Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԱՆՀԵԹԵՆՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ» ՀԱՅԸ՝ ՀԱՐՐԻ ԴԱՂԼՅԱՆ



«ՄԱՆՀԵԹԵՆՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ» ՀԱՅԸ՝ ՀԱՐՐԻ ԴԱՂԼՅԱՆ1945թ. օգոստոսի 6-ին և 9-ին ամերիկյան ռազմաօդային ուժերը ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա նետեցին մարդկության պատմության մեջ առաջին ատոմային ռումբերը։

Ճառագայթահարման հետևանքով 1945թ. օգոստոսին մահացան հարյուր հազարավոր ճապոնացիներ: Մահը խլեց նաև Լոս Ալամոսի գիտնականներից մեկի` ամերիկահայ ֆիզիկոս, հետազոտող ինժեներ Հարրի (Հարություն)  Դաղլյանի (1921-1945)  կյանքը, որն  իր լուման ուներ ԱՄՆ ատոմային ռումբի ստեղծման գործում։ Նա միջուկային դարաշրջանի առաջին զոհերից էր…

 

Հարրիի հայրը ծնունդով Արևմտյան Հայաստանից էր և Նոր աշխարհ էր տարագրվել 1913թ.: Նա աշխատում էր Նյու Լոնդոնում` որպես հոսպիտալի ռենտգենյան լաբորատորիայի վարիչ։

Հարրին պատանի հասակից աչքի էր ընկնում  մտավոր արտակարգ ունակություններով, փայլուն առաջադիմությամբ էլ  ավարտեց համալսարանը և աշխատանքի անցավ որպես կրտսեր գիտաշխատող։

…1943թ. նոյեմբերին Դաղլյանին ընդգրկեցին «Մանհեթենյան նախագծի» անձնակազմում, որն իրականացնում էր ԱՄՆ ատոմային ռումբի ստեղծումը։

«Մանհեթենյան նախագծի»  կազմում ԱՄՆ-ի տեխնիկական ու տեսական մտքի լավագույն գիտնականներն էին, և  Հարրի Դաղլյանն այդ խմբից էր, որին, ցավոք, դաժան ճակատագիր էր կանխորոշված։

«ՄԱՆՀԵԹԵՆՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ» ՀԱՅԸ՝ ՀԱՐՐԻ ԴԱՂԼՅԱՆ 1945թ. սեպտեմբերյան մի օր, ամբողջ աշխարհն ահաբեկած ատոմային ռումբի պայթյունից մոտավորապես մեկ ամիս անց, երիտասարդ հետազոտող-ինժեները վախճանվեց՝ դառնալով  առաջին գիտնականը, որն իր վրա «փորձեց» այդ սարսափելի զենքի ազդեցությունը հենց լաբորատորիայում։

…1945թ. օգոստոսի 21-ի երեկոյան հետազոտական լաբորատորիայում նա մենակ էր եւ կառավարում էր արդեն ժամեր տևած գիտափորձը՝ ատոմային ռումբի մարտական լիցքը կազմող բաղադրիչներ ուրան-235-ի և պլուտոնիումի կիրառմամբ։ Դաղլյանը, իհարկե, գիտեր, որ եթե պայթյունի այդ բաղադրիչներն ունեն ոչ կրիտիկական զանգվածի չափեր, ապա ոչ մի ուժ չի կարող ստիպել դրանց պայթել, սակայն, եթե դրանք մոտ են բեկումնային զանգվածին, ապա պայթյունն անխուսափելի է։ Նա գիտեր նաև, որ գոյություն ունի ուրան-235-ի և պլուտոնիումի անվտանգ փոքր և ֆանտաստիկ մեծ զանգվածի չափերի միջև միջանկյալ մի փուլ, որի դեպքում դրանք դառնում են ռադիոակտիվ:

Այդ երեկո Դաղլյանը պլուտոնիումի միջուկի շուրջ  միջուկից ճառագայթող նեյտրոնների անդրադարձման համար նախատեսված վոլֆրամի կարբիդից պատրաստված հատուկ աղյուսներ էր դասավորում:

