Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ՝ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿԻՐՆ ԱՌԱՆՑ ԱՆՁՆԱԳՐԻ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ՝ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿԻՐՆ ԱՌԱՆՑ ԱՆՁՆԱԳՐԻ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ՝ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿԻՐՆ ԱՌԱՆՑ ԱՆՁՆԱԳՐԻ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ2019թ. մայիսի 29-ին երկու ամերիկահայեր ընդդեմ Թուրքիայի կառավարության Միացյալ Նահանգների դաշնային դատարան են ներկայացրել եզակի դատական հայց, որը հիմնված չէ Հայոց ցեղասպանության վրա:

Դատական հայցը հարուցել են 88-ամյա Պարգև Ղազարյանն ու նրա որդին՝ Կարո Ղազարյանը, պնդելով. «Տարեցների նկատմամբ օրենքով սահմանված բռնության գործադրման, դիտավորյալ հուզական տագնապ պատճառելու, միջազգային օրենքի խախտման, վստահված անձի պարտականությունների խախտման և ժառանգության ակնկալիքին դիտավորյալ միջամտության մասին», ասված է «Կիրկոնյան Դաջանի» ՍՊԸ փաստաբանական ընկերության կողմից ներկայացված 44 էջանոց բողոքում:

Հայցվոր Պարգև Ղազարյանը Միացյալ Նահանգների քաղաքացի է՝ ծնված 1931թ. ապրիլի 20-ին Թուրքիայի Քալադուրան գյուղում: Նա այժմ բնակվում է Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Նրա որդին՝ Կարո Ղազարյանը, ծնվել է Բեյրութում, նույնպես Միացյալ Նահանգների քաղաքացի է և ապրում է Գլենդելում:

Բողոքում պնդում են, որ հայցվորներին հասցվել է անձնական վիրավորանք, որը պատճառել են ԱՄՆ-ում Թուրքիայի կառավարության աշխատակիցները կամ գործակալները իրենց խճճված գործողությունների կամ թերացման պատճառով:

1930-ական թվականներին Քալադուրանը փոքր հայկական գյուղ էր ներկայիս Սիրիայի Քեսաբի ծայրամասում: Պարգև Ղազարյանը մկրտվել է որպես հայ քրիստոնյա՝ «Բալումում (Թուրքիա) գտնվող սրբազան արարողությունների վայրում, 1931 թվականին», նշված է դատական հայցում: Բալումը կամ Բառլումը հունահռոմեական ավերակներով հայտնի հնագույն տեղանք է, որը գտնվում է Քալադուրանից մի փոքր հեռու: Դարեր շարունակ տեղի հայերը, ներառյալ Պարգևի ընտանիքը, Բալում են մեկնել ուխտագնացության, կատարելու իրենց կրոնական և մշակութային ծեսերը:

1939թ. Քալադուրանը բաժանվել է Սիրիայի և Թուրքիայի միջև՝ Պարգևի տունը թողնելով սիրիական կողմում, իսկ նրա ընտանիքին պատկանող դաշտերն ու հողերը մնացել են թուրքական կողմում: Քանի որ Բալումը նույնպես մնում էր թուրքական հսկողության ներքո, Քալադուրանի հայերը այլևս չէին կարողանում իրականացնել իրենց կրոնական արարողություններն այդ վայրում:

2017-ի հոկտեմբերի 11-ին Պարգևը որոշել է Բալում այցելելու նպատակով մեկնել Թուրքիա: Նա վիզայի համար դիմում է ներկայացրել Վաշինգտոնում գտնվող թուրքական դեսպանատուն: Վիզայի դիմումում՝ «Անձնագրի տեսակը» նշումի տակ նա նշել է «Այլ» վանդակը և «Խնդրում ենք մատնանշել» վանդակի տակ գրել է՝ հայ քրիստոնյա: Պարգևը նաև նշել է, որ ծնվել է Քալադուրանում (Թուրքիա) և ուզում է մեկնել՝ «Կրոնական ուխտագնացության»: Համաձայն հայցի՝ նա նպատակ ուներ. «Հայրենի կրոնական և մշակութային ավանդույթները փոխանցել որդուն՝ հայցվոր Կարոյին և հետնորդներին»:

Պատահականորեն, 2017թ. հոկտեմբերի 8-ին Թուրքիան դադարեցրել է վիզաների տրամադրումը ԱՄՆ քաղաքացիներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ նմանատիպ արգելքի հակադարձության մինչև 2017 թ. դեկտեմբերի 28-ը: Պարգևը չուներ ԱՄՆ անձնագիր, սակայն, եթե նույնիսկ ունենար, Թուրքիան կմերժեր նրան մուտքի վիզա տալ արգելքի պատճառով: Թուրքիայի դեսպանությունը Պարգևի դիմումը ստացել է Թուրքիա մեկնելուց 71 օր առաջ, մինչդեռ դեսպանությունը պահանջում էր, որ այդպիսի դիմումները ներկայացվեն մեկնելու ամսաթվից առնվազն 30 օր առաջ: Պատասխան չստանալով Թուրքիայի դեսպանատնից՝ Պարգևը հիշեցում է ուղարկել 2017 թ. դեկտեմբերի 6-ին՝ հետաքրքրվելով իր վիզայի դիմումով:

