Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայկական հարցը Հայոց պատմության մշտական ուղեկիցն է։ Ծնունդ առնելով հայ ժողովրդի կազմավորման հետ միաժամանակ, անցել է դարերի փորձությունների միջով, ձեւավորվել իբրեւ կուռ ուսմունք՝ դառնալով հայ ազգային գաղափարախոսության հիմքը։

Պատմագրության տարբեր սերունդներ անդրադարձել են Հայկական հարցին, սակայն, դժբախտաբար, հայ ժողովրդի հերոսական ոգորումների հանրագումար խնդիրը առ այսօր չի ենթարկվել խորը ուսումնասիրության, որը արդի պայմաններում հրամայական պահանջ է, որովհետեւ անհրաժեշտություն է դառնում ազգային գաղափարախոսության բարձրակետի՝ քաղաքական հայագիտության խոր ու բազմակողմանի մշակումը, որը ոչ միայն աշխարհաճանաչման, արտաքին քաղաքականության հիմքն է, այլեւ Հայոց պետականության դիվանագիտական գործունեության մարտավարության ու ռազմավարության բանալին, մի հզոր լծակ, որը եթե ոչ բացառում, ապա նվազեցնում է սխալվելու հավանականությունը։

Հայկական հարցը լինելով ամբողջական գաղափար, իր մեջ է ներառում հայ ժողովրդի կազմավորման, պետականությունների հաստատման, պետականության կորստի, ազատագրական պայքարի, պետականության վերականգնման, պատմական Հայրենիքի ազատագրման, լեզվի, կրոնի, մշակույթի պահպանման ու հարստացման հետ կապված բոլոր խնդիրները։ Ելնելով այս անժխտելի ճշմարտությունից՝ Հայկական հարցը հայ ժողովրդի դարավոր պայքարն է անկախության, պետականության վերականգնման, պատմական հայրենիքի վերամիավորման համար։

Ազգային գաղափարախոսության հիմք Հայկական հարցը ունեցել է իր զարգացման փուլերը.

Սկզբնավորման փուլ-մ.թ.ա. 2498թ.-մ.թ.ա. 189թ., երբ հիմնավորվեց Հայրենիք գաղափարը (Հայկ նահապետի՝ Տիտանյան Բելի դեմ ճակատամարտից մինչեւ Արտաշեսյան հարստության հաստատումը)։

Ձեւավորման փուլ-մ.թ.ա. 189թ. մինչեւ 1274թ., երբ հիմնավորվեց ազգային ու պետական մտածողությունը, եւ օգնության առաջին դիմումը հղվեց Եվրոպա։

Որոնումների փուլ-երբ սկսվեց Հայկական հարցի լուծման համար հովանավոր եւ զինակից փնտրելու գործընթացը (1274-1666թթ.)։

Ծրագրային փուլ-1866-1813թթ., երբ մշակվեցին Հայկական հարցի լուծման Հայաստանի ազատագրության ծրագրերը։

Միջազգայնացման փուլ-1813-1878թթ., երբ Հայկական հարցն արծարծվեց միջազգային փաստաթղթերում եւ ճանաչում ստացավ (1813թ. Գյուլիստանի, 1828 Թուրքմենչայի, 1829թ. Ադրիանապոլսի, 1878թ. Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի կոնգրեսի պայմանագրերով)։

Զինված պայքարի փուլ-1879-1918թթ., երբ անիրագործելի մնաց 61-րդ հոդվածը, եւ «հավատակից ու հայասեր» մեծ տերությունների թողտվության ու անտարբերության պայմաններում արյունարբու սուլթանը իրականացրեց 1894-1896թթ. կոտորածները, երբ արեւմտահայությունը, արեւելահայության ակտիվ մասնակցությամբ դիմեց ինքնապաշտպանության, իրականացվեցին 1896թ. Բանկ Օտոման գործողությունը, 1897թ. Խանասորի արշավանքը, երբ անիրագործելի մնաց 1896թ. մայիսյան բարենորոգումների ծրագիրը, ասպարեզ իջավ ֆիդայական աստղաբույլը, երբ 1901թ. իրականացվեցին Առաքելոց վանքի կռիվները, 1904թ. Սասունի հերոսամարտը, անիրագործելի մնացած 1914թ. ռուս-թուրքական համաձայնագիրը, երբ օգտվելով Առաջին աշխարհամարտի ընձեռած հնարավորությունից՝ երիտթուրքական արյունոտ վարչակարգը իրականացրեց հայոց ցեղասպանությունը, եւ արեւմտահայությունը դիմեց ինքնապաշտպանական մարտերի՝ կամավորական շարժման միջոցով հայ ժողովուրդը ակտիվ մասնակցություն ունեցավ պատմական հայրենիքի ազատագրության գործին։

