Հայաստանում:

Վեգների ականավոր գործընկերն էր հրեա-ավստրիացի վիպասան, դրամատուրգ և բանաստեղծ Ֆրանց Վերֆելը, որը հայտնի է իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով:

Վերֆելը 1925 և 1929 թվականներին անգամ այցելել է Մերձավոր Արևելք: Լինելով Սիրիայի Դամասկոս քաղաքում, նա հանդիպել է ցեղասպանությունից մազապուրծ եղած և անմխիթար վիճակում հայտնված հայ երեխաներին, ինչը ոգեշնչել է նրան գրելու «Մուսա լեռան քառասուն օրը»: Աշխարհահռչակ վեպը լույս է տեսել Գերմանիայում 1933 թվականին: Վերֆելը դասախոսություններ է կարդացել Հայոց ցեղասպանության մասին ամբողջ Գերմանիայում, արդյունքում՝ նրան մեղադրել են հակաթուրքական քարոզչություն տարածելու համար: Նացիստական Das Schwarze թերթը դատապարտել է նրան, որ նա քարոզչություն է իրականացրել «Հայերի դեմ գործած ենթադրյալ թուրքական սարսափների» դեմ: Նույն գերմանական թերթը, ակնարկելով հայերի և հրեաների միջև կապը, դատապարտել է Ամերիկայի հրեաներին՝ ԱՄՆ-ում Վերֆելի գրքի վաճառքին նպաստելու համար: Նացիստներն այրել են նրա գրքերը: Նա ստիպված է եղել փախչել և ի վերջո հաստատվել է Լոս Անջելեսում, որտեղ մահացել է 1945-ին: Նրա մարմինը վերաթաղվել է Վիեննայում՝ 1975 թվականին:

Հետաքրքիր է, որ այս երկու նշանավոր հայամետ գրողները բախվեցին միմյանց, երբ Արմին Վեգները 1932թ. դեկտեմբերի 14-ին ծավալուն նամակ գրեց՝ խնդրելով Ֆրանց Վերֆելին չգրել իր վեպը՝ «Մուսա լեռան քառասուն օրը», քանի որ ինքը հայ ժողովրդի մասին քառահատոր աշխատություն է գրում։ Վերֆելը 1932թ. դեկտեմբերի 23-ին կարճ նամակով պատասխանեց Վեգներին՝ բացատրելով, որ իրենց ծրագրած գրքերը չեն հակասում միմյանց, քանի որ դրանք վերաբերում են Հայոց ցեղասպանության տարբեր դրվագներին: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի Արմին Թ.Վեգների ընկերության նախագահ Զավեն Խաչատրյանին, որը գերմաներենից անգլերեն է թարգմանել երկու նամակները: Երկու նամակների գերմաներեն բնօրինակները պահվում են Շիլլեր Ազգային թանգարանում (Shiller-National museum) և Գերմանական գրականության արխիվում (Deutsches Literaturarchiv)։  Ահա հատվածներ այս երկու պատմական նամակներից:

Վեգները Բեռլինից գրել է Վիեննայում ապրող Վերֆելին. «Երբ մի քանի օր առաջ երկարատև ու ծանր հիվանդությունից հետո ես Մերանից վերադարձա Բեռլին, առաջինը, որ իմ ընկերներն ասացին ինձ և այն, որ կարդացի թերթում դրանից հետո, այն էր, որ Ֆրանց Վերֆելը վեպ է գրում հայ ժողովրդի ողբերգության մասին։

Դուք պետք է իմանաք, սիրելի՛ ընկեր և վարպետ, որ ես ինքս մի ծավալուն վեպ եմ գրում հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Ես զարմացած եմ, որ Դուք տեղյակ չեք իմ բազմաթիվ հրապարակումներից։ 1930թ. աշնանը ես ավելի մանրամասն ներկայացրի իմ հայկական վեպի նախագիծը: Այս նամակը պատճառ դարձավ, որ Ակադեմիան ինձ ավելի մեծ աջակցություն ցուցաբերի դրա վրա աշխատելու համար։ Թերևս, Հայաստանի մասին գրած իմ գրառումներն են ոգեշնչել Ձեզ՝ անդրադառնալու այս ահռելի հարցին Ձեր սեփական ձևով։

Դուք կարող եք արդարացիորեն պատասխանել, որ պատմությունը յուրաքանչյուր մարդու և արվեստագետի գործունեության ոլորտն է, և ոչ ոք չի կարող խոչընդոտել տարածք ընտրելու գեղարվեստական ստեղծագործության համար… Այնուամենայնիվ, Դուք կհասկանաք, երբ լսեք հայ ժողովրդի կործանման և իմ՝ ցկյանս կցորդի միջև ճակատագրական կապի մասին՝ որպես մարդկային և գեղարվեստական փորձառություն։

Կարող է պատահել, և բազմիցս պատահել է, որ միևնույն նյութը գրավել է երկու գրողների միաժամանակ և միմյանցից անկախ (կամ նույնիսկ գիտակցաբար)։ Դա տեղի է ունեցել վերջերս. երկու դրամատուրգ, գրեթե միաժամանակ, պիես են գրել Պանամայի ջրանցքի մասին: Այսպիսին է դժբախտությունը նրա, ով գալիս է ավելի ուշ… Սակայն իմ դեպքում՝ սա իմ կյանքի գործն է։

…1915-1917թթ. ես Թուրքիայի բանակի անդամ էի և սակավաթիվ եվրոպացի ականատեսներից մեկը դարձա հազարամյակների ընթացքում տեղի ունեցած մարդկության ամենասարսափելի ողբերգություններից մեկի։ Քանի որ իմ հարաբերությունները Հայաստանի հետ ձգվում են դեպի մանկության տարիներ և իմ ընտանիքի կապերը Մերձավոր Արևելքի հետ գոյություն ունեին արդեն մի քանի սերունդ, ես պատրաստ էի ընկնելու այդ կործանիչ փորձառության մեջ: Իմ գրած առաջին վկայություններն ավելի շատ մարդկային էին, քան բանաստեղծական։ 1919թ. գարնանը, նախքան Լեփսիուսի գրքերը կարող էին հայտնվել գրախանութներում, Թեոդոր Վոլֆը հրատարակեց Berliner Tageblatt-ում իմ այն ժամանակվա հայտնի նամակը Վիլսոնին՝ հայ ժողովրդի կործանման մասին։ Ես Ձեզ ուղարկում եմ այդ նամակի պատճենը»։

 

Շարունակելի

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1306) 11.09.2019 - 17.09.2019, Պատմության էջերից


12/09/2019