Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆ ՕԳՆԵՑ ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼԻՆ



ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆ ՕԳՆԵՑ ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼԻՆ1998թ. Քըրք Քըրքորյանը Ամերիկայից ինքնաթիռով ժամանեց Հայրենիք։ Հնարավոր է՝ թռիչքի ժամանակ նա հիշեց անցյալի այն օրերը, երբ Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքները մահացու վտանգավոր էին։ Ինքնաթիռները տեխնիկապես դեռ բավարար հագեցած չէին, նավիգացիոն համակարգերն էլ կիսատ էին, և որքան էլ անհավատալի է, բայց ընդամենը 70 տարի առաջ օդաչուներին դեռ ուղղորդում էին աստղերը՝ ինչպես միջնադարում։

…Պատերազմից առաջ նա ժամը երեք դոլար պիտի վճարեր օդագնացության դասերի համար։ Բայց հետագայում 17 մլրդ դոլար դրամագլուխ ունեցող միլիարդատերը այդ օրերին 3 դոլար չուներ և ստիպված աշխատանքի անցավ նաև բոուլինգի ակումբում: Նա նաև թռիչքների ժամանակ հրաժարվում էր պարաշյուտից. անկարգել-պարաշյուտները լրացուցիչ փող արժեին, և Քըրքորյանը կես դոլար էր խնայում՝ հրաժարվելով դրանցից։ Այսպես նա դարձավ օդաչու։

1939-ից Անգլիան արդեն կենաց ու մահու կռիվ էր մղում նացիստական Գերմանիայի դեմ։ «Եթե կորցնենք ռազմանավերն ու բանակը, բայց օդուժը մնա, վերջում հաղթողը մենք կլինենք»,- ասում էր վարչապետ Ուինսթոն Չերչիլը` կարևորելով արքայական ռազմաօդային ուժերի դերը։ Բայց Բրիտանիայի ռեսուրսներն անբավարար էին, ու արքայական օդուժին ամերիկյան ու կանադական ինքնաթիռներ էին հարկավոր, որոնք նավերով Անգլիա փոխադրելը երկարատև էր ու վտանգավոր։ Գերմանական նավերն ու սուզանավերը պարեկում էին Ամերիկան Եվրոպայից բաժանող ջրերում, Լյուֆտվաֆեն մոլեգնում էր, ու Լոնդոնն առաջարկեց, որ ինքնաթիռները մառախլապատ, կամ ավելի ստույգ՝ ծխապատ Ալբիոն փոխադրեն ուղիղ թռիչքներով, ոչ թե նավերով։ Որպեսզի օդաչուները հանձն առնեին այս վտանգավոր գործը, իրատես Չերչիլը գտավ մի պարզ լուծում` փող։ Ամիսը 1000 դոլար կստանային օդանավն անվնաս  Եվրոպա հասցնողները։ Դա այսօրվա հազարը չէ. մեր օրերում նույն գնողունակությունն ունի 18 անգամ ավելի մեծ գումարը։

«Երբեք չէի մտածի, թե ամիսը հազար դոլար կաշխատեմ»,- այդ օրերի մասին գրել է ապագա միլիարդատերը։

ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆ ՕԳՆԵՑ ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼԻՆ…Քըրքորյանը թերթում հայտարարություն էր տեսել, որ «Հոլիվուդ Ռուզվելտ» հյուրանոցում հատուկ հանձնաժողովը փորձառու օդաչուների հետ հարցազրույց է վարում։ «Վստահ էր, որ կանցնի, քանի որ համապատասխանում էր բոլոր պահանջներին. ուներ կոմերցիոն օդաչուի արտոնագիր, բավարար թռիչքաժամեր էր կուտակել ու ավարտել էր ավագ դպրոցը»,- գրել է Քըրքորյանի կենսագիր, ականավոր լրագրող Ուիլյամ Ռեմփելը։

Այն ժամանակ հեռահար թռիչքներ կատարող օդաչուները քիչ էին, և Անգլիան հարցազրույցն անցած ընտրյալների, այդ թվում և մեր հայրենակցի համար բացառիկ պայմաններ ստեղծեց։ Օրինակ, երբ օդաչուները հասան կանադական Մոնրեալի «Դորվել» օդակայանը, պարզվեց, որ իրենք անձեռնմխելի են տեղի օրինապահների համար։ Եթե օդաչուները օրենք խախտեին, նրանց պատիժը կլիներ նախազգուշացումը, ոչ թե օրենքով սահմանված ընթացակարգը։ Հատուկ օդաչուներն սկսեցին հատուկ թռիչքները, ու Դորվելից «Լոքհիդ Հադսընները», «Լանքաստերները», DH-98-ները, որոնց «Մոծակ» մականունն էին տվել, և այլ ռազմական օդանավերը սլացան մարտնչող Անգլիայի ուղղությամբ։

Թռիչքներն այնքան հաճախ էին, որ առանց այդ էլ վտանգավոր ուղերթներն է՛լ ավելի սպառնալի դարձան. Դորվելի տեխնիկական կազմն ուղղակի չէր հասցնում ըստ պատշաճի թեստավորել ինքնաթիռները։

«Գրողը տանի, նրանք ժամանակ չունեին, ու օդանավերը նրբերշիկի պես դուրս էին գալիս թեստավորման անգարներից»,- հիշում է օդաչու Լարի Սելիքը, իսկ Քըրքորյանը հավելում է. «Ջահել էինք, չէինք հասկանում, որ ռմբակոծիչները ոչ ստանդարտ էին, շատերը` ոչ վստահելի, ու մենք էլ թռչում էինք մի ուղերթով, որն իրականում թռիչքի համար պիտանի չէր»։

ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆ ՕԳՆԵՑ ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼԻՆԵղանակի կանխատեսումներն էլ այսօրվա պես չէին, ու օդաչուները գիտեին լավագույն դեպքում առաջիկա մի քանի ժամերի, բայց ոչ ամբողջ ընթացքի կանխատեսումը։ Նրանք նախ հասնում էին Եվրոպային ամենամոտ կանադական օդակայան Նյուֆաունդլենդ կղզի, ապա երեկոյան, երբ աստղերը հայտնվում էին, ուղղություն վերցնում դեպի Շոտլանդիա` ընդհանուր առմամբ մոտ 6 հազար կիլոմետր։ «Ցուրտ էր»,- հիշում է օդաչու Դեյվ Քլարկը։ «Ու եթե դրսում մինուս 45 էր, ներսում էլ մինուս 45 էր»։

Քըրքորյանը, օդանավն անվնաս հասցնելով Շոտլանդիա, գնացքով Լիվերպուլ հասավ ու նավով մոտ երկու շաբաթում վերադարձավ Կանադա։ Երկու շաբաթ ճանապարհին կորցնելը մարտնչող Անգլիայի համար չափազանց էր, ու Լոնդոնը նախաձեռնեց քաղաքացիական թռիչքներ նրանց արագ ետ վերադարձնելու համար։ «Այդ քաղաքացիական օդաչուները մեզնից անփորձ էին»,- նշում էին հատուկ խմբի անդամները։ Եղել են դեպքեր, երբ ինքնաթիռները բարեհաջող տեղ հասցրած օդաչուները զոհվել են հետադարձ թռիչքի ժամանակ։

Հետագա տարիներին խիզախների խումբը օդանավեր հասցրեց նաև այլ ռազմաբեմեր, մասնավորապես՝ Աֆրիկա։

«Ես սիրում էի երեկոյան պոկեր խաղալ»,- այդ օրերն է հիշում Լաս Վեգասի կեսի ապագա սեփականատերը,- բայց Աֆրիկայում, երբ մութն ընկնում էր, աշխուժանում էին մոծակները»։ Իսկ մոծակն աֆրիկյան տապին նշանակում է մալարիա։ Մութն ընկնելուն պես նա թողնում էր խաղն ու քաշվում մոծակներից պաշտպանված կացարանը։  Բայց շատերը, որ Քըրքորյանի չափ շրջահայաց չէին, տառապեցին մալարիա կոչվող հիվանդությունից։

ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆ ՕԳՆԵՑ ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼԻՆ…1942թ. ամռանը, երբ գերմանացիները հաղթում էին` մոտենալով Ստալինգրադին ռուսական ճակատում ու Կահիրեին` աֆրիկյան ուղղությամբ, Չերչիլը որոշեց մեկնել Կահիրե ու Մոսկվա` աջակցության ու ընթացիկ գործերը քննարկելու համար։ Եվ պարզվեց, որ Բրիտանիայի օդուժում չկան հեռահար թռիչքի սովոր փորձառու օդաչուներ։ Այստեղ՝ Անգլիայում, կրկին հիշեցին անդրատլանտյան խիզախների մասին։ Նրանց խումբը քարտեզի վրա ցույց տվեց այն համեմատաբար ապահով ուղղությունը, որով Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող էր կտրել այս վտանգավոր օդային ճանապարհը։ «Չերչիլը խմբի անդամներից որպես իր օդաչու ընտրեց Ուիլյամ Վանդերկլուտին»,- հիշում է Քըրքորյանը։ Այսինքն՝ եթե Անգլիայի ղեկավարի ընտրությունն այլ լիներ, հնարավոր է, ասենք, մեր հայրենակիցը պատմության մեջ մնար որպես Անգլիայի վարչապետին Աֆրիկայով ԽՍՀՄ փոխադրած օդաչու։

Պատերազմը վերջացավ։ Քըրք Քըրքորյանի հաշվին կար այնքան խնայողություն, որ բավարարեց Կալիֆոռնիայում օդագնացության մասնավոր դպրոց հիմնելու համար։ Հետո նա գնեց իր առաջին օդանավը, հետո գնեց ու վաճառեց ավիաընկերություններ ու 960 հազար դոլար վճարեց, ինչպես կենսագիրն է ասում. «Ավազուտների ու թփուտների մի  հսկայական տարածքի համար»։ Այդ տափաստանում շուտով պետք է վեր հառնեին Լաս Վեգասի խաղատները։ Պոկերի արքան արդեն հասկացել էր, որ Նևադա նահանգի այս հողակտորը մեծ հեռանկար ունի…

Օդաչու Ուիլյամ Վանդերկլուտի որդին` Բիլ Վանդերկլուտը, 2008թ. ֆիլմ նկարահանեց հատուկ խմբի վտանգավոր թռիչքների մասին։ «Կտրելով գաղտնի երկինքը» (Flying the Secret Sky) ֆիլմը թարգմանաբար ցուցադրվեց Հայաստանի հեռուստատեսությամբ։ Նկարահանումների ընթացքում Վանդերկլուտը հանդիպել էր Քըրք Քըրքորյանին ու հարցազրույց վերցրել, որը մեր հայրենակցի քիչ պահպանված տեսագրություններից է։

«Kerkorian was a great guy» (Քըրքորյանը մեծ մարդ էր)՝ տողերիս հեղինակի հետ էլեկտրոնային նամակագրության ժամանակ նշեց Վանդերկլուտ կրտսերը` փոխանցելով իր հիացմունքը մեր հայրենակցի հանդեպ։

 

ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

ԱՄՆ

Խորագիր՝ #33 (1304) 28.08.2019 - 03.09.2019, Ճակատագրեր


29/08/2019