Մեծ եղեռնն իր հետ բերեց Հայկական հարցի բաղկացուցիչ մաս հանդիսացող ՀԱՅ ԴԱՏ եւ պահանջատիրություն հասկացությունները, որոնք հայ ժողովրդի արդար պահանջներն են ցեղասպանության ճանաչման ու պատմական հայրենիքի նկատմամբ անժամկետանց իրավունքների։

Հայկական հարցի մասնակի լուծման փուլ-1918-1920թթ. մայիսյան հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովուրդը, ջախջախելով արեւելահայությանը ոչնչացնելու պանթուրքիզմի ծրագիրը, վերականգնեց իր պետականությունը։ Մուդրոսի պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը վերամիավորվեցին Կարսի մարզն ու Նախիջեւանի շրջանը, երբ երազային հույսեր էին կապվում հաղթող տերությունների վերջնական պայմանագրի հետ, երբ 1919թ. մայիսի 28-ին Հայոց պառլամենտը, ազգային գաղափարախոսությունն ընդունելով որպես պետական քաղաքականություն, Հայաստանը հռչակեց միացյալ եւ անկախ, հայտարարելով, որ տերն է պատմական հայրենիքի։

Հայկական հարցի միջանցիկ փուլ-1920-1923թթ., երբ Սեւրի պայմանագրով հուսախաբությունը բաժին հանվեց հայ ժողովրդին, հայկական հարցում սերտ համագործակցություն հաստատվեց Թուրքիայի եւ բոլշեւիկյան Հայաստանի միջեւ, եւ զինական ուժի գործադրմամբ տապալվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, երբ 1921թ. մարտի 16-ին Մոսկվայի եւ 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով Թուրքիային նվիրաբերվեց հայության պատմական հայրենիքը, 1921թ. հունիսի 4-ին կավբյուրոյի որոշմամբ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, իսկ 1923թ. Լոզանի խորհրդաժողովը, մոռացության մատնելով Սեւրի պայմանագիրը, պարտված Թուրքիային վերապահեց Հայկական հարցի հաղթանակը։

Դիվանագիտական պայքարի փուլ-1921-1988թթ., երբ ԽՍՀՄ արտաքին քաղաքականության տեսադաշտից «վրիպած» Հայկական հարցին տեր կանգնեց սփյուռքահայությունը եւ համառ պայքարի շնորհիվ նորից միջազգային բարձր ատյաններ հասցրեց։

Ազատագրական պայքարի նոր փուլ, երբ սկսվեց Արցախյան շարժումը եւ փլուզված բոլշեւիկյան կայսրությունից ազատագրված Հայաստանը վերականգնեց իր անկախությունը, հերոսական պայքարի շնորհիվ ազատագրեց Արցախ հայրենիքը (1988-1994թթ.)։

Հայկական հարցի ճանաչման միջազգային նոր փուլ-1995-2002թթ., երբ միջազգային մի շարք կազմակերպություններ ու երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, ՄԱԿ-ի նստաշրջանում հանրապետության նախագահը, բարձրացնելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության խնդիրը, կոչ արեց ականջալուր լինել արդարության ձայնին, երբ Արցախյան հիմնախնդիրը վերածվել է միջազգային քննարկման հարցի, երբ Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականության հիմքում դրել է ազգային գաղափարախոսությունը եւ ձեռք բերելով հեղինակություն ու քաղաքական կամք՝ հիմքեր է նախապատրաստում այդ գերխնդրի լուծման համար։

Հայկական հարցի խոր գիտական ուսումնասիրությունը ժամանակի հրամայական պահանջն է։ Հայկական հարցը, հանդիսանալով համազգային ու պետական խոշոր հիմնախնդիր, ժողովրդի միակամության, ազգային ու պետական մտածողության արմատավորման, քաղաքական միասնության ապահովման վեմն է, ակունքը ազգային գաղափարախոսության, որից սնվել ու սնվում է ժողովրդական բարձր մտածողությունը, աշխարհասփյուռ հայության՝ հայրենիքի նկատմամբ պատասխանատվության, նվիրվածության գաղափարը։

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ

Հայկական հարցը հայ ժողովրդին ուղեկցելով նրա կազմավորման շրջանից՝ նախնական տեսք ստացավ ազգային, այնուհետեւ պետական մտածողություններով եւ, ի վերջո, հանդես եկավ որպես ազգային գաղափարախոսություն։

Հայ ժողովրդի կազմավորման ժողովրդական ավանդությունը, որը մեզ են հասցրել Մովսես Խորենացի եւ Սեբեոս պատմիչները, հանրահայտ է «Հայկի եւ Բելի առասպել» անունով, տեղեկացնում է Հայոց Նահապետ Հայկի՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի մասին, որի շնորհիվ Հայկի սերունդները, ազատվելով Բելի բռնակալության տակ ընկնելու վտանգից, իրենց պատմական հայրենիքում ազատ ապրելու եւ բարգավաճելու հնարավորություն ստացան։

Ճակատամարտից առաջ Հայկ Նահապետը ճառով դիմում է իր զինակիցներին. «Կա՛մ մեռնենք, եւ մեր ազգը Բելի ծառայության տակ ընկնի, կա՛մ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, եւ մենք հաղթություն տանենք» (Մովսես Խորենացի, Պատմություն հայոց)։

Նահապետի խոսքը, հանգելով ազատության ու անկախության գաղափարին, առաջին անգամ սահմանում է հայրենիքի գաղափարը, Հայրենիք, որը բռնատիրության ջախջախումով դառնալու էր հայոց բնօրրանը, եւ Նահապետի որդիները՝ Արամանյակը, Խոռը, Մանավազը, նրանց որդիներն ու թոռները՝ Արամայիսը, Շարան, Ամասիան, Գեղամը, Սիսակը, Հարման, Արամը, բնակություն էին հաստատելու Հայաստան աշխարհի տարբեր գավառներում, շենացնելով, ընդարձակելով տարածքները՝ նախադրյալներ էին ստեղծում հայկական հնագույն պետության կազմավորման համար։ Հայրենիք հասկացությունը, որը հետագայում Հայկ Նահապետի անունով կոչվելու էր Հայք, Հայաստան, մեծագործ Արամի (Հարմայի որդին) հաղթական պատերազմների շնորհիվ պարտության մատնեց Նյուքար Մադեսին եւ Բարշամին։ Արամը Մովսես Խորենացու բնորոշմամբ. «…Հայրենասեր մարդ լինելով, լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները, եւ օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա»։

Հայրենիքի գաղափարը, «արյունակից հարազատների» ազատությունը դանդաղ դառնալու էին ազգային մտածողության հունդ եւ հետագա սերունդների համար խորհրդանիշ։ Մարական Աժդահակ թագավորը իր զորավար Կյուրոսին ուղարկում է Հայաստանը հպատակեցնելու, եւ նրան հաջողվում է խաբեությամբ բանակցությունների հրավիրել Երվանդին ու գերել։ Կյուրոսի այն հարցին, թե. «Արդ, ինչո՞ւ այժմ ո՛չ տուրք ես վճարում, ո՛չ զորք ես ուղարկում եւ սկսել ես ամրություններ շինել», Հայոց թագավորը պատասխանում է. «Ես ազատության էի ձգտում, որովհետեւ գերադասում էի, որ թե՛ ինքս ազատ լինեմ եւ թե՛ որդիներիս ազատություն թողնեմ» (Քսենոփոն, Կյուրոսի վարքը) Կյուրոպեդիա։

