Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎՍիրելի՜ զինվորներ, սպաներ,

ռազմաուսումնական հաստատությունների դասախոսներ, կուրսանտներ

 

Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա առթիվ, տոն, որը խորհրդանշում է մարդկության մշտական ձգտումը դեպի ուսումը, դեպի նորի բացահայտումն ու ճանաչումը:

Երկիրն ու ազատությունը պաշտպանում են հայրենասիրության, արիության ու գիտելիքների միահյուսմամբ: Գաղտնիք չեմ լինի բացահայտած, եթե ասեմ, որ աճող սերնդի կրթության կազմակերպումն ու հայրենասիրական դաստիարակությունը որչափ բարդ, նույնքան պատասխանատու գործ են: Սա մեծապես վերաբերում է նաև ռազմական կրթությանը, քանզի դրանով է պայմանավորված մեր բանակի վաղվա օրը, և այս ասպարեզում առկա թերացումները մենք ընկալում ենք որպես ուղղակի սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

Միանալով այս օրերին ամենուր հնչող շնորհավորանքներին՝ մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի բացահայտումների, ստեղծագործական մտքի ու ուսումնական նոր բարձունքների նվաճման տարի: Քանակին որակ, սպառազինության մրցավազքին մասնագիտական պատրաստություն և խելացի գործողություններ հակադրելու համար պիտի բանակային մեր ամբողջ գործունեության հիմքում դնենք գիտելիքը ու ամեն օր զբաղվենք ինքնակրթությամբ՝ որպես նշանաբան ունենալով մեր ընտրած «ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ…» սկզբունքը:

Եվ ամեն անգամ, երբ կարողանանք մի նոր քար ավելացնել մեր մեծ ու միասնական տան` Հայրենիքի նվիրական կառույցին, նրա սահմանների պաշտպանության ամրապնդման գործին բերենք մեր նպաստը, այն կդառնա մեր աշխատանքի և նվիրումի իրական գնահատականը: Գիտելիքը զենք է ու նաև ստեղծող, արարող ուժ, և բոլորիս մաղթում եմ կարողություն, եռանդ ու կամք՝ այն ի սպաս դնելու մեր երկրի պաշտպանությանը, հզորացմանն ու մեր համազգային իղձերի իրականացմանը: