Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏ` ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ



ՊԱՏՐԱՍՏ` ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՆԳնդապետ Ս.Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասի նախապատրաստական ստորաբաժանումը համալրվել է նորակոչիկ զինծառայողներով: Իրենց սահմանադրական պարտքը կատարած և փորձառություն ունեցող զինվորներին փոխարինելու եկած նորակոչիկները կոփվելու և համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ստանալու համար դեռ ճանապարհ ունեն անցնելու: Նրանց ուսուցանելու համար ընտրվել են զորամասի լավագույն սպաներն ու սերժանտները: «Զորամասում նորակոչիկներին դիմավորում են փորձառու սպաներն ու լավագույն սերժանտները: Առաջին հերթին նորակոչիկներին ծանոթացնում ենք զորամասի պատմությանը, անցած մարտական ուղուն, այնուհետև սկսվում են նորակոչիկների պատրաստության ծրագրով նախատեսված պարապմունքները: Ընդհանուր առմամբ, տղաների տրամադրությունը բարձր է, և անհատական զրույցների ժամանակ նկատելի է, որ նրանք արժանապատվորեն կստանձնեն հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործը: Նշեմ նաև, որ պարապմունքները իրականացվում են բարձր մակարդակով և սահմանված կարգի համաձայն»,- վստահեցնում է նախապատրաստական ստորաբաժանման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, կապիտան Ա. Ավագյանը:

Նորակոչիկ զինծառայողների ձգտումն ու տրամադրվածությունը գոհացնում է նաև ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Հրաչյա Մխեյանին: Նրա համոզմամբ` կարճ ժամանակ անց անձնակազմն արդեն ամբողջությամբ պատրաստ կլինի երդման հանդիսավոր արարողությանը: «Ամեն օր իրականացնում ենք համապատասխան պարապմունքներ, որպեսզի նորակոչիկներին հնարավորինս կարճ ժամանակահատվածում պատրաստենք երդմանը, այնուհետև կշարունակվեն ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքները:

Ճիշտ է` կան որոշակի դժվարություններ զինվորական կարգապահությանն ու ռեժիմին հարմարվելու հարցում, սակայն սերժանտները և վերադաս հրամանատարությունը ամեն ինչ անում են, որ նորակոչիկները հեշտությամբ հաղթահարեն այդ դժվարությունները,- ասում է ջոկի հրամանատարն ու հավելում,- ուզում եմ վստահեցնել, որ նորակոչիկները հնարավորինս լավ կյուրացնեն ռազմական գործը և համալրելով մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները` իրենց կդրսևորեն միայն լավ ու դրական կողմերով»:

Նոր միջավայրին հարմարվելու բարդույթը կրում է ժամանակավոր բնույթ` համոզված են նորակոչիկները: «Բոլորիս տրամադրությունը բարձր է, և պատրաստ ենք փոխարինելու մեր ավագ ընկերներին, ովքեր բարեխղճորեն կատարել են իրենց սահմանադրական պարտքը և արդեն վերադառնում են հարազատ օջախներ»,- ասաց նորակոչիկ Անդրանիկ Փիլիկյանը:

 

ԴԱՎԻԹ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐՄԵՆ ՅԵՐԱՄԻՇՅԱՆԻ

Խորագիր՝ #34 (1305) 04.09.2019 - 10.09.2019, Ազգային բանակ


05/09/2019