Նույն հույն հեղինակը մեզ տեղեկացնում է, որ Երվանդի հետ հաշտություն կնքելուց հետո Կյուրոսը օգնում է Հայոց թագավորին հաշտեցնելու խաշնարած խալդայների ցեղերի հետ, իսկ դա նշանակում էր, որ Հայոց թագավորները աստիճանաբար սկսում էին հայրենիքի սահմանների ամրացումը, զանազան քոչվոր եւ ասպատակող ցեղերի զսպումը, առավել դյուրացնելով հայ ժողովրդի կազմավորման գործընթացը։

Մ.թ.ա. 189թ. Արտաշես Առաջինը կազմավորեց Հայկական կենտրոնացված պետությունը։ Արտաշեսյան հարստությունը, ամբողջացնելով հայկական պետության սահմանները, քայլ կատարեց դեպի ազգային մտածողություն՝ Հայկական հարցի այդ փուլի կարեւորագույն բարձունքը։

Ազգային ոգու առաջին կերտողը Արտաշես Հայոց թագավորն էր։

Նրա ամբողջ գործունեությունը ուղղված էր հայոց պետականության ամրապնդմանը, ասել է թե՝ հասունանում էր պետական մտածողությունը, նրա հզորացումը դառնում էր այն գործընթացի սկիզբը, որը ավարտուն տեսքի էր բերվելու հետագա ժամանակներում։ Արտաշատ քաղաքի կառուցումը պետական մտածողության զորեղացման մի նոր դրվագ էր։ Ինքնիշխան հայոց թագավորը նոր մայրաքաղաքի կառուցումը թերեւս դիտում էր որպես նոր պետականության խորհրդանիշ, քաղաք, որը ոչ միայն Հայոց Կարթագեն էր անվանվում, այլեւ հայտարարում Հայոց նոր պետականության ամրության ու հզորության մասին։ Պետականության գաղափարի հաղթանակին էին ուղղված Արտաշես թագավորի հետագա բոլոր ձեռնարկումները, որոնց շնորհիվ ամրապնդվում էր երկրի ներքին կայունությունը, լուծվում էին հողային վեճերը ցեղերի ու ցեղախմբերի միջեւ, կառուցվում էին նորանոր ջրանցքներ ու առուներ։ Վերափոխելով երկրի ռազմավարչական կառուցվածքը, այն ուղղելով անվտանգության ու հուսալի պաշտպանության ապահովմանը, Արտաշես Առաջինը թագավորությունը բաժանեց 120 շրջանների, չորս ռազմավարչական միավորումների՝ բդեշխություններ (Աղձնիք, Կորդուք, Գուգարք, Նոր-Շիրականի)։

Առավել արգասավոր էր Արտաշես Առաջինի արտաքին քաղաքականությունը։ Ներկայանալով որպես Հռոմի կողմնակից, քանի դեռ երկիրը ձեռք չէր բերել Սելեւկյանների դեմ պայքարի կարողություն, Արտաշեսը այդ քայլով վանեց վերջիններիս Հայաստանի վրա հարձակման հնարավորությունը։ Նա օգտագործելով Հռոմասելեւկյան հակասությունները, մեկը մյուսի հետեւից իր թագավորությանն էր միացնում Հայաստանից խլված տարածքները՝ վաստակելով հայկական հողերի միավորողի մեծահամբավ անունը։ Հայոց պետականության ամրապնդման գործում, ասել է թե՝ պետական մտածողության առավել խորացման գործում, մեծագույն նպաստ էր ալանների դեմ տարած նրա հաղթությունը։ Հայաստանը ազատվում էր այդ պարբերաբար կրկնվող վտանգից եւ ամրացնում էր իր հյուսիսային սահմանների անվտանգությունը։ Արտաշես Առաջինի հայրենանվեր գործունեությունը այն նախապայմանն էր, որի օգնությամբ նա վաստակեց համայն ժողովրդի սերը, մի կարեւոր ձեռքբերում, որը դառնալու էր ամուր պատվանդան։ Նրա վրա էր բարձրանալու պետական մտածողության ոգեշունչ տաճարը, նախադուռը Առաջավոր Ասիայի արդեն հզորագույն երկրի վերածված Հայաստանի, որի աննախադեպ վերելքը բաժին էր հասնելու մի խոշոր անհատականության, արքայից արքա Տիգրան Մեծին (95-55թթ.)։ Երջանկահիշատակ Արտաշես պապից Տիրան-Տիգրան Առաջինի որդի Տիգրան Երկրորդը ժառանգել էր քաղաքական խորաթափանցություն, հզոր կամք, նպատակամղվածություն եւ արտասովոր քաջություն։ Տիգրան Մեծը դարձավ մեր ազգային ու պետական մտածողության այն փարոսը, որի լույսերը դարերի հեռվից այսօր էլ շողշողում են։ Առաջնահերթ նպատակ դարձնելով Հայրենիքի անկախության հզոր պատվար բանակի վերակառուցումը, տքնաջանությամբ Տիգրան Մեծը հասավ ժամանակաշրջանի ուժեղ ու մարտունակ բանակի ձեւավորմանը։ Այդ մեծագործությամբ հիացած Մովսես Խորենացին հպարտությամբ գրում էր. «Նա տղամարդկանց գլուխ կանգնեց եւ ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ»։

