Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



ՀՀ ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար 2019թ. հունիսի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով` ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, հետևյալ առաջնահերթությամբ.

ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,

բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր,

գ) Երևան քաղաք:

Սահմանվել է ՀՀ մարզերի հետևալ հերթականությունը.

1) Տավուշի մարզ, 2) Վայոց ձորի մարզ, 3) Սյունիքի մարզ, 4) Գեղարքունիքի մարզ, 5) Արարատի մարզ, 6) Շիրակի մարզ, 7) Լոռու մարզ, 8) Արմավիրի մարզ, 9) Արագածոտնի մարզ, 10) Կոտայքի մարզ, 11) Երևան քաղաք:

Ելնելով սահմանված առաջնահերթություններից` առաջարկվում է ՀՀ Շիրակի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված շահառուներին բնակարանային գործերում առկա փաստաթղթերը թարմացնելու համար մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից փաստաթղթերը դեռևս չթարմացրած շահառուները ներկայանան ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական ապահովության վարչություն հետևյալ փաստաթղթերով (Հասցե` ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41).

  • զորացրման հրամանի լուսապատճենը,
  • շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճենները (բնօրինակների հետ),
  • ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ),
  • անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,
  • շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճենները (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
  • տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ,
  • տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ,
  • աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:

Մյուս մարզերում հաշվառված շահառուների վերաբերյալ հայտարարությունները կհրապարակվեն հաջորդիվ:

 

ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողով

Խորագիր՝ Նորություններ


05/09/2019