Վերջին շարքին հասնելով՝ հաշվիչն ազդանշան տվեց, որ չի կարելի նոր աղյուս ավելացնել։ Դաղլյանն արագ ձեռքը հետ քաշեց և  պատահաբար աղյուսը գցեց միջուկի վրա, ինչը հանգեցնելու էր միջուկի գերկրիտիկական վիճակի: Երիտասարդ գիտնականը, իհարկե, կարող էր իրեն փրկել՝ անմիջապես դուրս նետվելով լաբորատորիայից, սակայն նա հստակ պատկերացնում էր, թե դա ինչպես կարող է վնասել գործընկերներին և ամբողջ նախագծին։

Դաղլյանը առանց մեկ վայրկյան իսկ հապաղելու աջ ձեռքով մի կողմ հրեց աղյուսը՝ կասեցնելով վերահաս շղթայական ռեակցիան։ Վտանգի ռիսկը նվազեցնելու նպատակով նա մասնակիորեն քանդեց նաև միջուկը շրջապատող աղյուսների շարքը եւ նոր միայն դուրս եկավ լաբորատորիայից:

Հարրիին տեղափոխեցին Լոս Ալամոսի հիվանդանոց, սակայն ճառագայթահարման հետևանքներն անդառնալի էին. նա դատապարտված էր մահվան…

Վիճակը գնալով վատթարանում էր, եւ Հարրին բժիշկներին և կենսաբաններին առաջարկեց իր  մարմինն օգտագործել փորձերի և հետազոտությունների համար՝ մշակելու միջոցներ և մեթոդներ ատոմային ճառագայթումով վարակված հետագա հիվանդներին բուժելու նպատակով։

24-րդ օրը Հարրի Դաղլյանը վախճանվեց։ Նա աշխարհում առաջին մարդն էր, որ բժիշկների աչքի առաջ տառապեց և մահացավ մինչ այդ անծանոթ, առեղծվածային այրվածքներից, որոնք առաջացել էին տրոհվող նյութերից։

«ՄԱՆՀԵԹԵՆՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ» ՀԱՅԸ՝ ՀԱՐՐԻ ԴԱՂԼՅԱՆԴաղլյանին հուղարկավորեցին Նյու Լոնդոնում՝ Սեդար Գրոուֆ գերեզմանոցում։ Թաղման արարողությունը համեստ էր, թեև գերեզմանը գաղտնի պահպանվում էր։ Տեղական լրագրում զետեղեցին սովորական անշուք մի  մահախոսական՝ սովորել է, աշխատել, վախճանվել։ Եվ ուրիշ ոչինչ…

Դաղլյանի մահվան հանգամանքները գաղտնի էին պահվել հանրությունից, և նրա մահը ներկայացվել էր որպես քիմիական լաբորատորիայում տեղի ունեցած դժբախտ պատահար։

Միայն որոշ ժամանակ անց՝ «Մանհեթենյան նախագիծը» գաղտնազերծելուց հետո աշխարհն իմացավ Հարրի Դաղլյանի մահվան իրական պատճառը։ Նրա խիզախության մասին մամուլում բազմաթիվ ու բազմաբնույթ նյութեր տպագրվեցին՝ գիտության նվիրյալն ու զոհը…

Երիտասարդ գիտնականի մահվանից կես դար անց Նյու Լոնդոնում հուշաքար դրվեց, որի վրա գրված է. «Մանհեթենյան նախագծի մասնակից, փայլուն գիտնական Հարրի Դաղլյանի հիշատակին։ Նրա աշխատանքը նվիրված էր կրիտիկական զանգվածի որոշմանը։ Խոտորված գիտափորձի արդյունքում նա դարձավ ամերիկացի զոհը միջուկային դարաշրջանում։ Թեև ոչ համազգեստով՝ նա մահացավ ծառայելով իր երկրին»։

 

Պատ.՝ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (1304) 28.08.2019 - 03.09.2019, Ճակատագրեր


29/08/2019