Շարունակելով Արտաշես պապի հայահավաք քաղաքականությունը՝ 94թ. Հայոց արքան վերջնականապես իր թագավորությանը միացրեց Ծոփքը, Հայաստանից զատված, խլված մնացյալ տարածքները եւ ավարտեց հայկական միասնական պետության կայացման գործընթացը, ինչն էլ նպաստեց հայ ժողովրդի կազմավորման ավարտական փուլի կայացմանը։ Արքայից արքան ոչ միայն հայկական պետականությունը փրկեց Հռոմի գերիշխանության տակ ընկնելու վտանգից, այլեւ անհանդուրժողականություն ցուցաբերելով կենտրոնախույս ուժերի նկատմամբ, առաջնային դարձրեց պետական շահը, մտածողությունը։ Հայոց թագավորը հանուն դրա անողոք եղավ նույնիսկ ընդվզող իր որդիների նկատմամբ, որոնք թերեւս Հռոմի եւ պարթեւների, Միհրդատ Պոնտացու դրդումներով ցանկանում էին գահակալ դառնալ։ Չորս որդիներից երեքը՝ Զարեհը, երկրորդ անհայտ անունով որդին, արժանի դատաստանի արժանացան, իսկ Տիգրան կրտսերը, խուսափելով արդար հատուցումից, փախավ պարթեւների մոտ ու ամուսնացավ Հրահատ Երրորդ թագավորի աղջկա հետ, հետագայում ընդվզեց հոր դեմ։

Գլխավոր նպատակ ունենալով Հայրենիքի անկախության, պետականության պահպանումը՝ Տիգրան Մեծը հեղինակը դարձավ անձնազոհության եզակի քայլի։ Քաջ գիտենալով, որ հայ-հռոմեական նոր պատերազմը կործանարար կդառնա Հայոց պետականության համար, նա որպեսզի կանգնեցնի դեպի Արտաշատ հռոմեական արշավանքը, միայնակ ներկայանում է Պոմպեոսի բանակատեղի եւ բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնում։ Տեսնելով իր դեմ կանգնած հսկայի կերպարանքով Հայոց թագավորին, Պոմպեոսը, որ որոշ աղբյուրների հաղորդմամբ մեծ համակրանք ուներ Տիգրանի նկատմամբ, թագ է դնում նրա գլխին, եւ սկսված բանակցությունների արդյունքում 66թ. աշնանը Արտաշատում կնքվում է Հայոց պետականության պահպանությանը այնքան անհրաժեշտ պայմանագիրը, որի 4-րդ կետով Հայաստանը ճանաչվում էր Հռոմի «բարեկամ եւ դաշնակից», ասել է թե՝ պահպանում էր իր անկախությունն ու պետականությունը։

Տիգրան Մեծի գործունեությամբ Հայկական հարցը գնահատելի լուծում ստանալուց բացի, առավել ամրագրեց պետական ու ազգային մտածողության բաղադրիչները, որոնք հաղթահարելով հետագա ժամանակների փորձությունները, սպասում էին իրենց նոր հաստատումներին։

Շարունակելի

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