Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԶՈՐԱՄԱՍԻ ՓԱՌՔԻ ՈՒՂԻՆ Է
ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԶՈՐԱՄԱՍԻ ՓԱՌՔԻ ՈՒՂԻՆ Է

ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԶՈՐԱՄԱՍԻ ՓԱՌՔԻ ՈՒՂԻՆ ԷՏոնական բարձր տրամադրություն ու մեծ ոգևորություն է տիրում մեր բանակի զորամասերից մեկում: Հայաստանի և Արցախի օդային դարպասի պահապանները՝ հակաօդային պաշտպանները, խրոխտ կեցվածքով ու  հպարտությամբ սպասում են այն կարևոր պահին, երբ իրենց զորամասին կհանձնեն մարտական դրոշը՝ որպես երախտիքի, նվիրումի ու հայրենանվեր գործունեության խորհրդանիշ: Մեկ տարի առաջ կազմավորված զորամասն այսօր արդեն արժանանում է մարտական դրոշ ստանալու պատվին:

Խաղաղ երկնքի պահապանները հստակ գիտեն իրենց առաքելությունը և մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց ռազմական փորձառությունն ու լավագույնը լինելու փաստը: Թերևս դրա ամենավառ վկայությունն էլ այսօրվա տոնական իրադարձությունն է: «Զինված ուժերի  յուրաքանչյուր զորամասի համար մարտական դրոշը նույնքան կարևոր է, որքան խաչը հայ քրիստոնյայի համար»,- ասում է ՀՕՊ զորքերի հոգևոր սպասավոր  Տեր Կորյուն քահանա Կարապետյանը:  Տեր հայրը վստահ է՝ դրոշն այն  պատգամն է, որ ամեն վայրկյան հայ ռազմիկին պետք է զգոն պահի հայրենիքը պաշտպանելիս:

ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԶՈՐԱՄԱՍԻ ՓԱՌՔԻ ՈՒՂԻՆ ԷԵվ ահա հասնում է այսօրվա իրադարձության ամենակարևոր պահը. Զորամասի նվագախմբի  նվագակցությամբ  շարահրապարակ է մտնում դրոշակակիր խումբը:  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը հանդիսավորությամբ ընթերցում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանը. «…Մարտական դրոշը հանձնվում է զորամասին` որպես զինվորական պատվի և արիության խորհրդանիշ»:

Հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո գեներալ-լեյտենանտ  Ստեփան Գալստյանից  զինվորական հատուկ արարողակարգով դրոշն ընդունում է զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Սահակյանը: Առ Աստված հղված Տերունական աղոթքով դրոշն օրհնվում է ձեռամբ հոգևոր հայրերի:

Հիմա արդեն մարտական դրոշը՝  «Հանուն հայրենիքի» գրությամբ, մշտական տեղ կզբաղեցնի զորամասի շտաբում: «Մենք  հպարտությամբ ենք ընդունում   մարտական դրոշը, քանի որ միշտ արհեստավարժորեն ենք կատարել մեր առջև դրված բոլոր  խնդիրները: Այսօրվանից է՛լ ավելի զգոն ենք լինելու հայրենիքի հանդեպ մեր պարտքը կատարելիս»,-ասում է գնդապետ Մարտին Սահակյանը:  Զորամասի հրամանատարը վստահ է, որ հայրենի երկնքի պաշտպանությունը հանձն են առել լավագույնները:

ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԶՈՐԱՄԱՍԻ ՓԱՌՔԻ ՈՒՂԻՆ ԷՇարքային Ստեփանյան. «Ես ինձ այնքան հպարտ եմ զգում, ինչ-որ առումով սա նաև  հաղթանակ է, երբ քո զորամասն ստանում է մարտական դրոշ: Դա նշանակում է, որ մենք լավ ենք կատարել մեր գործը»:

Հակաօդային պաշտպանների ծառայությունը հեշտ չէ, ինչպես մեր բանակի մյուս ստորաբաժանումների ծառայությունը: Զորատեսակի մարտունակությունը  կատարելագործվում է անընդհատ, ամենայն պատասխանատվությամբ է  իրականացվում որակյալ մասնագետների պատրաստման բարդ ու դժվարին  գործը: Այնպես որ,   և՛ այսօր, և՛ միշտ Հայաստան աշխարհի երկինքը անամպ ու  խաղաղ կլինի, քանի որ մեր երկրի  օդային սահմանը ներկա ու ապագա լավագույն  զինվորների  հսկողության ներքո է:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