2017թ. դեկտեմբերի 11-ին Թուրքիայի դեսպանատան աշխատակիցը զանգահարել է Պարգևի որդու գրասենյակ, նշելով, որ դեսպանատունը չգիտեր, թե ինչ տեսակի վիզա է հայցում Պարգևը, չնայած, որ հստակ նշված էր՝«Կարճատև այց»: Ի պատասխան՝ 2017թ. դեկտեմբերի 18-ին Պարգևը էլեկտրոնային նամակ է ուղարկել դեսպանատուն:  Այնուհետև, 2017թ. դեկտեմբերի 22-ին նա հիշեցում է ուղարկել դեսպանատուն՝ գիշերային փոստով: 2017թ. դեկտեմբերի 22-ին, երբ Պարգևը պետք է մեկներ Թուրքիա, դեսպանության հյուպատոսական բաժինը էլեկտրոնային նամակ է ուղարկել Պարգևին՝ հանձնարարելով նրան անձնագրով նորից դիմել Լոս Անջելեսի Թուրքիայի հյուպատոսարան: Պարգևի փաստաբանների ներկայացրած հայցադիմումում նշվում է, որ Թուրքիայի ներկայացուցիչները. «Անհանգստացրել, շփոթեցրել և խանգարել են Պարգևին՝ նսեմացնելով նրա ինքնությունը, որպես Թուրքիայում ծնված հայ քրիստոնյա»:

Հայցադիմումում մեջբերված է նաև 1923 թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հայտարարությունը՝ «Հայերն ընդհանրապես իրավունքներ չունեն այս բարգավաճ երկրում: Հողը ձերն է, հողը պատկանում է թուրքերին: Պատմության մեջ այս հողը թուրքական էր, հետևաբար, այն թուրքական է և հավիտյան կմնա թուրքական: Վերջապես հողը վերադարձվել է իր օրինական տերերին: Հայերն ու մյուսներն այստեղ ոչ մի իրավունք չունեն: Այս օրհնված շրջաններն իսկական թուրքերի հայրենի հողերն են»:

Հայցադիմումում նաև նշվում է, որ. «Այդպիսի հայտարարություններով, իսկ հետո օրենսդրական, գործադիր, վարչական և այլ պաշտոնական և (կամ) ոչ պաշտոնական գործողությունների միջոցով, որ ամբաստանյալը ստեղծել է  նպատակային քաղաքականություն հենց Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ: Նպատակային քաղաքականությամբ բնիկ հայ քրիստոնյաներին իրենց իրավունքներից և ինքնությունից զրկելն էր՝ անմարդկայնացնելու, նվաստացնելու, սեփականազրկելու, թշնամացնելու, ընտրելու իրավունքից զրկելու, լուծարելու և այլ կերպ հեռացնելով հայ քրիստոնյաներին իրենց հայրենի հողերից, այդպիսով նաև հայրենի կրոնական սովորություններից: Այս նպատակային քաղաքականությունը իրականացվել, կատարելագործվել և պահպանվել է ամբաստանյալի հաջորդական կառավարությունների և գործակալների կողմից»:

Հայցադիմումում Թուրքիան և նրա գործակալները Պարգևի նկատմամբ իրենց վատ վերաբերմունքով մեղադրվում են հետևյալ միջազգային պայմանագրերը խախտելու մեջ.

-ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագիրը,

-ՄԱԿ-ի սկզբունքները տարեցների համար,

-Լոզանի պայմանագիրը,

-Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագիրը,

-Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը,

-Ծերացման խնդիրների Վիեննայի գործողությունների միջազգային ծրագիրը,

-Ծերացման խնդիրների մադրիդյան միջազգային ծրագիրը,

-ՄԱԿ-ի հռչակագիրը բնիկ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ:

Ցավոք, Պարգևի առողջությունը վատացել է 2017թ. Թուրքիա կատարելիք այցի պահին, և նա այլևս ի վիճակի չի եղել ճանապարհորդել: Սա վերջին հնարավորությունն էր, որ Պարգևը կարող էր այցելել բնօրրան և որպես հայ քրիստոնյա կատարել իր կրոնական ծեսերը: Թուրքիայի կառավարությունը Պարգևին զրկեց այդ հնարավորությունից՝ նրան արտոնություն չտալով ժամանելու Թուրքիա:

2019թ. հունիսի 10-ին ԱՄՆ դաշնային դատարանը հայցվորներին խնդրեց գրավոր հայցադիմում ներկայացնել՝ ոչ ուշ, քան 2019թ. հունիսի 28-ը, այն մասին, թե ինչու գործը չպետք է կարճվի առարկայական իրավասության բացակայության պատճառով: Դատարանի պահանջով հայցվորները 25 էջանոց հուշագիր ներկայացրին 2019թ. հունիսի 28-ին՝ բացատրելով, որ Թուրքիան, որպես օտարերկրյա գերիշխանություն, իրավունք չունի խախտել ԱՄՆ և միջազգային մարդասիրական օրենքները, մասնավորապես՝ ամերիկյան հողի վրա:

2019թ. հուլիսի 11-ին Դաշնային դատարանը որոշում կայացրեց, որ այն. «Հետաձգում է իր իրավասության մասին որոշումը, մինչև Թուրքիան ստանա հայցը և հնարավորություն ունենա տրամադրելու իր տեսակետները այդ հարցի վերաբերյալ»:

Այս հայցադիմումը եզակի հնարավորություն է հաստատելու հայերի իրավունքները՝ առանց անձնագրի այցելելու իրենց հայրենի հողերը, որոնք այժմ գրավված են Թուրքիայի կառավարության կողմից:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